Գլխավոր » Regions, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Ով է թուրքը, Տարածաշրջան, Տնտեսություն

Ադրբեջանը պատերազմ վարելու ո’չ տնտեսական, ո’չ ռազմական, ո’չ քաղաքական բավարար ռեսուրս չունի

Ապրիլ 7, 2016թ. 14:09
Աշոտ Թավադյան

2014 թվականի կեսերից նավթի համաշխարհային գները սկսեցին կտրուկ անկում ապրել: Այդ պահից սկսած հայ տնտեսագետներն արձանագրեցին, որ այն կործանարար հետևանքներ կունենա նավթային երկիր համարվող հարևան Ադրբեջանի տնտեսության վրա, որի բյուջեի 90 տոկոսը ավելին ձևավորվում է նավթի վաճառքից ստացված եկամուտներով: Ակնհայտ էր մեր տնտեսագետների անհանգստության պատճառը. կանխատեսելով այդ երկրում սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ, մերոնք արձանագրում էին, դա կհանգեցնի սոցիալական լարվածության, ինչը կարտահայտվի հասարակական հուզումներով, ցույցերով, իսկ Ադրբեջանի բռնապետ Ալիևը ներքին իրավիճակը հանդարտեցնելու, սեփական ժողովրդի ուշադրությունը շեղելու նպատակով կդիմի պատերազմական արկածախնդրության:

Թեմայի շուրջ զրուցեցինք տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ

-Քաղաքագետներն այսօր վելուծում են այն արտաքին գործոնները, որոնք Ադրբեջանի նախագահին դրդեցին պատերազմի հրահրման, իսկ տնտեսագիտորեն վերլուծելով կատարվածը, ի՞նչ կարծիքի եք, ալիևյան կլանի կողմից պատերազմի հրահրումը արդյո՞ք երկրում առկա տնտեսական խորը ճգնաժամի հետևանք չէր:

-Իհարկե, դա ունի առանցքային ազդեցություն: Նախ ասեմ, որ Ադրբեջանն այս պատերազմին գնաց Թուրքիայի հետ եղբայրական խաղերի արդյունքում, Ալիևն ուղղակիորեն ունեցավ իրականության օբյեկտիվ գնահատման կորուստ:
Իսկ տնտեսական իրավիճակը ներկայացնեմ թվերով: 2014-ի կեսերից նավթի գներն սկսեցին անկում ապրել, սեպտեմբեր ամսին պատկերն այսպիսին էր. մեկ բարելի գինը 115 դոլար էր, 2015-ին հասավ մինչև 37 դոլարի, իսկ 2016-ի հունվարին նույնիսկ` 28-ի: Այժմ փոքր-ինչ կայունություն կա` մեկ բարելի գինը 38 դոլար է: Տեսեք, Ադրբեջանը արտահանման մոտ 80 տոկոսը հում նավթն է, 7 տոկոսը նավթամթերքը և 3 տոկոսը գազը, գումարային առումով, դա կազմում է 90 տոկոս: Բյուջեի 90 տոկոսը նավթամթերքի վաճառքից ստացված եկամուտներն են: Բնականաբար, նավթի գների նվազմամբ էապես պետք է նվազեին նաև երկրի եկամուտները: Եվ այդպես էլ կատարվեց, արձանագրվեց դրանց գրեթե երեք անգամ նվազում: Բայց քանի որ Ադրբեջանը բռնապետական պետություն է և մեծ դեր է տալիս ներքին քարոզչությանը, իշխանությունը հայտարարեց, թե դա որևէ ազդեցություն չունի ադրբեջանական փոխարժեքի` մանաթի վրա: Մանաթն ավելի կայուն էր, քան եվրոն: Մինչդեռ, պարզվեց, որ դա կատարվում է հիմնականում միջազգային պահուստների հաշվին: Այսպես, 2015-ի ընթացքում նրանց կենտրոնական բանկի արտարժույթային պահուստները 13 միլիարդից հասան 5 միլիարդի, այսինք` կրճատվեցին 63 տոկոսով: Սա այն գինն էր, որ Ադրբեջանը վճարեց փոխարժեքը կայուն պահելու համար:

Հետևանքը այս է` 2015-ի փետրվարի 25-ին մեկ օրում գրանցվեց այսպիսի պատկեր. 1 մանաթը 0,78 դոլարից հասավ մինչև 1,05-ի, հետո դեկտեմբերի 23-ին` 1,55-ի: Բայց ամեն ինչ այսքանով չավարտվեց: Այս տարվա հունվար ամսին Ադրբեջանի կենտրոնական բանկը արգելեց տարադրամի ազատ վաճառքն ու որոշակի սահմանափակումներ մտցրեց արտարժույթի արտահանման հարցում: Այդ ընթացքում ՙՌոյթեր՚ գործակալությունը տեղեկացրեց, որ Ադրբեջանի սև շուկայում դոլարը վաճառվում էր անգամ 4 մանաթով: Պատկերացրեք, թե ի՞նչ իրավիճակ տեղի ունեցավ այդ երկրում: Ու քանի որ Ադրբեջանում առաջին անհրաժեշտության ապրանքները հիմնականում ներմուծվում են, այս փոփոխությունները հանգեցրին նաև դրանց կտրուկ աճի:
Այսպիսով, վերլուծելով ողջ զարգացումը, նկատում ենք, որ 2014թ. կեսից սկսած Ադրբեջանում եկամուտները գրեթե երեք անգամ կրճատվել են, աճել են ապրանքների գները, մինչդեռ աշխատավարձերը արտարժույթով ըստ իրենց պաշտոնական տեղեկատվության 30 տոկոսով նվազել են: Ի դեպ, փորձ արվեց վարչական մեթոդներով զսպել գների աճը, բայց սա էլ առաջացրեց ներմուծողների դժգոհությունը: Այս ամենին զուգահեռ կտրուկ աճեցին ապրանքների գները, և սա բերեց ժողովրդի լուրջ դժգոհությունը, ու հանգեցրեց սոցիալական ցույցերի, որոնք ալիևյան վարչախմբի կողմից ճնշվեցին բավականին կոշտ մեթոդներով: Սա է նրանց գործելոճը:

-Իսկ պատկերն ինչպիսի՞ն է զենքի գնման առումով, տնտեսական ճգնաժամային վիճակում հայտնված երկիրը կարո՞ղ է իրեն թույլ տալ նույն եռանդով զենք գնել, ինչպես արել է տասնամյակներ շարունակ:

-Բնականաբար, զենքի գնողականությունը ևս էական անկում է ապրել. ռազմական ծախսերը գրեթե կրկնակի կրճատվել են. 2,1 մրդից հասնելով 1 մլրդի: Բացի այդ, հայտնի է, որ ռազմամթերքը ժամանակի ընթացքում մաշվում է նաև բարոյապես, իսկ Ադրբեջանն այլևս նախկին տեմպերով չի կարող զենք գնել: Ի դեպ իրենք փաստացի պաշտոնապես հայտարարում են, որ նավթի գների երկարաժամկետ անկման պարագայում արդարացված էր տվյալ ռազմական ոտնձգությունը:

Զենք գնելուն խոչընդոտում է ոչ միայն ֆինանսական հնարավությունների նվազումը, հետայսու դրան կգումարվի նաև քաղաքական գործոնը: Այս պատերազմով Ադրբեջանը ցույց տվեց, որ ինքն ավանտյուրիստական երկիր է ու զենք գնելու հարցում Ադրբեջանի վրա գնալով կմեծանա ճնշումը: Ես չեմ կարծում, որ հետայսու Ռուսաստանը կշարունակի նույն տեմպերով ժամանակակից զենք վաճառել Ադրբեջանին: Այսպիսով, Ադրբեջանին, բացի արտաքին ուղղորդումից, որ եղել է Թուրքիայի կողմից, պատերազմի մղեց իր տնտեսական վատ վիճակը. եկամուտների անկում, գների աճ, փոխարժեքի անկում և ժողովրդի լուրջ դժգոհություն: Սրանք դարձան երկրում տնտեսական լարվածության ստեղծման կարևոր գործոնը: Իսկ տոտալիտար երկրի վարչախմբի մոտ մեծ գայթակղություն առաջացավ կեղծ հայրենասիրական, իրականում ավանտյուրիստական քայլերով շեղել ժողովրդի ուշադրությունը: Ի դեպ այդ մասին ես ամիսներ առաջ եմ ասել, ու արձանագրել` իրավիճակն այս առումով մեզ համար անհանգստացնող է: Կրկնում եմ, Ադրբեջանը լավ է հասկանում, որ իր ռազմական ծախսերն անկում են ապրել և այլևս չի կարող նույն տեմպերով զենք գնել:

-Եվ, փաստորեն չկորցնելու համար տարիների ընթացքում ձեռք բերածը, Ալիևը շտապեց այն շուտափույթ իրացնել` արցախյան ճակատում հրահրելով պատերազմ:

-Այո: Ադրբեջանի ժողովուրդը, որ սոցիալական վիճակը կտրուկ վատացավ, բնական հարց է հնչեցնում, ո՞ւր են նավթային հսկայական գումարները, իսկ վարչակազմը մեկնաբանում է այսպես` երկիրը հայերից պաշտպանելու համար մեծաքանակ զենք ենք գնել: Եվ ստեղծված տնտեսական անկումից իր ժողովրդի ուշադրությունը շեղելու համար գնաց արկածախնդրության ճանապարհով:

-Բայց պատերազմն իր հերթին հարված է տնտեսությանը: Այս առումով, իր կողմից հրահրված 4-օրյա պատերազմը ևս պետք է, որ լուրջ հետևանքներ ունենա Ադրբեջանի տնտեսության վրա:

-Իհարկե, այս պատերազմի հետևանքներն Ադրբեջանի համար կարող են լինել շատ վտանգավոր: Ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանը քաղաքատնտեսական առումով մեծ կորուստ ունեցավ:

Մի կարևոր հանգամանք ևս, հօդս ցնդեց նաև նավթադոլարններով հարուստ երկրի հեքիաթը:

-Թե’ իրենց, թե’ աշխարհի համար պարզ դարձավ Ադրբեջանի տնտեսական ներուժի իրական պատկերը: Ադրբեջանն էլ հասկացավ, որ իրենց տնտեսական ուժերը երբեք բավարար չեն լինելու ղարաբաղյան հարցը պատերազմի միջոցով լուծելու համար, իսկ քաղաքական առումով, երբեք աջակցություն չեն ստանալու միջազգային խաղացողներից: Այս իրավիճակում ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ Ադրբեջանը երկար պատերազմ վարելու ո՛չ տնտեսական, ո՛չ ռազմական, ոչ քաղաքական ռեսուրս չունի:
Փոխարենը, ԼՂՀ-ն աշխարհի ուժեղներին ապացուցեց, ու չճանաչված հանրապետություն լինելով և’ ռազմական, և’ տնտեսական առումով ի զորու է խնդիրը լուծել սեփական ուժերով: Աշխարհը տեսավ ու համոզվեց, բացի իհարկե Հայաստանի աջակցությանը, Արցախը մեկ այլ երկրի ո՛չ ռազմական, ոչ ֆինանսական օժանդակության կարիքը չունեցավ ու թշնամուն սեփական ուժերով անհրաժեշտ հակահարված տվեց: Գիտեք, տնտեսական գործոնները փոխկապակցված են քաղաքականով ու հնարավոր չէ քաղաքական գործոնը առանձնացնել տնտեսականից, հետևաբար անգամ նավթի տարբեր գների ու եկամուտների պարագայում, աշխարհի հզորները այսուհետ նպաստելու են, որ անպայմանորեն պաշտպանվի ուժերի հարաբերակցությունը մեր տարածաշրջանում:

Այս ընթացքում, սակայն, խոսվում է այն մասին, թե չնայած սպառվում են Ադրբեջանի նավթային ռեսուրսները, սակայն հիմա էլ նա հավակնում է դառնալ Եվրոպային գազ մատակարարող երկիր: Ի դեպ վերջերս` վաշինգտոնյան հայտնի գագաթաժողովում, ամերիկյան կողմը բռնատեր Ալիևին հույսեր էր տվել երկկողմ տնտեսական ծրագրեր մշակելու հարցում:

-Համաշխարհային շուկայում առկա ներկայիս գների պայմաններում ես չեմ կարծում, որ որևէ նավթային կամ գազային ծրագիր կարող է արդյունավետորեն իրագործվել: Նավթի ու գազի գները, ինչպես ցույց է տալիս դինամիկան, մոտակա տարիներին չեն աճելու: Իսկ երկարաժամկետ կանխատեսումներին ես լուրջ չեմ վերաբերվում:

Մի բան փաստ է, որ Ադրբեջանում տեղի ունենում և՛ նավթային, և՛ գազային ռեսուրսների կրճատում: Հավանականությունը բարձր է, որ իրենց ընդերքից այդ ռեսուրսների ստացման հնարավորությունը էապես կկրճատվի:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին տրված ամերիկյան տնտեսական խոստումներին, ապա ես այդտեղ առավելապես աշխարհաքաղաքական, նաև ռազմավարական շահեր եմ տեսնում: Դա բնորոշ է գերտերություններին, նաև այդ կերպ է վարվում Ռուսաստանը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Ով է թուրքը, Տարածաշրջան, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն