Գլխավոր » Politics, Ադրբեջան, Զինված ուժեր, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հայաստանում հակառուսական տրամադրություններ սերմանողները սպասարկում են օտարի շահը

Փետրվար 1, 2016թ. 15:44

<Հայոց Աշխարհ>-ի հարցազրույցը ՊՆ նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ

Տարեվերջյան կարևոր իրադարձությունը ՀԱՊԿ գագաթաժողովում ՀՀ նախագահի ելույթն էր, ուր Սերժ Սարգսյանը խստորեն քննադատեց ՀԱՊԿ անդամ երկրներին` գործընկերային շահերի չգիտակցման, անմիասնականության, միջազգային կառույցներում միմյանց դեմ աշխատելու ունակության մեջ: Նախագահի սթափեցնող խոսքը ՀԱՊԿ-ի ներսում լուրջ քննարկման հիմք կդառնա՞, կունենա՞ իր ազդեցությունը:

-Ընդհանրապես բոլոր նման միջազգային համակարգերում հակասություններ կան ու կլինեն: Վերցնենք հենց ՆԱՏՕ-ն, երբ 2003-ին ԱՄՆ-ն պատերազմ սկսեց Իրաքի դեմ, Թուրքիան թույլ չտվեց, որ ամերիկյան զորքերն անցնեն իր տարածքով: Նման հակասությունների պատճառն այն է, որ պետություններն ունեն իրենց շահերը ու միշտ չէ, որ նրանք իրենց պետական շահերը ստորադասում են ընդհանուր շահերին:
Դառնալով Սերժ Սարգսյանի ելույթին` ասեմ, որ այն հնչեց ճիշտ ժամանակին, այն սթեփեցնող ելույթ էր և անպայմանորեն իր դրական ազդեցությունը կունենա: ՀԱՊԿ ամբիոնից նախագահը անդամ պետություններին, որոնք նավթային, տնտեսական շահեր ունեն Ադրբեջանի հետ ու փորձում են չփչացնել այդ հարաբերությունները, հիշեցրեց ՀԱՊԿ պայմանագրի դրույթները, համաձայն որոնց` անդամ երկրները պետք է աջակցեն մեկմեկու և նույն քաղաքականությունը վարեն միջազգային կառույցներում: Խնդիրն այն է, որ մենք ունենանք ամենակարևոր հարցի պատասխանը, եթե Հայաստանի հանդեպ լինի արտաքին ագրեսիա ՀԱՊԿ-ը կկատարի իրեն վերապահված դերը, թե՞ ոչ:

-Եվ ուրեմն, ստացա՞նք այդ հարցի պատասխանը, հանձին ՀԱՊԿ-ի ունե՞նք դաշնակիցներ, որոնք պատրաստ են մինչև վերջ մնալ իրենց դաշնակցային դիրքերում:

-Իհարկե, ՀԱՊԿ-ը կկատարի իր պարտավարությունները: Համաձայն ՀԱՊԿ կառուցվածքի, այն աշխատում է մի քանի ուղղություններով: Հայաստանյան ուղղության պարագայում գործում են հայկական և ռուսական համատեղ զորամիավարումները: Ու այստեղ արդեն երկրորդական է դառնում ղազախական կամ բելառուսական զորամիավորումների աջակցության հարցը:

Եթե մեր համագործակցությունը ՀԱՊԿ-ում սահմանափակվելու է միայն հայ-ռուսական ռազմավարական համագործակցությամբ, ինչն անկախ ՀԱՊԿ անդամ լինելուց էլ կա, ապա մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին չի՞ դառնում ավելորդ:

-Սա ճիշտ մոտեցում չէ: Նախ, Հայաստանը չի կարող մեկուսանալ, նման կազմակերպությունները կարևոր հարթակներ են, ուր երկրներն իրականացնում են սեփական քաղաքականությունը: ՀԱՊԿ-ը ևս կարևոր հարթակ է, ուր կա անդամ պետությունների հետ երկկողմ աշխատանքի լայն հնարավորություն: Եվ ՀՀ նախագահը հենց այդ ամբիոնն օգտագործեց մեր դիրքորոշումը տեղ հասցնելու համար` պետությունների ղեկավարներին հիշեցնելով իրենց դաշնակցային պարտավորությունների մասին ու պահանջելով կատարել դրանք: Եթե Հայաստանը չլիներ ՀԱՊԿ անդամ, այդ հնարավորությունը չէր ունենա:
Երկրորդ, ես չեմ ասում, որ ՀԱՊԿ անդամ մյուս երկրները չեն աջակցելու, անկախ ամեն ինչից նրանք հաշվի են առնելու, որ Հայաստանն այդ կառույցի անդամ է, ինչը զսպիչ հանգամանք է: Ցանկացած դեպքում, Հայաստանի ՀԱՊԿ անդամակցումը շատ կարևոր է: Բերեմ մեկ օրինակ. ՊՆ նախարարների նիստերից մեկի ժամանակ, որին մասնակցում էի նաև ես, Ադրբեջանը հակահայակական հարց բարձրացրեց, թե ՌԴ-ն պետք է դադարեցնի Հայաստանին, իբրև թե, ապօրինի զենք մատակարարել: Ադրբեջանն ակնկալում էր, որ ՀԱՊԿ անդամ պետությունները կքննադատեն ու իր համար նախընտրելի որոշում կընդունեն, սակայն բոլորը մերժեցին Ադրբեջանի առաջարկը: Այնպես որ, կասկածի տակ դնել Հայաստանի ՀԱՊԿ-ին անդամակցության նպատակահարմարությունը` վտանգավոր է հենց մեզ համար:

-Նախագահի ելույթից օրեր անց կոշտ հայտարարություն հնչեցրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան` ասելով, թե իրենք տագնապած են, որ ԼՂ շփման գծում կիրառվում են ծանր սպառազինություններ, տանկեր, կան մարդկային կորուստներ, ու հավելեց, թե ՀԱՊԿ պետությունների քաղաքական ռեսուրսը պետք է օգտագործվի, չպետք է թույլ տալ, որ հակամարտությունը վերաճի լայնամասշտաբ բախումների: Ի՞նչ ակնկալել ասվածից:

-Սա ՀՀ նախագահի ելույթի տրամաբանական շարունակությունն էր: Բորդյուժան իր ելույթով պարզ ասաց, որ այդ ուղղությամբ աշխատանք կա կատարելու, և դրա համար պետք է օգտագործել պետությունների քաղաքական ռեսուրսը: Նրա խոսքը զսպիչ դեր ունեցավ Ադրբեջանի համար: Վերջինս շատ ուշադիր հետևում է Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի կողմից հնչող հայտարարություններին, հաճախ դրանց արձագանքում` ասելով, թե ՀԱՊԿ-ը Ղարաբաղի հետ կապ չունի: Դա իհարկե Ադրբեջանի ցանկությունն է: Բայց մենք պետք է հիշենք ՌԴ նախագահի և ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունները, որոնցում ասվում է` Ռուսաստանը կդիմի բոլոր հնարավոր քայլերին, որպեսզի թույլ չտա պատերազմի վերսկսում: Ի դեպ, այս մտքերը հնչեցին նաև ՄԱԿ-ի ամբիոնից:

-Վերջերս քննարկման թեմա դարձավ, թե ինչպե՞ս բնորոշել Արցախի, Հայաստանի պետական սահմաններին տիրող իրավիճակը. մենք խաղաղության մեջ չենք ապրում, բայց տեղի՞ն է ասել, որ պատերազմի մեջ ենք:

-Պատերազմական իրավիճակն ունի իր իրավական ու ռազմական գնահատականը: Եթե ասում ենք, որ պատերազմի մեջ ենք, կնշանակի մեր բանակը պետք է բերել մարտական պատրաստության, հայտարարել մոբիլիզացիա, նույնը պետք է անի նաև Ադրբեջանը: Չնայած լարվածությանը, բայց այս ամենն այսօր չկա:
1994-ին Հայաստանը, Ղարաբաղն ու Ադրբեջանը ստորագրել են զինադադարի եռակողմ պայմանագիր: Ուրեմն, պետք է խոսել այն մասին, թե կողմերը պահպանո՞ւմ են այդ պայմանագիրը: Փաստն այն է, որ Ադրբեջանը հաճախ է կոպտորեն խախտում այն, բայց դա չի նշանակում, որ պայմանագիրը չի գործում: Եթե չի գործում, ուրեմն կողմերից որևէ մեկը պետք է հայտարարարի, որ ինքը դուրս է գալիս պայմանագրից ու սկսում է լայնածավալ պատերազմ: Սա արդեն նոր իրավիճակ կստեղծի: Բայց կողմերից որևէ մեկը նման հայտարարություն չի արել, հետևաբար, պատերազմի մասին խոսք լինել չի կարող: Կրկնում եմ, սա իրավիճակ է, ուր գործ ունենք զինադադարի պայմանագրի խախտման հետ և ոչ թե պատերազմի:

Վերջին մեկ ամսում Հայաստանի ռուսական ռազմաբազան համալրվեց ռուսական ժամանակակից զինատեսակներով, այդ թվում և ՙՏախիոն՚ անօդաչու թռչող սարքերով: Եվ մեզանում զարմանալիորեն խոսակցություններ շրջանառվեցին, թե Գյումրու ռազմաբազան զինելը Հաայստանի հետ առնչություն չունի, որ դրանով Ռուսաստանն ընդամենը Թուրքիային է ուժ ցույց տալիս: Ի վերջո, այդ զենքը գալիս է Հայասատան, որքանո՞վ են տրամաբանական նման շեշտադրումները:

-Գործ ունենք Հայաստանի շահերից բխող քայլի միտումնավոր արժեզրկման հետ: Նման մտքեր ասողները նախ պետք է հասկանան տարածաշրջանում ներկայումս տիրող վիճակը: Մենք գտնվում ենք սառը պատերազմի իրավիճակում. Ադրբեջանի հետ ստորագրված է զինադադարի պայմանագիր, Թուրքիան ու Ադրբեջանը 25 տարի շրջափակել են Հայաստանը, իսկ շրջափակումը, համաձայն միջազգային իրավունքի, պատերազմի բաղադրիչ է: Երբ Թուրքիայի վարչապետը, ԱԳ նախարարը ասում են մենք կօգնենք, որ Ղարաբաղը ազատագրվի, սա խոսում է այն մասին, որ Հայաստանի և Թուրքիայի մեջ կա սառը պատերազմական իրավիճակ:

Գյումրու ռուսական ռազմաբազայի պայմանագրի համաձայն, ինչն ի դեպ եղել է հայկական կողմի ցանկությամբ ու առաջարկով, պետք է ապահովվի Հայաստանի ռազմական անվտանգությունը Թուրքիայի և Ադրբեջանի հնարվոր ագրեսիայից: Իսկ այդ սպառնալիքն այսօր շատ մեծ է, այն ոչ թե ենթադրելի է, այլ իրական: Վերլուծեք Թուրքիայի պահվածքը, նրա քաղաքականությունը Սիրիայի, Իրաքի, Իզրայելի հանդեպ ու կհամոզվեք, որ Թուրքիան նախընտրում է հարցերը լուծել միմիայն ուժով, ռազմական գործողություններով: Հայաստանի հանդեպ Թուրքիան նման ոտնձգություն չի կատարում միայն մեկ պատճառով, որ այստեղ կա ռուսական ռազմաբազա:

Հիշեցնեմ, որ 1993-ին Թուրքիան Հայաստանի սահմաններին մոտեցրեց 3-րդ դաշնային բանակը ու հայտարարեց` եթե հայկական զորքերը չազատեն Քելբաջարը, ապա թուրքական զորքերը կներխուժեն Հայաստան: Եվ միայն Ռուսաստանի միջամտությամբ կանխվեց թուրքական ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ: Նման իրավիճակում Գյումրու ռուսական ռազմաբազայի վերազինումը, պարզ չէ՞, որ բխում է հենց մեր շահերից: Իսկ հակառակ խոսակցություններն, ի դեպ, ոչ թե հակառուսական են, այլ հակահայկական:

Հայաստանում շարունակաբար շահարկվեց նաև ՌԴ նախագահ Վ. Պուտինի` ռուսական ինքնաթիռի խոցումից հետո ասված խոսքերը, թե ՙՌուսաստանը պատրաստ էր թուրքերին ընդառաջ գնալ բավականին նուրբ հարցերում, այնքան, ինչքան մինչև իսկ Թուրքիայի դաշնակիցները պատրաստ չէին՚: Ոմանք «ՙընդառաջ գնալը՚ համարեցին ԼՂ հարցում Հայաստանին զիջումներ պարտադրելու քայլ, իրենց ենթադրությունը փորձելով հաստատել մինչ ինքնաթիռի խոցումը ռուս-թուրքական ջերմացած հարաբերություններով:

-Նման բան չկա, ի՞նչ է նշանակում Հայաստանի կամ Ղարաբաղի հաշվին ինչ-որ քայլ անել: Բոլորը պետք է գիտակցեն, որ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակից պետություններ են և Ռուսաստանը երբեք չի գնա քայլերի, որոնք կվնասեն Հայաստանին: ԼՂՀ-ն կայացած պետություն է, ու երբեք Ռուսաստանը այդ կայացած պետության հաշվին չի գնա զիջման: Նման զիջումը կնշանակի թուլացնել իր ամենահավատարիմ դաշնակցին: Այդպիսի վերլուծություններում տրամաբանություն չկա: Այդպիսիք թող հիշեն Պուտինը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից հնչեցրած ելույթը: Նա մերժեք Թուրքիայի հրավերը, եկավ Հայաստան ու շատ կարևոր մտքեր ասաց:

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ապա դրանք երբեք ջերմ չեն եղել: Ռուսաստանի ազգային դոկտրինում գրված է, որ Ռուսաստանի համար սպառնալիք ներկայացնող երկրներ են համարվում ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և թուրքական բանակը համարվում է թշնամական բանակ:
Խոսել ռուս-թուրքական ջեմացումից շատ սխալ է: Այլ բան են տնտեսական նորմալ հարաբերությունները, իսկ Ռուսաստանն իր տնտեսության խնդիրն էր փորձում լուծել` Թուրքիային օգտագործել իր շահերի համար Արևմուտքի հետ լարված հարաբերությունների փուլում: Դրա արդյունքում էր, որ Թուրքիան չմիացավ Ռուսաստանի դեմ իրականացվող արևմտյան պատժամիջոցներին: Բայց ասել, թե ՌԴ-ն ու Թուրքիան բարեկամ երկրներ են`իրականությանը չի համապատասխանում:

-Պարոն Հարությունյան, չե՞ք նկատում, որ Հայաստանում առավել ակտիվորեն սերմանվում են հակառուսական տրամադրություններ, ոչ տեղին շահարկվում են ռուսական կողմի քայլերը, երբեմն այն աստիճան, որ դրանք անգամ հակահայկական երանգ են ստանում:

-Գնում է տեղեկատվական պատերազմ: Կան պետություններ, որոնք մեզ դիտում են թշնամի երկիր, այդպիսիք են Ադրբեջանն ու Թուրքիան: Սրանք ռազմավարական խնդիր են լուծում, այն է` փչացնել թշնամի երկրի հարաբերությունները դաշնակից երկրների հետ: Եվ իրենց հատուկ ծառայությունների միջոցով ամեն ինչ անելու են հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու ուղղությամբ:

Պետք է հիշենք, որ Հայաստանի, Արցախի հանդեպ թուրք-ադրբեջանական տանդեմի մտադրությունները զսպող գործոն են մեր բանակի մարտունակությունը, հայ-ռուսական հարաբարությունները, Հայաստանում ռուսական բազայի առկայությունը: Դրա համար դրսից աշխատում են հասնել նրան, որ Հայաստանից դուրս բերվի ռուսական ռազմաբազան: Մեր թշնամին Հայաստանում գտել է մարդկանց, որոնք լծվել են այդ քարոզչության իրականացմանը: Ահա թե ինչո՞ւ ենք մենք հաճախ լսում ոչ համարժեք գնահատականներ: Ուշադիր եղեք ու կհամոզվեք, որ հակառուսական տրամադրություններ սերմանողները ջերմեռանդորեն խոսում են հայ- թուրքական հարաբեությունների կարգավորումից:

Մի բան փաստ է, հակառուսական տրամադրություններ սերմանողները սպասարկում են ոչ թե Հայաստանի շահերը, այլ բոլոր այն պետությունների, որոնք շահագրգռված են Հայաստանի թուլացմամբ:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Ադրբեջան, Զինված ուժեր, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն