Գլխավոր » TOP, Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Տնտեսություն, Քաղաքականություն

Թե Հայաստանը, թե Իրանը գոհ չեն ներկայիս տնտեսական հարաբերությունների մակարդակից

Փետրվար 22, 2016թ. 12:50
Վարդան Ոսկանյան

Օրերս Երևանում տեղի ունեցավ հայ-իրանական միջազգային գիտաժողով, որի ընթացքում ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր ելույթում ասաց հետևյալը. «Հայաստանը՝ Իրանի միակ ոչ մահմեդական հարևանը, հատուկ տեղ է զբաղեցնում Իրանի քաղաքականության մեջ»:

Նաև շեշտեց, թե Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալուց հետո երկու երկրների տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար լայն հնարավորություն է բացվում, և կողմերը այն անպայմանորեն պետք է օգտագործեն:

Սրա հետ մեկտեղ դեսպանն ասել էր, թե.<<Մենք գոհ չենք ներկայիս տնտեսական հարաբերությունների մակարդակից, և այդ ուղղությամբ արդեն քայլեր են ձեռնարկվում>>:

Այս առնչությամբ իրանագետ Վարդան Ոսկանյանը ասաց, թե դա մտահոգում է նաև հայկական կողմին, և որ ՀՀ նախագահի մակարդակով հատուկ խորհրդակցության ժամանակ քննարկվել է այդ հարցը:

Իրանագետը նշեց այն ոլորտները, որոնք հետաքրքրում են հայերին ու իրանցիներին. որպես այդպիսին նախ կարևորեց տրանսպորտային կոմունիկացիաները, էներգետիկ ծրագրերի իրականացումը, որոնք ներառում են գազ-էլեկտրաէներգիա հայտնի համաձայնագրի շրջանակում առկա ծավալների մեծացում: Այստեղ առանձնահատուկ տեղ ունի երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարությունը:

Ոսկանյանի խոսքով՝ համագործակցության հաջորդ ոլորտը տնտեսական ներդրումներն են:«Քանի որ Հայաստանը մի կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ է, մյուս կողմից էլ եվրոպական մի շարք երկրների հետ հատուկ համաձայնագրի շրջանակներում ունի արտոնյալ առևտրի կարգավիճակ, հետևաբար, Հայաստանում իրանական ներդրումներով ստեղծված գործարանի արտադրանքն այլ շուկաներում կլինի ավելի մրցակցային, քան եթե հայերն արտադրեն Իրանի ներսում»:

Հայաստան-Իրան երկաթգծի մասին Իրանի դեսպանն ասել էր թե մոտ ապագայում նախատեսվում է Իրանից փորձագետների և մասնագետների այցելություն Հայաստան՝ տեխնիկական հիմնավորումներն ուսումնասիրելու նպատակով:
Այս առնչությամբ ևս Վարդան Ոսկանյանը նշեց հետևյալը.«Հատուկ պատվիրակություն է ժամանելու Հայաստան՝ քննարկելու այս խնդիրը, տեղում ծանոթանալու իրավիճակին և լուծումներ գտնելու: Կարծում եմ, որ աշխատանքի բավական լայն դաշտ կա, բայց այս ծրագիրն իրատեսական է և համապատասխան համագործակցության առկայության դեպքում, նաև չինական կողմի ներգրավվածությունն ապահովելու դեպքում, այս ծրագիրը կարող է հաջողությամբ պսակվել, այն Հայաստանի համար ունի աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն»:

Ըստ իրանագետի հետաքրքիր քայլեր կարելի է անել նաև զբոսաշրջության ոլորտում: Ինչպես նաև անելիք կա մշակութային հարաբերությունների զարգացման դաշտում:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Տնտեսություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն