Գլխավոր » Society, Գիտություն, Լրահոս, Կրթություն, Հասարակություն

Իրանը շահագրգիռ է վերականգնել Պոլիտեխնիկի հետ համագործակցությունը

Մարտ 18, 2016թ. 13:27
Պոլիտեխ

Երևան են ժամանել Իրանի Իսալամական Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարարության ներկայացուցիչները՝ ՀՀ ուսումնական հաստատությունների ավարտական վկայականների պաշտոնական ճանաչման հարցն ուսումնասիրելու նպատակով: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պարագայում՝ ոչ թե ճանաչելու, այլ վերականգնելու խնդիր է, քանի որ Պոլիտեխնիկի վկայականը երկար տարիներ ճանաչված էր ԻԻՀ-ում, ինչն ապահովում էր իրանցի ուսանողների բավականին պատկառելի հոսք՝ տարեկան 500-700 ուսանող: Իսկ վերջին 3-4 տարում հայրենի բուհի վկայականը ԻԻՀ-ում չճանաչվելու պատճառով իրանցի ուսանողության թիվը, ճիշտ է, կտրուկ նվազեց, բայց հոսքը չդադարեց հատկապես ասպիրանտական կրթության ծրագրում: Հարց է առաջանում՝ այնուամենայնիվ իրանցիների ինչների՞ն է պետք մեր վկայականը: Հաստատ ոչ օժիտի, քանի որ, ինչպես նշեց Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով Մարինկա Բաղդասարյանը, բուհ են դիմում բավականին կայացած, պատկառելի հայցորդներ: Բուհի Միջազգային համագործակցության և զարգացման վարչության աշխատակիցը պատմեց, որ ներկայում Պոլիտեխնիկի վկայականը ճանաչում են եվրոպական շատ երկրներ, իսկ մի քանի մասնագիտություններ (ՏՏ ոլորտ) և բակալավրիատի, և մագիստրոսական կրթական ծրագրերով ստացել են եվրոպական հավատարմագրեր: Եվ հայրենի բուհում` Պոլիտեխնիկում կրթություն են ստանում այն իրանցիները, ովքեր մտադրություն ունեն իրենց աշխատանքային գործունեությունը ծավալել հայրենիքից դուրս՝ եվրոպական երկրներում:

ՀԱՊՀ-ում ԻԻՀ գիտության և բարձրագույն կրթության նախարարության ներկայացուցիչների և բուհի ղեկավարության հանդիպման նպատակը հենց համագործակցության եզրեր գտնել էր: Ժամանել էին ԻԻՀ գիտության և բարձրագույն կրթության նախարարության ուսանողների հարցերի կազմակերպության նախագահի տեղակալ Աբոլհասան Ռիազին, նույն կազմակերպության շրջանավարտների հարցերով գլխավոր վարչության պետ Մահդավի Մոժդեն, միջազգային համագործակցության կենտրոնի տնօրեն Ֆարաջ Օլահ Թալեբին, ԻԻՀ հյուպատոսության երկրորդ քարտուղար Մոնիրեհ Ղոմաշին: Նրանք նախապես բավականաչափ տեղեկացված էին Պոլիտեխնիկի մասին. այդ մասին հոգ էր տարել Հայաստանում Իրանի դեսպանությունը: Եվ բուհ էին ժամանել միայն PHD` ասպիրանտական կրթության շրջանակներում համագործակցության նկրտումներով, իսկ հեռացան նաև ցածր աստիճանի՝ բակալավրիատի և մագիստրոսական կրթական ծրագրերի շրջանակներում ևս լայն համագործակցության հնարավորություններ տեսնելով:

ՄԱՐԻՆԵ ՂԱՐԱԽԱՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Գիտություն, Լրահոս, Կրթություն, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն