Գլխավոր » Society, Լրահոս, Տնտեսություն

Դոլարացումը սպառնում է բանկերի կայունությանը

Մարտ 10, 2016թ. 16:09
դոլար

Թեեւ արտաքուստ Հայաստանի բանկային համակարգի կայունությանը սպառնացող երեւույթներ կարծես չկան, այնուհանդերձ Համաշխարհային բանկի մասնագետներն այդ առումով որոշակի խնդիրներ են տեսնում։ Նրանց կարծիքով, դոլարայնացման բարձր մակարդակը եւ արժութային անհամապատասխանությունները ռիսկեր են ստեղծում Հայաստանի բանկային համակարգի կայունության համար։
Դա սպառնում է նաեւ բանկերի շահութաբերությանը։ Այդ երեւույթը ցայտուն դրսեւորվեց հատկապես անցած տարվա ընթացքում։
Բանկերի վարկային պորտֆելը կրճատվել է, ինչը արտահայտվել է հիմնականում տարադրամային վարկերի տրամադրման նվազման տեսքով։ Բանկային համակարգում աճել են նաեւ անհուսալի վարկերը՝ 3,7-ից հասնելով 9 տոկոսի։

Որ Հայաստանի ֆինանսական շուկայի դոլարայնացման մակարդակը բարձր է, նորություն չէ։ Սակայն դա խորացավ հատկապես այն բանից հետո, երբ արժութային շուկայում մեծացավ անկայունությունն ու ճնշումը ազգային արժույթի նկատմամբ։ Դրան նպաստեց նաեւ Կենտրոնական բանկի իրականացրած դրամավարկային քաղաքականությունն ու վերաֆինանսավորման տոկոսադրույքի կտրուկ ավելացումը։

Արժութային շուկայում տեղի ունեցող դրսեւորումները հանգեցրին նրան, որ բանկերի վարկային պորտֆելում նվազեց տարադրամային միջոցների ներգրավման պահանջարկը։ Ազգային արժույթի նկատմամբ ճնշման մեծացումը ավելացրեց տարադրամային վարկերի ռիսկայնությունը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանկերը հիմնականում նստած են տոկոսային եկամուտների վրա, վարկավորման ծավալների նվազումը չէր կարող ազդեցություն չունենալ բանկերի հասույթների վրա։ Պատահական չէ, որ անցած բանկային տարին շահութաբերության առումով նպաստավոր չէր ֆինանսական համակարգի հիմնական մասնակիցների համար։ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներով, բանկային համակարգի վնասները հասնում են ավելի քան 20 մլրդ դրամի։

Վարկավորման ծավալների անկման հետեւանքով վատթարացել են բանկային համակարգի ցուցանիշները ՀՆԱ նկատմամբ։ Նախորդ տարվա 42,7 տոկոսի դիմաց վարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2015թ. կազմել է 39,8 տոկոս։

Բանկային համակարգի ակտիվների եւ համախառն ներքին արդյունքի ցուցանիշները եւս հետընթաց են արձանագրել՝ 70,3 տոկոսից նվազելով 68,5 տոկոսի։

Այս զարգացումները, ՀԲ փորձագետների կարծիքով, մեծացրել են ճնշումը բանկային համակարգի կայունության վրա։ Առավել եւս, որ համալրվել է անհուսալի վարկերի պորտֆելը։ Խոսքը նախորդ շրջանում տեղաբաշխված այն ֆինանսական միջոցների մասին է, որոնք խնդիրներ ունեն վերադարձելիության հետ կապված։

Իհարկե դրանք ունեն դասակարգման տարբեր աստիճան, սակայն նման կտրուկ փոփոխություններն ամենեւին էլ բանկային համակարգի օգտին չեն։ Մանավանդ որ դա ուղեկցվել է ներգրավվող միջոցների թանկացմամբ։ Մի կողմից վարկավորման ծավալների կրճատումը, չաշխատող միջոցների ավելացումը, մյուս կողմից՝ ավանդների եւ վարկերի տոկոսադրույքների տարբերության կրճատումը բացասական գործոն են բանկերի գործունեության արդյունավետության համար։
Այնուհանդերձ այս պահին Հայաստանի բանկային համակարգում սնանկացման երեւույթներ չկան։ Թեեւ դա չի նշանակում, թե չկան նաեւ ռիսկային բանկեր։ Բավական մեծ թվով բանկեր աշխատում են վնասով։ Մի բան, որ ստիպում է տարբեր ճանապարհներ փնտրել ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու համար։ Առավել եւս, որ հաշված ամիսներ են մնացել, որ գործողության մեջ մտնի Կենտրոնական բանկի սահմանած կապիտալի համարժեքության բարձր շեմի ապահովման պահանջը։

Արդեն իսկ ակնհայտ է, որ զգալի քանակությամբ բանկեր ի զորու չեն բավարարել այդ պահանջը։ Պատահական չէ, որ անցած օրը հայտարարվեց «Հայէկոնոմբանկի» հետ ֆինանսական համակարգի եւս երկու կառույցների միավորման ցանկությունների մասին։
Կապիտալի համարժեքության վերաբերյալ Կենտրոնական բանկի պահանջի գործողության մեջ մտնելու ժամկետի մոտենալու հետ կապված՝ Համաշխարհային բանկի փորձագետները 2016թ. դժվար տարի են ակնկալում Հայաստանի բանկային համակարգի համար։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ առանձին դեպքերում կապիտալի նվազագույն չափի ապահովման «խնդիրներ» ունեցող բանկերը հնարավոր է՝ ոչ միայն ինքնուրույն չկարողանան համալրել ֆինանսական տարբերությունները, այլեւ ի վիճակի չլինեն դա անել միաձուլումների միջոցով։
Բանկային համակարգի կայունությանը սպառնացող ռիսկերի ձեւավորման հետ միաժամանակ, ՀԲ փորձագետներն արձանագրել են նաեւ երեւույթներ, որոնք նպաստավոր են ֆինանսական շուկայի համար։ Մասնավորապես դոլարայնացման ավելացմանը զուգահեռ, բարելավվել է երկրի ընթացիկ հաշվեկշիռը՝ պայմանավորված արտահանման եւ ներմուծման հարաբերակցության մեղմացմամբ։
Նշենք, որ այս տարվա հունվարին ներմուծման բացասական մնացորդը կազմեց ընդամենը 64 մլն դոլար կամ արտահանմանը գերազանցեց ընդամենը 1,7 անգամ։ Ոչ վաղ անցյալում այդ ցուցանիշը տատանվում էր 2,5-3-ի շրջանակներում։
Ընթացիկ հաշվի բարելավումը, Համաշխարհային բանկի փորձագետների կարծիքով, մեղմել է ազգային արժույթի վրա եղած տարադրամային ճնշումը։ Դա հանգեցրել է նաեւ Կենտրոնական բանկի ուղղակի միջամտությունների կրճատմանը, ինչը հնարավորություն է տվել արտաքին պահուստները պահել հնարավորինս նպաստավոր դիրքում։

Ն.ՍԱՐԳՍՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն