Գլխավոր » Society, TOP, Առողջապահություն, Լրահոս, Հասարակություն

Երևանի ռադիոակտիվ ֆոնն ավելի բարձր է, քան Ատոմակայանինը

Մարտ 1, 2016թ. 13:17
ռադիոակտիվ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը տարածաշրջանում ատոմային էլեկտրակայան շահագործող միակ երկիրն է և այդ առումով միջուկային-ճառագայթային որոշակի ռիսկերի է ենթարկվում, դեռ 12 տարի առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման վարչության աջակցությամբ և հովանավորությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ստեղծվեց միջուկային տարածաշրջանային անվտանգության կենտրոնը: Այն մինչ օրս եզակի է անգամ ԱՊՀ երկրների տարածքում և այդ երկրներից Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի համար ևս համապատասխան որակավորմամբ ուսուցման հարթակ է ծառայում: Ինչպես նշում է պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր ՈՍՏԱՆԻԿ ՄԱՐՈՒԽՅԱՆԸ` ժամանակին կենտրոնի կազմակերպած դասընթացներին և վարժանքներին ցանկություն են հայտնել մասնակցելու նաև վրացիները, բայց հետագայում անհասկանալի պատճառներով հրաժարվեցին այդ հնարավորությունից: Փոխարենը ռեկտորը Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը հիանալի առիթ է համարում` կենտրոնի գործունեության շրջանակներն ընդլայնելու և այդ երկիրը նույնպես իրենց կազմակերպած միջոցառումներին ու նախաձեռնություներին ներգրավելու առումով:

Այն հարցին, թե ինչ նպատակ է հետապնդում միջուկային տարածաշրջանային անվտանգության կենտրոնը` Ոստանիկ Մարուխյանը նշեց, որ նախևառաջ այնտեղ իրականացվում են համապատասխան ուսուցման դասընթացներ և պրակտիկ վարժանքներ, ինչպես լսարանային, այնպես էլ դաշտային պայմաններում` համապատասխան մասնագետներին և իրավասու անձանց միջուկային-ճառագայթային վթարների հետ կապված արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշելու, վտանգը հնարավորինս շուտ չեզոքացնելու և բնակչությանը համապատասխան օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Իսկ նման գործառույթ, պարզվում է, ունեն գրեթե բոլոր նախարարությունները, ինչպես նաև միջուկային օբյեկտների շահագործման հետ կապված կամ ռադիոակտիվ իզոտոպեր օգտագործող բոլոր կառույցները. ՙԿենտրոնի դասընթացներին և վարժանքներին բացի ներհամալսարանական անձնակազմից` դասախոսներից, աշխատակիցներից, ուսանողներից և ասպիրանտներից, մասնակցոմ են նաև գրեթե բոլոր նախարարութունների աշխատակիցները` տարեկան երկու-երեք անգամ մոտ մեկ շաբաթ տևողությամբ: 12 տարվա ընթացքում կենտրոնում հասցրել են համապատասխան որակավորում ստանալ` տարեկան մոտ 60 հոգի արտահամալսարանականներ: Այսինքն` նախարարությունների և որոշ կազմակերպությունների այդքան աշխատակից ամեն տարի իրազեկվել և անհրաժեշտ հմտություններ է ձեռք բերել միջուկային վթարների դեպքում դրանք արձանագրելու, վտանգին արձագանքելու և մարդկանց համապատասխան օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու մասին՚:

Ինչպես տեղեկացնում է պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ ԱՐԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքը հստակ սահմանում է, որ ատոմային կայանում միջուկային- ռադիացիոն վթարների դեպքում բնակչության պաշտպանությունն իրականացնելու համար որ նախարարություններն ինչ գործառույթներ պետք է իրականացնեն: Այդ օրենքի, ինչպես նաև տարբեր վարժանքների ամփոփված արդյունքների հիման վրա վերջին անգամ 2012թ. կառավարությունը որոշում է ընդունել, որով ավելի է հստակեցվել նախարարությունների դերը նման իրավիճակներում, և նրանց ուսուցումն իրականացվում է այդ որոշման կետերի համաձայն: Օրինակ, առողջապահության նախարարության պարտավորություններից մեկը ազգաբնակչությանը յոդի հաբեր բաժանելն է, որը պետք է բավական օպերատիվ իրականացվի: Ատակարգ իրավիճակների նախարարության դերը նման իրավիճակներում բնակչութանը վտանգավոր գոտուց տարհանելն է: Իսկ ահա գյուղատնտեսության նախարարության գործառույթը գյուղատնտեսական նշանակության հողատարածքները ճառագայթման հնարավոր վտանգներից զերծ պահելն է` անհրաժեշտ միջոցառումների իրականացմամբ: Այդպես բոլոր նախարարություններն իրենց դերակատարումն ունեն միջուկային վթարների դեպքում, որոնց մասին պարտավոր են ոչ միայն իրազեկված լինել, այլև համապատասխան հմտությունների և գիտելիքների տիրապետել:

Միջուկային անվտանգության կենտրոնի գործունեությամբ հետաքրքրված են նաև միջազգային այլ կառույցներ, մասնավորապես
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, որի նախաձեռնությամբ ամիսներ առաջ տեղի ունեցավ ՙՍթարնեդ՚ ծրագրի հիմնադրումը: Ծրագիրն ի թիվս Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի` մասնակցում էր նաև Հայաստանը` պոլիտեխնիկական և Երևանի պետական համալսարանների միջոցով: Ծրագիրն ուղղված է միջուկային էնեգետիկայի մասնագետներ պատրաստելուն: Միջուկային անվտանգության կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում նաև այդ կառույցի աշխատակիցների մասնակցությամբ առցանց դասախոսություններ են իրականացվում կենտրոնում, որոնք դասընթացներն ավելի հագեցած և արդյունավետ են դարձնում:

Միջուկային անվտանգության կենտրոնն ամերիկյան կողմի աջակցությամ պարերաբար հագեցվում է համապատասխան ժամանակակից սարքավորումներով, որոնց օգնությամբ էլ իրականացվում են թե լսարանային և թե դաշտային վարժանքները: Տարիների ընթացքում կենտրոնը բավականաչափ տեխնիկա է ձեռք բերել` որպես նվիրատվություն, որոնք հնարավորություն են տալիս ստուգել այս կամ այն տարածքի ճառագայթակտիվության աստիճանը:
Իսկ անցած տարվա օգոստոսին ԱՄՆ էներգետիկայի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման վարչության կողմից հայաստանյան կենտրոնը ձեռք բերեց գերժամանակակից և բավական թանկարժեք ՙՍՊԱՐԿՍ սիստեմ՚ սարքավորումը` երկու օրինակով, ինչի շնորհիվ այժմ հնարավոր է չափել որևէ տեղանքի ռադիոակտիվ ֆոնը և առկայության դեպքում տեղորոշել առավել մեծ չափաբաժնով ճառագայթմամբ տարածքը, ինչպես նաև իդենտիֆիկացնել այն, այսինքն` հստակ ճանաչել ռադիոակտիվ նյութը: Ինչպես նշում են մասնագետները` այդ սարքավորումը մոբիլ տեղակայանք է, այն հնարավոր է տեղադրել մեքենայում, մոտորանավակում կամ ուղղաթիռի մեջ և ավելի արագ ու ադյունավետ իրականացնել համապատասխան տեղանքի ուսումնասիրությունը: Սարքը բավական զգայուն է և անգամ աննշան ռադիոակտիվ ֆոնն ի վիճակի է գրացել և տեղորոշել:
Սարքն արդեն փորձարվել է և պոլիտեխնիկական համալասարանի աշխատակիցները բավական հետաքրքիր բացահայտումներ են կատարել` մասնավորապես կապված Երևանի ռոդիոակտիվ ֆոնի հետ:

Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնի վարիչ ՄԵՐԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ հավաստիացմամբ` իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքներով` Երևանում ռոդիոակտիվ ֆոնը կրկնակի բարձր է, քան Մեծամորի ԱԷԿ-ի տարածքում` չնայած դրան այն նորմայի մեջ է և խուճապի մատնվելու որևէ առիթ չկա: Ամբիոնի վարիչը դա բնականոն է համարում` նշելով, որ սովորաբար մեգապոլիսներում ռոդիոակտիվ ֆոնը միշտ ավելի բարձր է լինում` պայմանավորված մի քանի հանգամանքներով. ՙ Ընդհանրապես խոշոր քաղաքներին բնորոշ է ռադիոակտիվ բարձր ֆոն ունենալը: Դա պայամավորված է շինանյութերի մեծ քանակի առկայությամբ, շինանյութը կլանում է ռադիոակտիվ նյութերը և պարփակում իր մեջ: Այդ տեսանկյունից առավել զգայուն են տուֆը, գրանիտը, մարմարը, որոնք ուժեղ կլանիչներ են: Հաշվի առնելով, որ Երևանում տուֆակերտ շինությունները բավական շատ են, քաղաքի ռադիոատիվությունը պետք է նախ դրանով պայմանավորել: Քաղաքներում նման ֆոն են ապահովում նաև թունելների, մետրոների, կամուրջների առկայությունը, քանի որ երկրի փորված շերտերում ռադիոակտիվ նյութ համարվող ռադոն է պարունակվում՚:
Ի դեպ, ՙՍՊԱՐԿՍ սիստեմ՚ սարքավորումը համեմատաբար բարձր ռադիոակտիվ ֆոն է գրանցել նաև մեր գերեզմանատների մոտ: Մասնագետները դա բացատրում են քաղաքի այդ տարածքներում բավականաչափ գրանիտի և մարմարի առկայությամբ: Պակաս ռադիոակտիվ չեն նաև ախտորոշիչ կենտրոնների և հիվանդանոցների տարածքները, որտեղ ճառագայթային ախտորոշման սարքավորումներ են օգտագործվում:

ԱՄՆ-ի կողմից նվիրաբերված սարքավորումը առայժմ ուսումնավարժանքների համար է կիրառվում, սակայն հետագայում չի բացառվում, որ կենտրոնի կողմից արդեն գիտական աշխատանքներ իրականացվեն օրինակ համապատասխան տեղանքների ռադիոակտիվ ֆոնը քարտեզագրելու համար: Դա հնարավորություն կտա վերահսկել այդ ֆոնը և թույլ չտալ, որ այն չափաբաժնից ավելին լինի: Այսօր արդեն քաղաքակիրթ աշխարհում քննարկվում է անգամ քիչ չափաբաժնով ռադիոակտիվ ֆոնը վերահսկելու և դրա հնարավոր վտանգները նվազեցնելու, չեզոքացնելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու հարցը, քանզի ակնհայտ է դարձել, որ դրանք դանդաղ զարգացող անբուժելի հիվանդությունների առաջացման պատճառ են դառնում:

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, TOP, Առողջապահություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն