Գլխավոր » Society, Ազգային պետական գործիչներ, Լրահոս, Հասարակություն

Իմ սերունդը Անդրանիկի մասին շատ քիչ բան գիտե, սրա համար կարելի էր ամոթից գետինը մտնել. Պարույր Սևակ

Փետրվար 25, 2016թ. 23:26
զորավար Անդրանիկ

“Իմ սերունդը Անդրանիկի մասին շատ քիչ բան գիտե, չասելու համար՝ համարյա բան չգիտի։ Սրա համար կարելի էր ամոթից գետինը մտնել, որովհետեւ Անդրանիկի մասին բան չիմանալը հավասար է իր ժողովրդի նորագույն պատմությանը անգետ լինելուն։ Բայց ամոթից գետին պիտի մտնենք ոչ թե մենք, որ մի ամբողջ սերունդ ենք, այլ նրանք, որոնց վզին է ընկնում մեր այս անգիտության պատրելի, բայց անքավելի մեղքը…

Եվ թվում է, թե հասել է ժամանակը, որպեսզի այսօր մեկ լվանանք մեր ամոթանքը, այս է հատկապես մեր սերնդի մարդկանց աոաջին ճիչը:

Մեր քույրերն ու եղբայրները (այս բառերի համազգային առումով) Սեւանի կորցրած ջրից ավելի արյուն են կորցրել, մարտիրոսության ու նահատակության սրախիճ ճամփաներով ոտաբոբիկ են անցել ոչ նրա համար, որ նրանց սուրբ արյունը փոխարկվի ինքնապահովագրության պղտոր ջրի եւ քաջաբար զոհված նրանց կյանքը կոխկրտվի մտավախության ցեխի մեջ:

Այլեւս բավակա՜ն է։
էլ հերի՜ք է:

Ժամանակն է, վերջապես, դադարեցնելու այն գիտակցված հավկուրությունը, որ հավասար է ոչ միայն ազգային դավաճանության, այլեւ վատթարագույն անբարոյականության, որովհետեւ երբ հերոսության ուրացումը յուրատեսակ դավաճանություն է, ապա մեծ մեռելների հիշատակի պղծումը զազրելի անբարոյականություն է…

Ես անհարմար եմ զգում, ուղղակի ամաչում եմ մեծարանքի որեւէ խոսք ասել Անդրանիկի հիշատակին: Այս մեծ ու սուրբ քաջի հանդեպ բոլորովին անպարտ ու անմեղ՝ ես չգիտեմ ինչու այս րոպեիս ինձ անձամբ պարտավոր ու մեղավոր եմ զգում այնքան, որ մեծարանքի ամեն խոսք ինձ թվում է սեփական հանցագործությունից հետո ուրիշի բերանով “մեղա” ասելու պես բան։

Բայց պիտի որ ասվի այդ “մեղան” եւ ասվի ոչ թե խոսքով, այլ գործով, ոչ թե ասած լինելով ձեռքերը լվանալու պիղատոսությամբ, այլ գործնականորեն ու հետեւողականորեն մեր նորագույն պատմության բոլոր աղավաղումները շտկելով, բոլոր սեւացումները սրբագրելով, որ հավասար է մեր կերած հացից ավազը ջոկելուն…

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Ազգային պետական գործիչներ, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն