Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Արտագաղթից երկիրն արյունաքամ է լինում. մեղքի առյուծի բաժինը ՀՀ դատական համակարգինն է

Փետրվար 19, 2016թ. 21:38
դատարան

Հայաստանի Հանրապետության բնակչությունը մոտավորապես կիսով չափ նվազել է, ամեն տարի շարունակվող արտագաղթից երկիրն արյունաքամ է լինում` կորցնելով իր ամենաթանկ կապիտալը` մարդկանց: Այս առումով առկա միտումները և մոտ ապագայի վերաբերյալ հրապարակված ժողովրդագրական կանխատեսումներն էլ ավելի մտահոգիչ են: Կասկած իսկ չունեմ, որ այս վիճակի թիվ մեկ պատճառը երկրում տիրող, երկիրը ծվատող, քանդող, մեր ազգային անվտանգությանը լրջորեն սպառնացող կոռուպցիան և անարդարությունն են:

Կասկած չունեմ նաև, որ վերոնշյալի առումով մեղքի առյուծի բաժինը ՀՀ դատական համակարգինն է, ի վերջո, քաղաքացիաիրավական, վարչական բոլոր վեճերն այստեղ են հանգուցալուծվում, քրեական առումով էլ մարդկանց այստեղ են դատում կամ ազատում պատժից, մեղավոր և անմեղ որոշում… Եթե դատական համակարգն ազատվի կոռուպցիայից, վերջ տա անարդարությանը և անօրինությանը, ապա երկրում շատ բան իր տեղը կընկնի, երկրում այդ չարիքները մեծապես կսահմանափակվեն, որովհետև դրանց հեղինակներն այլևս հույս չեն ունենա, որ, ի վերջո, գործը, ինչպես ասում են, «կդզեն» դատարաններում:

Դատական համակարգում առկա կոռուպցիայից, անարդարությունից և անօրինությունից մեծապես տուժում է նաև մեր երկրի տնտեսությունը, որը ներկայիս ծանր վիճակում է հայտնվել ոչ միայն ՀՀ մասնակի շրջափակման, արտաքին գործընկերներ ու շուկաներ կորցնելու, այլև նաև այդ պատճառով: Քանի-քանի օտարերկրյա և տեղական ներդրող հիասթափվեց Հայաստանից ու հրաժարվեց այստեղ գործարարությամբ զբաղվելու մտքից, երբ տեսավ, թե դատական համակարգն ինչպես է օրինականացնում իրենց սեփականության խլումը, իրենց նկատմամբ ազդեցիկ դիրքեր, վերին հովանավորություն կամ դատարանի հետ հարցերը լուծելու կարողություն ունեցող անձանց «գցոցին»:
Ս.թ. փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ (դահլիճում, ի դեպ, ներկա էր նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը), ՀՀ նախագահը ասաց. «Սոցիալական խնդիրները սերտորեն կապված են արդարության հետ, և մենք պարտավոր ենք էապես բարձրացնել հասարակական հարաբերություններում արդարության հաստատման գործընթացի տեմպը»: Ինչպե՞ս, այս դատական համակարգո՞վ… Այն էլ դեռ` էապես…

Նախագահը նույն ելույթում անդրադարձավ նաև մեր հանրապետության դատական համակարգին: Նկատենք, որ նա առաջին անգամ չէ, որ իր ելույթներում անդրադառնում է ՀՀ դատական համակարգին, խոսում կոռուպցիայի, անարդարության, անօրինականության, դրանց վերջ տալու անհրաժեշտության մասին, սակայն դատական համակարգում այդ առումով առկա խայտառակ վիճակը շարունակում է պահպանվել, այդ չարիքների նվազում չի նկատվում, եթե չասենք հակառակը` կա աճի միտում:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության և մի շարք այլ գործերով հայտնի փաստաբան Լուսինե Սահակյանը դեռ 2004թ. դիմել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան: Հանդես գալով որպես Երևանի Սևաստոպոլյան փողոցի 22-րդ տան բնակիչ, դատարան ներկայացրած «Հողամասը տիրազուրկ ճանաչելու, ձեռքբերման վաղեմության ուժով դրա և ինքնակամ կառույցների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին» դիմումով նա հայտնել է, որ մշտական հաշվառված բնակվում է վերոնշյալ տանը, հանդիսանալով այդ հասցեում գտնվող 720քմ. հողամասի մեկ երկրորդ բաժնի սեփականատերը: Հայտնել է նաև, որ նշված հասցեում փաստացի իրեն են պատկանում նաև 311քմ. շինություններ և 34,6 գծամետր պարիսպ, որոնք հանդիսանալով ինքնակամ կառույցներ, տիրապետվում և օգտագործվում են իր կողմից:

Ինչպես Լ. Սահակյանն է դատարանին հայտնել, վերոնշյալ ինքնակամ կառույցներն իրականացվել են ավելի քան տասը տարի առաջ, դրանցից բնակելի տան մի մասը կառուցվել է հարակից` Կիևյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 հասցեի 10,6քմ. հողամասի վրա: Ըստ դիմումատուի, 10,6քմ. հողամասը պետք է ճանաչվի որպես տիրազուրկ և ձեռքբերման վաղեմության ուժով դրա, ինչպես նաև ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվի իր սեփականության իրավունքը:

Տիրազո՞ւրկ… Բա Լուսինե Սահակյանի մայրը` Հերիքնազ Շիրինյանը, այնտեղ չի՞ ապրել, վերոնշյալ 311քմ. շինությունները և 34,6 գծամետր պարիսպը փաստացի նրան կամ նաև նրան չե՞ն պատկանել, չե՞ն տիրապետվել և օգտագործվել Հերիքնազ Շիրինյանի կամ նաև նրա կողմից: Դատելով վերջինիս կողմից ներկայացված 23.09.2015թ. վերաքննիչ բողոքից, Լուսինե Սահակյանի մայրն այս հարցերում ճիշտ հակառակ կարծիքն ունի: Ճիշտ է, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը (նախագահող դատավոր` Ս. Հովսեփյան), անտեղյակ լինելով մի շարք հանգամանքների, իրողությունների (այն դեպքում, երբ կարող էր ու պարտավոր էր տեղեկանալ), քաղաքացիական գործը քննելով հատուկ վարույթով (այն դեպքում, երբ իրականում առկա է քաղաքացիաիրավական վեճ) և Հ. Շիրինյանին մասնակից չդարձնելով գործի քննությանը, իր 25.01.2005թ. վճռով բավարարել է Լուսինե Սահակյանի դիմումը, այսինքն` Երևանի Կիևյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 հասցեի` Լուսինե Սահակյանի կողմից «փաստացի օգտագործվող» (այս ձևակերպումը դատարանինն է) 10.6քմ. հողամասը ճանաչել է տիրազուրկ և նշվածի նկատմամբ ճանաչել վերջինիս սեփականության իրավունքը, ճանաչել է Լ. Սահակյանի սեփականության իրավունքը նաև Սևաստոպոլյան փողոցի թիվ 22 հասցեում «նրա կողմից կառուցված» (ձևակերպումը դարձյալ դատարանինն է) ինքնակամ կառույցների` 311քմ. շինությունների և 34,6 գծամետր պարսպի նկատմամբ, սակայն գործը կամ պատմությունը դրանով չի ավարտվել:

Հերիքնազ Շիրինյանը փորձելով պաշտպանել հիշյալ տան նկատմամբ սեփականության իր իրավունքը, միգուցե նաև մտահոգ, որ աղջիկը տանը վերջնականապես տիրելով, մի օր կարող է իրեն անտուն թողնել, անցյալ տարվա սեփտեմբերին, ինչպես արդեն նշեցինք, վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Կարծում ենք, էլ ավելի ուշագրավ են դրան հաջորդած զարգացումները…

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (նախագահությամբ` Տ. Նազարյանի, մասնակցությամբ` դատավորներ Կ. Հակոբյանի, Ա. Խառատյանի) 2015թ. դեկտեմբերի 17-ին քննելով գործին մասնակից չդարձած անձ Հերիքնազ Շիրինյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի 25.01.2005թ. վճռի դեմ` քաղաքացիական գործով ըստ դիմումի Լուսինե Սահակյանի` գույքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով դրա և ինքնակամ կառույցների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, որոշել է մերժել այն, հիշյալ դատարանի 25.01.2005թ. թիվ 2-2353/2005թ. քաղաքացիական գործով կայացրած վճիռը թողնել օրինական ուժի մեջ: Բնականաբար, հետաքրքիր է, թե ինչ հիմնավորումներով: Մեջբերում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2015թ. դեկտեմբերի 17-ի հիշյալ գործով կայացրած որոշումից.

«Տվյալ դեպքում բողոքաբերի պնդմամբ վիճարկվող դատական ակտը այնքանով է վերաբերում իր իրավունքներին, որքանով որ դրանով ճանաչվել է Լուսինե Սահակյանի սեփականության իրավունքը անշարժ գույքի նկատմամբ, որոնք իրականում կառուցվել են ոչ թե Լուսինե Սահակյանի, այլ Հերիքնազ Շիրինյանի կողմից` ամուսնու հետ միասին, ինչպես նաև` Լուսինե Սահակյանի սեփականությունը ճանաչված անշարժ գույքը տիրապետել է նաև Հերիքնազ Շիրինյանը:

Այս կապակցությամբ վերաքննիչ դատարանը հարկ է համարում վկայակոչել քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի պահանջն առ այն, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը»:

Շա՜տ լավ, ինչպես ասում են, «մեռնեմ օրենքին»… Բայց հիմա հենց նույն` ընդհատված տեղից շարունակենք մեջբերումը.
«Տվյալ պարագայում վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկները հիմնավորող որևէ ապացույց (ընդգծումը` մերը) բողոքին չի կցվել (ստի՛….- Ա. Հ.), ըստ որի հնարավոր կլիներ հաստատված համարել դատական ակտը բողոքաբերի իրավունքներին և պարտականություններին վերաբերելու հանգամանքը»:

Պատկերացնո՞ւմ եք` սա այն դեպքում, երբ Հերիքնազ Շիրինյանի վերաքննիչ բողոքին կցված են եղել Երևանի Արաբկիր վարչական շրջանի սեփական տնատիրության սպասարկող թիվ 11 տեղամասի լիազոր ներկայացուցիչ Հ. Հարությունյանի կողմից 03.05.2015թ. տրված տեղեկանքի պատճենը, ինչպես նաև 02.07.2015թ. ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Արաբկիր» սպասարկման գրասենյակից ստացված գրության պատճենը և այլ փասատաթղթեր:

Ըստ Հ. Շիրինյանի վերաքննիչ բողոքի, ինքը մինչև օրս բնակվում է Երևանի Սևաստոպոլյան- 22 հասցեում, որի շինությունների մի մասը գտնվում է Կիևյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 հասցեի 10,6 քմ հողամասի վրա, ուստի մշտապես տիրապետել և օգտագործել է նշված անշարժ գույքը: Որպես այս փաստարկի հիմնավորող ապացույց, Հ. Շիրինյանն իր վերաքննիչ բողոքին կից, ինչպես արդեն նշեցինք, ներկայացրել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի սեփական տնատիրության սպասարկող թիվ 11 տեղամասի լիազոր ներկայացուցիչ Հ. Հարությունյանի 03.05.2015թ. տեղեկանքի պատճենը, որում գրված է.

«Հանգուցյալ Հովսեփ Սահակյանը մինչև մահը ապրել է հաշվառված Արաբկիր շրջանի Սևաստոպոլյան N 22 տանը իր կնոջ` Հերիքնազ Շիրինյանի հետ միասին, այսինքն` 2014 թիվը»:

Տեղեկանքի վրա ստորագրություն ու կնիք կա, այսինքն` այն թուղթ չէ, փաստաթուղթ է, Հ. Շիրինյանի վերոնշյալ փաստարկը հիմնավորող գրավոր ապացույց: Մինչդեռ դրան շատ լավ ծանոթ լինելով, քանի որ կցված է եղել բողոքաբերի վերաքննիչ բողոքին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի հիշյալ դատավորներն իրենց որոշման մեջ գրել են, թե «Տվյալ պարագայում վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկները հիմնավորող որևէ ապացույց (ընդգծումը` մերը) բողոքին չի կցվել»: Դժվար թե կույր լինեին, հետևաբար ակնհայտ կեղծ տեղեկությամբ դատական ակտ կայացնելն ի՞նչ է, եթե ոչ կոռուպցիայի արտահայտություն: Եթե սույն որոշումը կայացրած դատավորներն այս կապակցությամբ ունեն այլ բացատրություն, թող ողջախոհ ժամկետում ներկայացնեն, սիրով կհրապարակենք:

Ուշադրություն դարձրեք հետևյալ հանգամանքի վրա. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը ոչ թե կասկածի տակ է դրել թիվ 11 տեղամասի լիազոր ներկայացուցիչ Հ. Հարությունյանի 03.05.2015թ. տեղեկանքի պատճենի իսկությունը, դրա կեղծված չլինելը, ոչ թե քաղաքացիաիրավական գնահատական է տվել դրան` Հ. Շիրինյանի վերոնշյալ փաստարկը հիմնավորելու համար բավարար ապացույց լինել-չլինելու առումով, այլ ուղղակի անտեսելով վերաքննիչ բողոքին կցված այդ փաստաթղթի (ապացույցի) գոյությունը, իր վերոնշյալ որոշման մեջ գրել է, թե վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկները հիմնավորող որևէ ապացույց բողոքին չի կցվել:

Հիմք կա ենթադրելու, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը միտումնավոր է այսպես վարվել, որպեսզի չբեկանի սույն գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 25.01.2005թ. վճիռը: Եթե ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը չանտեսեր Հ. Շիրինյանի հիշյալ փաստարկը հիմնավորող վերոնշյալ գրավոր ապացույցը, այսինքն` հաշվի նստեր այն փաստի հետ, որ բողոքաբերն ամուսնու հետ միասին ապրել է Երևանի Սևաստոպոլյան փողոցի թիվ 22 տանը (ի դեպ, նա հիմա էլ է այնտեղ հաշվառված և այնտեղ ապրում), ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմպերատիվ (պարտադիր կատարման ենթակա) պահանջով, բոլոր դեպքերում, ստիպված կլիներ բեկանել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 25.01.2005թ. վճիռը, քանի որ այն շոշափում է տվյալ դատարանում գործին մասնակից չդարձված անձի` Հերիքնազ Շիրինյանի իրավունքները և պարտականությունները:

Այս պարագայում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր կամ իրեն պատվեր տվածի (տվածների) ուզածին հասնելու համար, ինչպես դատարանի կայացրած որոշումից է երևում, իր առջև խնդիր է դրել հիմնավորել, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի թիվ 2-2353/2005թ. քաղաքացիական գործով 25.01.2005թ. վճիռը չի վերաբերվում Հերիքնազ Շիրինյանի իրավունքներին և պարտականություններին:

Այդ «հիմնավորմանը» դատարանը հասել է ստելով, կեղծելով, թե վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկները հիմնավորող որևէ ապացույց բողոքին չի կցվել, այսինքն` ուղղակի անտեսելով գործում առկա գրավոր ապացույցը: Հակառակ պարագայում պետք է հաշվի նստեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հոդված 220.2-ի հետ («Դատական սխալի հիմքով դատական ակտի բեկանման հիմքերը»), ըստ որի, բեկանման հիմքերից մեկն էլ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումն է, իսկ նույն օրենսգրքի հոդված 220.4-ի 2-րդ մասի և 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե «շոշափում է գործին մասնակից չդարձված անձանց իրավունքները և պարտականությունները»:

Ավելին. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը ուղղակիորեն անտեսել, խախտել է նաև ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, ըստ որի, «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք», ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի հիշյալ որոշման դեմ Հերիքնազ Շիրինյանն իր ներկայացուցչի միջոցով 2016թ. հունվարի 18-ին վճռաբեկ բողոք է ներկայացրել, սակայն այդ մասին, ինչպես ասում են, հաջորդիվ…

Արթուր Հովհաննիսյան
nyut.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն