Գլխավոր » Interview, Իրան, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

ԱՄՆ դեսպանը պարզորոշ ասաց, թե իրականում որտե՞ղ է թաղված շան գլուխը

Փետրվար 9, 2016թ. 21:04
Վարդան Ոսկանյան

Հարցազրույց իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ հետ

-ԱՄՆ դեսպան Ռ.Միլսը օրերս իր հարցազրույցներից մեկում խոսելով Հայաստան-Իրան տնտեսական կապերի խորացման մասին, ասել է, թե ԱՄՆ կառավարությունը երախտագիտություն է հայտնում Հայաստանին, որ տարիների ընթացքում ՙլիարժեքորեն հարգել է Իրանի նկատմամբ միջազգային հանրության պատժամիջոցները՚, չնայած նրան, որ դա ՙՀայաստանի տնտեսության համար գին է ունեցել՚: Փաստորեն, Միլսը պարզ ասում է, թե իրականում որտե՞ղ է թաղված շան գլուխը, թե ի՞նչն է եղել Հայաստան-Իրան հարաբերություններում իրական խոչընդոտը: Դեսպանի նման անկեղծ խոստովանության մասին ի՞նչ կասեք:

-Չափազանց հետաքրքիր է ԱՄՆ դեսպանից նման հայտարարություն լսելը, որովհետև դիվանագիտական մակարդակում հաճախ չէ, որ նման անկեղծ ՙխոստովանություններ՚ են լինում:
Ընդհանուր առմամբ պետք է նկատի ունենալ, որ Իրան-Հայաստան հարաբերություններն ուսումնասիրող հայ մասնագետները, տեղյակ էին, որ Հայաստան-Իրան հարաբերությունների մեջ առկա ծրագրերի որոշակի հատվածը սառեցվել կամ չէին իրականացվում հենց Իրանի հանդեպ կիրառված արևմտյան պատժամիջոցների հետևանքով: Իսկ պատժամիջոցների հետևանքներ ասելով ես նկատի ունեմ երկու ուղղություն, առաջին, Իրանը միջոցներ չուներ այդ ծրագրերում ներդնելու և դրանք առաջ մղելու համար, երկրորդ, Հայաստանը չէր կարող խախտել այն միջազգային արգելանքները, որոնք կային Իրանի հանդեպ:

Եվ այս առումով Հայաստանը վարել է չափազանց արդյունավետ, բալանսավորված քաղաքականություն: Մի կողմից փորձել է չվնասել բարեկամական Իրանին ու հնարավորության սահմաններում զարգացնել հարաբերությունները` չտրվելով հակաիրանական գործողությունների հաճախ պարտադրվող տրամաբանությանը: Մյուս կողմից, որպես միջազգային հանրության լիարժեք անդամ, Հայաստանն Իրանի հետ հարաբերություններում չի խախտել միջազգային հանրության կողմից սահմանված շրջանակները: Եվ մեր երկրի նման մոտեցումը մշտապես գնահատվել է Իրանի կողմից, իրանցիները բազմիցս հայտարարել են, որ իրենց համար չափազանց գնահատելի է պատժամիջոցների տարիներին մեր երկրի վարած քաղաքականությունը, մանավանդ, որ Հայաստանը Իրանի հետ հարաբերությունները պահպանելու ու զարգացնելու տեսանկյունից ևս ենթարկվել է ճնշումների:

Այժմ էլ չափազանց գնահատելի է, որ ԱՄՆ կառավարությունն իր դեսպանի միջոցով երախտագիտություն է հայտնում Հայաստանին, որ լիարժեքորեն հարգել է Իրանի նկատմամբ միջազգային հանրության պատժամիջոցները: Սա կարևոր ձեռքբերում է, փաստորեն, Հայաստանի ջանքերը գնահատվեցին երկուստեք` թե’ իրանական կողմից, թե’ ամերիկյան: Ու եթե նկատի ունենանք, որ Իրանն ու ԱՄՆ-ը շատ հարցերում բոլորովին հակադիր դիրքորոշումներ ունեցող կողմեր են, ապա այդ գնահատականներն առավել կարևորվում են:
Ինչ վերաբերում է դեսպանի հետևյալ մտքին. ՙՀայաստանի տնտեսության համար դա գին է ուներ՚, անշուշտ այն բավական թանկ է արժեցել Հայաստանի համար, և ըստ իս, այն պետք է ենթադրի համարժեք փոխհատուցում:

Տարիներ շարունակ Հայաստան-Իրան հարաբերություններում տեղաշարժ չտեսնելով, մասնավորաբար, վերլուծակական շրջանակները մեղադրանքի սլաքն ուղղել են մի կողմից Հայաստանի իշխանություններին, մյուս կողմից` Ռուսաստանին, որպես էներգետիկ ոլորտում հայ-իրանական համագործակցությունը խոչընդոտող կողմի: Դեսպան Միլսի խոստովանությունն այս առումով ևս լույս է սփռում. մեղավոր կողմը Արևմուտքն է ու իր կիրառած պատժամիջոցները:

-Անշուշտ, տնտեսական ներուժը երկու երկրների միջև տարիներ շարունակ չի իրացվել ամբողջությամբ: Եվ առաջին հերթին, այո, դժգոհություններ եղել են Հայաստանի իշխանություններից, նրանց կողմից վարվող պասսիվ քաղաքականությունից: Մինչդեռ իրականում ՀՀ իշխանություններն արել են հնարավորը կամ գրեթե հնարավորը Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու և այն ամենաբարձր մակարդակում պահելու համար: Հարաբերությունների խորացման հարցում կային թե’ օբյեկտիվ, թե’ սուբյեկտիվ պատճառներ, բայց հիմնական պատճառները իրականում մեզանից դուրս էին: Ինչ վերաբերում է Ռուսաստանի խոչընդոտ լինել-չլինելուն, ապա Իրանը դեռ չի մտել այն դաշտ, որտեղ կարող է Ռուսաստանի մրցակիցը համարվել: Ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքից հետո Իրանը Հարավային Կովկասն է համարում իր համար երկրորդ կարևոր տարածաշրջանը:

Ռուսաստանի համար ևս արավային Կովկասն իր կենսական շահերի տարածք է: Եվ այս համատեքստում, թե’ իրանցիները, թե’ ռուսներն իրենց հարաբերությունները, որպես կանոն, կառուցում են ոչ թե հակասության, այլև համագործակցության մթնոլորտում: Պետք է հաշվի առնել նաև մերձավորարևելյան զանազան խնդիրների լուծման շուրջ այսօր Իրանի և Ռուսաստանի միջև ձևավորված համագործակցային մթնոլորտը. դիցուք Սիրիայի պարագայում այս երկու երկրները, փաստորեն ձևավորել են դաշնակցային հարաբերություններ: Ռուսական ռազմանավերը հրթիռներ են արձակում Կասպից ծովի Իրանի տարածքային ջրերից, ինչն աննախադեպ երևույթ է ու փաստում է երկու երկրների միջև հարաբեությունների չափազանց բարձր մակարդակի մասին:

Հետևաբար, ես կարծում եմ, որ Իրանի ու Ռուսաստանի միջև որոշ ոլորտներում առկա դաշնակցայինի ձգտող, սերտ կապերն անշուշտ կդրսևորվեն նաև Հայաստանի հետ հարաբերություններում և նույն համագործակցային տրամաբանության մեջ: Այսինքն, ոչ թե փախադարձ խոչընդոտներ հարուցել, այլ հակառակը, մասնակցել համատեղ ծրագրերին ու նպաստել դրանց իրականացմանը:

Որոշակի քայլեր ձեռնարկելուց առաջ չգիտես ինչու, մասնավորաբար մեր փորձագիտական, լրատվական դաշտը փորձում է ճշտել, թե Ռուսաստանը ինչպիսի՞ դիրքորոոշում կունենա այս կամ այն քայլի վերաբերյալ: Հայաստան-Իրան հարաբեություններում ընդհանուր առմամբ իրավիճակը նորմալ է՝ նույնիսկ զարգացումների լավատեսական հեռանկարով ու պետք չէ այս տիրույթը ներկայացնել խիստ բացասական, խիստ վատատեսական սցենարներով: Հատկապես, պետք չէ Հայաստան-Իրան հարաբերությունների համատեքստում անվերջ խոսել Ռուսաստանի ունեցած կամ ունենալիք ՙդիվական՚ գործառույթների մասին:

Բազմիցս ասել եմ, որ մենք պետք է առաջին հերթին կատարենք մեր քայլերը, իհարկե, հաշվարկելով նաև տարածաշրջանային մյուս երկրների շահերը, բայց հետևենք բացառապես մեր շահերի իրականացմանը:

-Ռուս-ամերիկյան հարաբերությունների լարումից հետո ամերիկյան կողմը ավելի հաճախ է խոսում էներգետիկ ոլորտում Ռուսաստանից Հայաստանի կախվածության թուլացման և Իրանը որպես այլընտրանք ունենալու մասին, մի բան ինչը ԱՄՆ-ին տարիներ առաջ ընդհանրապես չէր հետաքրքրում: Այստեղ մտահոգիչն այն է, որ ԱՄՆ-ը այդ այլընտրանքը դիտում է որպես Ռուսաստանին հակադրման միջոց: Մի բան, ինչը թափանցիկ երևում է նաև Միլսի խոսքում:

-Իրապես, համաձայն եմ <այլընտրանքը որպես հակադրության միջոց> ձևակերպման հետ: Սակայն շատ գովելի է, որ Հայաստանը վարում է մի քաղաքականությունը, որը մեր երկիրը չի մղում տարբեր բևեռների միջև կոնֆլիկտների ծիր: Մեր քաղաքականությունը հիմնված է մի տրամաբանության վրա, համաձայն որի փորձ է արվում համադրել տարբեր երկրների շահերը ու ցանկացած այլընտրանք տեսնել միմիայն համագործակցության հարթության մեջ և ոչ թե հակադրության կամ բախման:

Սա շատ ճիշտ մոտեցում է, որովհետև Հայաստանը որպես Հարավային Կովկասի կարևորագույն դերակատար երկիր չի կարող ընտրել կոնֆիկտայնության ուղին, հատկապես, եթե հաշվի առենք, որ նման գործընթացում կներգրավվեն գերտերությունները: Մենք մեր աչքի առաջ ունենք այս ուղով ընթացած տարբեր երկրների օրինակներ: Դրանցից մեկն Ուկրաինան է, այն Հայաստանից ավելի հզոր, ավելի մեծ հնարավորություններ ունեցող երկիր է, բայց մենք ականատես եղանք, թե փաստորեն այդ երկիրն ինչպե՞ս տրոհվեց ու այսօր ինչպե՞ս է իր ներսում ջլատվում: Նման ուղին մեզ համար երբևէ չի կարող լինել ընդունելի, մեզ անիմաստ ՙհերոսականություն՚ նույնքանով պետք չէ, որքանով չափից դուրս <զգուշավորություն>:

Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանն իր հարբերությունները կառուցում է չափազանց դինամիկ թե’ Ռուսաստանի հետ, թե’ Մերձավոր Արևելքի մեր գործընկերներ պետությունների, հատկապես, Իրանի հետ, և թե’ Արևմուտքի հետ` հաշվի առնելով մեր կապերը, մի կողմից, Եվրոպայի, մյուս կողմից` ԱՄՆ-ի հետ:
Այնպես որ, անկախ տարբեր երկրների դեսպանների, ներկայացուցիչների հորդորների, կարծում եմ, մենք կունենանք այնքան խոհեմություն, ճկունություն, որ մեր քաղաքականությամբ չենք գնա բախումների ու հակադրությունների ուղով:

Արմինե Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Interview, Իրան, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն