Գլխավոր » TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Տնտեսություն, Քաղաքականություն

Այս պատերազմը Ադրբեջանի համար չդարձավ քաղաքական ծանրակշիռ գործոն, փոխարենը նրա համար դառնում էր մսաղաց

Ապրիլ 6, 2016թ. 21:55
արամ կարապետյան

Հարցազրույց <<Նոր Ժամանակներ>> կուսակցության նախագահ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ

– Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը վերջին երկու օրերին առաջնագծում գործի դրեց ծանր ռազմատեխնիկա, այդ թվում ТОС-1, <<Սմերչ>> համազարկային համակարգեր, հնչեցրեց արկածախնդիր հայտարարություն` Ստեփանակերտը գրավելու մասին: Ի՞նչ է հուշում թշնամու նման պահվածքը:

-Ռազմական փորձագետներն ասում են, որ դաշտային պատերազմական գործողությունների ժամանակ նման զենքերի օգտագործումն արդյունավետ չէ: Ուրեմն, ինչո՞ւ Ադրբեջանը գնաց այդ քայլին: Հասկանալի է, որ դա արեց ոչ միայն իր հնարավորությունները ցույց տալու համար, այլ այն պատճառով, որ արդեն իսկ ձախողել է իր բոլոր ռազմական ծրագրերը:
Վերլուծելով իրավիճակը, հասկանում ենք, որ Ադրրբեջանը փորձում էր երկու` հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան շրջաններից, հուժկու հրթիռակոծմամբ ներխուժել ԼՂՀ ու գրավել տարածքներ: Ղարաբաղյան բանակի մարտական գործողություների արդյունքում բլից-կրիգն ամբողջությամբ կանգնեցվեց: Եվ ադրբեջանցիները հուժկու հակահարված ստացան, և’ աշխարհում այն մարդիկ, ովքեր նախագծել էին այս ամենը, իսկ իմ տպավորությամբ դրանք թուրքական գլխավոր շտաբի կամ մեկ այլ երկրի ինստրիկտորների կողմից ստեղծված ծրագիր էր, հասկացան, որ ադրբեջանական բանակը, ռազմական առումով, չհասավ իր նպատակին և չի հասնելու:
Ահա թե ինչու Ադրբեջանը սկսեց օգտագործել նման զինատեսակներ ու հնչեցնել անհավասարակշիռ հայտարարություններ, ինչպիսին է Ստեփանակերտի ռմբակոծումը:

Նրանց նպատակները չիրականացան բոլոր հարթություններում. 21-րդ դարում պատերազմները հիբրիդային են ու ելքը միայն ռազմական դաշտում չի որոշվում, այլ նաև հոգեբանական, տնտեսական, տեղեկատվական: Ադրբեջանը ոչ մի ճակատում հաջողության չհասավ: Ունեն բավականաչափ մեծ զոհեր, տեխնիկայի մեծ կորուստ:
Այստեղ շատ կարևոր է արձանագրել հետևյալ փաստը, որ այդ ամենն արեց ԼՂՀ բանակը` սեփական ուժերով ու աշխարհազորայինների որոշակի քանակով` առանց Հայաստանի պաշտոնական բանակի աջակցության ու մասնակցության: Ես հիացած եմ ԼՂՀ բանակի, գլխավոր շտաբի գործողություններով: ԼՂՀ բանակը ցույց տվեց իր մարտունակությունը:

-Ցավք մենք էլ զոհեր ունեցանք, նաև որոշ դիրքեր կորցրինք:

-Նախ, բոլոր այն դիրքերը որոնց մասին նշվում է, դրանք ոչ թե հողային տարածքներ են, այլ հենակետեր, խրամատներ, որտեղից մեր զինվորները հետևում են սահմանա գծի ակտիվությանը: Դրանցից 8-ը թշնամու անսպասելի հարձակման ժամանակ, ինչը իրավամբ կարելի է համարել գիշերային մարդադավ, մեր կողմից զիջվեց: Մերոնք հասկանալի պատճառներով` հարվածի տակ չդնելու համար մեր տղաների կյանքը, հետ քաշվեցին: Բայց հետո Մարտակերտի ուղղությամբ ծուղակ էինք ստեղծել, և դա շատ խելացի որոշում էր, արդյունքում ադրբեջանական 5-ից ավելի տանկեր ոչնչացվեցին: ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանի խոսքով, հակառակորդի ձեռքում հայկական որևէ հենակետ չկա, բոլորը վերադարձվել են:

-Ալիևը հայտարարեց, թե <<ադրբեջանական կողմը կարող է հրադադար հաստատել, եթե թշնամին կհետևի կրակի դադարեցման ռեժիմի պայմաններին>>: Ադրբեջանի քաղաքականության մեջ սուտն ու կեղծիքը հիմանավոր տեղ ունեն, որքանո՞վ է անկեղծ Ալիևը: Մանավանդ, երբ նախօրեին կրակի դադարեցման մասին հայտարարարվածը չկատարեցին:

-Եթե առաջին դեպքում նման հայտարարություն արեց Ադրբեջանի ՊՆ նախարարությունը, ապա այս անգամ հայտարարության հեղինակը Ալիևն է և ես կարծում եմ, որ ամեն ինչ մի քիչ այլ կերպ կզարգանա: Ղարաբաղյան կողմը ևս դրականորեն արձագանքեց հրադադարի հաստատմանը: Ու չնայած հակառակորդի կողմից ռազմաճակատի ամբողջ երկայնքով կրակոցները մերթ ընդ մերթ շարունակվում են, այսինքն` հրադադարի պայմանավորվածությունները դեռ հեղհեղուկ են, բայց նախկին թեժությունը չկա:

Բացի մեր բանակի ուժից, ի՞նչը պարտադրեց Ալիևին գնալ նման քայլի. արտաքին ազդակները՞:

-Երկուսն էլ միասին, ու 1915-ը չկրկնվեց: Միանաշանակորեն բոլորը հասկացան` Ադրբեջանն իր առաջ դրած խնդիրը չի կարողանում կատարել, հետևաբար, պատերազմը դառնում է անիմաստ: Բոլորը հասկացան`այս պատերազմը չի կարող դառնալ քաղաքական ծանրակշիռ գործոն, փոխարենը Ադրբեջանի համար դառնում է մսաղաց: Դրա համար կիրառվեցին դիվանագիտության չերևացող լծակներ: Այդ թվում, իմ տեղեկացմամբ, Ռուսաստանի կողմից չերևացող քայլեր են արվել, ավելին` նախօրեին շատ լուրջ քայլ է արվել, չեմ ուզում բացել փակագծերը, բայց իրաղությունն այն է, որ դրանից հետո մենք լսեցինք Ալիևի` հրադադարի մասին հայտարարությունը:

ԱՄՆ-ը դրսևորեց նկատելի չեզոքություն, արդյոք դա չի՞ նշանակում այս հարցում կարևորեցին տարածաշրջանում հիմնական խաղացող Ռուսաստանի դերը, ընդունելով, որ Պուտինը լուրջ լծակներ ունի Ալիևի վրա` հենց նաև նրանով, որ զենք է վաճառել այդ երկրին:

-Այս բոլոր գործոններն էլ կան: Բայց պետք է հաշվի առնել և այն, որ ԱՄՆ քաղաքականությունը շատ ռացիոնալ է, առաջիկայում մենք կտեսնեք ԱՄՆ-ի ռացիոնալ քայլերը: Նաև ենթադրում եմ, որ ԱՄՆ-ում եղած ժամանակ Ալիևին բացատրել են` տղա ջան, ԼՂ հարցն այս պահին չունի ռազմական լուծում: Ցավոք Ալիևի նման վայ քաղաքական գործիչը փորձեց իր իսկ մաշկի վրա զգալ ասվածի իրականլինելը: Վաշինգտոնից վերադարձավ ու սկսեց ռազմական գործողությունները: ԱՄՆ-ը սպասեց, և երրորդ օրը խոսեց, ասելով` համոզվեցի?ր: Ասեմ, որ ԱՄՆ-ում Ալիևին ոչ ոք ոգևորված չընդունեց, եթե կար մեկ ոգևորող, ապա դա Էրդողանն էր:
Իսկ թե ինչո՞ւ են ամերիկացիները Ռուսաստանին առաջ մղում, (հիշենք, որ Քերին ու Լավրովը միասին հայտարարեցին մարտերը դադարեցնելու մասին), որովհետև Հայաստանի ու Ադրբեջանի վրա, որպես հետխորհրդային երկրների, հիմնական լծակներ ունեցող երկիրը Ռուսաստանն է: Դա նաև պայմանավորված է, ինչպես ասացիք` կողմերին զենք վաճառոելով, նաև անձնական հարաբերություններով:

Մի քիչ դժվարին կացություն է ստեղծվել Ռուսաստանի համար. իրապես շատ էին զինել Ադրբեջանին, կոպիտ սխալ էր հարվածային զենքեր տրամադրելը: Հասկանում եմ, լծակ էին ուզում ձեռք բերել, բայց այդպես չէր կարելի, քանի որ Ադրբեջանն այն կիրառելու էր` հարվածելով ՌԴ վարկին:
Բայց կրկնում եմ, որքան էլ ԱՄՆ-ը, Ռուսաստանը նպաստող դեր ունեն այս ամենում, իսկ վերջինս առավել շատ, միևնույն է, եթե Արցախի բանակն ու մեր կամավորականները Ադրբեջանի բանակի արյունարբու գործողությունների դեմը չառնեին, ապա ոչ մի գերտերություն ոչինչ չէր կարող անել: Գլխավոր դերակատարը մեր բանակի մարտունակությունն է ու Հայաստանի տնտեսական կացությունը: Որքան Հայաստան պետությունը ուժեղանա տնտեսապես, սոցիալապես ու քաղաքականապես, այնքան նման դեպքերը քիչ են լինելու:

-Հրադադարի ռեժիմի հաստատումից հետո ի՞նչ գործընթաց է սպասվում. սա նորի սկի՞զբ է:

-Իրավիճակը փոփոխություն է կրել ու մեր հիմնական խնդիրն այժմ էլ կլինի քաղաքական դաշտում պատերազմելը: Ի վերջո, ռազմական գործողությունը դա քաղաքականության շարունակությունն է, ինչո՞ւ այս ամենն արեց Ադրբեջանը, ոչ միայն ուզում էր հողերը գրավել ու ցույց տալ իր բանակի մարտունակությունը, այլև իր հաղթանակը ամրագրել քաղաքական հարթության մեջ: Բայց չկարողացավ: Ու ապրիլ 1-ից հետո քաղաքական ենթատեքստը փոփոխվեց և մենք շատ շուտով դա կզգանք, երբ կսկսվեն բանակցությունները: Մենք պետք է պատրաստվենք քաղաքական դաշտում սպասվող ՙպատերազմին՚, ես համոզված եմ, որ մենք դա կկարողանանք անել ու շնորհիվ ԼՂՀ պաշտպանական բանակի, մեր կամավորների ջանքերի, նաև քաղաքական պատերազմում կհաղթենք:

-Հայտնի, ու նաև ցավալի իրողություն է, որ մեր քաղաքական դաշտը բաժանված է արևմտյան ու ռուսական թևերի, բայց որ այսօր, այս պահին նրանք կարող էին ակտիվանալ` անսպասելի էր ու խիստ մտահոգիչ: Որոշ վերլուծաբաններ իրավիճակը սթափ գնահատելու փոխարեն, փաստերը խեղաթյուրելով սկսել են քննադատել Ռուսաստանին` վերջինիս համարելով այս ամենի մեղավորը: Նույնիսկ նախընտրում են շրջանցել Թուրքիայի գործոնը: Նկատելի է, որ բառացիրորեն կրկնում են արևմտյան որոշ գործիչների մտքերը: Տպավորությունն այնպիսին է, որ մեկ կենտրոնից են հրահանգվում: Ի՞նչ կասեք ներքին դաշտը պառակտող այս խիստ վտանգավոր իրողության մասին:

-Միանշանակորեն ճիշտ եք, այս հարցադրումը ես համարում եմ այսօրվա համար շատ կարևոր: Սա մի գործելոճ է, որն իր մեջ որևէ ռացիոնալ հատիկ չի պարունակում: Ես չգիտեմ, թե մարդիկ ինչու են դա անում: Գուցե, մի մասը դրանից ինչ-որ օգուտներ է ստանում, խոսքս անձնական օգուտների մասին է, մի մասը գուցե անում է, որ այդ կերպ ինքնահաստատվի քաղաքականության մեջ: Սա նաև հետևանք է մեր ներքին քաղաքականության, որովհետև և’ քաղաքական, և’ լրատվական դաշտում պատահական մարդիկ են հայտնվել, որոնք իրականում ոչինչ չգիտեն ու տեղից ելնելով ինչ որ բաներ են ուզում ասել: Բայց նաև համաձայնեք, որ նմանները մեծամասնություն չեն կարզմում: Կարևորն այն է որ մեր ժողովուրդը շատ արագ մոբիլիզացվեց, ու հասկացավ, որ պատերազմ է ու ինքը պետք է պաշտպանի հայրենիքը:

Մենք պետք է լրջանանք ու հասկանանք, որ ոչ մի հակախոսակցություն մեզ համար ձեռնտու չէ, այն մեզ օգուտ չի տալու: Պետք է լրջանաք ու տեսնեք, թե ինչ է կատարվում աշխարհում: Ինչ անենք, որ չհայտնվենք աշխարհաքաղաքական թակարդներում: Կարծում եմ, այսօր որևէ երկիր երախավորված չէ նման թակարդներում հայտնվելուց: Ուրեմն աշխարհաքաղաքական իրավիճակը ստիպում է մեզ գտնել սցենարներ, թե ի՞նչ անել, օրինակ, ռուս-թուրքիական սրացումների դեպքում, կամ Մերձավոր Արևելքում ԱՄՆ քաղաքականության սրացման ու թուլացման ժամանակ, ինչ անել, երբ Ադրբեջանը դառանա գազային երկիր Եվրոպայի համար: Այսօր ոչ թե պետք է հայհոյել այս կամ այն երկրին, թե ինչու չի կատարում իր պարտավորությունները, այլ մշակել սեփական սցենարներն ու դրանց համապատասխան դիվանագիտական աշխատանք վարել: Այդ դեպքում այլևս հարցեր չեն ծագի, թե ինչո՞ւ հայտնվեցին գերտերությունների խաղերի մեջ, ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չեկավ, ինչո՞ւ ԱՄՆ-ը չեզոք է, իսկ Ռուսաստանը անհրաժեշտ չափով չի օգնում:

ԱՐՄԻԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Տնտեսություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն