Գլխավոր » Society, Առողջապահություն, Գիտություն, Լրահոս

Քնի առեղծվածը. ի՞նչ փոփոխություններ են լինում մարդու օրգանիզմում չքնելու դեպքում

Փետրվար 16, 2016թ. 12:43
քուն

Քունը և դրա հետ կապված բոլոր երևույթները այսօր էլ դեռ լիովին բացահայտված չեն գիտնականների կողմից, և դեռ շարունակվում են այդ ուղղությամբ կատարվող բազմաթիվ գիտափորձերը: Քնած դշխուհու հեքիաթը, որ ստեղծվել է դեռևս 300 տարի առաջ, իսկ դրանից առաջ էլ հունական դիցաբանության մեջ քնի և մահվան աստվածների` Հիպնոսի և Տանատոսի գոյությունը վկայում են այն մասին, որ արդեն հնագույն ժամանակներից մարդկանց հետաքրքրել է իրենց գիշերային կյանքի առեղծվածը:

Սակայն ակնհայտ է, որ քնի մեխանիզմների խանգարումները կարող են անոմալ, իսկ երբեմն նաև ողբերգական հետևանքներ ունենալ: Քունը անհրաժեշտ է մարդուն ֆիզիկական և հոգեկան նորմալ գործընթացի համար: Սակայն տեխնոլոգիաներով հարուստ մեր դարում, ցավոք, լիովին անհնար է դարձել հետևել բնության կանչին, և շատ անգամ մարդիկ անտեսելով քնի կարևորությունը` ամենատարբեր միջոցներով պայքարում են դրա դեմ: Քնի ամենամեծ թշնամու ՙհայրը՚ Թոմաս Էդիսոնն է: Նա համոզված էր, թե քունը զուր ժամանակի կորուստ է, և այն կրճատելու դեպքում մարդկությունը ավելի շատ ժամանակ կտրամադրի աշխատանքին` նպաստելով հասարակության ծաղկմանն ու արագացնելով քաղաքակրթության զարգացման գործընթացը: Եվ նա ստեղծեց էլեկտրական լամպը, որն ի սկզբանե նախատեսված էր մարդու ակտիվ վիճակը հնարավորինս ավելի երկարաձգելու համար և, իհարկե, քնելու հաշվին: Այդ գյուտով հիմնովին խախտվեց գիշերվա և ցերեկվա հավասարակշռությունը:

Այսօր քաղաքակրթության զարգացման հետ մեկտեղ զգալի կրճատվել են մարդու քնի ժամերը: Ինտերնետային ցանցից անընդմեջ օգտվելու հնարավորությունը, շուրջօրյա հեռուստատեսությունը մարդուն քնից շեղելու հրաշալի միջոցներ են: Աշխատանքային էթիկան նույնպես, կարելի է ասել, այսօր պահանջում է որքան հնարավոր է քիչ քնել: Քիչ թե շատ հաջողության հասած ցանկացած մարդ իր ժամանակը աշխատում է քնին չհատկացնել: Իսկ դա անպայման թողնում է իր հետևանքները` աստիճանաբար վատանում է նրա ինքնազգացողությունը և անգամ առողջությունը: Չքնելով մարդը դառնում է ավելի անփույթ, դժվար դատող, մոռացկոտ, անգամ փոխվում է նրա բնավորությունը. նա դառնում է ավելի զգայուն և նյարդային, ավելի դանդաղաշարժ:

Վերջին տարիներին կատարած ուսումնասիրությունները պարզել են, որ գիշերվա ժամերին մեր ուղեղն արտադրում է մելոտոնին կոչվող հորմոնը, որն էլ քնելու ցանկություն է առաջացնում: Մելոտոնինի արտադրությունը դադարում է միայն առավոտյան` լույսի առկայության ժամանակ, և մելոտոնինի փոխարեն արտադրվում են սերոտոնին կոչվող հորմոնները: Քիմիական այս փոխազդեցությունների հետևանքով էլ մենք ճիշտ ժամանակին քնկոտության նոպաներ ենք ունենում, կամ քնից արթնանալու պահանջ ենք զգում: Սակայն արհեստական լույսի ակայությունը մեծ մասամբ ճնշում է քնի հորմոնների առաջացումը, ինչի արդյուքում էլ խախտվում են նաև մեր օրգանիզմում տեղի ունեցող որոշ գործընթացներ. քնած ժամանակ վերականգնվում են ուղեղի հյուսվածքի կենսաքիմիական հավասարակշռությունը, օրգանիզմում ավելի մեծ թափով են սինթեզվում սպիտակուցները և բազմանում բջիջները, արտադրվում են կենսականորեն շատ կարևոր հորմոններ:

Միայն վերջերս գիտնականները հայտնաբերեցին, որ մշտական անքնությունը կարող է հանգեցնել գիրացման, շաքարախտի և հիպերտոնիկ հիվանդության: Գիշերվա ընթաքում չբավարարելով օրգանիզմի` մելոտոնինի պահանջը` ակտիվության ժամանակ կենսաբանական ռիթմերը անընդհատ հիշեցնել են տալիս իրենց մասին ժամանակ առ ժամանակ առաջացող քնի նոպաներով, թուլությամբ և ցրվածությամբ: Այդպիսի պիկերը վրա են հասնում կեսօրին,երբ մարդն առաջին անգամ հանգստանալու և աչք փակելու ուժեղ կարիք է զգում, երկրորդ նոպան վրա է հասնում ժամը չորսին, գիշերը` ժամը մեկին և լուսադեմին` ժամը հինգին: Հիշենք, որ Չեռնոբիլյան աղետը տեղի ունեցավ հենց առաջին գիշերային պիկի ժամանակ: Մոտավորապես այդ ժամին խորտակվեց ՙԱդմիրալ Նախիմով՚ ջերմանավը և տեղի ունեցավ Թրիմալ Այլենդի ատոմակայանի աղետը: Ուսումնասիրությունները վկայում են, որ տեխնոգեն աղետների մեջ մեծ է մարդկային ֆակտորի դերը: Այդ հայտնագործությունը մեծ պայթյուն առաջացրեց կենսառիթմալոգիայի և սոմնոլոգիայի ոլորտներում: Արագորեն սկսեցին մշակվել մեթոդներ, որոնք պետք է կարգավորեին պատասխանատու աշխատանքի վրա գտնվող ծառայողների կենսառիթմը:

Ի տարբերություն անքնությամբ տառապող մարդկանց, որոնք մոտ քնի պակասը ավելի ու ավելի կուտակվելով` հանգեցնում է քրոնիկ հիվանդությունների և խոչընդոտում նրանց նորման կենսագործունեությանը, կան մարդիկ, որոնց համար գիշերային արթնության վիճակը սովորական երևույթ է և որևէ հիվանդությամբ չի սպառնում: Նրանցից մեկի անունը հայտնի դարձավ դեռևս 70-ականներին: Իսպանուհի Պալոմինոն այդ ժամանակ արդեն 51 տարեկան էր: Նրա պատմելով` իր մոտ քնի հետ կապված անոմալիան ի հայտ էր եկել դեռ 20 տարեկանում, երբ հորանջելու ժամանակ պատահաբար նրա ծնոտը դուրս էր ընկել: Հետագայում ծնոտն ինքն իրեն տեղն է ընկնում, բայց քնելու կարողությունը այլևս չի վերականգնվում: Կան դեպքեր էլ, երբ մարդիկ ինքնակամ մեկ շաբաթով կամ ավելի զրկել են իրենց քնից: 1959 թ.-ին նյույորքյան ռադիոկայաններից մեկի աշխատակից Պիտեր Տրիպը որոշեց ռադիոմարաթոն կազմակերպել` բարեգործական փոխանցումների քանակը մեծացնելու նպատակով: Նա մոտ ութ օր (200 ժամ) անընդմեջ աչք չփակեց, որպեսզի կարողանար պատրաստվել երեք ժամանոց իր ուղիղ եթերներին, իսկ գիշերային ժամերին վարեր դրանք: Տրիպի այդ յուրօրինակ փորձընթացին հետևում էին հոգեբանները, հոգեբույժները, նյարդաբանները: Օրվա ողջ ընթացքում 15 րոպեն մեկ Տրիպը կապ էր հաստատում իր ռադիոլսողների հետ` ի ապացույց այն բանի, որ ինքը բավականին աշխույժ է և քնկոտության ոչ մի նշան դեռ չկա: Տրիպին հաջողվեց հաղթել այդ արտասովոր գրազը, բայց դրա համար նա շատ թանկ վճարեց, քանի որ ութ օր հետո նրա մոտ ի հայտ եկան մտավոր գործունեության խանգարման նշաններ: Դեռ փորձարկման ընթացքում նրան հետևող բժիշկները հայտնաբերել էին, որ օրեցօր նրա ուղեղը ավելի էր մթագնում, իսկ չորրորդ օրը Տրիպը ի վիճակի չէր ուշադրության աննշան կենտրոնացում պահանջող պարզունակ թեսթերն անցնելու: Ճիշտ է 200-ժամյա արթնությունից հետո ամբողջ 13 ժամ քնելու արդյուքնում վերականգնվեց Տրիպի մտավոր կարողությունը, կարգավորվեցին զացողությունները, սակայն արթնության այդ ժամերը անհետևանք չմնացին, քանի որ նա ավելի նյարդային, գրգռվող ու անհամբեր էր դարձել: Պիտերի ռեկորդը միակը չեղավ, հետագայում շատերը նմանատիպ փորձարկումներ արեցին, և դրանցից ամենաերկարը 11 օր տևեց, սակայն բոլորն էլ անհետևանք չմնացին: Բոլոր այս դեպքերը ապացուցում են, որ մտավոր նորմալ գործունեության, լավ տրամադրության և առողջ լինելու առաջին նախապայմանը քունն է` ճիշտ այնքան, որքան անհրաժեշտ է մեր սեփական օրգանիզմին:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Առողջապահություն, Գիտություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն