Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

Գյուղնախարարի հրամանից օգտվելով միլիոններ են «կերել» պետբյուջեից

Մարտ 16, 2016թ. 21:57
Կոռուպցիա

Սեմինարների կեղծ մասնակիցներ են ձևակերպել, պետբյուջեի միջոցները դրել գրպանները, և սա` այն դեպքում, երբ մեր երկիրը հեծում է ֆինանսների անբավարարության պատճառաբանությամբ չլուծված-չլուծվող հոգսերի ծանր բեռի տակ:

Երևի արդեն չեք զարմանա, որ վերը նշվածի ու ստորև դեռ ներկայացվելիք փաստերի համար պատասխան տվողներ չեն եղել: ՀՀ վերահսկիչ պալատը (ՎՊ) իր հայտնաբերած փաստերը դարձյալ չի ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, հերթական անգամ բավարարվել է դրանք միայն հրապարակելով: Գուցե կոռուպցիան արդեն հասել է նաև Վերահսկիչ պալա՞տ… Կամ էլ մտածել են` ի՞նչ իմաստ ունի դրանք ուղարկել մի մարմնի, որը նախկինում ուղարկված բազմաթիվ նյութերի չի տվել համապատասխան ընթացք, ամենայն հավանականությամբ, դարձյալ նույն` կոռուպցիայի պատճառով:

Դեռ 1999 թվականից ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով ՀՀ տասը մարզերում ստեղծվել են գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ (ԳԱՄԿ-ներ) և մեկ հանրապետական կենտրոն` Երևանում:
Նպատակ է հայտարարվել մարզերի ագրոպարենային համալիրի ձեռնարկություններին, գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, տնտեսվարող սուբյեկտներին խորհրդատվական, տեղեկատվական, մարկետինգային ծառայություններ և գործնական աջակցություն ցուցաբերելը արտադրության արդյունավետ կազմակերպման, գիտության նորույթների, նոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ:
2014թ. և 2015թ. առաջին եռամսյակի դրությամբ աջակցության կենտրոններին բավական լուրջ գումար է հատկացվել, միայն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ 415 մլն 36 000 դրամ:
Թվով 10 ԳԱՄԿ-ների կողմից 2014թ. և 2015թ. առաջին եռամսյակում կազմակերպվել է 1356 սեմինար, ՎՊ-ի կողմից ստուգվել են դրանցից ընդամենը 383-ի կամ 28,2%-ի կազմակերպման գործընթացները, ինչը նշանակում է, որ խախտումները կարող էին ավելի մեծաթիվ լինել, եթե ստուգումները կատարվեին բոլոր սեմինարների առնչությամբ: ՎՊ-ն նախ արձանագրել է, որ սեմինարների արդյունքում կազմված հաշվետվությունները հիմնականում կրում են ձևական բնույթ և առկա են ռիսկեր (մենք առանձնապես չենք զարմանա, որ հաշվետվություններից բացի, հենց սեմինարներն էլ ձևական բնույթ ունեցած լինեն…):

Դարձյալ ըստ ՎՊ-ի հավաստման` կան դեպքեր, երբ խորհրդատուի կողմից կազմակերպված սեմինարներին միևնույն մասնակցի ստորագրությունները տարբեր ամիսների հաշվետվություններում էականորեն տարբեր են միմյանցից: Եթե էականորեն տարբեր են, ապա բավարար հիմք կա ենթադրելու, որ այդ մարդիկ իրականում սեմինարներին չեն մասնակցել, սեմինարները ձևական բնույթ են ունեցել, ընդամենը մի քանի հոգի են հավաքվել, կամ էլ միայն սեմինարներն անցկացնողներն են եղել, և նպատակ ունենալով կեղծիքով ցույց տալ մասնակիցների քանակ, ինչ-որ անձինք ստորագրել եմ մասնակիցների անուն ազգանունների դիմաց: Եթե ՀՀ գլխավոր դատախազությունն այս հրապարակմանը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ընթացքը տա, ապա այդ ստորագրությունների տերերին պարզելու համար դատաձեռագրաբանական փորձաքննություն կնշանակվի:

Ավելին. ՎՊ-ն արձանագրել է հենց ուղղակի դեպք, երբ գյուղացին տեղյակ չէ և չի մասնակցել սեմինարի, բայց նրա անունը լրացված և ստորագրված է: Սա էլ կարծես քիչ է, Սյունիքի մարզում սեմինարին «մեռած հոգու» մասնակցություն է արձանագրվել. մարդը մահացել է դեռ 2013թ. դեկտեմբերին, սակայն խորհրդատուի կողմից համայնքում 2015թ. մարտին կազմակերպված սեմինարի հաշվետվությանը կից ցուցակով ներկայացվել է որպես մասնակից:
Եվս մեկ դեպքով էլ բացահայտվել է, որ սեմինարն իրականում չի անցկացվել, սակայն կեղծիք է կատարվել, քանի որ փաստաթղթերով ցույց է տրվել իբրև կատարված աշխատանք: Հայտնաբերված խախտումները, սակայն, չեն սահմանափակվում սոսկ վերը նշվածով:
ԳԱՄԿ-ների տնօրենները կամ նրանցից ոմանք հավանաբար մտածել են, որ եթե «մեռած հոգին» կարող է մասնակցել սեմինարին, ասում են` նույնիսկ քվեարկել ընտրությունների ժամանակ, ապա իրենք ինչո՞ւ չեն կարող արձակուրդում գտնվելով հանդերձ, սեմինարներ անցկացնել: Փաստը հետևյալն է. գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների տնօրենների հրամանների համաձայն, գյուղատնտեսության գծով թվով 15 տեղական խորհրդատուներ (Արմավիրում՝ 6, Գեղարքունիքում՝ 2, Շիրակում՝ 2, Արագածոտնում՝ 5,) գտնվել են արձակուրդում, սակայն այդ ընթացքում, ըստ իրենց կողմից ներկայացրած հաշվետվությունների, անցկացրել են սեմինարներ: Պատկերացնո՞ւմ եք, թե գյուղատնտեսության ու հայրենիքի ինչ նվիրյալներ ունենք, ի՞նչ արձակուրդ, թե գյուղացիները գիշերը սեմինարի գային, իրենց քնի հաշվին էլ էին պատրաստ նրանց լուսավորել:
Բա ՀՀ գյուղատնտեսության նախարարությո՞ւնը… Ձևականությունը, պետական միջոցների մսխումը հենց այստեղից է սկսվել: Նախարարության կողմից սեմինարների համար որոշակի թեմաներ են հաստատվել: 2014-2015թթ. ԳԱՄԿ-ների աշխատանքային պլաններում վերը նշված հաստատված թեմաներից կան կրկնվող թեմաներ, այսինքն` համայնքներում ամեն տարի նույն թեմայով, գրեթե նույն մասնակիցներով անցկացվում են սեմինարներ, թույլ տալով ավելորդ կրկնություն կամ փաստելով, որ նախորդ սեմինարն եղել է ժամավաճառություն, չի տվել այն արդյունքը, որը պետք է տար: Ավելին. ըստ ՎՊ-ի` նախարարության հաստատած թեմաները հաճախ իրենց բովանդակությամբ արդիական չեն:
Ըստ խորհրդատուների ներկայացրած հաշվետվությունների` մարզերի համայնքներում խորհրդատվական ծառայությունների մատուցումը կրկնվող թեմաներով, գրեթե նույն մասնակիցներով հասանելի է գյուղացիական տնտեսությունների և ֆերմերների առավելագույնը 20-30 %-ի համար: Վերը նշվածի հետևանքով, մեղմ ասած, նվազում է կազմակերպված աշխատանքների արդյունավետությունը:

Անդրադառնանք նաև հաստիքների խնդրին. ԳԱՄԿ-ներում որոշ խորհրդատուների մասնագիտական որակավորումները չեն համապատասխանում գյուղական խորհրդատվական ծառայությունների ծրագրով իրականացվելիք պահանջներին: Խորհրդատուներն, ունենալով մանկավարժի, ինժեների, դեղագործի, տնտեսագետի, երկրաբանի, անասնաբույծի որակավորումներ կամ ընդհանրապես չունենալով որակավորում (օրինակ՝ 5-րդ կուրսից հեռացված ուսանողի կարգավիճակով), խորհրդատվական ծառայություններ են մատուցել ագրոնոմիայի, անասնաբուծության կամ անասնաբուժության թեմաներով: Պարզվել է նաև, որ որոշ մասնագետներ, ունենալով գիտնական ագրոնոմի որակավորում, խորհրդատվական ծառայություններ են մատուցել անասնաբուծության կամ անասնաբուժության թեմաներով, և` հակառակը:
ՎՊ-ն պարզել է նաև, որ Շիրակի մարզը սպասարկող թվով 10 խորհրդատուներից 6-ի տարիքն անցնում է 65-ը, դեռ ավելին` մեկը 78 տարեկան է, իսկ մյուսը` 79, Լոռիում 3 խորհրդատուների տարիքն անցնում է 65-ը, մեկը 71 տարեկան է: Նրանցից յուրաքանչյուրը սպասարկում է 7-ից 10 համայնք: Ո՞վ կարող է հավատալ դրան…
Բացահայտվել են նաև ուռճացված հաստիքակազմեր. 10 մարզերի ԳԱՄԿ-ներից 9-ն ունեն գրասենյակի ղեկավարների հաստիք այն դեպքում, երբ առկա է տնօրենի հաստիքը:
Ուսումնասիրելով ԳԱՄԿ-ների սեփական եկամուտների հարցը, ՎՊ-ն պարզել է, որ ԳԱՄԿ-ների սեփական եկամուտների մոտ 15 %-ը ձևավորվում է թերթերի իրացումից, 20 %-ը գյուղատնտեսական տեխնիկայի շահագործումից, իսկ մնացած` գերակշիռ մասը ձևավորվում է տարբեր կազմակերպությունների պատվերով տրված խորհրդատվական ծառայություններից:

Վերը նշված ծառայություններից առավել ռիսկային են 2013թ. որոշ ընկերություններին հանձնված մեկական «Բելառուս» մակնիշի տրակտորներով և կցված գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով մատուցվող ծառայությունները (հունձ, վար, ցանք, սրսկում, հակավորում):

Ըստ գյուղացիներից ստացված տեղեկությունների և ուսումնասիրությունների` ծառայությունների մատուցման պայմանագրերը հիմնականում կրում են ձևական բնույթ և չեն համապատասխանում իրականությանը, այսինքն` գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով ծառայությունների մատուցման վճարների մի մասը չի հաշվառվել: Բնականաբար, հարց է առաջանում` այդ դեպքում ո՞ւր են գնացել չհաշվառված գումարները…
ՎՊ-ի բացահայտումներից ևս մեկը. մարզերից 4-ում (Արագածոտն, Արմավիր, Կոտայք, Գեղարքունիք) տրակտորների վրա առկա աշխատանքային ժամերն արձանագրող էլեկտրոնային ցուցիչը փաստում է, որ ԳԱՄԿ-ների բյուջե կարող էին մուտքագրվել ավելի շատ եկամուտներ, քան մուտքագրվել են: Չի՞ ստացվում, որ գումարները յուրացվել են կամ տրակտորները մոտոցիկլետի կամ մարդատար ավտոմեքենայի նման ծառայեցվել են որպես անձնական տրանսպորտային միջոցներ, ասենք, ընկերոջը հանդիպելու, դեսից դեն գնալու համար:

Պարզվել է նաև, որ ՀՀ կառավարության որոշումներով ԳԱՄԿ-ներին հատկացված գյուղատնտեսական տեխնիկայի մի շարք պարագաներ տարբեր ԳԱՄԿ-ներում ստուգման պահի դրությամբ ծառայության դիմաց մուտքեր չեն ապահովել: «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի սեփականությունը հանդիսացող ՎԱԶ 21213 ավտոմեքենան առանց համապատասխան իրավական ձևակերպումների, 2006 թվականից տրամադրվել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությանը, բայց ստուգման օրվա դրությամբ գույքահարկը վճարողն եղել է նշված ՓԲԸ-ն:
Վերջինիս կողմից տպագրվող «Ագրոլրատու» թերթի տպաքանակը, ՎՊ-ի տեղեկացմամբ, հանգեցնում է հավելյալ ծախսերի, հաշվի առնելով իրացման հետ կապված խնդիրները, այսինքն` տպագրվում է ավելի շատ, քան փաստացի իրացվում է:
Ստուգման պահի դրությամբ «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն» ընկերությունն ունեցել է 3 մլն 935 500 դրամի դեբիտորական պարտքեր, որոնց հավաքագրման ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել:

Արթուր Հովհաննիսյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն