Գլխավոր » Society, Ազգային գաղափարախոսություն, Լրահոս, Կրթություն, Հասարակություն, Հոգևոր

Հայոց եկեղեցու պատմություն առարկան վայ փորձագետների աչքի փուշն է դարձել

Փետրվար 11, 2016թ. 13:29
Հայ եկեղեցու պատմություն

Օրերս մեկ-երկու ինքնակոչ փորձագետներ հանդես են եկել հրապարակումներով` իբրև իրենց մտահոգությունը հայտնելով հայկական հանրակրթական դպրոցների 2-4-րդ դասարանի աշակերտների համար, ովքեր մոտ երեք տարի է որպես պարտադիր դպրոցական ծրագիր ՙՀայոց եկեղեցու պատմություն՚ առարկան են ուսումնասիրում: Ծրագիրն առայժմ իրականացվում է հանրապետության 50 դպրոցներում` փորձարարական կարգով, սակայն ՙսրտացավ՚ մասնագետներն անհագստանում են, որ ծրագիրը հետագայում կներդրվի ամբողջ համակարգում: Ըստ նրանց, իսկ ավելի ճիշտ սոցիալական մանկավարժ, իրեն կրթության ոլորտի փորձագետ հորջորջած Արմինե Դավթյանի, ով տվյալ առարկայի վերաբերյալ հետազոտություն է իրականացրել ու զեկույց հրապարակել, տարրական դասարանների տարիքի երեխաների համար այդ առարկայի բովանդակությունը հղկված չէ, դասավանդման նպատակը հստակ չէ, թեմաները նորմալ կարգավորված չեն և որևէ մանկավարժական սկզբունքի վրա ձևավորված չեն: Նա առաջարկում է առարկան ենթարկել խիստ փորձաքննության` ասելով, եկեղեցին կրոնական քարոզչության հավանական թիրախ է դարձրել հանրակրթությունը և այնտեղ երեխաների հոգեորսությամբ է զբաղվում:

ՙԵթե փորձագետի համար պետականության հիմքը համարվող կրոնի ուսուցումը դպրոցում, թեկուզ տարրական դասարաններում հոգեորսություն ու քարոզչություն է դիտարկվում, դա նշանակում է, որ այդ մասնագետը կամ հայկական Առաքելական եկեղեցին նսեմացնելու և այդկերպ այլադավան աղանդներին ծառայություն մատուցելու մտադրություն ունի` որոշակի շահի դիմաց և կամ պարզապես չի տիրապետում առարկային և չի գիտակցում, թե մեր պետության, ժողովրդի համար որքան կարևոր խնդրի մասին է դատում՚,- ասում է աստվածաբան ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:
Ըստ նրա` հատկապես առաքելական քրիստոնեությունը հայության ազգային ինքնությունն է, որ կերտվել է հազարամյաների ընթացքում: Այդ կրոնը մեր պետականության մեխանիզմն է, որի վրա է հիմնված պետական ամբողջ դիրքորոշումը: Այսօր եթե ազգային, հայկական ինչ-որ բան պահպանվել է մեզանում, դա նախևառաջ մեր եկեղեցու շնորհիվ է: Եվ այդ կրոնի դեմ ոտնձգությունն աստվածաբանը ոտնձգություն է համարում մեր ինքնության դեմ: Հետևաբար կրոնը պախարակողները, դրա դեմ քայլեր ձեռնակողները ապազգային, ավելի շուտ ազգադավ գործունեություն են իրականացնում, փորձում խարխլել մեր ինքնության հիմքերը` սրա-նրա պատվերները կատարելով:

Աստվածաբանը հավատացնում է, որ մեր կրոնի ու եկեղեցու դեմ բարձրաձայն աղաղակողները իրականում ոչ թե մտահոգված են այն երեխաների ճակատագրով ու հոգեվիճակով, ովքեր հայկական եկեղեցու պատմություն են ուսուցանում, այլ նրանով, որ մենք մեր կրոնին կառչած մնալով` չենք կորցնում մեր դեմքը ու միաձուլվում միագույն ու միաձև արևմտյան հասարակությանը. ՙԱյսօրվա քաղաքակիրթ կոչված քրիստոնեական աշխարհը կրակն է ընկել այն բանի ձեռքը, որ ոչնչացրել է իր արժեհամակարգը, մասնակի փլուզումների է ենթարկել: Հետևանքները մենք ամեն օր ենք տեսնում: Հիմա ի՞նչ է` մենք ևս պետք է գնանք այդ ճանապարհով: Մեր կրոնի շնորհիվ է նաև, որ մենք կարողանում ենք զերծ մնալ ապաարժեհամակարգային, ապաքրիստոնեական երևույթներից, որոնք ոստայնի պես ավելի ու ավելի են տարածվում քաղաքակիրթ աշխարհում` ապականելով այն: Իսկ մենք տարբերվում ենք միաձև, միագույն դարձած Արևմուտքից, քանի դեռ ամուր ենք բռնած մեր քրիստոնեական բարոյական սկզբունքներից: Ո՞րն է մեր բարոյական սկզբունքների ու դաստիարակության դեմ բարձրագոչ աղաղակողների շահագրգռվածությունը մեր հասարակությունը նույնպես դեպի անդեմացում տանելու հարցում: Վստահորեն կարող եմ ասել, որ նրանք անձնական շահագրգռվածություն ունեն և դատում են սեփական, այլ ոչ թե ժողովրդի, պետության շահերից ելնելով: Այդ աղաղակողների մեջ հիմնականում կրոնական այլ դավանանքի, աղանդների պատկանող անհատներ են, ովքեր անձնապես դեմ են Հայ Առաքելական եկեղեցուն, ուստիև իրենց համար անհանդուրժելի է, որ իրենց երեխաները դպրոցում այդ եկեղեցու պատմությունն ու քրիստոնեական բարոյագիտություն են ուսումնասիրում:

Մինչդեռ պետությունը պետք է առաջնորդվի մեծամասնության շահերով, իսկ մեծամասնությունը մեզանում մեր Առաքելական եկեղեցու հետևոդներն են: Ուսումնասիրությունների արդյունքներով` հայ ժողովրդի 86 տոկոսից ավելին Առաքելական եկեղեցու դավանողներ են և նորմալ է, որ նրանց զավակները դպրոցում ՙՀայկական եկեղեցու պատմություն՚ են ուսումնասիրում՚:
Հանրակրթական դպրոցներում ՙՀայկականեկեղեցու պատմություն՚ առարկայի ուսուցման հետ կապված խնդիրների վերահսկման գործը դեռ 2005 թ.-ից ստանձնել է քրիստոնեական դաստիարակության կենտրոնը: Շնորհիվ ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ կնքած համաձայնագրի, ՔԴԿ-ի անձնակազմը այցելում է դպրոցներ, ստուգում ուսուցիչների պատրաստվածությունը, ինչպես նաև գնահատական տալիս դասընթացի վերաբերյալ աշակերտների արձագանքներին: Կենտրոնի աշխատակիցները հավաքագրում են նաև այդ առարկան սովորող աշակերտների շնողների և դասավանդող ուսուցիչների առաջարկություններն ու դիտողությունները, որոնք հաշվի են առնվում նոր ուսումնական պլանի կազմավորման ընթացքում: ՔԴԿ-ն, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, Ազգային կրթության ինստիտուտը, ինչպես նաև Հայաստանի Աստվածաշնչային ընկերակցությունը կազմակերպում են վերապատրաստման դասընթացներ առարկան դասավանդող ուսուցիչների համար: Այնպես որ, ինչպես նշում է քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ծրագրերի գծով փոխտնօրեն ԵԼԵՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` իրենք հետամուտ են լինում առարկայի դասավանդման որակին, և Արմինե Դավթյանի այն պնդումները, թե երեխաների համար առարկան դժվարամատչելի է, դրա բովանդակությունը հղկված չէ և այլն, իրականությանը չեն համապատասխանում:

ՙԱյդ ծրագիրը, ինչպես նաև դասագրքերի մշակումն իրականացրել են կրթության ազգային ինստիտուտի մասնագետները, ովքեր զբաղվում են նաև այլ առարկաների ծրագրերով ու դասագրքերով: Այսինքն` այնտեղ մասնագետներ են աշխատում, ովքեր այս կամ այն ծրագիրը կամ դասագիրքը կազմելիս հաշվի են առնում տվյալ տարիքային խմբի համար մանկավարժական և հոգեբանական առանձնահատկությունները; Բացի դա, ամեն ուսումնական տարոմ մենք ուսումնասիրություններ ենք կատարում և ծնողների կամ ուսուցիչների կողմից եղած առաջարկներն ու դիտողությունները հաշվի առնելով` կատարելագործում ենք առարկայի դասավանդման մեթոդիկան, բովանդակությունը, ավելի հղում ու հստակեցնում:
Ինչ վերաբերում է մասնագետների հնչեցրած այն մտահոգությանը, թե ՙՀայ եկեղեցու պատմությունը՚ ծանրաբեռնում է տարրական դասարանի աշակերտներին` լրացուցիչ ծրագրային բեռ դառնալով, ապա ասեմ, որ աշակերտներն այդ առարկան շատ են հավանում և դասերի ընթացքում ոչ թե ծանրաբեռվում են, այլ նոր լիցքեր ստանում` աշխույժ, անկաշկանդ քննարկումներից: Առարկան նրանց մատուցվում է նկարազարդումների, խաղերի, հանելուկների, կարճ պատմվածքների ձևով, ինչպես պահանջվում է այդ տարիքի աշակերտների դասամատուցման համար: Իսկ որպեսզի երեխաները ֆիզիկապես չծանրաբեռնվեն, նրանց անգամ տնային առաջադրանքներ չեն տրվում, ամբողջ նյութը դպրոցում է ուսուցանվում՚- նշում է Ելենա Հարությունյանը:
Նրա հավաստիացմամբ այսքան տարիների ընթացքում որևէ ծնող կամ ուսուցիչ չի զանգահարել իրենց` առարկան դպրոցից հանելու պահանջով: Այնինչ իրենք պարբերաբար ծնողների հետ հանդիպումներ են կազմակեպում, գրավոր հարցում անում, թե ինչը կուզեն փոխել առարկայի դասավանդման մեջ կամ դասագրքերում: Ծնողներից ոչ ոք կտրուկ չի արձագանքում և բոլորն էլ գոհ, որ իրենց երեխան նման առարկա է սովորում դպրոցում: Անգամ այն ծնողները, ովքեր սկզբում ՙՀայ եկեղեցու պատմության՚ հետ կապված մտավախություն ունեին, ծանոթանալով ծրագրին ու դասագրքերին` հասկացան, որ այն միայն նպաստելու է իրենց երեխաների դրական բարոյական նկարագրի ձևավորվմանը, այլ ոչ թե կղերական քարոզչությանը, ինչպես որ ներկայացնում են մտահոգված փորձագետները:

Կենտրոնի ծրագրերի գծով փոխտնօրենը նշում է, որ այդուհանդերձ, որքան էլ առարկայից արձագանքները դրական են, այն ամբողջ համակարգում կներդրվի միայն ավելի լուրջ մոնիտորինգներից ու շարունակական հետազոտութուններից հետո, երբ պարզ դառնա, որ ծրագիրն իրոք արդյունավետ է և այդ տարիքի աշակերտների վրա միայն դրականորեն է ազդում:
Ինչ վերաբերում է Արմինե Դավթյանի զեկույցին, ապա Ելենա Հարությունյանն ինքն էլ ծանոթացել է դրան և հասկացել, որ այն կիսատ տեղեկացված մարդու զեկույց է: Այդ մասին անգամ մասնագեն է նշում իր իսկ զեկույցում` շեշտելով, որ ամբողջությամբ չի ուսումնասրել թե առարկան և թե դրա դասավանդման մեթոդիկան ու ընթացքը: Պատահական չէ, որ զեկույցում փաստերը խեղաթյուրված են ներկայացված և չհիմնավորված: Դրանով զեկույցի հեղինակն ապացուցում է, որ իր առաջ խնդիր է դրված ոչ թե ուսումնասիրելու, թե այն իրականում ինչպես է անդրադառնում աշակերտների հոգեաշխարհի վրա և ինչ ազդեցություն կարող է ունենալ նրա հետագա զարգացման վրա, այլ ամեն գնով հեղինակազրկել ՙՀայկական եկեղեցու պատմությունը՚ և հիմքեր ապահովել դրա փորձնական դասավանդումը ձախողելու համար` հավանաբար կատարելով ՄԱԿ-ի երեխաների իրավունքների հանձնաժողովի պատվերը:
Այդ հանձնաժողովն առաջինն էր, որ երկու տարի առաջ աղմուկ բարձրացրեց մեր երկրում դպրոցական ծրագրում հայ եկեղեցու պատմությունը ներառելու կապակցությամբ` հայտարարելով, որ այդկերպ մեր կառավարությունը ոտնահարում է բոլոր երեխաների կրոնի ազատության իրավունքը: Ժամանակին այդ կառույցի հրահրմամբ նման մի արշավ սկսվեց բանակում կրոնական բարոյական դաստիարակության դեմ, երբ վաճառված փորձագետները սկսեցին աղաղակել, թե բանակում զինծառայողների նկատմամբ հավատաքննության ու հավատափոխության աշխատանքներ են տարվում` պետական քաղաքականության միջոցով: Բայց աղմուկաղաղակը մարեց, քանի որ գրանտակերների ջրաղացին ջուր լցնողներ չեղան, հասարակությունը վաղուց է պատռել նմանների դիմակը: Բայց դա ինչպես երևում է թևաթափ չի անում ՄԱԿ-ի ու եվրոպական չարժեհամակարգերով մեր երկիրը վարակելու պատրաստ այլ կառույցների հավատարիմ ծառաներին: Հիմա էլ դպրոցն են թիրախ դարձրել:

ՄԱԿ-ի մտահոգություններն այդ կապակցությամբ հասկանալի են, քանի որ կառույցն այստեղ բարոյական ու կրոնական այլ ՙարժեհամակարգեր՚ տարածելու առաքելություն ունի: Չմոռանանք, որ հենց այդ կառույցի աշխույժ միջնորդությամբ է փորձ արվում Հայաստանում համասեռամոլների իրավունքների ազատություն սահմանել, նաև նրա օժանդակությամբ է, որ աղանդավորական կազմակերպությունները մուտք գործելով Հայաստան` հոգեորսությամբ են զբաղվում և փորձում քայքայել մեր պետականության հիմքերը: Քրիստոնեական առարկայի դեմ հերթական արշավը մեր ինքնույունը ոչնչացնելուն ուղղված նրա հերթական ծրագրերից մեկն է, որին ցավոք տուրք են տալիս վայ փորձագետները: Բարեբախտաբար այս հացում մեր հասարակության մեծ մասը, եկեղեցին, ինչպես նաև կառավարությունը կարծես թե աչալուրջ են:

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Ազգային գաղափարախոսություն, Լրահոս, Կրթություն, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն