Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ

Զվարթնոցի հին մասնաշենքի ճակատագիրը կորոշվի քաղաքաշինության նախարարության մակարդակով

Փետրվար 6, 2016թ. 17:38
Զվարթնոց

Օրերս քաղաքաշինության նախարարությունում նախարար Նարեկ Սարգսյանի նախաձեռնությամբ և ճարտարապետների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրվել` ՙԶվարթնոց՚ միջազգային օդանավակայանի կլոր շենքի խնդրի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2015թ. տարեվերջին քաղաքապետարանը ՙԱմենիա միջազգային օդանավակայաններ՚ ՓԲԸ-ին դեպի ՙԶվարթնոց՚ օդանավակայանի հին մասնաշենք տանող և դրա անբաժանելի մասը կազմող ճանապարհի ապամոնտաժման թույլտվություն էր տրամադրել, ինչն էլ մտահոգել էր ճարտարապետներին և շենքն ապամոնտաժումից պաշտպանելու համար որոշակի քայլերի մղել: Հենց այդ ժամանակ քաղաքաշինության նախարարն արձագանքելով ճարտարապետների մտահոգություններին` որոշել էր տարեսկզբին աշխատանքային խորհրդակցություն հրավիրել և վերջնականապես որոշել կլոր մասնաշենքի ճակատագիրը` այն ապամոնտաժելու հարցը վերջնականապես օրակարգից դուրս բերելու և օդանավակայանի զարգացման հիմնական նախագծի մեջ ընդգրկելու նպատակով:

Նախարարի մոտ խորհրդակցությանը մասնակցել են Երևանի գլխավոր ճարտարապետը, ճարտարապետների միության նախագահը, Հայնախագիծ ինստիտուտի մասնագետներ: Ինչպես տեղեկացնում են քաղաքաշինության նախարարությունից` նիստին ներկա բոլոր ճարտարապետներն իրենց տեսակետներն են հայտնել կլոր մասնաշենքը պահպանելու, դրա հնարավոր գործառույթների վերաբերյալ: Վերջնարդյուքնում որոշվել է քննարկումները շարունակական դարձնելով` մշակել այնպիսի մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան ապահովվել ՙԱրմենիա միջազգային օդանավակայաններ՚ ՓԲԸ զարգացման մաստեր-պլանով նախատեսված զարգացումները, միաժամանակ՝ չխաթարել հին մասնաշենքի ճարտարապետական ամբողջական հորինվածքը և այն օգտագործել նպատակային:

Երևանի գլխավոր ճարտարապետ ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ տեղեկացրեց, որ աշխատանքային խորհրդակցության ժամանակ մասնագետների հայտնած կարծիքները տարբեր են եղել` մասնավորապես կապված շենքի գործառնական նշանակության հետ, սակայն բոլորը համամիտ են այն գաղափարի հետ, որ Զվարթնոցի հին մասնաշենքը պետք է պահպանվի և ընդգրվի օդանավակայանի ընդլայնման և զարգացման ընդհանուր մաստեր պլանի մեջ` ծառայելով հենց օդանավակայանի կարիքներին:

ՙՔննակումները շարունակական են լինելու, որոնց արդյունքում բոլոր մասնագետները պետք է մեկ ընդհանուր հայտարարի գան կլոր շինության պահպանության հարցում, ընտրվի այն կիրառելու, ինչպես նաև վերակառուցելու, պահպանելու լավագույն տարբերակը:

Նաև հնարավորություններ պետք է գտնենք ՙԱրմենիա միջազգային օդանավակայանների՚ սեփականատիրոջ հետ անձապես շփվելու, նրան խնդիրը ներկայացնելու և ընդհանուր համաձայնության գալու համար: Այդ շփումն առայժմ ցանկալի մակարդակով չի եղել: Թերևս դրանով էլ հենց պայմանավորված է այն հանգամանքը, որ կողմերը միմյանց չեն հասկանում և չեն կարողանում համաձայնությա գալ: Հիմա ակնկալում ենք, որ նախարարության միջնորդությամբ հնարավոր կլինի դրան հասնել` երկու կողմերի համար ընդունելի նախագծի եզրահանգելու նպատակով: Մենք մոտ մեկ տարի ժամանակ ունենք լավագույն ընտրությունը կատարելու համար: Այնպես որ աշխատանքները շարունակական կլինեն, և ես վստահ եմ, որ թե մեր ճարտարապետներն ու հասարակությունը և թե կոնցեսիոները գոհ կմնան կայացրած որոշումից՚,- ասում է ճարտարապետը:
Գլխավոր ճարտարապետը կարևորում է օդանավակայանի կլոր մասնաշենքը նպատակային ծառայեցնելու խնդիրը, այլապես ասում է, որ դրա պահպանումը կարող է ինքնանպատակ դառնալ. ՙՇենքը պահպանելու գաղափարը բոլորիս համար շատ ցանկալի է, բայց դա չպետք է ինքնանպատակ լինի, այն չպետք է ձևականորեն պահպանվի, որպես կաղապար, այլ պետք է ֆունկցիոնալությամբ պիտանի լինի ընդհանուր օդանավակայանի կարիքների համար: Ճարտարապետական քննարկումները հենց այդ նպատակով են հրավիրվելու, որպեսզի կարողանանք կլոր մասնաշենքի ֆունկցիոնալության համար ամենահարմար ու արդյունավետ տարբերակը գտնել՚:

Ճարտարապետ ՍԱՇՈՒՐ ՔԱԼԱՅԱՆԸ դրական է գնահատում խորհրդակցությունը` ասելով, որ դա քննարկումների առարկա դարձած շինության պահպանությանն ուղղված առաջին քայլն է, որը գործնականում սատարում է գերատեսչական մարմինը, տվյալ դեպքում` քաղաքաշինության նախարարությունը: Այդ իսկ պատճառով այս հանդիպումը հավատ է ներշնչում, որ ՙԶվարթնոցի՚ կլոր շինության պահպանության հարցը վերջնականապես կլուծվի. ՙԽորհրդակցության ժամանակ որոշվեց, որ ամեն ինչ պետք է անել շենքը պահպանելու համար: Հակառակ կողմնորոշում չկար: Նարեկ Սարգսյանն ինքն էլ միտված է այդ գաղափարին և նա նույնպես քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ: Դա արդեն լավատեսորեն է տրամադրում բոլորիս, որ ի վերջո կկարողանանք պահպանել մեր ճարտարապետական գոհարներից մեկը՚:

Այն հարցին, թե շինության ֆունկցիոնալության համար ճարտարապետներն ինչպիսի՞ առաջարկներ ներկայացրեցին քննակման ընթացքում, Սաշուր Քալաշյանը պատասխանեց, որ, ճիշտ է, առաջարկները մի քանիսն էին, սակայն հիմնականում մասնագետները հակված էին այն օդանավակայանի կարիքներին ծառայեցնելուն. ՙԱռաջարկները մի քանիսն են, բայց դրանք դեռ վերացական են, քանի որ հստակ առաջարկի համար նախ պետք է որոշակի ուսումնասիրություններ կատարել շինության հնարավորութունների, այս կամ այն չափորոշիչներին համապատասխանելու վերաբերյալ: Բայց հիմա առաջնային խնդիրը այն պահպանելն է, որի համար պետք է հնարավոր միջոցներ գտնենք անմիջապես պարոն Էռնեկյանի հետ հաղորդակցվելու և նրա հետ համաձայնություն ձեռք բերելու համար: Հետագայում արդեն նրա հետ կդիտարկենք շենքի հնարավոր գործառույթները՚:
Ճարտարապետը նշում է, որ քննարկվող շինությունն այնպիսի վիճակում է գտնվում, որ այն լիովին հանարավոր է ամրացնել, վերականգնել, վերանորոգել և դեռ երկար տարներ շահագործել` առանց որևէ ռիսկի: Իսկ ոմաց պնդումները, թե շենքը վթարային վիճակում է գտնվում և այն շահագործելը խիստ վտանգավոր է, մասնագետը հերյուրանք և շինծու եզրակացություն է համարում, որոնց միակ նպատակը կլոր շենքը բիզնես նպատակների համար հողին հավասարեցնելն է:

Ի դեպ, Սաշուր Քալաշյանը մտավախություն ունի, որ այն ընթացքում, քանի դեռ իրենք մասնագիտական քննարկումներ կանցկացնեն, օդանավակայանի հին մասնաշենքը քանդելու փորձերը կարող են շարունակվել, ճիշտ այնպես, ինչպես փորձեցին անցած տարեվերջին օդանավակայանի պետական մասնաշենքի ճանապարհը քանդել` քաղաքային իշխանությունների թույլտվությամբ: Այնինչ այն ժամանակ ևս օդանավակայանը շահագործողի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն կար առայժմ շինությանը ձեռք չտալ և համատեղ քննարկել մաստեր պլանի մեջ այն ներառելու տարբերակները: Եվ եթե Անահիտ Թարխանյանը ժամանակին չարձագանքեր, ապա հավանաբար քանդման աշխատանքներն արդեն սկսված կլինեին: Բարեբախտաբար դեռևս ոչինչի ձեռք չեն տվել: Ահա ինչու այժմ իրենք միջոցներ են փնտրում նման անսպասելի քայլերը կանխելու համար: Դրանցից մեկն էլ հին մասնաշենքը պահպանելու գործում շահագրգռված հասարակական կազմակերպություն ստեղծելն է, որը հավանաբար կտեղեկայվի հենց այդ շենքում:

Ճարտարապետ ԼԵՎՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ով մասնագիտացած է հատկապես օդանավակայանների նախագծման գործում, նշում է, որ անգամ երկու տարի շարունակ չշահագործվելուց և բարձիթողի վիճակում մնալուց հետո հին մասնաշենքը այնպիսի վիճակում է գտնվում, որ լիովին կարելի է նորոգել, վերակառուցել ու շարունակել անվտանգ շահագործել. ՙԱյդ շինությունը երկար տարիներ աշխատել և արդարացրել է իրեն, հիմա նորի հետ համադրությամբ առավեևս այն կարող է իր գործառույթը կատարել: Գուցե այն այսօրվա չափորոշիչներին չի համապատասխանում որպես լիարժեք օդանավակայան, քանի որ ԽՍՀՄ տարիներին անձնագրային և սահմանային ստուգման կետեր չլինելու պատճառով նման կառուցվածքներ նախատեսված չեն այնտեղ, բայց այդ բացը կարող է լրացնել նոր մասնաշենքը: Իսկ հինը կարող է ծառայել որպես ուղևորների մեկնման և ժամանման մասնաշենք: Այդ նպատակին իր չափորոշիչներով համապատասխանում է: Իսկ եթե հաշվի առնենք, որ նման նոր շենք կառուցելու համար շատ ավելի մեծ ներդորւմներ կպահանջվեն, քան եղած շինությունը վերանորոգելու համար, ապա օդանավակայանը շահագործողին նույնպես ձեռնտու է այն պահպանելու տարբերակը՚:

Ճարտարապետ ԱՆԱՀԻՏ ԹԱՐԽԱՆՅԱՆԸ, ով նույնպես ներկա է եղել խորհրդակցությանը, նշում է, որ հին մասնաշենքի` որպես պատմաճարտարապետական արժեքի ճակատագրով մտահոգ է նաև Նարեկ Սարգսյանը, ով կփորձի հանդիպել ՙԱրմենիա միջազգային օդանավակայանների՚ սեփականատիրոջ` պարոն Էռնեկյանի հետ և նրա հետ կքննարկի նոր օդանավակայանի զարգացման հեռանկարում պետական շենքը ներառելու և պահպանելու հարցը: Միայն այդ ժամանակ պարզ կլինի` համատեղ նախագծային խո՞ւմբ է ձևավորվելու կլոր մասնաշենքը գլխավոր մաստեր պլանում ներգրավելու համար, թե մեր մասնագեների և ներդրողի մասնագետների կողմից երկու առանձին խմբեր կստեղծվեն, որոնք փոխադարձ համաձայնությամբ կաշխատեն և մեկ ընդհանուր նախագիծ կներկայացնեն:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն