- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Սիրելի սփյուռքահայեր մի հետևեք թուրքական կամ ադրբեջանական լրատվամիջոցներին

Լրագրող Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ապրիլի 2-ի առավոտից հատկապես Սփյուռքի տարբեր հայկական գաղութներից ստանում եմ տարբեր զանգեր։ Մարդիկ ոչ միայն անհանգստացած են, այլև խուճապի մեջ, հարցնում են․

1․ Իրո՞ք ադրբեջանցիները 20կմ տարածք են գրավել։
2․ Իրո՞ք մենք ունենք մի քանի հարյուր զոհ։
3․ Իրո՞ք 10-ից ավելի մեր տանկերից են ոչնչացվել, մի քանի բարձունք ենք տվել։
4․ Իրո՞ք Արցախից զանգվածաբար ժողովրդին հանում են։
5․ Իրո՞ք Հայաստանում համատարած զորահավաք է, և այլն․․․

Սիրելի սփյուռքահայ և Սփյուռքում ժամանակավոր բնակվող եղբայրներ և քույրեր, դուք հեռվում եք, և մեր երկրի յուրաքանչյուր խնդիր ձեզ համար 10-ապատիկ մեծ է թվում։ Որպեսզի շատ խուճապի չմատնվեք և չանեք սխալներ, խնդրում եմ․

1․ մի հետևեք թուրքական կամ ադրբեջանական լրատվամիջոցներին, բնական է, որ նրանք ինֆորմացիա կտան իրենց շահերի տեսանկյունից։

2․ ընտրողաբար մոտեցեք նաև միջազգային լրատվամիջոցների հաղորդումներին, քանի որ նրանք չեզոք են, և մեծ մասամբ նրանց չի էլ հուզում մեր իրականությունը։ Նույն BBC-ն, CNN-ը, Deutsche Welle-ն, Известия-ն կամ մյուսները բացում են հայկական կամ ադրբեջանական որևէ լրատվամիջոց և ուղղակի Copy-paste անում նյութը, հետևաբար նրանք էլ կարող են ապատեղեկատվություն տարածել։ Մի վստահեք նաև միջազգային լրատվամիջոցների հրապարակումներին։

3․ Այս պահին տեղի է ունենում ոչ միայն ռազմական լարված բախում, այլև տեղեկատվական պատերազմ, և ինչքան շատ վստահեք հայկական կողմի պաշտոնական տեղեկատվությանը, այնքան հօգուտ մեր պետության և մեր հասարակության։

Հ․Գ․ վերևում նշված 5 անհանգստացնող հարցերից որևէ մեկը ճիշտ չէ։ Կարդացեք ՀՀ ՊՆ հայտարարությունները․ դրանք են իրականությունը։