Գլխավոր » NKR, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ով է թուրքը

Փոքրիկները երբ արթնացան ու իմացան, որ կռիվը դադարել է, երեխաներից մեկն ասաց. «Աստված մեր ձայնը լսեց»

Ապրիլ 6, 2016թ. 03:22
Քաշաթաղում

Ապրիլի 2-ին թշնամին հարձակում գործեց Արցախի սահմանի ողջ երկանքով՝ օգտագործելով հրետանի, տանկեր, ուղղաթիռներ, և թիրախ դարձրեց հատկապես դպրոցները: Առաջին պահին անհրաժեշտություն առաջացավ հանրակրթական և այլ ուսումնական հաստատություններում, նախակրթարաններում դադարեցնել պարապմունքները՝ մեր մանուկներին չվնասելու նպատակով՝ աչքի առաջ ունենալով Մարտունու շրջանի Զորավանի դպրոցը: Այտեղ թշնամու հրետանու արկից զոհվեց 12-ամյա պատանի, վիրավորվեցին նրա եղբայրն ու ընկերը:

Այդ օրը Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի պետական մանկապարտեզի սաները չէին ուզում կիսատ թողնել իրենց խաղն ու հանդեսը, բայց տուն գնացին: Փառք հայոց զինվորին՝ երկուշաբթի սկսեցին գործել և կրթօջախները, և հիմնարկները: Ապրիլի 5-ին՝ առավոտյան, Բերձորի մանկապարտեզում դաստիարակները, տնօրեն Իննա Բաբայանը զրուցեցին երեխաների հետ, բացատրեցին՝ ով է հայ զինվորը և այժմ ինչ առաքելություն է իրականացնում: Քնելուց առաջ փոքրիկներն աղոթք հղեցին առ Աստված, որ պատերազմներ չլինեն, որ մեր զինվորները հաջողությամբ պսակեն հայրենիքի պաշտպանության սուրբ գործը: Այս պահին այդ երեխաներից շատերի հայրերը, եղբայրները, հարազատները սահմանում են: Առաջնագծում իրավիճակի սրման պահից Քաշաթաղի շրջանից հարյուրավոր կամավորներ դիմեցին սահման մեկնելու համար, և նույն օրը շատերը տեղ հասան: Թշնամու պլանները ձախողվեցին, և նորից ժամանակավոր հրադադար կնքվեց: Դաստիարակ Լուսինեն ասաց, փոքրիկները երբ արթնացան ու իմացան, որ կռիվը դադարել է, երեխաներից մեկն ասաց. «Աստված մեր ձայնը լսեց»:

Կեսօրից հետո մանկապարտեզի ողջ անձնակազմը, շրջվարչակազմի կառույցներում աշխատող կանայք այցելեցին Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի, մոմեր վառեցին, աղոթեցին, որ խաղաղություն լինի, որ հայ զինվորներն անփորձանք տուն գան: Աղոթեցին մարտիրոս տղաների հոգիների համար, որ վիրավորները շուտ առողջանան, անհայտ կորածները տուն գան: Բոլոր փոքրիկների ցանկությունը մեկ էր՝ հասակ առնել խաղաղ երկնքի տակ, որ այլևս ռումբներ չպայթեն: Մաղթեցին, որ ողջ աշխարհում տիրի խաղաղություն, բոլոր երեխաները կռիվ չտեսնեն: Հուսանք, կգա օրը, որ մարդկությունը կլսի այս փոքրիկների ձայնը, պատերազմներ չեն լինի: Սակայն այսօր մեր ժողովրդի գերխնդիրն է՝ դիմակայել թշնամու ոտնձգություններին, անառիկ պահել Հայոց սահմանը: Իսկ այդ իրականանում է միայն մեր զավակների մաքառումների, տոկունության, զգոնության, հաճախ թափած սուրբ արյան գնով: Եվ Բերձորի մանկապարտեզի սաները հայ բոլոր երեխաների անունից երախտագիտություն հայտնեցին սահմանի մեր քաջ զինվորին, կամավորականին, հրամանատարներին, թիկունքի աշխատակիցներին, իրենց պահապաններին՝ հավատով՝ մեր տունն անառիկ է, մանկապարտեզում այլևս իրենց խաղը չի ընդհատվի:

Քաշաթաղի <<Մերան>> թերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ով է թուրքը բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն