- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Ալիևի հաշվարկը ռազմական արագ հաղթանակն էր, որը ձախողվեց. Մոդեստ Կոլերով

Ալիևի հաշվարկը ռազմական արագ հաղթանակն էր, որը ձախողվեց։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ԼՂ սահմանային երկայնքով ընթացող մարտերին: Վերջինս նշեց, որ Ադրբեջանը նախահարձակ եղավ, քանի որ չստացավ ԱՄՆ աջակցությունը, որը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղը հակամարտության կարգավորման բանակցություններում որպես կողմ ներգրավելու օգտին:

– Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով երկու օր է՝ թեժ մարտեր են ընթանում, որոնց արդյունքում Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանն ունեն կորուստներ: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Ադրբեջանն այս անգամ նման թափով նախահարձակ եղավ:

– Այս ամենը պատահեց այն պատճառով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհ է հակամարտության կարգավորման ներկայիս հեռանկարներով, որոնք, ակնհայտորեն, տանում են նրան, որ Լեռնային Ղարաբաղը դառնա հակամարտության կարգավորման բանակցային կողմ: Ալիևը փորձում էր ստանալ ԱՄՆ-ի աջակցությունը, բայց չստացավ, որովհետև ԱՄՆ հանդես է գալիս ի օգուտ Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացում ներգրավելու մոտեցմանը: Բացի այդ, ակնհայտ է, որ Ալիևին օգտագործեց Թուրքիայի նախագահ Էրդողանը, ով ուզում է ռուսական հետաքրքրություններին դեմ երկրորդ «ֆրոնտը» բացել: Իլհամ Ալիևը նրան այս հարցում օգնում է:

Ալիևի հաշվարկը ռազմական արագ հաղթանակն էր, որը ձախողվեց: Ուստի հիմա, երբ ողջ աշխարհը տեսնում է, որ Ադրբեջանն էր պատերազմի վերսկսման նախաձեռնողը, ինչի մասին ուղիղ հայտարարեց Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը, ակնհայտ է, որ նրանց հարձակումը «խեղդվեց»: Հիմա Ադրբեջանին դժվար կլինի փոխել իրավիճակը… Հենց այս պատճառով սկսեցին հնչել քարոզչական հայտարարություններ այն մասին, որ Ադրբեջանը միակողմանիորեն դադարեցնում է կրակը: Սրան հավատալ պետք չէ: Կրակոցները, ռազմական գործողությունները շարունակվում են:

Նկատի ունեք, որ սա ռուս-թուրքական լարվածության շարունակությո՞ւնն է, որ Թուրքիան, դրդելով Ադրբեջանին հարձակման, Հայաստանի միջոցո՞վ է փորձում «մաքրել հաշիվները» ՌԴ հետ:

– Ոչ: Թուրքիան Ադրբեջանի միջոցով փորձում է թուրքական հակամարտությունից բացի Ռուսաստանի դեմ բացել հակամարտության երկրորդ ֆրոնտը: Այսինքն, ակնհայտ է, որ սա գործողություն է նաև Ռուսաստանի դեմ:

Ասացիք, որ Ադրբեջանը դժգոհ է ԱՄՆ դիրքորոշմամբ: Ինչո՞ւ է դժգոհությունը ռազմական գործողություններով արտահայտում:

– ԱՄՆ-ն ուզում է, որ Լեռնային Ղարաբաղը հանդես գա հակամարտության կարգավորման բանականություններում որպես կողմ: Դրա համար Ադրբեջանը փորձում է կոտրել կայունությունը, որ իրեն շարունակեն համոզել:

– Միջազգային կազմակերպությունների արձագանքը որևէ կերպ կմեղմի՞ լարվածությունը:

– Միջազգային կազմակերպությունները Ադրբեջանի համար հեղինակություն չեն: Ադրբեջանի համար հեղինակավոր են միայն ԱՄՆ-ն ու Ռուսաստանը: Իսկ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը նույնանման հայտարարություններ արեցին՝ ընդդեմ պատերազմի վերսկսման:

Բայց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում կողմերին էր կոչ անում դադարեցնել մարտերը:

– Բոլորն են դիմում կողմերին: Բոլոր պետությունները, երբ հորդորում են դադարեցնել լարվածությունը, դիմում են հակամարտության երկու կողմերին էլ, որովհետև միշտ պատերազմում են երկու կամ ավելի կողմեր: Սա այսպիսի կանոն է:

– Տվյալ պարագայում կանոնը շրջանցել չէ՞ր լինի: Հայաստանյան փորձագիտական շրջանակներում կարծիք կա, որ ոչ հասցեական հայտարարությունների հետևանքով է Ադրբեջանը նման գործողությունների դիմում:

– Ոչ մեկ չգիտի՝ որտեղ է դիվանագիտական ճշմարտությունը: Միանշանակ ակնհայտ է, որ ՌԴ ղեկավարության հեռախոսազրույցները Ադրբեջանի իշխանությունների հետ, ուղղված էին ռազմական գործողությունները կանգնեցնելուն: Այսինքն՝ պրոտոկոլներից բացի կա նաև ոչ պաշտոնական ձևաչափ: Հենց այսպես գործում են ոչ միայն Ռուսաստանը, այլև՝ ԱՄՆ-ն: Հայաստանում պետք է խոսեն այս մասին ևս:

– Տվյալ պարագայում, երբ ասացիք, որ Ադրբեջանի համար միջազգային կազմակերպությունները կոչերը հեղինակություն չեն, ինչպե՞ս կարելի է մեղմել լարվածությունը:

– Միակ գործոնը, որը խանգարում է պատերազմը վերսկսել` Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերի հզորությունն է: Միայն ԼՂ ԶՈւ-ն է սահմանային կայունության երաշխավորը: