Գլխավոր » Society, Լրահոս

Իսիկ Կուլի հատակում գտնվող Մատթեոս առաքյալի մասունքներն ամփոփող հայկական վանքը հնարավոր է գտնեն «Այաս»-ի ջրասուզակները

Փետրվար 27, 2016թ. 21:54
1

Պատմահնագիտական միջազգային արշավախմբի անդամները, ինչպես արդեն հայտնի է, Իսիկ Կուլ (Ղրղըզստան) լճի հատակում հայտնաբերել են շուրջ 2500-ամյա բնակավայր: Rosnauka-ի փոխանցմամբ, ջրասուզակների ակումբի ղեկավար Դմիտրի Գորնն ասել է, որ 2015 թվականի ամենահետաքրքիր գտածոն, ըստ արշավախմբի մասնակիցների, խեցե խոշոր կաթսան է, որի վրա կան պատրաստողների կնիքները: Նա նաև ասել է, որ դրանք կարող են հայ-սիրիական գրեր լինել, ինչը կարող է ևս մեկ ապացույցը լինել նրա, որ Իսիկ Կուլի տարածքում հին ժամանակներում եղել է հայկական վանք, որտեղ հանգչել են Մատթեոս առաքյալի մասունքները:

Մատթեոս առաքյալը մահացել է առաջին դարում: Այս վանքի մասին խոսակցությունները նոր չեն: Գոյություն ունի դեռ 1375 թվականի կատալոնյան մի քարտեզ, որի վրա վանքը պատկերված է լճի հարավային մասում: Սակայն տվյալ վայրում այն չի գտնվել: Ենթադրվում է, որ լճի մակարդակը հետագայում մեծ չափով բարձրացել է, ինչի հետևանքով վանքը ջրածածկ է եղել: Ընդհանրապես, վերջին տարիներին ավելանում են այն գիտնականները, որոնք հակված են կարծելու, որ այդ վանքը կարող է գտնվել ոչ այն վայրում, ուր փնտրում են:

Ղըրղզստանի մայրաքաղաքում լույս տեսնող «Վեչերնիյ Բիշքեկ» թերթն ավելի քան տասը տարի առաջ տեղեկացրեց Վենետիկից 19-րդ դարի կեսերին մի ռուս գիտնականի բերած այդ քարտեզի, ինչպես նաև այդ քարտեզի վրա Իսիկ Կուլ լճի ափին պատկերված հայկական վանքի մասին` հայտնելով նաև, որ, ըստ ավանդության, հենց այդ վանքում է թաղված Մատթեոս ավետարանիչը:

Ղըրղզստանի Իսիկ Կուլ լճում հնագետները Մատթեոս ավետարանիչի գերեզմանը որոնում են առնվազն դեռ 2004 թվականից: Այս վայրերում տեղացիները հաճախ են հնագիտական առարկաներ գտնում: Բարձր լեռներում գտնվող լճի ափին հիշյալ վանքը գտնելու նպատակով տասներկու տարի առաջ ստեղծված ռուս-ղըրղզական խմբին, չնայած կատարած պեղումներին, չի հաջողվել գտնել հայկական վանքը:

«Այաս» ծովային հետազոտությունների ակումբը ռուս աշխարհահռչակ ճանապարհորդ Ֆյոդոր Կոնյուխովի նախաձեռնությամբ դեռ 2013 թվականի սեպտեմբերից մտադիր էր սկսել հայկական միջնադարյան եկեղեցու որոնման աշխատանքները, սակայն դրանք հետաձգվել են, քանի որ Կոնյուխովը նախապատրաստվելիս է եղել Խաղաղ օվկիանոս նավարկությանը և գերծանրաբեռնված է եղել:
Որոշ տեղեկությունների համաձայն, ավետարանիչ Մատթեոս առաքյալին հայ քրիստոնյաներն են հուղարկավորել, նրա մասունքները հասցրել են Տյան-Շան, այսինքն` մի տեղ, որտեղ հրեաներն ու հռոմեացիները ոտք չեն դրել:

Կատալոնյան քարտեզին անձամբ ծանոթ չենք, բայց ըստ վերոնշյալ տեղեկության, դրա վրա գրված է` «Այստեղ են թաղված սբ. Մաթեոսի մասունքները եղբայր հայերի վանքում»: Ուշագրավ է, որ Վատիկանը, որը միշտ համարում էր, որ Մաթեոս առաքյալի մասունքները Սալերնոյում են, վերոնշյալ փաստը չի հերքում:
Ղրղըզստանը գտնվում էր Մետաքսի մեծ ճանապարհի վրա, և քրիտոնեությունն այստեղ նույպես տարածվել է:

«Այաս» ծովային հետազոտությունների ակումբի ջրասուզակների խմբի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Իսիկ Կուլում հետազոտությունները մտադիր են իրականացնել այս տարի:
«Մտադրություն ունենք այս տարի Իսիկ Կուլ գնալ, այնտեղ հայկական մեծ գաղութ է եղել, Իսիկ Կուլում ջրի տակ է մնացել հայկական վանքը: Երկար տարիներ մարդիկ պեղումներ են անում, որպեսզի այդ վանքը գտնեն, սակայն անարդյունք: Մենք այս տարի, կարծում եմ, տեխնիկապես մի քիչ զինված կգնանք, որպեսզի գտնենք այդ վանքը, այն մեր ազգի պատմության հետ է կապված: Իսիկ Կուլի տարածքում մոտ մեկ միլիոն հայ է ապրել այն ժամանակ, երբ գործում էր Մետաքսի մեծ ճանապարհը: Ֆինանսավորումից է կախված, թե որոշակի երբ կգնանք: Մի քանի ռուսական ակումբներ կան` ստորջրյա պեղումներով զբաղվող, որոնք նույնպես գնալու են այնտեղ, հրավիրել են մեզ, որ միանանք այդ աշխատանքներին: Բոլորն իրենց ֆինանսական միջոցներով են գնում, որի բացակայությունը մեզ համար ցավալի է»:

Տեղեկացնենք նաև, որ Ղրղըզստանը ևս շահագրգիռ է Իսիկ-կուլ լճի ափերին հայկական վանքի որոնման աշխատանքներով, և երկու-երեք տարի առաջ ֆինանսական միջոցներ էր փնտրում այս նպատակով:

Արթուր Հովհաննիսյան

nyut.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն