Գլխավոր » Society, TOP, Լրահոս, Հասարակություն

Սեյսմակայո՞ւն է արդյոք հայկական ատոմակայանը

Նոյեմբեր 18, 2016թ. 14:20
Atomakayan.

Այսօր, երբ հայկական ատոմակայանում լուրջ աշխատանքներ են տարվում երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը ևս 10 տարով երկարացնելու ուղղությամբ, ցավոք ոմանք անզգույշ հայտարարություններ են անում ԱԷԿ-ի սեյսմիկ առումով վտանգավոր լինելու մասին` տուրք տալով թուրքադրբեջանական այն հայտարարություններին, թե հայկական ԱԷԿ-ը վտանգավոր է շահագործման համար և այն հարկավոր է անհապաղ փակել:

Մինչդեռ ատոմակայանի գործունեության դադարեցումը իսկական աղետի կարող է վերածվել մեզ համար` մեծ հարված հասցնելով երկրի տնտեսությանը, սոցիալական կյանքին, բնապահպանությանը` մասնավորապես Սևանա լճի էկոլոգիական վիճակին: Գաղտնիք չէ, որ ատոմակայանի կառուցումը Հայաստանի նման փոքր պետության համար ռազմավարական և տնտեսական չափազանց կարևոր նշանակություն ուներ, որն իր արդիականությունը չի կարցրել մինչ օրս:

Այդ գիտակցումով 1964թ ՀԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը Կենտրոն ներկայացրեց Հայաստանում ատոմային էլեկտրակայան կառուցելու անհրաժեշտության հարցը` այն հիմնավորելով հանրապետության ջրային և օժանդակ վառելիքի պաշարների սակավությամբ, երկրի վատ զարգացած արդյունաբերությունը ոտքի կանգնեցնելու և Սևանա լճին սպառնացող էկոլոգիական աղետը կասեցնելու անհրաժեշտությամբ: Մեզանից շատերն են նաև հիշում, թե ինչ սոցիալական, տնտեսական և բնապահպանական աղետի առաջ կանգնեց Հայաստանը, երբ որոշում կայացվեց դադարեցնել ատոմակայանի աշխատանքն` անվտանգության նկատառումով:

Դա հանգեցրեց երկրի արդյունաբերության և տնտեսության քայքայման, կանաչապատ տարածքների զանգվածային ոչնչացման, իսկ էներգետիկ նպատակներով Սևանից բաց թողնվեց մեծ քանակությամբ ջուրը էկանաորեն կրճատեց դրանում ջրի մակարդակը: Հայաստանը կորցնելով իր էներգետիկ անկախությունն ու անվտանգութունը` հայտնվեց հարևան երկրների էներգակիրներից լուրջ կախման մեջ:

Զարմանալի չէ, որ ատոմակայանի սեյսմիկ վտանգի մասին բարձրաձայնում են թուրքերն ու ադրբեջանցիները` քաջ գիտակցելով, թե դրանով ինչ մեծ հարված կհասցվի մեր երկրի մասնավորապես տնտեսությանը: Բայց աններելի է, որ նրանց անհեթեթ պնդումները կրկնում են նաև մեր որոշ բնապահպան կոչվածները: Մասնավորապես Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը օրերս նման ահազանգ է հնչեցրել` պնդելով, թե իբրև ԱԷԿ-ի տարածքը բարձր սեյսմիկ ակտիվություն ունի և այդտեղ անթույլատրելի է ատոմային կայանի գոյությունը: Բնապահպանը չգիտես ինչ ուսումնասիրությունների հիման վրա համոզում է հասարակությանը, թե Հայաստանում ընդհանրապես չկա որևէ տարածք, որը սեյսմիկ առումով հուսալի լինի և համապատասխանի ատոմակայաններին ներկայացվող ժամանակակաից չափորոշիչներին:

Ինչպես նշում է ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, գիտությունների դոկտոր ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԸ նման ոչ մասնագիտական պնդումներ մեզանում պարբերաբար են լինում, սակայն որևէ արձագանքի չեն արժանանում, քանի որ խիստ սիրողական են` առանց ապացույցների ու հիմնավորումների. ՙԽնդիրն այս դեպքում ոչ այնքան տարածքի բարձր սեյսմիկ ակտիվությունն է, այլ այն, որ տվյալ տարածքում կառուցվող կայանը սեյսմակայուն հատկություններով պետք է ժամանակակաից չափորոշիչներին համապատասխան լինի, այսինքն` համապատասխանի այն տարածքի սեյսմիկ վտանգավորության աստիճանին, որտեղ կառուցվում է:

Օրինակ, Ճապոնիան սեյսմիկ առումով բավական աշխույժ երկիր է, այնտեղ հաճախ են ուժեղ երկրաշարժեր լինում: Բայց դա չի խանգարել, որպեսզի այդ երկրում մի շարք ատոմակայաններ կառուցվեն: Պարզապես դրանք նոր սերնդի ատոմակայաններ են, որոնք շատ ավելի սեյսմակայուն են և անվտանգ:
Ուստի ատոմակայանի սեյսմիկ վտանգավորության աստիճանը որոշում են ոչ թե տեղանքի ամրությամբ, այլ այնտեղ կառուցված շինության՚:

Անդրադառնալով հայկական ԱԷԿ-ի սեյսմիկ վիճակին` Արկադի Կարախանյանն ասում է, որ ատոմակայանում բազմաթիվ, այդ թվում հատուկ նշանակության ուսումնասիրություններ են կատարվել` տեղական և միջազգային համապատասխան կառույցերի մասնագետների ներգրավմամբ` ուսումնասիրելու դրա սեյսմիկ համապատասխանությունը ժամանակակաից չափորոշիչներին: Անգամ ԱԷԿ-ի երկրոդ էներգաբլոկի սեյսմիկ և հրաբխային վտանգի հաշվարկում է կատարվել: այդ աշխատանքներին մասնակցել են ինչպես Հայաստանի բոլոր մասնագիտական հիմնարկների, այնպես էլ արտասահմանից հրավիրված բավական մեծ քանակությամբ փորձագետներ:

Ուսումնասիրությունների արդյունքները հուսադրող են` երկրորդ էներգաբլոկը երկար տարիներ շահագործվելուց և 1988թ. երկրաշարժին դիմագրավելուց հետո էլ սեյսմիկ առումով հուսալի է և համապատասխանում է իր տարածքի սեյսմիկ վտանգավորության աստիճանին. ՙԱշխատանքները վերահսկվել են ԱԷՄԳ-ի կողմից: Հրաբխային վտանգի ստուգման հաշվարկի համակարգն առաջին անգամ էր կիրառվում և այն էլ Հայաստանում: Այդ աշխատանքները ԱԷՄԳ-ից բարձր գնահատականի արժանացան, ինչպես նաև հիմք ընդունվեցին հրաբխային վտանգի ստուգման չափորոշիչները սահմանելու համար:

Միջազգային կառույցը հաստատեց, որ մեր ատոմակայանը անվտանգ է և կարող է դիմակայել տեղանքում հնարավոր ուժգնության երկրաշարժներին: Այնպես որ անհանգստանալու հարկ չկա: Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ մեր ատոմակայանը միջազգային փորձագետների հաստատմամբ` համապատասխանում է տարածքում առկա սեյսմիկ վտանգի աստիճանին: Ավելին, հաջորդ էներգաբլոկը ներկայիս գործող երկրորդէ ներգաբլոկի համար գործող չափորոշիչներով է կառուցվելու, այսինքն` դրանք լիովին բավարար են ատոմակայանի անվտանգությունն ապահովելու համար՚:

Ի դեպ, մասնագետը նշում է, էր ԱԷԿ-ն արդեն մեկ անգամ անցել է երկրաշարժին դիմակայելու փորձության միջով` 1988թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ: Բարեբախտաբար կառույցը որևէ կերպ չի տուժել, երկրաշարժն անգամ չնչին ազդեցություն չի ունեցել ատոմակայանի վրա:

Այն հարցին, թե քանի բալ ուժգնությամբ երկրաշարժերի կարող է դիմակայել մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող կառույցը` Արկադի Կարախանյանը նշեց, որ այսօր սեյսմակայունությունը այլ միավորներով է հաշվարկվում. ոչ թե բալերով, այլ գրունտի առավելագույն հորիզոնական արագացման մեթոդով` g-երով: Ըստ այդմ` ատոմակայանի սեյսմակայությունը համապատասխանում է 0,4 g-ի, որը համապատասխանում է 9 բալին: Հայաստան տարածքում առանձնացվում են չորս սեյսմիկ վտանգի գոտիներ` 0,2g, 0,3g, 0,4g և 0,5g գրունտի առավելագույն հորիզոնական արագացումներով, որոնք համապատասխանում են 8-10 բալ ուժգնության երկրաշարժներին; Ատոմակայանի համար գործում են սեյսմակայունթյան վերին սահմանները, ինչն էլ երաշխավորում է դրա սեյսմիկ անվտանգությունն ու ապահովությունը:

Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ ԱՇՈՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հավաստիացմամբ` ՀԱԷԿ-ի միջուկային գործող էներգաբլոկը համապատասխանում է միջազգային չափանիշներին, իսկ վայ մասնագետների` այդ ուղղությամբ արվող չարագույժ հայտարարությունները իրավական և տեխնիկական ոչ մի հիմնավորում չունեն: Փոխարենը ատոմակայանի հուսալիության մասին հիմնավորումներն ու ապացույցները բազմաթիվ են.ՙՄենք հասկանում ենք նրանց մտահոգությունը` դա առաջին սերնդի ատոմակայան է, և բնականաբար բոլորս էլ շահագրգռված ենք հնարավորինս շուտ դադարեցնել գործող բլոկի աշխատանքը:

Բայց Հայաստանի իշխանությունները դեռ 1994թ. որոշում են ընդունել, որ այդ բլոկի աշխատանքը կդադարեցվի այն ժամանակ, երբ կգործարկվի նոր, ժամանակակից չափորոշիչներով կառուցված էներգաբլոկ, ոպեսզի չխաթարվի երկրի էներգետիկական անվտանգությունն ու անկախությունը:
Իսկ մինչ այդ գործող երկրորդ էներգաբլոկը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ), ԱՄՆ-ի, Եվրամիության ուշադրության կենտրոնում է, վերահսկվում են նրա անվտանգությունն ու հուսալիությունը, իրականացվում են անվտանգության բարձրացման տեխնիկական և կազմակերպական միջոցառումներ, թարմացվում են հնացած սարքավորումները:

Այժմ էլ ԱԷԿ-ում շահագործման երկարացման ուղղությամբ լուրջ ուսումնասիրություններ են կատարվում, որից հետո կառույցը կկանգնի հիմնովին վերանորոգմոն: Ադյունքում կունենանք ավելի արդիականացված, ամրացված և հուսալի ատոմակայան: Հավաստիացնոմ եմ, որ աշխատանքներում ներգրավված են Հայաստանի և Ռուսաստանի լավագույն մասնագետները, այնպես որ մտահոգվելու հարկ չկա, թե նրանց աշխատանքնեը թերի կարվեն և ատոմակայանը խոցելի կլինի՚:

Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահընաև նշում է, որ դեռևս մինչեւ ատոմակայանի վերագործարկումը` տարիներ առաջ, անվտանգության բարձրացման միջոցառումների ծրագիր էր մշակվել, որոնց պարտադիր իրականացումից հետո միայն ատոմակայանը կարող էր վերագործարկման թույլտվություն ստանալ:

Միջոցառումներն իրականացվեցին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, ռուս փորձագետների ու մասնագետների օգնությամբ: Այսինքն արդեն այդ ժամանակ ԱԷԿ-ում սեյսմիկ անվտանգության բարձրացման և կառույցի ամրացման աշխատանքներ են իրականացվել: Իսկ Ճապոնական ՙՖուկուսիմա 1՚ ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո Եվրամիությունը իր հետ համագործակցող երկրներին պարտադրեց իրենց գործող ատոմակայաններում ստրես-տեստ անցկացնել` դրանց հուսալիությունն ու աղետներին դիմակայելու մակարդակը ստուգելու, վտանգներն ու անվտանգությունը գնահատելու նպատակով:

Հայաստանը ևս պարտավորություն ստանձնեց անցնել այդ տեստը: Եվրամիության հաստատած ստրես-տեստի պահանջներից մեկով` սեյսմիկ անվտանգության չափորոշիչներով տեստի ենթարկված Հայկական ատոմակայանի վերաբերյալ ներկայացված հաշվետվությունը հուսադրող էր: Դրական էին նաև մյուս տեստերի պատասխանները: Դրանք բավարարել են անգամ ատոմակայաններին ներկայացվող ժամանակակից պահանջները` համապատասխանելով առկա չափորոշիչներին:

ՙՄենք կատարում ենք այն բոլոր առաջարկությունները, որոնք ստանում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, Եվրամիության և միջազգային այլ կազմակերպությունների կողմից` ատոմակայանի հուսալիությունը պահպանելու և վերահսկելու համար: այնպես որ այս պայմաներում աշխատելու դեպքում հնարավոր չէ վրիպում թույլ տալ:

Ուստի բոլոր անհանգստությունները այդ կառույցի հնարավոր սեյսմիկ խոցելիության վերաբերյալ, անհիմն են: Մեր ատոմակայանի ակնհայտ առավելությունը սեյսմիկ անվտանգությունն է: Այն հենց սկզբից հաշվարկվել է սեյսմիկ ակտիվ գոտու համար, քանի որ Հայաստանն այդպիսին է համարվում, և մեծ սեյսմակայունությամբ է օժտված, ինչը վկայեց նաեւ ստրես-տեստը՚:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն