Գլխավոր » Interview, TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ադրբեջանի սադրանքը կանխվեց միմիայն ԼՂՀ բանակի ուժերով

Ապրիլ 6, 2016թ. 01:52
Վաղարշակ հարությունյան-

Հարցազրույց ՊՆ նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ

-Այն, ինչ տեղի է ունենում ԼՂՀ շփման գծի երկայքով` պատերա՞զմ է:
-Ոչ: Հասկանալու համար պետք է տեսենք, թե ո ՞րն է Ադրբեջանի նպատակը: Եթե վերջինիս նպատակը լիներ Ղարաբաղը հետ վերցնելը, եթե Ադրբեջանը օգտագործեր այլ զենք, զինամթեր, ապա դա կհամարվեր պատերազմ: Բայց այն, ինչ այսօր տեղի է ունենում շփման գծում` պատերազմ չէ, ընդամենը մարտավարական գործողություններ են, որով Ադրբեջանն ուզում է լուծել իր առաջ դրած խնդիրը:

-Ո ՞րն է այդ խնդիրը:

-Ադրբեջանի նպատակը Ղարաբաղի վերադարձը չէ, այլ շփման գծի փոփոխությունը` հօգուտ իրեն: Սրան էլ գումարած շանտաժը` ուղղված համանախագահներին , ինչի մասին ասաց ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղլին: Ադրբեջանն ուզում է, որ համանախագահները ԼՂՀ-ն վերցնեն ու իրեն նվիրեն: Սա շանտաժ է, այսինքն, ուզում են ասել, եթե դուք չեք անում, մենք կանենք` ռազմական ճանապարհով: Սակայն ձախողվեց Ադրբեջանի նպատակը, նրան չհաջողվեց շփման գիծը փոխել, ավելին` անակնկալի բերել մարտական ծառայություն իրականացնող մեր ստորաբաժանմունքներն:

-Վերլուծենք այն շարժառիթներ, որոնք Ադրբեջանին մղեցին վերսկսելու ռազմական գործողություններ: Առաջինը` Սիրիայում Ռուսաստանի տարած ռազմական հաջողությունն է, ինչին հնարավոր է խանգարել միայն երկրորդ ճակատ բացելով: Ասել է, թե այդ կատարվածի թիկունքում Թուրքիան է:

-Ադրբեջանն այս քայլին ինքնուրույնաբար չի գնացել, նման գործողություն նա չէր կարող անել առանց դաշնակից երկիր հետ համաձայնության: Իսկ Ադրբեջանի միակ դաշնակիցը Թուրքիան է: Ակնհայտ է, որ նրա քայլը եղել է համաձայնեցված Թուրքիայի հետ, ավելին, սա հենց Թուրքիայի կողմից ուղղորդված գործողություն է: Վերլուծելով տեղի ունեցածը պարզ է դառնում, որ կատարվածը չի բխում նախ և առաջ Ադրբեջանի շահերից, այն չի բխում համանախագահող երկրների շահերից, առաջին հերթին Ռուսաստանի: Միակ երկիրը, որի շահերից բխում է`Թուրքիան է: Հետևաբար, Թուրքիան օգտագործել է Ադրբեջանին` նրան մղելով նման սադրանքի: Ինչո՞ւ, որովհետև Թուրքիայի նպատակն է տարածաշրջանային գործոն դառնալը:

Երբ սկսվեց թուրք–ռուսական հակամարտությունը ես ձեզ հետ հարցազրույցում ասացի, որ Թուրքիան փորձելու է օգտագործել Ադրբեջանի վրա ունեցած իր լծակները` նրան շփման գծում սադրանքի մղելու նպատակով: Թուրքիայի նպատակն է Ռուսաստանին շեղել Սիրիայից և ԼՂ հակամարտության վերսկսմամբ բարձրացնել իր տարածաշրջանային դերակատարումը Եվրոպայում ու ԱՄՆ-ում: Բոլորը գիտեն, որ Թուրքիան մեծ ազդեցություն ունի Ալիևի վրա, ու այժմ ուզում է ցույց տալ աշխարհին, որ եթե կամենա, կարող է հրահրել լարվածություն, կարող է ճակատ բացել: Նա ցույց է տալիս, որ կարողանում է ուղղորդել նավթային ռեսուրսներ ունեցող Ադրբեջանին, ու հրահանգիչի դեր կատարել: Իսկ պատերազմի հրահրումը նշանակում է, որ <<Բրիթիշ Պետրոլյումն>> ու այլ նավթային ընկերություններ կորուստներ են ունենալու: Այսպիսով, Թուրքիան փորձում է դառնալ տարածաշրջանային գործոն:

Այնպես որ, ձեր հարցադրման հետ համաձայն լինելով, միաժամանակ կհավելեմ` Թուրքիան դրդեց Ադրբեջանին գնալ նման սադրանքի, քանի որ ինքը Սիրայում պարտվեց, ու իր ծրագրերը հօդս ցնդեցին, անկարող եղավ Սիրիան դարձնել իր գաղութը ու տարածել իր նեոօսլամիզմի գաղափարները: Ռուսական զորքի մուտքը Սիրիա տապալեց Թուրքիայի ծրագրերը:

Կնշանակի` օգտագործելով Ադրբեջանին ու վերջինիս ձեռքով սրելով ԼՂ հակամարտությունը, Թուրքիան իրականում պայքարում է Ռուսաստանի դե՞մ:

-Նաև Ռուսաստանի: Նրա քայլն ունի մի քանի ուղղություն: Այստեղ ճակատ բացելով նա ուզում է վնասել, թուլացնել Ռուսաստանին Սիրայում: Թուրքիան լավ գիտի, որ Հայաստանը ՌԴ դաշնակիցն է, լավ գիտի, եթե Ղարաբաղում լինի պատերազմ, ապա Ռուսաստանն իր հիմնական ուշադրությունը, նաև ռեսուրսները կենտրոնացնելու է այս ուղղությամբ: Երկրորդ, Թուրքիայի այս քայլն ուղղված է Եվրոպային ու ԱՄՆ-ին, նպատակ ունի նրանց ցույց տալ, որ ինքը կարող է ռազմական լարվածություն ստեղծել ու դրա մեջ ներքաշել Ռուսաստանին:

Ադրբեջանական սադրանքը ԼՂՀի դեմ սկսվեց, երբ Վաշինգտոնում ընթանում էր հայտնի գագաթաժողովը, ուր ԱՄՆ բարձրաստիճան ղեկավարները հայտարարում էին, թե տնտեսական լուրջ ծրագրեր ունեն Ադրբեջանի հետ, թե վերջինս հանդիսանում է ԱՄՆ ռազմավարական գործընկերը միջուկային զենքի տարածման դեմ պայքարում: Վաշինգտոնյան հադիպումները ոգևորեցի՞ն Ալիևին:

-ԱՄՆ-ը չէր կարող Ադրբեջանին ինչ-որ հույսեր ներշնչել, չեմ կարծում, որ կարող է անգամ նման խոսակցություն լինել: Բայց գուցե այդ հայտարարությունները, դրական վերաբերմունքը, որ ցուցաբերվել է Ադրբեջանի հանդեպ, ի դեպ նաև Հայաստանի հանդեպ է նման վերաբերմունք դրսևորվել, ոգևորեցին Ադրբեջանին, ու վերջինս կարծեց, թե սադրանքի դիմելով` կարող է մարսել: Բայց ես համոզված եմ, որ ամերիկյան կողմը չէր կարող Ադրբեջանին նման հույսեր տալ, ու այն համոզմանն եմ, որ Ադրբեջանը դարձել է Թուրքիայի գործիքը: Իսկ վերջինս ուղղակի արջի ծառայություն մատուցեց իր դաշնակցին` մղելով մի դաշտ, ուր Ադրբեջանը խայտառակ պարտվում է:

Կա՞ն փաստեր, որոնք ապացուցում են Թուրքիայի ուղղորդող դերի մասին, բացի <<գորշ գայլերի>> մասնակցության մասին լուրերից:

-Պետք է տեսնել, թե ինչպե՞ս է գործում Թուրքիան. նախ կան փաստեր, դեռ 15 օր առաջ նույնիսկ մամուլը գրեց, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները օգտագործելով իրենց լծակները, Ադրբեջանին դրդում են գնալ ոտնձգությունների ԼՂՀ-ի դեմ: Այնուհետև, Էրդողանը, Չավուշօղլուն հայտարարեցին` բոլոր հարցերում մենք կանգնած ենք Ադրբեջանի կողքին: Այսօր ամբողջ աշխարհը կոչ է անում Ադրբեջանին կանգնեցնել գործողությունները, միակ երկիրը, որը խրխուսում է Ալիևին ու պաշտպանում Ադրբեջանի գործողությունները` Թուրքիան է: Ի՞նչ է ստացվում, Թուրքիան որպես ՆԱՏՕ անդամ պետություն իրականում դուրս է եկել այդ կառույցի վերահսկողությունից, և իրականացնում է քայլեր, որոնցով ՆԱՏՕ-ին է ներքաշում հակամարտության մեջ: Ի դեպ, այդ մասին գրում են նաև արևմտյան լրատվամիջոցները:

ԱՄՆ-ն ասում է` քրդերն իմ դաշնակիցներն են այս պատերազմում, բայց Թուրքիան քրդերի դեմ է գործողություններ անում, ավելին` սպառնում է ԱՄՆ-ին կողմնորոշվել` քրդերի՞, թե՞ թուրքերի կողմնակիցն է: Թուրքիան օկուպացրել է Կիպրոսը, իսկ Հունաստանի օդային տարածքը տարեկան խախտում է հազար անգամ: Թուրքիայի նման քայլերը վարկաբեկում են ՆԱՏՕ-ն: Փաստորեն, այդ կառույցը չի կարողանում ազդել այս անկառավարելի երկրի վրա: Թուրքիան կոշտ և բարոյական նորմերին դեմ գնացող քայլեր կատարող երկիր է: Ու մենք պետք է անպայմանորենն այս ամենը հաշվի առնենք:

-Թվում էր, թե գոնե այս անգամ եվրոպական կառույցները, Մինսկի խումբը իրենց հայտարություններում հստակ կմեղադրեին ագրեսոր Ադրբեջանին, մինչդեռ հերթական լղոզված տեքստերը հնչեցին, միակ կառույցը ՀԱՊԿ-ն էր, որի տարածած հայտարարության մեջ մեղադրվեց Ադրբեջանը:

-Մենք բնականաբար, կուզենանք, որ լսեինք մեղավոր Ադրբեջանի անունը, որ նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն: Բոլորը գիտեն, որ սկսողը Ադրբեջանն է, քանի որ Հայաստանին ու Ղարաբաղին դա ձեռնտու չէ: Բայց կա դիվանագիտական լեզու, ինչը և իրենց խոսքում բանեցնում են միջազգային կառույցները, Մինսկի խումբը: Ակնհայտ է, որ Հայաստանը չի սկսել, ու նաև ակնհայտ է, որ նրանց խոսքերն ուղղված են Ադրբեջանին: Համանախագահները չեն ուզում լինել կողմակալ, ու նրանց նման պահվածքը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ շփման գծում չկան վերահսկման մեխանիզմ:

-Մեզանում որոշ վերալուծաբաններ պնդում են, թե իբր այդ մեխանիզմների տեղադրմանը դեմ է Ռուսաստանը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Սրանք անհիմն հայտարարություններ են: Ինչպե՞ս կարող է Ռուսաստանը դրան դեմ լինել: Մեխանիզմների տեղադրմանը դեմ է հենց Ադրբեջանը, քանի որ դա իր մարտավարությունն է, այն է` խախտել զինադադարը ու պատերազմի վերսկսման սպառնալիքի, վախի մթնոլորտի, խուճապի տարածմամբ Հայաստանի ու Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը պարտադրել գնալ ադրբեջանանպաստ զիջումների: Սա անտրամաբանական է, անհեթեթ, բայց Ադրբեջանը գնում է այդ ճանապարհով:

-Այս իրավիճակում ո՞րն է Ռուսաստանի դերը:

-Տարածաշրջանում Ռուսաստանն ունի հստակ շահեր, իր ՌԴ ռազմական դոկտրինում գրված է, որ երկրի համար սպառնալիք են սահմաններին կից ծավալվող հակամարտությունները: Ռուսաստանում գիտակցում են, որ ԼՂՀ-ն մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, որն իրենց ռազմավարական դաշնակիցն է ու ՀԱՊԿ անդամ պետություն: Դա է պատճառը, որ տարբեր առիթներով, թե ՌԴ նախագահը, թե’ ԱԳ նախարարը հայտարարել են` թույլ չեն տա որպեսզի ուժային տարբերակով լուծվի ԼՂ հարցը:
Իսկ ադրբեջանական այս ագրեսիայից ժամեր անց առաջինը նախագահ Պուտինն էր, որ հայտարարեց կրակի անհապաղ դադարեցման մասին:

-ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շայգուն մեկնելու է Բաքու. օրակարգը պա՞րզ է

-Օրակարգը պարզ է. բացատրել Ալիևին, որ վերջինս խուսափի ռազմական գործողություններից ու դրա ծանր հետևանքներից: Այլ խոսակցություն այնտեղ չի կարող լինել:

-ՀՀ նախագահը հայտարարեց, որ անհրաժեշտ է համագործակցել ԼՂՀ ԱԳՆ-ի հետ և աշխատել ԼՂՀ հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Սա ենթադրում է, որ Հայաստանը կճանաչի՞ ԼՂՀ անկախությունը:

-Ամեն մի գործողության համար պետք է ստեղծվեն նախապայմաններ: Այս տարիներին Հայաստանը չգնաց այդ ճանապարհով, չնայած տարբեր ուժեր պնդում էին, թե պետք է չճանաչել ԼՂՀ անկախությունը կամ միավորել ՀՀ-ին: Բայց ՀՀ իշխանությունը չգնաց այդ քայլին` հարգելով ՄԽ շրջանակներում ընթացող բանակցությունները:

Բայց այժմ կա իրավիճակի փոփոխություն: Ադրբեջանը չի գնում զիջումների, հակառակը, փորձում է շանտաժի ենթարկել Հայաստանը, Մինսկի խմբին, ու սպառնում Ղարաբաղի անկախությանը: Եվ Հայաստանն այսօր անում է երկրորդ քայլը. կստորագրվի Հայաստան-ԼՂՀ երկկողմ իրավական պայմանագիր, որով Հայաստանն իր վրա կվերցնի պարտավորություն, ամբողջությամբ` տնտեսապես, ռազմականապես, քաղաքականապես ապահովելու Ղարաբաղի անվտանգությունը: Սա ուղղություն է, որին մեզ դրդեց Ադրբեջանը: Ու եթե այսպես շարունակվի նաև չի բացառվում, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը: Ահա թե ինչո՞ւ, Թուրքիայի ուղղորդմամբ իրականացվող այս սադրանքը Ադրբեջանի շահերից չի բխում:

-Որպես ռազմական գործիչ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ նախագահի հայտարարությունը, թե այս պահին հայկական զինուժը այլ ուժերի աջակցության անհրաժեշտությունը չունի:

-Դա իրոք այդպես է, քանի որ հայկական բանակը հզոր է: Մի կարևոր հանգամանք եմ ուզում այստեղ նշել: Ադրբեջանը պատրաստվել էր այս սադրանքին ու գործեց իր ամբողջ բանակի ներուժով, ծրագրել էր հանկածակիի բերել Ղարաբաղի պաշտպանական բանակին` տարբեր ուղղություններով հարձակվելով ու տակտիկական հնարքներ գործադրելով լուծել իր խնդիրը: Բայց նրա սադրանքը կանխվեց միմիայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտապանության բանակի ուժերով: Մարտական ծառայություն իրականացնող զորամասերը նախ կանխեցին հակառակորդին, ապա հուժկու հակահարված տրվեցին նրան: Հասկանում եք, սա արվեց առանց Հայաստանի զինուժի աջակցության, արվեց ԼՂՀ բանակի ուժերով, ու սա շատ կարևոր հանգամանք է և փաստում է ԼՂՀ ՊԲ-ի մարտունակության մասին:

Կոտրվեց մեզանում այն մտավախությունը, որ կար ադրբեջանական նավթադոլարներով <<հզորացած>> բանակի, հսկայական ռազմական բյուջեի ու զենք զինամթերքի մեծ քանակի մասին:
Ես մշտապես ասել եմ, որ դա որևէ հաջողության չի կարող բերել Ադրբեջանին, տեխնիկայով չէ, որ Ադրբեջանը պետք է լուծի իր խնդիրը:
Ու այսօր ԼՂՀ ՊԲ-ի գործողությունները ասվածիս վառ ապացույցն են: Խնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, միայն ՄԽ ձևաչափի շրջանակներում:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Interview, TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն