Գլխավոր » Ադրբեջան, Իրան, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան

Մոգերինիի այցը լավ հնարավորություն է թե’ Հայաստանի, թե’ ԵՄ համար

Մարտ 1, 2016թ. 10:21
Աղասի Ենոքյան

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին պաշտոնական այցով առաջին անգամ տարածաշրջանում է: Երեկ նա մեկնել էր Բաքվում, այսօր կժամանի Երևան:

Նկատենք, որ մեկ տարվա ընթացքում առավել հաճախակի են դարձել Եվրոպական տարբեր բաձրաստիճան պաշտոնյաների անցելությունները Հայաստան: Նման այցելությունները, մասնավորաբար, ԵՄ ԱԳ նախարարի այցը վերլուծաբանների գնահատամամբ մի կողմից ԵՄ-ի համար հնարավորություն է ուժեղացնելու Արևելյան գործընկերության ծրագիրը, մյուս կողմից լավ հնարավորություն է Հայաստանի համար` Բրյուսելի հետ հարաբերություններն ամրապնդելու առումով, և Հայաստանը հնարավորինս պետք է ճկուն լինի շահեկանորեն օգտվելու համար:

ՀՀ ԱԳ փոխարտգործ նախարար Շավարշ Քոչարյանն անդրադառնալով ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատարի այցին, ասել էր, թե եդերիկա Մոգերինիի հետ քննարկվող գլխավոր հարցը կլինի Հայաստան-ԵՄ համագործակցության նոր համաձայնագիրը, որը կողմերը պատրաստվում են մինչև այս տարվա ավարտը ստորագրել:
Իսկ քաղաքագետ Աղասի Ենոքյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, թե քննարկվելիք հարցերն առավել մեծ շրջանակ կընդգրկեն. դա կլինի ոչ միայն Հայաստան-ԵՄ նոր պայմանագիրը, այլ ԼՂ հակամարտության կարգավորման ու Իրանի հետ հարաբերություններին վերաբերող հարցեր:

-Պարոն Ենոքյան, Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր փաստաթուղթը կլինի ԵՄ դիվանագիտության ղեկավարի ու հայկական կողմի քննարկումների կենտրոնում. ըստ տեղեկությունների փաստաթուղթը կունենա ոչ միայն տնտեսական, այլև անվտանգության բաղադրիչներ։ Ի՞նչի մասին է խոսքը, անվտանգության առումով ի՞նչ կարող է ակնկալել ՀԱՊԿ անդամ Հայաստանը ԵՄ համագործակցությունից:

-Այս հարցում ես չեմ կարող ասել ավելին, որովհետև համաձայնագրի այդ մասն ինձ համար ևս մութ է մնում: Ակնհայտ է մի բան, սովորական սպառնալիքների դեմ մենք ունենք մեկ այլ համաձայնագիր, դա ՀԱՊԿ պայմանագիրն է ու այդ կազմակերպությանը Հայաստանի անդամ լինելը: Իսկ այս հարցում ես չեմ կարծում, որ ԵՄ-ն կարող է որևէ ներդրում ունենալ: Ինչու, որովհետև կհանդիպի Ռուսաստանի լուրջ հակազդեցությանը:

Հետևաբար, ԵՄ-Հայաստան համաձայնագրում անվտանգության բաղադրիչ ասվածը կարող է վերաբերվել ոչ սովորական սպառնալիքներին, ինչպիսիք են՝ կիբեռ- անվտանգությունը, թմրադեղերի անօրինական շրջանառությունը և այսօր աշխարհի առաջ ծառացած ամենից կարևոր խնդիրներից մեկին՝ ահաբեկչության դեմ պայքարին: Բայց քանի դեռ Հայաստան-ԵՄ համաձայնագրի կետերը բացված չեն ու քանի դեռ դրանք հանրությանը ծանոթ չեն, ամեն ինչ դեռ կմնա ենթադրությունների դաշտում:

Կարող եմ միայն հավելել, որ ըստ հայտարարությունների այն պետք է մինչև տարեվերջ ստորագրվի: Գիտենք, որ մեկ անգամ Հայաստանը պատրաստ էր ստորագրելու ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, սակայն իրավիճակ փոխվեց: Ու հիմա ԵՄ-ն ուզում է տեսնել, թե Հայաստանն այս պահին ի՞նչ է ակնկալում պայմանագրից: Եվ ես կարծում եմ, որ Երևանում այդ պայմանագրի շուրջ էլ Մոգերինիի հետ բանակցություններ կընթանան:

Քննակվելիք երկրորդ հարցը, ինչպես ասացիք, ԼՂ հակամարտության կարգավորմանը կվերաբերի: Հայտնի է, որ Մոգերինին Իտալիայի ԱԳ նախարար եղած ժամանակ ադրբեջանցիների թեթև ձեռքով սկանդալի մեջ էր հայտվել. ադրբեջանական կողմը հրապարակել էր համատեղ հայտարարության նախագիծ, ուր իբրև թե Ալիև- Մոգերինի հանդիպման արդյունքում վերջինս ԼՂ խնդրի կարգավորման հարցում հանդես էր եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին։ Եվ օրեր անց միայն Իտալիայի ԱԳՆ-ն խախտեց լռությունը տարածելով հայտարարություն <<Իտալիան անխոս ընդունում և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքները>>: Այսօր որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար ո՞րն է Մոգերինի դիրքորոշումը տարածաշրջանային այս կարևոր հարցում:

-ԼՂ հիմնախմնադրի կարգավորման հարցում ես կարևոր եմ համարում հետևյալը. Եվրամիությունը քանիցս հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումն իրենք տեսնում են միայն Մինսկի խմբի բանակցային հարթակում: Հիմա, քանի որ կա ԵՄ նման հստակ դիրքարաշումը ես չեմ կարծում, որ ԵՄ հանձնակատար Մոգերինին փորձի այլ ճանապարհներ փնտրել հակամարտության կարգավորման գործընթացում: Անկախ նրանից , թե ինչ Իտալիայի ԱԳ նախարար եղած ժամանակ ինչ սենսացիոն քայլ է արել:

-Իսկ նրա այցից ի՞նչ նոր զարգացումներ ակնկալել արցախյան հիմնախնդրում. նկատի ունենալով այն հանգամանքը, որ ԵՄ-ն խնդրի արագ կարգավորման կողմնակից է` խոսվում է անգամ հնարավոր ճնշումների մասին:

-Այսօր լուրջ ճնշումներ կան միայն Ռուսաստանի կողմից և ԵՄ-ն թերևս ցույց կտա, որ ինքը կսատարի կողմերին դիմակայելու ռուսական ճնշումներին: Մոգերինին իր վերջին հարցազրույցներում ևս բացահայտել է ԼՂ հիմնախնդրի լուծման հետ կապված իր մոտեցումները, ասելով, որ այս հակամարտության կարգավորումը մնում է ԵՄ գլխավոր առաջնահերթություններից մեկը:

-Իսկ ի՞նչ համատեքստում ԵՄ-ն կքննարկի Իրան հարցը:

-Ե’վ Երևանում, և’ Բաքվում հաստատ կքննարկվի նաև Իրանի հետ հարաբերությունների հարցը: Հարավային Կովկասը ԵՄ-ն դիտում է որպես մի կարևոր դարպաս, որով Իրանը կարող է միանալ եվրոպական կարևոր գործընթացներին: Մասնավորաբար, եթե հաշվի առնենք Իրանում ուրբաթ օրը կայացած ընտրությունների արդյունքները, որոնք ցույց տվեցին այդ երկրի հավատարմությունը բարեփոխումներին, ապա ես կարծում եմ, որ Երևանում և Բաքվում ծավալվող քննարկումների շեշտադրումը կլինի հետևյալը, թե ինչպիսի՞ հարաբերություններ են հաստատում Հայաստանն ու Ադրբեջանը Իրանի հետ: Հայաստանում դարձյալ կխոսվի այն հարցերի շուրջ, ինչի մասին սովորաբար հայկական կողմը խոսում է, քննարկում Իրանի ներկայացուցիչների հետ, խոսքս կոմունիկացիաների, երկաթուղու, խողովակաշարերի հարցին է: Սրանք խնդիրներ են, որոնք անընդհատ բարձրացվում են, բայց այդպես էլ շարունակում են մնալ օդում կախված:

Այսօր, ես կարծում եմ, անհրաժեշտ է, ու դա բխում է հենց Հայաստանի Հանրապետության շահերից, որ առաջ մղվեն ոչ այնքան տնտեսական, կոմունիկացիոն, որքան անվտանգության խնդիրները: Այսինքն, թե ի՞նչ ներդում կարող է անել Իրանը Հայաստանի անվտանգության մեջ և այդ տեսանկյունից Հայաստանն ի՞նչ կարող է տալ Իրանին:

Սրանք հարցեր են, որոնք շատ կարևորվում են Եվրամիության կողմից:

Ա.Ս.

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, Իրան, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն