Գլխավոր » TOP, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հոգևոր, Վերլուծական, Վրաստան

Թե ինչպես Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին մեկ օրում դարձավ վրացական

Փետրվար 9, 2016թ. 21:56
Անի-2

Գյումրիում գտնվող քանդակագործության ազգային պարկ-թանգարանի աշխատակիցները մտահոգված լինելով Անիում Տիգրան Հոնենցի կառուցած Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ճակատագրով` դրա պատկանելության վիճարկման և թերի վերականգնման առիթով հատուկ դիմում-նամակ են հրապարակել միջազգային խնդիրների բարձրաձայնման համար հարթակ համարվող change.org կայքում` դիմելով Թուրքիայի մշակույթի նախարարությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ՄԱԿ-ին, Եվրոպական ժառանգության կոնվենցիայի հանձնախմբին և ամբողջ աշխարհի մտավորականությանը:

Թանգարանի տնօրեն ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ներկայացմամբ նամակ գրելու նախաձեռնության առիթն օրեր առաջ համացանցում տեղադրված` եկեղեցու լուսանկարն է եղել, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչպես են թուրքերն այն վերականգնելիս աղավաղել` գմբեթի փոխարեն եկեղեցու վերևում տանիք կապելով և այն վրացական հռչակելով. ՙՍ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ըստ շինարարական արձանագրության կառուցվել է 1215թ.` մեծահարուստ Տիգրան Հոնենցի միջոցներով: Եկեղեցին նախագծով ավարտվել է վերձիգ բազմանիստ թմբուկ ունեցող գմբեթով: Դա երևում է պահպանված արխիվային լուսանկարներում: Իսկ ներսից գավիթն ու աղոթասրահը ամբողջովին պատված են բարձրարվեստ որմնանկարներով, որոնց մեջ մեծ տեղ է զբաղեցնում Գրիգոր Լուսավորչի կյանքի կարևորագույն դրվագները ներկայացնող պատկերաշարը: Արտաքինից գմբեթակիր ուղղանկյուն նախագիծը հիշեցնում է Անիի Մայր տաճարը, սակայն ավելի փոքր չափսերով: Ամեն ինչ հուշում է, որ այդ եկեղեցին հայկական է` կառուցվածքով, ճարտարապետությամբ, ոմնանկարներով, փաստաթղթերով: Այն Անիում գտնվող եկեղեցիներից ամենից լավ պահպանվածներից է: Սակայն վերջին տարիներին թուրքերը եկեղեցին նորոգելով` իբրև թե գլխի չեն ընկել, թե ինչ տեսք է ունեցել կիսավեր գմբեթը և շինության վերևում տանիք են կապել, խնամքով թիթեղապատել են, եկեղեցու մոտ դրված ցուցանակում էլ գրել են՝ վրացական եկեղեցի:
Տիգրան Հոնենցը տրվում է վրացիներին: ժամանակ անց այս եկեղեցին կդառնա վրացական գործող եկեղեցի, որտեղ կղողանջեն վրացական զանգեր: Արդյունքում Անիի միակ գործող եկեղեցին կդառնա ոչ հայկական՚:

Նամակի հեղինակները փաստաթղթում ներկայացրել են, որ անցյալում լինելով պատմական հայկական մայրաքաղաք ու մի քանի ազգությունների բնակավայր՝ Անին մնում է հայկական, ինչն արձանագրված է պատմական տեղեկություններում, առկա վիմագրերում: Ուստի այն եկողոցիները, որ այնտեղ կառուցվել են, չեն կարող այլ քրիստոնեական ժողովուրդների պատկանել: Եկեղեցու որմնանկարներից 17- ում պատկերված են հայ առաքելական եկեղեցու առաջին հայրապետ և հիմնադիր Սբ. Գրիգոր Լուսավորչի տանջանքները ներկայացնող պատկերները ևս եկեղեցու ազգային և դավանաբանական պատկանելիության ակնհայտ ապացույցներ են:
ՙԱնին հայտարարելով մշակութային բազմազանության պատմական տարածք՝ Թուրքիան շեղում է միջազգային հանրությանը բուն հայկական պահանջներից և դրանով իսկ ստեղծում հայկական պահանջի չեղարկման միջավայր:
Մեզ համար նաև մտահոգիչ է եկեղեցու վերակագնման ընթացքում այն վրացական քաղկեդոնական հայտարարելը և դրանով իսկ վրաց-հայկական դարավոր բարեկամության մեջ վիճաբանությունների և մշակութային հակամարտության հրահրումը:

Ուստի մեր պահանջն է թուրքական կողմից` իրավասու կառույցներից, զերծ մնալ Վրաստանի և Հայաստանի միջև մշակութային հակամարտության հարահրումից: Վստահ ենք , որ մեր վրացի եղբայրներն այս հարցում ունեն բարեկամական մոտեցում և պատմական արդարության վերակագնման համար պատրաստ են մասնագիտական և հանրային քննարկումների ու երկխոսության: Մենք ապրում ենք մի տարածաշրջանում և երկխոսությամբ կարող ենք լուծել ցանկացած խնդիր՝ դեմքով այդ խնդիրներին դառնալու դեպքում՚,- գրված է նամակի մեջ:

Իրենց նամակով հեղինակները պահանջում են ոլորտի թուրքական պատասխանատու կառույցներից զերծ մնալ եկեղեցու պատմական պատկանելիությունն աղավաղելուց և եկեղեցու մոտակայքում տեղադրված ցուցանակում նշել, որ այն հայկական քրիստոնեական է: Պահանջներից մեկն էլ եկեղեցու վերականգնման աշխատանքները ավարտին հասցնելը և ըստ պատշաճի դրա գմբեթը վերականգնելն է` ճիշտ այնպես, ինչպես փաստաթղթային նախագծերում և լուսանկարներում է:

Արթուր Գևորգյանն ասում է, որ Անիի և ընդհանրապես Արևմտյան Հայաստանի եկեղեցիները վրացական կամ որպես այլ ազգի ժառանգություն ներկայացնելը թուրքերի վաղեմի սիրելի զբաղմունքն է: Հատկապես թիրախում են հայտնվում հայկական քաղկեդոնական եկեղեցիները, քանի որ դրանք ավելի խոցելի են այն նկատառումով, որ հայկական կրոնն առաքելականն է, իսկ այն, ինչ քաղկեդոնական է, նրանց տրամաբանությամբ հնարավոր է օտարել: Այս հարցում, ըստ Արթուր Գևորգյանի, հայ մտավորական ու քաղաքացիական հանրությունն էլ կարծես թե իր սխալ ընկալմամբ թուրքերին ու վրացիներին քաղկեդոնական եկեղեցիները մեզանից օտարելու թույլտվություն է տալիս, քանի որ չի տարանջատում քաղկեդոնական դավանաբանությունը քաղկեդոնական հայկական մշակույթից.

<Վերջին առավելապես 10-15 տարների ընթացքում հայկական քաղկեդոնակա եղեկեցիների յուրացման մասին հարցը բարձրացնողներն այն կապում են քաղկեդոնական դավանաբանության հետ, ոչ թե քաղկեդոնական հայկական մշակույթի` դրանով իսկ օրակարգից հանելով հայ առաքելական եկեղեցու` հարցին միջամտելու, արձագանքելու հնարավորությունը: Երբ հայ առաքելական եկեղեցին քաղկեդոնական ժողովից հետո ընդունեց իր որդեգրած դավանաբանական ուղղությունը` դրանից հետո այլևս զերծ մնաց այլ դավանաքներին վերաբերող հարցերին խառնվելուց: Այնինչ պետք է հասկանալ, որ այդ եկեղեցիները, որոնք այսօր քաղկեդոնական են համարվում, կառուցվել են իբրև հայկական առաքելական եկեղեցիներ, իսկ դրանց վերափոխումն ավելի շատ պատմամշակութային հարթակում պետք է դիտարկել: Այդ դեպքում մեր եկեղեցին ևս կկարողանա միջամտել Թուրքիայի կողմից իրականացվող վանդալիզմին և հանդես գալ որպես պահանջատեր:

Մյուս կողմից էլ միջազգային հանրությանը պետք է բացատրել, որ հայերը լինելով առաքելական դավանաբանության կրողներ` ունեցել են քաղկեդոնական հայկական մշակույթ, ուստի դրա տերն ու տնօրենն են և իրավահաջորդը և ոչ մեկի մոտ հարց չի առաջանա, թե ինչու է առաքելական հավատք ունեցող հայը քաղկեդոնական եղեկեցիներ կառուցել ու ոչ ոք չի կարողանա կասկածի տակ դնել դրանց հայկական ծագումը:

Հուշարձանագետ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ անդրադառնալով խնդրին` տեղեկացնում է, որ Տիգրան Հոնենցի կառուցած Գրիգոր Լուսավորչի եկեղեցին հայ-առաքելական է, հետագայում փոխանցվել է հայ-քաղկեդոնական համայնքին, և վրացիները որևէ առնչություն չունեն դրա հետ.
<Գաղտիք չէ, որ թուրքերն ու վրացիները հայերի հաշվին փորձում են միմյանց սիրաշահել` հայտարարելով իբրև մեր վանքերը, եկեղեցիները վրացական են: Իսկ հնարավորության դեպքում նրանք անգամ աղավաղում են այդ շինությունները` փորձելով դրանիցից հնարավորինս մաքրել հայկական հետքը: Դրա վկայությունը Տայքում գտնվող հայկական եկեղեցիները վրացականացնելու թուրքերի ու վրացիների ջանքերն են: Վրացիներց էլ հեռու չէ հայկական մշակութային արժեքները սեփականացնելու ձգտումը: Թուրքերը ճիշտ նշանակետին են խփում` իրենց նենգ խաղի մեջ ներքաշելով վրացիներին, քանի որ գիտեն նրանց ախորժակը: Վրացական թեթև ձեռքով շատ հայկական վանքեր ու եկեղեցիներ իրենց տարածքում կամ վրացականացվել են կամ հողին են հավասարեցվել: Դա կարծես քիչ է, նրանք հավակնում են նաև մեր տարածքում գտնվող հայկական քաղկեդոնական եկեղեցիները իրենցը դարձնել: Այս դեպքում վրացիների ու թուրքերի շահերը համընկնում են: Թուրքն էլ ամեն ինչ անում է իր զավթած տարածքներում հայկական հետքը վերացնելու և հայկական հարցի գլխացավանքից ձերբազատվելու համար: Նրանք էլ իրենց և Արևմտյան Հսյաստանի տարածքում 19-րդ դարի հայկական եկեղեցիները, ինչպես նաև աշխարհիկ հասարակական շինությունները, որոնք կառոցել են հայերը, բյուզանդական են ներկայացնում` դրանք վերագրելով 500 տարի գոյություն չունեցող կայսրությանը: Ինչն էլ չեն կարող բյուզանդական հռչակել, վերագրում են վրացիներին, քանի որ քրիստոնյա հարևան պետություններից միայն վրացիներն են, որ սիրահոժար ներքաշվոմ են նրանց խարդավանքների մեջ>:

Հուշարձանագետը նշում է, որ ի տարբերություն թուրքերի և վրացիների, որոնք միջոցներ չեն խնայում հայկական մշակույթը գողանալու համար` հայերը վտանգավոր նիրհի մեջ են և գրեթե ոչինչ չեն ձեռնակում իրենց արժեքներին դրանց տեր կանգելու համար: Սամվել Կարապետյանի տեղեկացմամբ` մինչ օրս Տիգրան Հոնենցի կառոըցած եկեղեցուն վերաբերող որևէ գիտական աշխատություն չունենք, որը աներկբա կապացուցի աշխարհին դրա հայկական շագումն ու պատկանելությունը.

<Մենք ոչինչ չենք անում` աշխարհին այդ և ոտնձգության ենթարկվող այլ հուշարձանների հայկականությունն ապացուցելու համար, հետո էլ բողոքում ենք, թե դրանք յուրացվում են: Միայն լացուկոծով, ահազանգով չէ, պետք է նաև գործուն քալեր ձեռնարկել մեր մշակութային արժեքների վանդալիզմը, սեփականացումը կանխելու համար: Վրացիները, թուրքերը ամբողջ ինստիտուտներ են ստեղծում, հսկայական միջոցներ հատկացնում, գիտնականների ու մասնագեների վարձում` հայ ազգի ստորագրությունը, ձեռագիիրը ջնջելու և փոխարենն ուրիշինը դնելու համար: Վրացիներն, օրինակ, ամբողջ աշխարհում վրացերեն և այլ լեզուներով գրքեր են հրատարակում, հովանավորում են եվրոպացի ճարտարապետներին, որ նրանք էլ ուսումնասիրություններ հրատարակեն` աղավաղված տվյալներով: Մեր պետությանը սակայան դա չի անհանգստացնում>:

ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու ՀԱԿՈԲ ՍԻՄՈՆՅԱՆԸ նշում է, որ հայկական արժեքների թուրքականացումը սկսվել է այն ժամանակվանից, երբ Լոզանի գիտաժողովում արևելյան տերությունները ծախեցին Արևմտյան Հայաստանն ու Հայկական լեռնաշխարհ բառը փոխարինեցին Արևելյան Անատոլիայով: Դա կանաչ լույս վառեց Թուրքիայի առաջ, որ անի այն, ինչ ուզում է: Անին յուրացնելու քայլն էլ այդ քմահաճույքներից մեկն է, որ կատարվում է քաղաքակիրթ աչքի առաջ ու նրանց թողտվությամբ: Ընդորում թուրքերը միայնակ չեն իրականացնում հայկականը յուրացնելու իրենց դավադիր քաղաքականությունը: Այլ համագործակցելով վրացիների հետ՝ նրանց էլ են ներքաշել այդ գործընթացի մեջ՝ վրացիներին ծախելով Բարձր Հայքի եկեղեցիները ու այնտեղի հարստությունը և հորդորելով նրանց այդ հողերն ու այնտեղ կառուցված եկեղեցիները վրացական հայտարարել: Հիմա էլ նույնն անում են Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հետ:

<Ցավոք, այս վտանգների մասին դեռևս խոսում են միայն մասնագետները՝ գիտնականները, ճարտարապետները, հուշարձանագետները, իսկ պետական իրավասու կառույցների ու իշխանական օղակների կողմից առայժմ որևէ մտահոգություն չի բարձրաձայնվել: Ուր մնաց, թե հայկական արժեքները աղճատելով յուրացնելու դեմ գործուն, դիվանագիտական քայլեր արվեն: Ճիշտ է՝ դա բավական բարդ է, քանի որ Հայաստանը Թուրքիայի հետ որևէ պաշտոնական հարաբերություն չունի և չի կարող որևէ ձևաչափով դիմել նրան` պահանջելով զերծ մնալ մեր արժեքները յուրացնելու քաղաքականությունից: Բայց դա հնարավոր է անել միջազգային կառույցների՝ մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՈ-ի միջնորդությամբ: Հայկական կողմը միայն խելացի դիվանագիտության կիրառմամբ կարող է արդյունքերի հասնել՝ հաշվի առնելով միջազգային հանրության անթաքույց համակրանքը Թուրքիայի նկատմամբ: Իսկ աղաղակելով, հարց բարձրացնելով, փորձը ցույց է տվել, որ հարց չի լուծվի: Աշխարհի դեմ փոքր Հայաստանը ոչինչ չի կարող անել, եթե ուժեղ դիվանագիտությամբ չփորձի իր շահերը պաշտպանել>,- ասում է գիտնականը:

Ըստ նրա` այս գորում առաջին հերթին պետք է միջամտի արտգործնախարարությունը` միջազգային համապատասխան կառույցների հետ բանակցություններ վարելով ու պարտադրելով, որ նրանք Թուրքիայի առաջ պայման դնեն` Անիի պեղումներին ու եկեղեցիների վերականգնման աշխատանքներին մասնակից դարձնել նաև հայ հնագետների ու մասնագետների, իսկ հայտնաբերված նյութերը հրատարակվեն միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում և անպայման հայ հնագետների մեկնաբանությունները ևս հնչեն դրանցում: Մինչդեռ արտգործնախարարությունը չի էլ փորձում խորամուխ լինել այս հարցի մեջ. ՙԱրտգործնախարարությունը վաղուցվանից պետք է գիտնականներին հրավիրած լիներ ու պահանջեր փաստեր, տվյալներ տրամադրել պատմամշակութային ու հնագիտական արժեքների ծագումնաբանությունը խեղաթյուրելու մասին, որոնց հիման վրա իրենք կարողանան որոշակի քայլեր կատարել միջազգային կառույցներին դիմելու ուղղությամբ: Այս գործում անելիքներ ունեն նաև սփյուռքի նախարարությունը: Իսկ այդ կառույցներին հանձնարարական տվողը պետական կառույցն է: Ասել է թե այս հարցը լուծելու համար պետական մոտեցում է հարկավոր>:

Ի դեպ, դիմում նամակին զուգահեռ քանդակագործության ազգային պարկ-թանգարանը նույն կայքում նաև ստորագրահավաք է նախաձեռնել: Այսօրվա դրությամբ արդեն 1250 ստորագրություն է հավաքվել: Որպեսզի նամակն արժանանա միջազգային հանրության ուշադրութանը, պետք է առնվազն 1500 ստորագրություն հավաքվի:
Բայց նախաձեռնության հեղինակները միայն դրանով չեն սահմանափակվի: Նրանք պատրաստվում են նաև բաց նանակ գրել կառավարությանը, այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակներին` հարցը հայ քաղկեդոնական և վրաց քաղկեդոնական պատմաշակութային արժեքների տարանջատման դաշտ բերելու և թուրքերի սադրիչ քաղաքականությունը կանխելու կոչով:

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հոգևոր, Վերլուծական, Վրաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն