Գլխավոր » Լրահոս, ԽՈՀԱՆՈՑ, Հասարակություն, Հոգևոր

Այսօր Միջինք է, այն հայոց կենցաղում նշվել է ժողովրդական մի շարք սովորություններով

Մարտ 2, 2016թ. 12:32
աղցան

Այս տարի Հայ առաքելական եկեղեցու տոնացույցով Մեծ պահքի Միջինքը մարտի 2-ին է: Այն խորհրդանշում է Մեծ պահքի կիսվելու ժամկետը, նշվում է Մեծ պահքի 24-րդ`չորեքշաբթի օրը և տոն չի համարվում: Միջինքի ծեսը նպատակ է ունեցել փոքր-ինչ մեղմել Մեծ պահքի ընթացքը:

Հայոց կենցաղում այն նշվել է ժողովրդական մի շարք սովորություններով: Այդ օրը տանտիրուհիները թխում էին բաղարջ, որը հայտնի է նաև միջնաբաղարջ, կլոճ, հարեգիլ, միջնակ լոճ, միջնապլիթ և այլ անվանումներով։ Բաղարջի մեջ պարտադիր դրվում էր որևէ նշան՝ դրամ, ուլունք, լոբի, խաչ և այլն։ Այն ամանորյա տարեհացի նման պիտի ապահովեր օջախի, ընտանիքի անդամների բարեկեցությունը, անասունների, հողի և հիմնական տնտեսական զբաղմունքների ապագա հաջողությունը։

Հետաքրքրական է բաղարջի կտրելու ծեսը․ երեկոյան տան ավագը բաղարջ հացը կտրում էր ամենափոքր անդամի մեջքին։ Դրանից հավասար բաժին էին հանում ինչպես տան անդամներին, այնպես էլ ընտանի կենդանիներին և հողին։ Ում բաժնում նշանը պահված լիներ, նրա հաջողությունն ապահովված էր համարվում։

Տապլա/ Միջինքի բաղարջ

3 բ. ալյուր
1,5 բ. շաքարավազ
2 թ. գ. թթխմոր
2 ճ. գ. ձեթ
3 ճ. գ. մեղր
1,5 բ. չամիչ
1,5 բ. ընկույզ
ջուր:

Խառնել ալյուրը, շաքարավազը, թթխմորը, ձեթն ու ջուրը և հունցել խմորը: Թողնել հանգստանա: Պատրաստել կլոր կամ ձվաձև հաց, մեջը Միջինքի նշանը դնել, վրան քսել ջուր, ապա խրել մանրացված ընկույզն ու չամիչը, պատառաքաղով նախշել և թխել: Թխվելուց հետո վրան քսել մեղր և բաժանել տան անդամներին: Բարին ընդ ձեզ:
Ներկայացնենք նաև պասային աղցան, որն այնքան համեղ է, որ կարող է դառնալ ձեր սեղանի զարդը ոչ միայն Պասին, այլև տարվա բոլոր օրերին:

Ընկույզով սպանախ

Անհրաժեշտ է՝
1 բաժակ ընկույզի միջուկ
2 կապ սպանախ
3 պճեղ սխտոր
1 ճաշի գդալ համեմի սերմ
2 ճաշի գդալ քացախ կամ 50 գ սպիտակ գինի
Ձեթ, աղ:

Թավայի մեջ դաղել ձեթը, մեջը լցնել լվացած, մանր կտրատած սպանախը: Թեթև շոգեխաշելուց հետո վերցնել կրակից և խառնել ընկույզի թանձրահյութ: Մատուցել կարելի է և տաք, սառը, ինչպես առանձին ամանով, այնպես էլ պաքսիմատին քսած՝ որպես բրդուճ:
Ընկույզի թանձրահյութ. ընկույզը, սխտորը, համեմի սերմը լավ ծեծել, ավելացնել քացախ և խառնել՝ ստանալով միատարր զանգված:

Բարի ախորժակ՝ Մարինեի հետ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, ԽՈՀԱՆՈՑ, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն