Գլխավոր » Interview, Politics, TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Ռուսաստանի դեմ պատերազմելու համար Թուրքիան ԱՄՆ-ից սպասում է «կանաչ լույսի» (տեսանյութ)

Փետրվար 24, 2016թ. 13:50
pol-kreig-roberts

ԱՄՆ-ի նեոպահպանողականները փորձում են նախապատրաստել ամերիկյան հասարակությանը Ռուսաստանի դեմ պատերազմին, «Իսլամական պետությունը» ստեղծվել է Միացյալ Նահանգների կողմից: Այս, ինչպես նաև Սիրիայում առկա իրավիճակի, ռուս-թուրքական բախման ու նոր պատերազմում Հայաստանի հնարավոր ներքաշման վերաբերյալ է Երևանի աշխարհաքաղաքական ակումբի նախագահ Արման Բոշյանի ստորև ներկայացվող հարցազրույցը ամերիկյան հայտնի տնտեսագետ, քաղաքական և տնտեսական մեկնաբան, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, հանրապետական, Ռոնալդ Ռեյգանի աշխատակազմում ֆինանսների նախարարի տնտեսական քաղաքականության գծով նախկին օգնական (1981-1982թթ.) Պոլ Կրեյգ Ռոբերտսի հետ:

ԱՄՆ-ում Պոլ Կրեյգ Ռոբերտսը համարվում է «ռեյգանական տնտեսական հրաշքի» գլխավոր ճարտարապետներից մեկը, շնորհիվ որի, հնարավոր դարձավ երկիրը դուրս բերել ձգձգվող «ստագֆլացիայից»: Ռոնալդ Ռեյգանը և ֆինանսների նախարար Դոնալդ Ռիգանը բարձր են գնահատել Պոլ Կրեյգ Ռոբերտսի մասնակցությունը 1981թ. տնտեսական վերածննդին խթանող «Հարկերի մասին օրենքի» ստեղծմանը: Այդ կապակցությամբ Ռոբերտսը ֆինանսների նախարարի կողմից պարգևատրվել է «Meritorious Service Award» մրցանակով` ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականության մշակման մեջ բացառիկ ներդրում ունենալու համար: Ժամանակին Պոլ Կրեյգ Ռոբերտսը «Վաշինգտոն Պոստ» թերթի մշտական սյունակագիրն է եղել, 12 գրքի հեղինակ է:
2015 թվականի փետրվարին Պոլ Կրեյգ Ռոբերտսն արդեն հարցազրույց էր տվել Երևանի աշխարհաքաղաքական ակումբին և նախազգուշացրել հայ հասարակայնությանը երկրում նախապատրաստվող հեղաշրջման մասին: Նրա հարցազրույցից հետո Հայաստանում կանխվեց զինված հեղաշրջման առնվազն մեկ փորձ, ինչպես նաև որոշ քաղաքական ուժերի կողմից փորձ արվեց էլեկտրաէներգիայի գների բարձրացման դեմ սոցիալական բողոքը վերածել «մայդանի»:

Ի՞նչ եք կարծում, իրականում ո՞վ ծնեց «Իսլամական պետությունը»:

-Համաձայն ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության, ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական ծառայության տնօրեն Մայքլ Ֆլինի, որը վերջերս անցավ թոշակի, «Իսլամական պետությունը» ստեղծվել է Միացյալ Նահանգների կողմից, և դա Օբամայի ռեժիմի ինքնակամ որոշումն էր` աջակցել ԻՊ-ին և օգտագործել այն` Սիրիայում Ասադին տապալելու փորձում: Այդ հրապարակային հայտարարությունը նա արեց հեռուստատեսությամբ. նա ասաց, և նրա ճշգրիտ բառերն են, որ դա Օբամայի ռեժիմի ինքնակամ որոշումն էր` աջակցել ԻՊ-ին: Այդ իսկ պատճառով ես գտնում եմ, որ մենք պետք է ընդունենք այն, ինչ նա ասում է, նա բացարձակապես ոչ մի շահագրգռվածություն չունի նման պատմություն հորինելու համար: Իրականում ճշմարտության հրապարակումը վնասեց նրան, որովհետև արգելվել է նրա մասնակցությունը պաշտպանական արդյունաբերության, Պենտագոնի, վարչությունների և խոշոր ընկերությունների խորհրդակցություններին: Նա ոչ մի շահ չունի ճշմարտությունը հրապարակելուց, և այդ պատճառով ես հավատում եմ, որ նա իրոք ճշմարտությունն էր ասում:

-Ի՞նչ եք մտածում Թուրքիայի և Ռուսաստանի միջև հնարավոր հակամարտության մասին: Արդյոք կա՞ այդ երկրների ուղղակի բախման հավանականություն Սիրիայում:

-Նման բան կարող է կատարվել սխալ հաշվարկների հետևանքով: Ես չեմ կարծում, թե Թուրքիան հավատում է, որ Ռուսաստանին հաղթելու որևէ հեռանկար կունենա: Չեմ կարծում, թե Թուրքիան համարում է, որ եթե ագրեսիվ գործողություններ սկսի Ռուսաստանի դեմ, Միացյալ Նահանգները կամ Եվրոպան գալու են պաշտպանելու իրեն: Հավանականություն կա, որ ամերիկյան նեոպահպանողականները, որոնցից ոմանք շատ սերտ կապված են թուրքական կառավարության հետ, փորձեն բախում սադրել, որովհետև նրանք պատերազմ են ուզում Ռուսաստանի դեմ, որովհետև նրանք Ռուսաստանին տեսնում են աշխարհի նկատմամբ հեգեմոնիայի ճանապարհին: Ռուսաստանն ապացուցեց, որ բավականաչափ ուժեղ է և ինքնավստահ, որպեսզի փակի միակողմանի իշխանություն իրականացնելու Միացյալ Նահանգների ուղին: Ամենայն հավանականությամբ, նեոպահպանողականները հուսադրում են Թուրքիային խելահեղ և անպատասխանատու քայլ կատարել: Թուրքիայի նախագահի ողջ անպատասխանատվությամբ հանդերձ, ես չեմ կարծում, թե նա մասնակցի Ռուսաստանի դեմ ագրեսիային, առանց կանաչ լույս ստանալու ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից, և ակներև է, որ նա չունի այդ կանաչ լույսը:

Վերջին ժամանակներս դիտարկվում է նպատակադրված հետապնդում Ռուսաստանի նախագահ Պուտինի նկատմամբ: Գտնո՞ւմ եք արդյոք, որ Պուտինի դեմ տեղեկատվական գրոհը հանդիսանում է Ռուսաստանում իրադրության ապակայունացման ծրագրի մաս:

-Այո, իհարկե, Պուտինի դիվականացումը Օբամայի ռեժիմը վերահսկող ամերիկյան նեոպահպանողականների կողմից Ռուսաստանի ապակայունացմանն ուղղված ջանքերի մի մասն է, բայց դա նեոպահպանողականների կողմից նաև փորձ է` նախապատրաստել ամերիկյան հասարակությանը Ռուսաստանի դեմ պատերազմին: Այն բոլոր երկրներում, որտեղ ԱՄՆ-ը հեղաշրջում է իրագործել, գործողությունն սկսվել է երկրի նախագահի դիվականացմամբ, լինի դա Սադամ Հուսեյինը Իրաքում, Կադդաֆին Լիբիայում կամ Ասադը Սիրիայում, Իրանի վրա հարձակվելու փորձը` դիվականացնելով Իրանը, իսկ հիմա էլ` Պուտինի դիվականացումը: Բայց ես կարծում եմ, որ այդ հնարքը չի գործում Արևմուտքի սահմաններից դուրս: Ողջ աշխարհում շատ ավելի հիանում են Պուտինով, քան Օբամայով, և Պուտինին համարում են մի մարդ, որն ասում է ճշմարտությունը և չի տրվում սադրանքների, իսկ այն ամենը, ինչ տեսել են ամերիկացիները, դա խուլիգանություն է, խարդախություն, կեղծիք, թալան: Եվ այդ պատճառով, ես կարծում եմ, Պուտինի դիվականացումը գործում է թերևս Ամերիկայում, Կանադայում, Ավստրալիայում, Եվրոպայի որոշ երկրներում, բայց այդ երկրները սպառված են, նրանց մշակույթը փլուզվել է, և դա չի գործի այլ տեղում: Եվ բավական զարմանալի է տեսնել, թե ինչպես են մարդիկ խոսում, ստում 90% հասարակական աջակցություն ունեցող, ընտրված առաջնորդի մասին: Պուտինի ժողովրդական աջակցությունը շատ ավելի բարձր է, քան ցանկացած այլ արևմտյան առաջնորդի աջակցությունը սեփական երկրում: Օբաման չունի նույնիսկ բնակչության կեսի աջակցությունը, իսկ Պուտինն ունի համարյա ողջ ռուսաստանյան ժողովրդինը: Այդ պատճառով էլ նման դիվականացումը հիմար դրության մեջ է դնում ԱՄՆ-ին. ես չեմ կարծում, թե դա նրանց կհաջողվի:

-Ինչպես գիտեք, Հայաստանի և Ադրբեջանի միջև կա սառեցված հակամարտություն, և որոշ փորձագետներ համարում են, որ Թուրքիան կարող է օգտագործել մեր հակամարտությունն ու փորձել ապասառեցնել այն, որպեսզի լրացուցիչ խնդիրներ ստեղծի Ռուսաստանի համար այս տարածաշրջանում: Ի՞նչ եք կարծում, կփորձի՞ արդյոք Թուրքիան հակամարտությունը տեղափոխել այլ երկրներ, ներառյալ` Հայաստան, որպեսզի ընդլայնի պատերազմի մասշտաբները Սիրիայում:

-ԱՄՆ-ի կառավարության նպատակը այդ հակամարտության ստեղծումն է: Թուրքիան, լինելով Վաշինգտոնի վասալը, ակնհայտորեն մասնակցում է այդ հակամարտության զարգացմանը: Այդ պատճառով էլ պատասխանում եմ` այո: Ո՛չ Հայաստանը, ո՛չ Քրդստանը չեն կարող վստահել Թուրքիային կամ ԱՄՆ-ին, որովհետև ԱՄՆ-ը և Թուրքիան երկուսն էլ աշխատում են այդ հակամարտությունը վերակենդանացնելու վրա: Ամերիկյան արտաքին քաղաքականության բոլոր ջանքերն ուղղված են Ռուսաստանը թուլացնելու վրա: Ռուսաստանը, իսկ հիմա նաև Չինաստանը, ստեղծել են նոր ուժ, Միացյալ Նահանգներն այլևս չի կարող տիրել ողջ աշխարհին: Տիրելու այդ փորձը հակասում է Ռուսաստանի և Չինաստանի շահերին, այնպես որ` գերակշռությունն արգելափակվում է:
Այսպիսով, ամերիկյան արտաքին քաղաքականության գլխավոր նպատակն է` վերացնել այն երկրները, որոնք կարող են խոչընդոտել ամերիկյան միակողմանի գերակշռությանը: Եվ Վաշինգտոնը կանի ամեն հնարավոր բան, որ բախում ստեղծի Ռուսաստանի սահմաններին, Խորհրդային Միության նախկին հանրապետություններում, որոնք, հնարավոր է, հիմա համագործակցում են Ռուսաստանի հետ, որպեսզի թուլացնի Ռուսաստանին և էլի խնդիրներ ստեղծի նրա համար, ինչը թույլ կտա Վաշինգտոնին միակողմանի կարգով գործել աշխարհում:

Տեսանյութը`

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Interview, Politics, TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն