Գլխավոր » Society, Գիտություն, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն

Հայաստանը ժամանակակից զինամիջոցներ արտադրելու մեծ ներուժ ունի

Ապրիլ 7, 2016թ. 21:23
Anodachu sarq

Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը և թշնամու կողմից նորագույն զինատեսակների կիրառումը պետք է որ սթափեցնի Հայաստանին և պարտադրի սեփական ՏՏ ոլորտի հսկայական ներուժն վերջապես օգտագործել երկրի պաշտպանությունն ավելի հուսալի դարձնելու և մեր բանակի տրամադրության տակ գտնվող զինտեխնիկան արդիականացնելու նպատակով: Այս կարծիքին է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնակությունների միության գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ. ՙՈրքան էլ ասենք, թե մեր զինվորների ոգին բավականին բարձր է և մեկ հայ զինվորը 10 ադրբեջանցի զինվոր արժե, որքան էլ միմյանց մեջ պատմենք և հպարտանանք, որ մեր հովիվը որսորդական հրացանով կարողացել է անօդաչու թռչող սարք վնասազերծել, այդուհանդերձ խնդրին ավելի լուրջ վերաբերվելու դեպքում պետք է արձանագրենք, որ մեր բանակի սպառազինությունը զգալիորեն զիջում է հակառակորդի սպառազինությանը` թե իր արդիականությամբ և թե քանակով:
Մինչդեռ հայկական ՏՏ և ընդհանրապես գիտական ոլորտն այնպիսի հսկա ներուժ ունի, որ անհրաժեշտ ներդրումներ ապահովելու դեպքում հնարավոր կլինի արդիականացնել նաև հայկական բանակի սպառազինությունը` ավելի քիչ զոհերով ավելի մեծ հաջողությունների ու առաջխացաղումների հանարավորություն ստեղծելով հայ զինվորի համար, բարձրացնել երկրի պաշտպանվածության մակարդակը և սահմանն ավելի վերահսկելի դարձնել: Օրինակ, մեր ինժեներական հնարավորություններով կարելի է ստեղծել տեղորոշման համակարգեր, հակառակորդի թռչող սարքերը հայտնաբերող, ավտոմատ կրակելու հնարավորությամբ համակարգեր և այլն:
Սակայն մինչ օրս այդ ուղղությամբ որևէ ծրագիր չի իարականացվել: Մեր բանակում չկա որևէ սպառազինություն, որ տեղական արտադրության լինի: Բայց դրա հնարավորություններն ունենք, մնում է պետությունը նախագծերը կյաքի կոչելու համար միջոցներ հատկացնի՚:

Կարեն Վարդանյանը հիշեցնում է, որ հայկական ՏՏ ոլորտում 12 հազար ինժեներ է աշխատում, որոնք, ցավոք, այսօր միմիայն միջազգային խոշոր ընկերությունների հետ են համագործակցում և իրենց մտավոր կարողությունները օտարին են ծառայեցնում: Բայց այդ ինժեներներին կրթելու համար պետական բյուջեից են միջոցներ ծախսվել: Ստացվում է` մենք քամուն ենք տալիս ոչ միայն մեր բյուջետային միջոցները, այլև մտավոր հզոր ներուժը:

Գործադիր տնօրենի տեղեկացմամբ` դեռ 2011թ. պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով հատուկ հանձնաժողով է ձևավորվել, որը պետք է զբաղվեր ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և պաշտպանության նախարարության համագործակցությամբ և համատեղ ուժերով ինովացիոն նորագույն տեխնոլոգիաներով հագեցած սպառազինության ու զնատեսակների ստեղծմամբ: Հանձնաժողովը ձևավորվեց, որում ներառվեցին իրավասու բոլոր գերատեսչությունների ղեկավարները: Բայց գործը դրանից այն կողմ չգնաց: Ըստ Կարեն Վարդանյանի` հանձնաժողովի անդամներն իրականում ամենևին շահագրգռված չեն այդ համագործակցությամբ և հենց իրենք էլ խոչընդոտում են ՏՏ ոլորտի ներգրավվածությանը պաշտպանության ոլորտում: Այլապես ինչով բացատրել հինգ տարիների անգործությունը և այն, որ մինչ օրս կյանքի կոչված բոլոր գիտական նախագծերը, որոնք կենսոնակ են, այդպես էլ թղթի վրա են մնացել:

Ինովացիոն տեխնոլոգիաների մասնագետ ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆԻ տեղեկացմամբ Հայաստանում արդեն իսկ ռազմական տեխնիկա է արտադրվում, սակայն այն ոչ թե հայոց բանակին է մատակարարվում, այլ արտահանվում է եվրոպական որոշ երկրներ, ինչպես նաև Սինգապուր, որը առաջատար տեխնոլոգիաների երկիր է համարվում: Փորախենը Հայաստանն այդ նույն զինատեսակը ներկրում է Չինաստանից; Այն շատ ավելի անորակ է և անհուսալի: Նա զարմանում է, որ փոխանակ կառավարությունը եղած գումարը ներդնի` Հայաստանում զինամթերքի, սպառազինության արտադրությունը զարգացնելու համար, այդ գումարով այլ երկրներից է զենք գնում: Մինչդեռ մեզանում արտադրության ամբողջ ներուժն առկա է: Դա, ըստ նրա, որևէ տրամաբանության չի ենթարկվում: Մնում է ենթադրել, որ ինչ-որ մարդկանց բիզնես շահերին զոհ գնալով է կառավարությունը նման անհավասարակշիռ քայլ անում:

ՙՀայաստանում այժմ անօդաչու թռչող սարքեր են արտադրվում` այսպես կոչված դրոններ, որոնք այնքան լայնորեն կիրառեց հակառակորդը հրադադարի խախտման ժամանակ,- ասում է ՏՏ ոլորտի մասնագետը:- Դրանք իսրայելական արտադրության էին: Մինչդեռ հայկականն ավելի բարձրորակ է: Հենց այդ պատճառով էլ Եվրոպան և Սինգապուրը հենց մեզանից են այդ զինտեխնիկան ձեռք բերում: Ցավոք, այդ սարքերը միայն արտահանվում են, քանի որ դրսի պատվերով ու ներդրմամբ են պատրաստվում: Մինչդեռ մեր պետությունը ևս կարող է պատվեր տալ ռազմատեխնիկան արտադրող նույն ընկերությանը, որտեղ հայ գիտնականներն են աշխատում և տեղական արտադրության դրոններով համալրել մեր սպառազինությունը: Մասնավոր ընկերությունը հնարավորություններ չունի, որ իր միջոցներով դա արտադրի և նվիրաբերի բանակին: Բայց այն գումարները, որոնք ծախսվում են այլ երկրներից նույն տեխնոլոգիաները գնելու համար, եթե ներդրվեն այստեղ` մոտ ապագայում կարող ենք ավելի լուրջ տեխնիկա ու ավելի լայն հնարավորութուններ ունենալ թե ռազմական, թե ՏՏ ոլորտում՚:
Գեվորգ Գորգիսյանը ևս նշում է, որ 21-ր դարում միայն զինվորի բարձր ոգով չես կարող պատերազմում հաղթել, այն դեպքում, երբ հակառակորդը մինչև ատամները զինված է նորագույն, զարգացած զինատեսակներով: Եթե ծանր հրետանին հարձակման է անցնում, պետք է համապատասխան զենքով դիմակայենք: Եթե մենք սպառազինությամբ պատրաստ լինեինք դիմակայելուն, նրա հավաստիացմամբ մեր զոհերի թիվն անհամեմատ ավելի փոքր կլիներ:

Ի դեպ, Հայաստանում գործող ՙՓի Էս Այ՚ ընկերությունը, որի գլխավոր տեխնոլոգը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գևորգյանն է, ստեղծել է աշխարհում նմանը չունեցող տվիչ համակարգ, որը թույլ է տալիս 200 մետր հեռավորությունից հայտնաբերել թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբի առաջխաղացումը և կանխել այն: Սարքը կարողոնաւոմ է 200 մետրից զգալ ցանկացած շարժում, ընդ որում, ազդանշանների կամ տվյալների թվային մշակումից հետո կարելի է ավտոմատ տարբերակել մարդու քայլերը կենդանու քայլերից:

ՙՀամակարգը բաղկացած է տվիչներից, որոնք դրվում են սահմանին` թաղվելով հողի տակ, տվիչներից ստացվող ազդանշանները մշակող ու տարածության վրա հաղորդող սարքից, որը դրվում է սահմանից 1-2 կիլոմետր հեռու, ինչպես նաև հատուկ ծրագրային ապահովում ունեցող ու դրա միջոցով շարժման ազդանշաններն ընդունող սարքից ու մոնիտորից, որը ձայնային և լուսային ազդանշաններով, նաև պատկերների միջոցով ցույց է տալիս ահազանգը: Հնարավոր է, օրինակ, տանը նստած կամ սահմանում հերթապահելիս, հեռախոսի կամ նման այլ սարքի վրա տեսնել ու հասկանալ, թե ահազանգը որտեղից է գալիս և ինչ տեղեկություններ են փոխանցում ազդանշանները: Գեներալը կարող է նստել իր աշխատասենյակում ու պատին ամրացված մոնիտորին պատկերված մեծ քարտեզի վրա տեսնել, թե պետական սահմանի որ հատվածում է խախտում կատարվում և ինչ բնույթի խախտում է այն:
Համեմատության համար ասեմ, որ այսօրվա ամերիկյան նույնատիպ համակարգն առավելագույնը 60 մետրանոց գոտի է պահպանում, ամեն կողմից՝ 30 մետր: Մեր ներկայիս համակարգն ամեն կողմից ազդանշանները զգում է առնվազն 225 մետրից, այսինքն` պահպանության գոտին նվազագույնը 400 մետր է: Ընդ որում, ամերիկյան համակարգի այդ ցուցանիշն առավելագույնն է, այսինքն` հետագայում էական բարելավման չի ենթարկվելու. համակարգն արդեն սերիական արտադրության է իջեցված, մինչդեռ մերը դեռ կատարելագործման մեծ հնարավորություններ ունի՚- ասում է ՙՓի Էս Այ՚ ընկերության տեխնոլոգը: Ընկերությունը համակարգի նորագույն տարբերակը ներկայացրել է պաշտպանության նախարարին և արժանացել նրա հավանությանը: Այժմ սպասում են պետական ներդրումների, որպեսզի հնարավոր լինի որոշակի քանակով այն արտադրել և տեղադրել առավել վտանգավոր սահմանակետերում:

Սամվել Գևորգյանը հույս է հայտնում, որ գոնե հիմա մեծ ուշադրություն կդարձվի մեր երկրի պաշտպանության ոլորտում տեղական տեխնոլոգիաների կիրառմանն ու զարգացմանը, քանի որ այդկերպ հնարավոր կլինի բարձրացնել մեր սահմանների պաշտպանվածությունը և առավել ապահով դարձնել մեր զինվորներին` նրա ձեռքը ժամանակակից զինամիջոցներ տալով:

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Գիտություն, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն