- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Մեսիջներ, որ ուղղվեցին տնտեսական ոլորտի պատասխանատուներին

ՀՀ նախագահն իր հայտնի ելույթում նաև անդրադառնալով երկրի տնտեսության խնդիրներին, շեշտեց, որ արտաքին մարտահրավերները նորովի են ազդում մեր տնտեսության վրա, հետևաբար, դրանց հաղթահարումը պահանջում է նոր ջանքերի, նոր տնտեսական ծրագրերի ու մոտեցումների ներդրում: Նախագահը համոզված է` փոփոխված Սահմանադրությունը ժամանակի ընթացքու
մ կապահովի այն անհրաժեշտ իրավական դաշտը, որը առաջ կմղի տնտեսության զարգացումը: Իսկ մինչ այդ կան մի շարք պարտադիր, օրակարգային քայլեր, որոնք երկրի ղեկավարը իիր ելույթով դրեց տնտեսական քաղաքականության պատասխանատուների առաջ:

Այս հարցերի շուրջ է մեր հարցազրույցը ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտութայն դոկտոր պրոֆեսոր, ՀՀ հանրային խորհրդի անդամ ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ

-Որպես տնտեսագետ ինչպե՞ս եք գնահատում երկրի ղեկավարի ելույթի տնտեսությանը վերաբերող հատվածը:

-Նախագահի փետրվարի 12-ի ելույթը ես կորակեմ այսպես` համապարփակ տեսլական, որը ոչ միայն տնտեսական խնդիրներ է ներառում ու լուծումներ առաջադրում, այլ առկա խնդիրները դիտարկում է շատ ավելի լայն համատեքստում: Դրանք արտաքին քաղաքականության ուղղություններ են, սոցիալական խնդիրները, աշխարհում կատարվող փոփոխություններն ու դրանց հետևանքով առաջացող մարտահրավերները: Եվ այս բոլոր խնդիրների շարքում տնտեսականը նախագահը տարանջատված չդիտարկեց:

Մակրոտնտեսական կայունության ապահովում և ամրապնդում. ինչո՞ւ տնտեսության զարգացումն ապահովող քայլերի մեջ նախագահն առաջնային համարեց հենց ա’յս քայլը, ինչո՞վ է պայմանավորված դրա կարևորությունը:

– Մակրոտնտեսական կայունությունը երկարաժամկետ կայուն տնտեսական աճի ապահովման նախադրյալներից է: Ինչո՞ւ է այդ համատեքստում նախագահն առաջադրում խնդիրը` նորովի իմաստավորելով տնտեսական լուծումները: Շատերի համար սա սթափեցնող է, շատերի համար ոգևորող և հուսադրող: Տեսեք, խոսում ենք արտաքին ազդակների, մարտահրավերների մասին. մեր երկիրը գտնվում է շրջափակման մեջ, գրեթե պատերազմական իրավիճակում ենք, ու այս պայմաններում խոսվում է մակրոտնտեսական կայունության մասին: Թվում է, թե պարադոքսալ մի բան կա սրանում, բայց մեր տնտեսական պատմության մեջ գրեթե քառորդ դար է, որ այս իրարավիճակի հետ ենք բախվում` մշտապես հուսալով, որ ահա շրջափակումը կվերանա ու վերջ կդրվի ռազմական լարվածությանը: Բայց պարզվում է, որ այդ ամենը կարող է անորոշ ժամանակով շարունակվել: Այս պայմաններում ի՞նչ անել` նստել ու սպասե՞լ: Բնականաբար, սպասելը լուծում չէ:

Նախագահ Սարգսյանի ելույթում հստակ ուրվագծվեց հետևյալ միտքը, որը ես կձևակերպեմ տնտեսագիտական տերմինալոգիայով. եթե շրջափակումը, պատերազմական իրավիճակը հավելյալ ծախսեր են պահանջում, ինչը իմ գնահատմամբ, չի կարող գերազանցել 15-20 տոկոսը, ապա մենք դատապարտված ենք նման պայմաններում զարգացնել մեր տնտեսությունն ու ապահովել մակրատնտեսական կայունություն: Ավելին` պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի այս դժվարին պայմաններում ունենանք կայուն և երկարաժամկետ տնտեսական զարգացում: Սա այն մեսիջն էր, որը նախագահն ուղղեց տնտեսական ոլորտի պատասխանատուներին` առաջնային համարելով մակրոտնտեսական կայունության ապահովումն ու ամրապնդումը: Հետևաբար, այդ խնդիրը լուծողները պարտադրված են գտնել ոչ ստանդարտ լուծումներ, այսինքն` ոչ թե պետք է հետամուտ լինեն այսրոպեական խնդիրների լուծմանը, այլև պարտավոր են նոր ուղիներ որոնել, որպեսզի տնտեսությունը վերափոխվի այնպիսի ՙռելսերի՚ վրա, որը կլինի քիչ նյութատար և կթողարկի շատ գիտատար արտադրանք: Սրանք փաստորեն, տնտեսական հատվածին ուղղված կոնկրետ առաջադրանքներ են:

-Անդրադառնալով հարկաբյուջետային քաղաքականությանը, նախագահը շեշտեց դրա խելամիտ իրականացումը, ասել է թե` ՙդիսցիպլինար՚ լինելը:

-Ես այստեղ կօգտագործեմ հարկային կարգապահություն բառը: Այսինքն` կարգապահություն ֆինանսական հատվածում` պարտավարությունների կատարման առումով: Փոխվում է մեր երկրի հարկային օրենսգիրքը, այն ավելի պարզեցվելու է, հստակեցվելու: Հետևաբար, հարկային քաղաքականությունն էլ պետք է իրագործվի սահմանված օրենքի շրջանակներում: Դրա համար պատահական չէր, որ օգտագործեցի ՙկարգապահություն՚ բառը: Այստեղ ևս նախագահի պահանջը հստակ է` հարկային ոլորտում պետք է հստակ ամրագրվեն մեխանիզմներն ու պարտադիր պահպանվեն սահմանված կարգերը:

-Տնտեսության զարգացմանը նպաստող կարևոր քայլից մեկը համարելով ներդրումային միջավայրի բարելավումն ու նոր ներդրումների ներգրավումը, նախագահը, նաև նկատեց, թե չնայած 2015թ. տնտեսական տարվա 3.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը տարածաշրջանի և գործընկեր այլ երկրների համեմատությամվ վատ չէ, սակայն տնտեսական աճի այդ մակարդակը բավարար չէ : Ուրեմն, լրացուցիչ ջանքեր են պետք գործարար միջավայրի բարելավման, նոր ներդրումների ներգրավման ուղղությամբ: Ի՞նչ է անհրաժեշտ անել այս ուղղությամբ:

-Կապիտալի ներհոսքի ապահովման համար պետք է ստեղծվեն բարենպաստ պայմաններ` անկախ կապիտալի բնույթից, աշխարհագրությունից: Ներդրողը պետք է իմանան, որ իր գործունեության եկամտաբերությունը Հայաստանում ապահովված է: Ինչ վերաբերում է ջանքերի գործադրմանը, ապա կարծում եմ դա հետևյալ կերպ պետք է դրսևորվի: Արտերկրում գործող մեր համապատասխան կառույցները, այդ թվում և դեսպանատները, իրենց աշխատաոճի մեջ պետք է բեկում մտցնեն: Այսօրվա փոփոխվող աշխարհում Հայաստանը կարող է ներկայանալ ու իրապես դառնալ շատ գրավիչ երկիր ներդրումների համար: Մասնավորաբար, ես նկատի ունեմ Արևմուտք-Եվրասիական տնտեսական տարածք խաչմերուկում Հայաստանի գտնվելու հանգամանքը, ինչը շատ եմ կարևորում: Հարկավոր է սահմանել մի շարք նորամատիվներ, որոնք հնարավորություն կտան, որ Հայաստանը Արևմուտք-ԵԱՏՄ տարածքում հանդիսանա հաղորդակցության միջանցք: Սա կլինի շատ կարևոր գրավական ներդրումների խթանման համար:

-Հաճախ է խոսվում պետության կողմից տնտեսվարող սուբյեկտների, ՓՄՁ-ների աջակցման, նրանց համար անհրաժեշտ պայմանների ստեղծման մասին. Սերժ Սարգսյանը չշրջանցեց նաև այս խնդիրը` շեշտելով, որ նոր ազդակներ պետք է հաղորդել տնտեսավարողներին, ակտիվացնել պետություն-մասնավոր համագործակցությունը: Որո՞նք պետք է լինեն առաջնային քայլերը:

-Ոլորտ առ ոլորտ խնդիրները պետք է լուծվեն: ՓՄՁ-ների գործունեության խթանումը երկրի տնտեսական առաջընթացի համար շատ կարևոր է: Հարկավոր է գործադրել ամենատարբեր մեխանիզմներ. ապահովագրական, սուբսիդավորման, արտոնությունների կիրառում: Ու այս ամենը չպետք է լինեն հատվածային, ընտրողաբար, այլև պետք է տարածվեն բոլոր արտադրողների վրա` դիցուկ գյուղատնտեսության ոլորտում: Ինչու եմ շեշտում այս ոլորտը, որովհետև այս ոլորտի մեր 300 000-ից ավելի տնտեսվարող սուբյեկտներն, ըստ էության, լուրջ եղանակ կարող են ստեղծել, հատկապես, միանալով վերամշակող արդյունաբերական ձեռնարկություններին: Այստեղ արտոնությունների ողջ զինանոցի ներդրումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ: Եթե մենք այսօր միայն առանձին ձեռնարկությունների ենք տալիս արտոնություններ, ես կարծում եմ դա արդարացված քաղաքականություն չէ:

Մինչդեռ խնդիրը պետք է այս կերպ դրվի` փաստացի արտահանող բոլոր ձեռնարկություններին պետք է հնարավորություն ընձեռել, այսինքն` իջեցնել շահութահարկի դրույքաչափը, ընդհուպ մինչև սահմանել զրոյական շահութահարկ: Ի դեպ, նման չափանիշներով աշխատելը հարիր կլինի ազատական տնտեսության ոգուն, մինչդեռ ձեռնարկությունների հարցում ընտրողաբար մոտեցում դրսևորելը, ինչպես մեր ժողովուրդն է ասում` ՙվերին արտի ցորեն՚ համարելը փաստում է հակառակի մասին: Ես կարծում եմ, որ այս հանգամանքը անպայմանորեն պետք է հաշվի առնվի:

Շատ կարևոր է պետություն-մասնավոր հատված փոխգործակցությունը: Ասեմ, որ տնտեսվարող սուբյեկտը շատ զգայուն է, նա զգայուն է պետության կողմից հաղորդվող յուրաքանչյուր ազդակի հանդեպ:
Հետևաբար, շատ կարևոր է, որ տնտեսավարող սուբյեկտները համոզված լինեն, որ պետության քայլերը ժամանակավոր բնույթ չեն կրում, որ սա պետական քաղաքականություն է, ընդորում` երկարաժամկետ: Փաստորեն, այս հարցում ևս առաջադրանքը ձևակերպված է և պետական կառավարման մարմիններին տրված է հստակ պատվեր:

-Եվ վերջապես, Սերժ Սարգսյանը խոսեց բոլորիս մտահոգող երևույթի` տնտեսության մեջ հավասար մրցակցային պայմանների բացակայության, հովանավորչության առկայության մասին: Սրանք ՙհիմնարար սկզբունքներ՚ համարելով, ասաց` խաղի նոր կանոնները պետք է հավասարապես տարածվեն բոլորի վրա: Ի՞նչ ակնկալիքներ ունեք, եթե հաշվի առնենք, որ ցանկությունները դեռ շատ հեռու են իրականությունից, ի դեպ, ինչի մասին ակնարկեց նաև երկրի ղեկավարը:

– Գիտեք, մրցակցությունը շուկայի աղն է, այն անհրաժեշտ պայմանը առանց որի ցանկացած խնդիր չի կարող լուծումը ստանալ: Միայն առողջ, արդարացի մրցակցության պայմաններում տնտեսվարող սուբյեկտները կկարողանան իրենց հնարավորություններն առավելագույնս օգտագործել: Այսօր տարբեր ոլորտներում կան տարբեր խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահաջում, սկսած աշխատանքի իրավունքից, ձեռնարկատիրական գործունեության իրավունքից, մինչև կոռուպցիայի դեմ պայքար, և այլն, և այլն: Լուծումները, կարծում եմ, երաշխավորված են նոր Սահմանադրության դրույթներով: Միայն հարկավոր է և պե’տք է կարողանալ երկրի գլխավոր օրենքում ամրագրված նորմերը կյանքի կոչել: Ինչպես ասում են` ամեն ինչ պետք է անել, որպեսզի դրանք չմնան թղթի վրա, այլ իրականացվեն:

Ինքս ձեռնարկել և գիտահետազոտական մի փոքր խմբով այսօր զբաղված եմ մեր երկրում սահմանադրականության դեֆիցիտի գնահատմամբ, ու դրա հաղթահարման հիմնախնդիրների լուծմամբ: Սա շատ եմ կարևորում, մենք ի վերջո, պետք է կարողանանք հստակեցնել, թե ի՞նչու սահմանադրական նորմերը չեն իրագործվում մեր կյանքի տարբեր ոլորտներում: Սա նշանակում է, որ մեզանում կա սահմանադրականության դեֆիցիտ, ինչն էլ պետք է և’ գնահատել, և ամենակարևորը` ցույց տալ ելքերը: Այսինքն` մատնանշել դրանց հաղթահարման մեխանիզմներն ու շարժվել առաջ:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ