Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Դրամը արժևորման փուլ է մտել

Մարտ 15, 2016թ. 22:27
դրամ

Ազգային արժույթը մտել է արժեւորման հերթական փուլ։ Ըստ էության սկսել են զգալ տալ սեզոնային որոշ գործոններ, որոնք ներքին շուկայում ավելացրել են տարադրամի առաջարկը։
Ենթադրվում է, որ այդ միտումը առաջիկա օրերին կշարունակի պահպանվել, եթե իհարկե Կենտրոնական բանկը չորոշի ներքաշել շուկայում հայտնված հավելյալ տարադրամը՝ դրամի արժեւորման խորացումը կանխելու համար։
Սպասումները, որ դոլարի գինը կհատի 500 դրամի սահմանագիծը, չեն արդարանում։ Ընդհակառակը, այս շաբաթվա սկզբին ամերիկյան արժույթը մեկնարկեց արժեզրկմամբ։ Փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը սկսել է տատանվել 486-487,5 դրամի սահմաններում։ Առանձին դեպքերում դոլար ձեռք բերելու համար առաջարկվում է նաեւ 485 դրամ։

Ամերիկյան արժույթի արժեզրկման վրա ճնշումները ակտիվացան շաբաթվա առաջին օրվանից։ Եթե մարտի 12-ին դոլարի փոխարժեքը տատանվում էր 490,5-491,5 դրամի սահմաններում, ապա արդեն մեկ օր հետո սկսեց լողալ 486-488-ի շրջակայքում։ Այլ կերպ ասած, առք ու վաճառքի գինը նվազեց առնվազն 3-4 նիշով։

Հայաստանյան շուկայում ամերիկյան արժույթի թուլացումը կամ դրամի ամրապնդումը այս ժամանակահատվածում նորություն չէ։ Վերջին տարիներին սովորաբար այդպես էլ լինում է, որ կապված է հիմնականում Նովրուզի տոնակատարությունների հետ, որի շրջանում Հայաստան են այցելում մեծ քանակությամբ իրանցի զբոսաշրջիկներ։ Հիշեցնենք, որ իրանական Նոր տարին նշվում է մարտի 21-ին։
Ամերիկյան արժույթի թուլացումը ցույց է տալիս, որ Իրանից զբոսաշրջիկների հոսքը սկսվել է։ Ենթադրվում է, որ այս տարի այն ավելի մեծ կլինի։

Միջազգային սահմանափակումների վերացումից հետո աշխարհում ոչ միայն մեծացել է հետաքրքրությունը Իրանի տնտեսության նկատմամբ, այլեւ թուլացել է սոցիալական ճնշումը։ Ապասառեցվել են տարիներ շարունակ միջազգային բանկերում պահվող միլիարդավոր դոլարների հասնող միջոցները, որոնք թույլ են տալիս մեղմել սեփական արժույթի նկատմամբ եղած տարադրամային լարվածությունը։ Նախորդ տարիներին զբոսաշրջիկների հոսքերը մեծապես կախված էին այդ գործոնից։

Ինչպես հայտնի է, Նովրուզի տոնակատարությունների շրջանում Հայաստան են այցելում մի քանի տասնյակ հազար իրանցիներ։ Տարբեր հաշվարկներով, նրանք այստեղ թողնում են շուրջ 20-25 մլն դոլար։ Այդ գումարը արժութային շուկայում է հայտնվում գրեթե մեկ շաբաթվա ընթացքում։

Կարճ ժամանակահատվածում տարադրամային հոսքերի նման աճը ուղղակիորեն անդրադառնում է փոխարժեքների, առաջին հերթին ամերիկյան արժույթի գնի վրա։ Գրեթե ամեն տարի այս շրջանում դոլարը արժեզրկվում է։ Սա անշուշտ լավ առիթ է, որ Կենտրոնական բանկը համալրի արտաքին արժութային պաշարները։
Թեեւ այս տարվա սկզբին համեմատաբար կրճատվել են ԿԲ կողմից ֆինանսական շուկայում իրականացվող տարադրամային ներարկումները, այնուհանդերձ այդպիսիք դեռեւս կան։ Բավական մեծ ծավալի տարադրամի ներարկումներ կատարվեցին հատկապես փետրվարին՝ ազգային արժույթի վրա ճնշումը թուլացնելու նպատակով։ Թերեւս ԿԲ այդ գործողությունները թույլ չտվեցին, որ դոլարը հատի 500 դրամի սահմանագիծը։

Փետրվարին ֆինանսական շուկայի մասնակիցների հավելյալ պահանջարկը բավարարելու համար Կենտրոնական բանկը վաճառեց գրեթե 44 մլն դոլար։ Դա իրականացվեց երկու խոշոր ներարկումների միջոցով։ Նախ ավելի քան 29 մլն դոլար վաճառվեց փետրվարի 4-ին, այնուհետ եւս 15 մլն դոլար՝ չորս օր հետո։ Այս ներարկումները թույլ տվեցին կասեցնել ազգային արժույթի հետագա արժեզրկումը։
Այժմ ԿԲ-ն հնարավորություն է ստացել ինչ-որ չափով վերականգնել կորցրած միջոցները, ինչը թույլ կտա խուսափել նաեւ ազգային արժույթի հետագա ուժեղացումից։ Սակայն կգնա՞ դրան Կենտրոնական բանկը, թե՞ ոչ՝ ցույց կտա ժամանակը։

Նշենք, որ ներքին շուկայում որոշակի սպասումներ են ձեւավորվել ոչ միայն ամերիկյան, այլեւ եվրոպական արժույթի նկատմամբ։ Եվրոյի գինը եւս նախորդ շաբաթվա համեմատ նվազել է։ Այն սկսել է տատանվել 538-541 դրամի սահմաններում։

Մի փոքր արժեւորվելուց հետո դարձյալ արժեզրկման փուլ է վերադարձել ռուսական ռուբլին, որի գինը կրկին հայտնվել է 7 դրամից ներքեւ։ Փոխանակման կետերը պատրաստ են ռուբլու համար վճարել 6,8 դրամ։

Ն.ՍԱՐԳՍՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն