Գլխավոր » Առողջապահություն, Լրահոս

Իմաստության ատամներ. հեռացնե՞լ, թե բուժել

Փետրվար 16, 2016թ. 13:18
ատամ

Իմաստության ատամները կարող են բազմաթիվ հոգսեր պատճառել` աճման ընթացքում հաճախ սաստիկ ցավում են: Երբեմն «լույս աշխարհ են գալիս» արդեն փչացած: Արժե՞ փող ծախսել մի ատամի համար, որը միևնույն է՝ «երկար չի ձգի», թե ավելի լավ է միանգամից հեռացնել:

Թանկ արժեցող իմաստություն

Իմաստության ատամները ծկթում են 17-25 տարեկանում (երբեմն մի քիչ ուշ կամ շուտ), այսինքն դա համընկնում է օրգանիզմի հասունացման ժամանակաշրջանին: Այստեղից էլ առաջացել է այդ վերջին մշտական ատամների անվանումը: Այդ ատամների հետ կապված ամենափոքր բարդության դեպքում ոմանք նախընտրում են միանգամից հեռացնել` չկա ատամ, չկա նաև խնդիր տրամաբանությամբ: Չնայած իմաստության ատամներն իրենց առանձնահատկությունների պատճառով դժվար են վերականգնվում, բարձր որակավորում ունեցող ատամնաբույժները կարող են դրանք հաջողությամբ բուժել: Միայն հարկ է հասկանալ, որ դրանց բուժումն ավելի աշխատատար է և ավելի շատ ժամանակ ու փող է պահանջում, քան մյուս ատամների բուժումը:

Բարդությունների հիմնական պատճառն այն է, որ այդ ատամների արմատների ուղիները ծուռ են, ինչը դժվարացնում է որակյալ ատամնալիցք անելը: Բժիշկներին նաև ձեռնտու չէ ատամնաշարում դրանց զբաղեցրած դիրքը, չէ՞ որ եթե հիվանդը չի կարողանում բերանը լայն բացել՝ բժշկի գործը դժվարանում է: Այդ ամենի հետևանքով իմաստության ատամների անորակ բուժումը և դրանով պայմանավորված բարդացումների հավանականությունը շատ ավելի մեծ են, քան մյուս ատամների դեպքում:
Այդ պատճառով էլ պետք է հստակ հասկանալ՝ ձեզ այդ ատամն իսկապե՞ս անհրաժեշտ է, թե կարելի է այն զոհաբերել: Ատամնաբույժը երկու դեպքում էլ փող կաշխատի, կարևորն այն է, որ միջամտությունն օգուտ տա: Իսկ հիմա այն մասին, թե որ դեպքերում է պետք պայքարել իմաստության ատամը պահպանելու համար, նույնիսկ եթե այն լրջորեն ախտահարված է ոսկրափուտով (կարիես):

«Կողմ» փաստարկներ

«Ութերորդներն» ունեն մի առավելություն՝ հանուն որի ոմանք ձգտում են այն պահպանել՝ մյուս ատամներից ուշ են աճում, հետևաբար քայքայված ատամների փոխարեն կամրջանման փոխադիրի համար կարող են որպես հենարան ծառայել: Առանց «ութերորդի»՝ դա հնարավոր է միայն իմպլանտանտների օգնությամբ:
Իմաստության ատամը հաստատ պետք կգա պրոթեզավորման համար, եթե չկան առջևի յոթերորդ ատամը, վեցերորդը և յոթերորդը միասին կամ եթե վեցերորդ ու յոթերորդ ատամները դեռ հեռացված չեն, բայց մոտ ապագայում դրանց այդ է սպասում:
Իմաստության ատամն անկասկած պետք է. եթե այն ատամնաշարում ճիշտ դիրք է զբաղեցնում, ունի հակադիր (անտագոնիստ) ատամ և մասնակցում է ծամելուն: Ճիշտ դիրքը շատ կարևոր է. երբեմն ատամը մինչև վերջ դուրս չի գալիս, ծռված կամ թեքված է լինում դեպի այտը: Եթե խոսենք ներքևի ատամնաշարի աջակողմյան իմաստության ատամի մասին, ապա դրա հակադիր ատամն է համարվում վերևի աջակողմյան իմաստության ատամը, որին այն դիպչում է ծամելիս: Այս երկուսից մեկի հեռացումը հանգեցնում է մյուսի տեղաշարժին և հետագայում նաև այդ ատամի կորստին: Այդ պատճառով էլ եթե իմաստության ատամը բնականոն տեղ է զբաղեցնում ծնոտում, մասնակցում է ծամելուն և ունի հակադիր ատամ՝ այն հեռացնելը ցանկալի չէ:

Պուլպիտը դժբախտություն չէ

Պուլպիտի առկայությունը նշանակում է, որ արմատային խողովակներն անհրաժեշտ է ատամնալիցք անել: Եթե խողովակներն անցանելի են և դրանք կարելի է որակյալ ատամնալիցք անել՝ տվյալ ատամը բուժելը ճիշտ է: Լավ մասնագետը հաստատ կկարողանա դա անել: Սակայն այս դեպքում նույնպես պետք է որոշել՝ ատամը պրոթեզավորման համար անհրաժե՞շտ է, այն հակադիր ատամ ունի՞, զբաղեցնո՞ւմ է ճիշտ դիրք, մասնակցո՞ւմ է ծամելու գործընթացին, թե ոչ:

Անպայման հեռացնել

Լինում են իրավիճակներ, երբ «ութերորդը» պահելն անհնար է, իսկ մեր անգործությունը՝ վտանգավոր: Սովորաբար դա վերաբերում է աճող ատամներին: Շատերի իմաստության ատամներն ի սկզբանե փխրուն են լինում: Եվ զննման ընթացքում էլ վատ են երևում, մասնագետը կարող է նույնիսկ չնկատել սկսված քայքայումը: Վարակն արագ թափանցում է ատամի մեջ՝ առաջացնելով պերիօդոնտիտ, իսկ երբեմն էլ՝ պերիօստիտ: Հիվանդության խորացման մասին կռահելը դժվար չէ՝ սաստիկ ատամնացավեր, որոնք զգացվում են ամբողջ ծնոտի երկայնքով և հարվածում են ականջին, այտուցվածություն ատամի շուրջը և այտի մասում: Այս դեպքում չարժե ժամանակ կորցնել՝ այդ ատամից ավելի լավ է արագ ազատվել:
Բորբոքումը կարող է ընթանալ նաև խրոնիկական, այսինքն ատամը կարող է քայքայվել մինչև հիմքը, բայց չցավել: Այդ դեպքում սրացումները հնարավոր են ամեն վայրկյան՝ օրինակ մրսածության և ցածր դիմադրողականության կամ եղանակի փոփոխության դեպքում: Բացի դրանից՝ հիմնովին քայքայված ատամը օրգանիզմի համար վարակի մշտական աղբյուր է: Այդ դեպքում շտապելու անհրաժեշտություն չկա, բայց դատավճիռը միանշանակ է՝ պետք է հեռացնել:

Հեռացման համար կան նաև այլ ցուցումներ, ահա գլխավորները.
1. Իմաստության ատամը սխալ դիրք ունի
Եթե հորիզոնական է կամ էլ՝ ծռված պսակով: Նման ատամը ոչ մի արժեք չունի պրոթեզավորման և սնունդը ծամելու համար: Երբեմն իմաստության ատամի պսակը թեքված է լինում դեպի այտը: Դրա հետևանքով մարդն անընդհատ այտը կծում է: Այտի լորձաթաղանթի մշտական վնասվածքը կարող է այդ մասում նույնիսկ ուռուցքի առաջացման պատճառ դառնալ: Այդպիսի ատամները պահելն իմաստ չունի:
2. Աճող ատամի համար տեղն անբավարար է
Երբ իմաստության ատամներն սկսում են աճել և նրանց համար ատամնաշարում բավարար տեղ չի լինում՝ դա հանգեցնում է ատամների ծռությանը: Այս դեպքում հեռացման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ «ութերորդի» դուրս գալը նպաստում է մնացած ատամների տեղաշարժին՝ դեպի կենտրոնական կտրիչները: Դա տեղի է ունենում ատամների վրա գործադրված ճնշման հետևանքով: Դուրս չեկած իմաստության ատամների հեռացումը բնականոն երևույթ է, այնպես որ դրանից չարժե վախենալ: Այդ նպատակով լորձաթաղանթին փոքրիկ կտրվածք են անում:
3. «Ութերորդը» քայքայում է իր առջևի ատամը
Ինչպես արդեն ասվեց՝ իմաստության ատամները թեք են աճում: Երբեմն դրանք հենվում են առջևի յոթերորդ ատամին: Իսկ այդ ատամի արծնի վրա մշտական ճնշումը կարող է դրա քայքայման և ատամնափուտի պատճառ դառնալ: Յոթերորդ ատամի պահպանումը և դրա լիարժեք բուժումն անհնար է առանց իմաստության ատամի հեռացման:
4. Պերիկորոնիտ
Ամբողջովին կամ մասամբ աճած իմաստության ատամն զբաղեցնում է այնպիսի դիրք, որ դրա պսակի մի մասը ծածկված է լինում լորձաթաղանթի կապյուշոնով (գլխանոց): Ընդ որում կապյուշոնի և ատամի միջև առաջանում է տարածք, որտեղ բազմանում են մանրէները, սկսվում են բորբոքումը և լորձաթաղանթի այտուցը: Հիվանդությունը կոչվում է պերիկորոնիտ: Նման դեպքերում հեռացնում են կապյուշոնը կամ էլ բուն ատամը:

Եթե մանրամասնորեն կշռադատելով բոլոր «թեր» և «դեմ» փաստարկները, նաև՝ ֆինանսական հնարավորությունները (չէ՞ որ բուժումն ավելի թանկարժեք է, քան հեռացումը)՝ դուք որոշել եք ազատվել ձեր «իմաստությունից»՝ մի անհանգստացեք. դա նույնքան հեշտ է, որքան մեկ այլ ատամի հեռացումը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Առողջապահություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն