Գլխավոր » Society, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն

Ինչպես զգուշանանք թշնամու կեղծ տեղեկատվությունից

Ապրիլ 2, 2016թ. 15:08
Հաքերներ

Ինչպես տարբերել շփման գծից հաղորդվող կեղծ տեղեկատվությունն իրականից:

Սահմանային լարվածությանը զուգահեռ, որպես կանոն ինտենսիվանում է նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների ու կամավորական հաքերային խմբերի մեդիապատերազմը հայկական լսարանի դեմ: Նպատակը լսարանի ապակողմորոշումն ու պանիկայի սերմանումն է: PanARMENIAN.Net – ը պատրաստել է հակիրճ ուղեցույց՝ բացատրելու, թե ինչպես խուսափել մեդիածուղակներից սահմանային լարվածության աճի օրերին:
Ներկայացնում ենք ստորև.

Իրական և «ֆեյք» լուսանկարներ

Իրավիճակի սրման ժամանակ համացանցը հաճախ հեղեղում է որպես «հայկական կորուստներ» ներկայացվող, այլ պատերազմներում զոհված զինվորների աճյունների, նախկինում արված կամ այլ վայրերում տեղի ունեցած մարտերի լուսանկարներով: Դրանց իսկությունը ստուգելու համար բեռնեք լուսանկարը համակարգիչ, այնուհետև՝ որոնեք Google Image Search-ի միջոցով: (Chrome-ում վերոնշյալ գործառույթն առկա է մկնիկի աջ կոճակի մեկ հպմամբ՝ Search Google for this Image անվանման տակ): Եթե արդյունքներում տեսնեք տվյալ ամսաթվից առաջ արված թեկուզ մեկ լուսանկար՝ ապա գործ ունեք նախկինում ֆիքսված փաստը կամ այլ վայրում արված լուսանկարը նորության տեղ հրամցնելու հետ:

Իսկական և «ֆեյք» տեսանյութեր

Տեսանյութի իսկությունը ստուգելն ավելի դժվար է: Եթե այն տեղադրված է Youtube-ում, հարկավոր է պատճենել դրա լինքը, տեղադրել այն Youtube Data Viewer-ում ու որոնել: Կայքը ցույց կտա տեսանյութի օրիգինալը՝ երբեմն նաև նկարահանման տեղի ու ամսաթվի մասին տեղեկությամբ: Կրկին, եթե տեսանյութն արված է հին ամսաթվով՝ գործ ունեք կեղծիքի հետ:

Եթե տեսանյութը տեղադրված է գովազդով գումար վաստակող կայքերից մեկում, չարժե վստահել դրանց ամպագոռգոռ վերնագիրներին. նրանց եկամուտի աղբյուրը դիտումների քանակն է, ուստի շատ հավանական է, որ տեսանյութն արվել է այլ վայրում, և այժմ որպես նորություն է ներկայացվում: Youtube Data Viewer-ը չունի նման կայքերի տեղեկությունը ստուգելու հնարավորություն: Սակայն, կարելի է պատճենել էկրանի պատկերը (Screenshot-ի միջոցով) ու փորձել ստուգել դրանց իսկությունը՝ լուսանկարների համար նկարագրված մեթոդով:

Ադրբեջանական մամուլ

Չարժե վստահել բացարձակապես ոչ մի ադրբեջանական կայքի հայտնած տեղեկությանը, հատկապես, հաշվի առնելով, որ վերջին մի քանի տարիների ընթացքում հարևան երկրում արտասահմանյան, անկախ և ընդդիմադիր ԶԼՄ-ների ցանցը հիմնովին ջախջախվել է: Բացի այդ, համացանցում առկա են հայկական կամ ռուսաստանյան կայքերի անվան տակ գործող, իրականում՝ ադրբեջանական կայքեր: Նման կայքերի ցանկն առկա է մեդիափորձագետ, ՏՏ-անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի բլոգում:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Հայկական ընթերցվող ԶԼՄ-ների ֆեյսբուքյան հարթակներում այս օրերին, հասկանալի պատճառներով, մեկնաբանությունների տարափ է սկսվում: Նրանց մեջ կարող են հանդիպել հայկական տասնյակ կամ հարյուրավոր զոհերի, գրավված տարածքների մասին «թարմ», «վստահելի», «սեփական աչքով տեսած» կամ «բարեկամի հայտնած» տեղեկություններ: Վստահել, առավել ևս՝ տարածել նման տեղեկատվությունը չարժե. նման մեկնաբանությունների թիրախն ու գլխավոր հաշվարկը հենց խուճապ ստեղծելն է:

Մեկ կայքում հայտնված տեղեկատվություն

Նախկինում գրանցվել են նաև ադրբեջանական ցանցահենների կողմից հայկական որևէ մեկ վստահելի կայք կոտրելու ու խոշոր զոհերի կամ տարածքներ կորցնելու մասին տեղեկություններ տեղադրելու դեպքեր: Եթե հանդիպում եք զոհերի, վիրավորների, տարածքային կորուստների մասին տեղեկատվության ընդամենը մեկ կայքում կամ ընդամենը մեկ կայքի վրա արված հղմամբ, հավանաբար, գործ ունեք ոչ թե էքսկլյուզիվի, այլ հաքերային գործողության արդյունքի հետ: Նույնը հատկապես ակտուալ է որևէ պաշտոնատար անձի վրա հղմամբ հայտնված տեղեկատվության դեպքում. ԼՂՀ ՊԲ-ն և ՀՀ ՊՆ-ն տեղադրում են կորուստների մասին տեղեկությունն իրենց կայքերում՝ Mil.am և Nkrmil.am-ում, ՊՆ խոսնակ Արծրուն Հովյաննիսյանն էլ իր հերթին օպերատիվ տեղադրում է նման տեղեկությունը նաև իր ֆեյսբուքյան էջում:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն