- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Պատերազմը չսկսվեց հենց այնպես. Արման Բոշյանը վերլուծում է իրավիճակը

Երևանի Աշխարհաքաղաքական ակումբի նախագահ Արման Բոշյանը ռուսական newtfront լրատվամիջոցին ուշագրավ հարցազրույց է տվել` վերլուծելով ներկայումս ԼՂ Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագերսիայի պատճառները:

Քաղաքագետը նախ անդրադառնում է նախապատմությանը:
<<Ոչ ոք, մասնավորաբար, հակառուսական ուժերը չէին սպասում, նաև չէին ցանկանում, որպեսզի Ռուսաստանը ունենար ռազմական հաջողություններ Սիրիայում: Եվ ահա, այդ հաջողությունից հետո, այլևս կանխատեսելի էր, որ երկրորդ ճակատ է բացվելու մեր տարածաշրջանում: Սիրիայում Ռուսաստանի հաջողություններին կարելի է խանգարել միայն երկրորդ ճակատը բացելով>>: Ասել է Բոշյանը, շեշտելով, այսինքն, նպատակը ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանի տարածաշրջանային դիրքերին հարվածելն է:

Արման Բոշյանը նաև անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանի ու Թուրքիայի հետ վարվող անհեռատես քաղաքականությանը, մասնավորաբար, խոսել Ադրբեջանին վաճառվող ռուսական զենքի մասին, նկատելով.<<Ի՞նչ է այժմ Ադրբեջանն օգտագործում ԼՂՀ-ի դեմ. թուրքական, իսրայելական ու ռուսական զենք, և առաջին հերթին ռուսական>,- հիշեցնելով, որ հայկական կողմի մտահոգություններին ի պատասխան ռուսական կողմը Ադրբեջանին զենք վաճառելը ընդամենը բիզնես էր համարում:
<<Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, եթե որոշակի, կարճաժամկետ կտրվածքով, այդ ռազմավարությունը կարող էր արդարացված համարվել, որպես ուժերի հավասարակշռությանը միտված քաղաքականություն, ապա երկարաժամկետ առումով այն կլինի վտանգավոր: Ով այսօր ռուսական զենքը ո'չ միայն Հայաստանի, ԼՂՀ-ի դեմ է կրակում, այլ Ռուսաստանի>>:

<<Պատերազմը չսկսվեց հենց այնպես>>,- ասել է Բոշյալը, հիշեցնելով, որ այդ ընթացքում` ապրիլի 1,2-ին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները միաժամանակ գտնվում էին ԱՄՆ-ում:
<<Եղան երկկողմ հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի, Ադրբեջանի նախագահ Ալիևի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև: Հնչեցին հայտարություններ, որ ԱՄՆ-ը լուրջ ծրագրեր ունի Ադրբեջանի հետ: Հնչեցին նաև երկկողմ հայտարարություններ այն մասին, որ միջուկային զենքի տարածման դեմ պայքարում Ադրբեջանը հանդիսանում է ԱՄՆ ռազմավարական գործընկերը: Հատուկ ուզում եմ նշել, որ ադրբեջանական զլմ-ը ապատեղեկատվություն տարածեցին, թե Բայդենը վճռականորեն արտահայտվել է տարածքային ամբողջականության օգտին: Իրականում նման հայտարարություն Բայդենի կողմից չի եղել: Դրանք եղել են ընդամենը տնտեսական բնույթի հայտարարություններ>>:

Քաղաքագետը համոզված է, որ Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների վերսկսումը կապված է և’ Սիրիայում Ռուսաստանի տարած հաղթանակի, և’ ուղղակիորեն ԱՄՆ-ում ադրբեջանական կողմի հանդիպումների հետ: <<Թե ո՞վ, ի՞նչ է ասել, ես տեղյակ չեմ, բայց կարող եմ ասել, որ մեր նախագահը ինչ-որ հարցում, հավանաբար, չի համաձայնվել ամերիկյան կողմի հետ, իսկ վերլուծելով ադրբեջանական զլմ-ների հայտարարությունները, կարելի է եզրակացնել` Ադրբեջանն ինչ-որ հարցում համաձայնության է եկել>>:

Արման Բոշյանը տեղեկացնում է նաև, որ ապրիլի 1-2-ին զարմանալի զուգադիպությամբ, ռազմական գործողություններ են սկսվել ոչ միայն Ղարաբաղում, այլև Դոմբասում: <<Այսպիսով պատկերն ամբողջանում է. Դոմբաս, Ղարաբաղ, ու այդ բոլորը ապրիլի 1-ից 2-ին, այս բոլորը ԱՄՆ-ում տեղի ունեցած հանդիպումներից հետո, Սիրայում տեղի ունեցած հաղթանակի ֆոնին>>:

<<Ինչ վերաբերում է հայկական զինված ուժերին, հավատացնում եմ, այս պահին մեր բանակը չունի ռազմական օգնության անհրաժեշտություն, հակառակորդը չունի ոչ մի շանս մեկ մետր իսկ առաջ գնալու մեր սուրբ հողում: Ես կարծում եմ, որ ռազմական գոծողությունները կդադարեն հայկական կողմի հակահարձակողական գոծողություններից հետո ու լայնածավալ պատերազմ չի լինի>>, -ասում է քաղաքագետը:

Աշխարհաքաղաքական ակումբի նախագահը նաև նկատում է, թե չի կարելի Թուրքիան դիտել որպես ինքնուրույն միավոր, քանի որ այն մի երկիր է, ուր գտնվում է մեկ այլ երկրի` ԱՄՆ-ի ատոմային զենքը, հետևաբար այն չի կարող ինքնուրույն միավոր համարվել գլոբալ քաղաքականության մեջ: Հետևաբար. <<Ղարաբաղյան ճակատի բացումը ՌԴ-Արևմուտք հակամարտության մի դրվագն է>>:

Արման Բոշյանը նաև շեշտում է, որ այսօր կան ռուսական շրջանակներ, որոնք առաջ են տանում պրոթուրքական, պրոադրբեջանական տեսակետներ: Ու վերջիններիս հիշեցնում հետևյալ կարևոր հանգամանքը.<<Քաղաքակրթական տեսանկյունից հայերն ու ռուսներն ավելի մոտ են, քան ռուսներն ու թուրքերը: Իսկ աշխարհաքաղաքակության մեջ քաղաքակրթական գործոնը կարևոր դեր ունի: Ռուսաստանում ադրբեջանամետ քարոզչության իրականցման ձգտումը` տարբեր խմբերի կողմից, ոչ մի լավ բանի չի հանգեցնի>>:

Արման Բոշյանն ավարտում է հարցազրույցը հետևյալ մտքով.<<Ես հավատացնում եմ, որ այսօր այս հանգամանքներից (Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը-Ա.Ս.) կօգտվեն մեր լիբերալ լրատվամիջոցները, աչք փակելով էրդողանի, Ալիևի ամերիկյան հանդիպումների վրա, այն խոստումների վրա, որ Ալիևը ստացել է ԱՄՆ-ում և կսկսեն ամբողջությամբ մեղադրել մեկ կողմին (Ռուսաստանին-Ա.Ս): Պատրաստեց` Արմինե Սիմոնյանը