Գլխավոր » Society, Առողջապահություն, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական

«Չփորձե՛ք պղծել Քրիստոսի մարմինը, դարեր շարունակ նորմալ հաց ենք կերել, հանգիստ թողեք»

Դեկտեմբեր 25, 2015թ. 20:24

Տարին մոտենում է ավարտին, խորհրդարանը գնաց արձակուրդ, սակայն անցնող տարվա ընթացքում մեր հասարակության մեծամասնությանն առավել հուզող խնդիրներից մեկի առնչությամբ իշխանություններն այդպես էլ չկայացրեցին այն վերջնական որոշումը, որը կփարատեր բազմահազար մարդկանց մտահոգությունը:

Խոսքը շատերի առողջության, իսկ ոմանց նաև կյանքի համար վտանգավոր սինթետիկ, արհեստական նյութով` ֆոլաթթվով, ինչպես նաև երկաթի միացությամբ (պրեմիքսներով) ցորենի ալյուրի պարտադիր հարստացման խայտառակ ծրագրի մասին է, որին վերջակետ չդրվեց: Պարզապես Ազգային ժողովում հետաձգվեց տխրահռչակ օրենսդրական փաթեթի ընդունումը: Նախ նշենք, որ այս խնդրի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան պաշտոնյաների պատասխանների մի մասը մինչ այժմ խուսափողական է եղել, ակնհայտորեն չի բավարարել այդ պատասխանները ստացողներից շատերին, իսկ պատասխաններից որոշներն էլ պարզապես չեն համապատասխանում իրականությանը կամ դեմագոգիկ բնույթ ունեն: Ահավասիկ…

Ինչպես հայտնի է, այս առնչությամբ բարձրացված հարցերից մեկն էլ այն է, որ պրեմիքսներով հարստացված ալյուրից պատրաստված հացը և այլ սննդամթերքներ պարտադիր մակնշված լինեն հենց այդպիսի ալյուրից պատրաստված լինելու մասին, որպեսզի սպառողները հնարավորություն ունենան ընտրություն կատարելու: Այսինքն` եթե չեն ուզում այդպիսի ալյուրից պատրաստված հաց, հացամթերքներ, թխվածքեղեն, մակարոնեղեն գնել, նախապես իմանան այդ մասին ու չգնեն:

Եթե առանց այդպիսի սննդամթերքի էլ նրանց օրգանիզմում բարձր է երկաթի միացությունների և ֆոլաթթվի պարունակությունը, կամ եթե դրանց հավելյալ քանակությունների ընդունումից առողջական խնդիրներ կարող են ունենալ, ապա դարձյալ կարողանան նախապես իմանալ այդ մասին, որպեսզի չգնեն ու չօգտագործեն պրեմիքսներով հարստացված ալյուրից պատրաստված սննդամթերք:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի, «Առողջապահության նախարարությունը գտնում է, որ դա պետք է լինի իրական, պետք է համապատասխանի իրականությանը, և այդ պիտակների վրա պետք է լինի նաև մեր կողմից առաջարկված գրառումը»:
Շատ լավ, հացի մակնշման պահանջը Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագծով նախատեսված լինելուց բացի, նախատեսված է նաև «Սննդամթերքի անվտանգության մասին» գործող օրենքով: Բայց ո՞րն է իրականությունը… Երևանում, առավել ևս` ամբողջ Հայաստանում արտադրված և իրացվող հացերի քանի՞ տոկոսն է փաթեթավորված ու մակնշված: Պատասխանը բոլորիս է հայտնի` չնչին տոկոսը: Վստահաբար կարելի է ասել, որ վաղն էլ է նույնը լինելու, հակառակի որևէ երաշխիք չկա:

Առավել ևս, որ գյուղատնտեսության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, եթե նույնիսկ կոռուպցիայի մասին չխոսենք, ֆինանսական, կադրային, տրանսպորտային համապատասխան հնարավորություններ չունի` բավարարին գոնե մոտ վերահսկողություն իրականացնելու, հացի մակնշման վերաբերյալ օրենքի պահանջի կատարումն ապահովելու համար:
Վերը նշվածի պարագայում ինչպե՞ս կարելի է իրականությունից այդքան անխղճորեն կտրվել, իրականությանն իբր անտեղյակ ձևանալ ու շահարկել այն հանգամանքը, որ օրենքի նախագծում կա պրեմիքսներով հարստացված ալյուրից պատրաստված հացի մակնշման պահանջ: Հետո ի՞նչ, քանի՞ լումա արժե այն, երբ բոլորիս քաջ հայտնի է հայաստանյան իրականությունը:

Ապշել կարելի է, թե առողջապահության նախարարության պատասխանատուները, որոնք հենց իրենք են կոչված հոգ տանելու բնակչության առողջության մասին, ինչպե՞ս կարող են թեթևամտորեն վերաբերվել մի հարցի, որն առնչվում է բոլորիս կամ թեկուզ շատ մարդկանց առողջությանը:
Ավելին. եթե մի պահ նույնիսկ ընդունենք, թե պրեմիքսներով հարստացված ալյուրից պատրաստված հացն այդ կապակցությամբ մակնշվելու է, ապա չէ՞ որ խնդիրը միայն հացին չի վերաբերում: Բա ալյո՞ւրը, որը հենց ինքն է պրեմիքսներով հարստացվելու, բա այդ ալյուրից պատրաստված մակարոնեղենը և այլ սննդամթերքնե՞ր… Ընդգծենք, որ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի մերժելի նախագծով ոչինչ չի նախատեսված ալյուրի և ալյուրից պատրաստված սննդամթերքներում պրեմիքսների պարունակության դեպքում դրանց մակնշման վերաբերյալ:
Ավելին. հացաթխման տեխնոլոգիական հետազոտություն չի կատարվել և հայտնի չէ, թե հացաթխման գործընթացում ի՞նչ քիմիական ռեակցիաներ կարող են առաջանալ ֆոլաթթվի, երկաթի միացության և հացարտադրության մեջ լայնորեն օգտագործվող փխրեցուցիչների և այլ հավելանյութերի միջև, այս առումով հացի մեջ ինչ վերջնանյութեր կարող են առաջանալ:

Հայտնի է, որ ցանկացած սննդամթերք, այդ թվում նաև` ալյուրը, ունի իր պահպանման ժամկետը, և սննդում ժամկետանց սննդամթերքի օգտագործումն այս կամ այն չափով վտանգավոր է մարդու առողջության համար, հետևաբար՝ անթույլատրելի և արգելված: Սակայն բոլորովին այլ է պրեմիքսներով չհարստացված ժամկետանց ալյուրի ներկայացրած վտանգը, և բոլորովին այլ և, իհարկե, ավելի մեծ է ֆոլաթթու, երկաթի միացություն, առաջիկայում, հնարավոր է, արհեստական նաև այլ վիտամինահանքանյութային հավելումներ պարունակող ժամկետանց, ջերմաստիճանային կամ օդի հարաբերական խոնավության անթույլատրելի պայմաններում պահպանված ալյուրի ներկայացրած վտանգը:

ՀՀ բազմահազար խանութներում և այլ վաճառակետերում կշռաչափմամբ վաճառվում է տուփերով չփաթեթավորված, արտադրության ու պահպանման ժամկետի մակնշում չունեցող տեղական արտադրության ալյուր: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը գործնականում կադրային և այլ հնարավորություններ չունի այս առումով բավարար վերահսկողություն իրականացնելու: Այսինքն` այտնաբերելու և արգելելու ժամկետանց կամ անթույլատրելի ջերմաստիճանի, խոնավության պայմաններում պահվող ալյուրի վաճառքը կամ դրա օգտագործումը հացարտադրության ոլորտում:

Վերը նշվածի առումով հիշյալ օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 1-ին կետն ու դրա 2-րդ ենթակետը («Բնակչության շրջանում միկրոտարրերի և վիտամինների անբավարարության կանխարգելման ոլորտում պետական կարգավորման հիմնական ուղղություններն են»` «հարստացված ցորենի ալյուրի, ինչպես նաև հարստացված ցորենի ալյուրից պատրաստված սննդամթերքի և միկրոնուտրիենտների որակի և անվտանգության նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը») ընդամենը հռչակագրային կամ, ըստ էության, ձևական բնույթ ունեն: Սպառողն առավել ևս գործնականում չունի իրացման համար անթույլատրելի անորակ կամ վտանգավոր ալյուրի և այդպիսի ալյուրից պատրաստված սննդամթերքի վաճառքը հայտնաբերելու, հետևաբար ահազանգելու հնարավորություն:
Որևէ նշանակություն չունի ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մայրական և վերարտադրողական բաժնի ղեկավար Գայանե Ավագյանի ասածը, թե «Հացի որակի նկամամբ խիստ հսկողություն է լինելու», և որ մի ավելորդ վերահսկող մեխանիզմ է կիրառվելու: Նշանակություն չունի նախ այն պատճառով, որ հացն, իրոք, կարող է անորակ չլինել նաև այն դեպքում, երբ ալյուրը պարունակում է ֆոլաթթու և երկաթի միացություն, դրանց առկայությունը որակի հետ կապ չունի, որակն այլ հատկանիշներով է որոշվում:

Երկրորդ` հացի որակի նկամամբ խիստ հսկողությունն այսօր մինչև ողնուծուծը կոռումպացված Հայաստանում միայն անհուսալի միամիտներին կարող է հավատ ներշնչել: Հացի արտադրության, տեղափոխման և իրացման ոլորտում այսօր տիրող խայտառակ ու նույնիսկ հանցավոր վիճակն ինչպե՞ս կարող է հուսադրել, թե հացի որակի նկամամբ խիստ հսկողություն է լինելու:
Թուրքիայից, այլ երկրներից Հայաստան են ներկրվում հացի տարբեր, այսպես կոչված, բարելավիչներ, որոնք հացարտադրողները, մեծամասամբ անտեղյակ կամ չհասկանալով դրանցից բխող վտանգը, իրենց շահույթն ավելացնելու կամ նույնիսկ գերշահույթներ ստանալու համար հավելում են հացի խմորին` ավելացնելով տարբեր հիվանդություններով բնակչության հիվանդացածության ռիսկը` առավել ես, եթե այդ «բարելավիչները» ժամկետանց են կամ խառնվում են չափից մեծ քանակություններով: Իսկ ի՞նչ արեցին պետական համապատասխան մարմինները դրանից հետո… Ըստ էության, ոչինչ էլ չարեցին, քանի որ նույն վտանգավոր ու խայտառակ վիճակը պահպանվում է մինչ այժմ: Հացարտադրության մեջ այդ «բարելավիչների» անվերահսկելի գործածումը շարունակվում է` չնայած նույնիսկ այն հանգամանքին, որ հացի վերաբերյալ Հայաստանի ստանդարտով (ՀՍՏ 31-99) այդ «բարելավիչների» օգտագործում նախատեսված չէ:

«Մենք փխրեցուցիչների առնչությամբ արդեն վեցերորդ տարին կռվում ենք, ասում ենք` եթե դա վնաս չէ, մտցրեք Հայաստանի ստանդարտի մեջ, գրեք, պատասխանատվությունը վերցրեք ձեր վրա, որ վաղը եթե ժողովրդի մոտ այս կամ այն հիվանդությունն առաջանա, գտնենք այն մարդուն, որը դրա պատասխանատվությունն իր վրա է վերցրել»,- ասաց քիմիական գիտությունների թեկնածու, 1987-1990 թթ. «Կենսատեխնոլոգիա» գիտաարտադրական միավորման տեխնոլոգիական բաժնի վարիչ. Հայաստանի տեխնոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Սելիմյանը:

Վերը նշվածը, կարծում ենք, արդեն ցայտուն կերպով բնութագրում է իշխանության վերաբերմունքն այնպիսի ոչ սովորական սննդամթերքի նկատմամբ, ինչպիսին հաց հանապազօրյան է:
Եզրափակենք մեր հոդվածն այս խնդրի առնչությամբ Հանրային խորհրդի լիագումար նիստում հիշյալ խորհրդի անդամ Հենրիկ Հովհաննիսյանի ելույթի մեջբերմամբ.
«Ես ուզում եմ մի անգամ էլ հարցին մոտենանք ոչ գիտական, կրոնական տեսակետից,- ասաց Հ. Հովհաննիսյանը։- Այստեղ Էջմիածնի ներկայացուցիչը պետք է լիներ, մեր խորհրդի անդամ է: Կարճ օրինակ եմ ուզում բերել. 15-16-րդ դարերում իտալացի միսիոներները, երբ երկաբնակություն էին քարոզում Հայաստանում, գալիս, հայ քահանաներին ապացուցում էին շատ լավ, փիլիսոփայական բոլոր փաստարկներով` Քրիստոսի երկու բնության հարցը։ Հայ քահանաներն էլ կիսագրագետ մարդիկ էին, կիսատգետ, ասում էին` հա, ինչ կա որ, համոզվում էին:

Բայց երբ նրանք ասում էին` պատարագի գինու մեջ պիտի ջուր խառնես, հայ քահանան գոռում էր, ասում էր` հեռո՛ւ, սրբապիղծ, չփորձես պղծել Քրիստոսի արյունը:

Ես հիմա ասում եմ` չպղծեք Քրիստոսի մարմինը, հացը սրբություն է, նաև կրոնական սրբություն, դարեր շարունակ նորմալ հաց ենք կերել, մարդիկ, հանգիստ թողեք: Ոչ թե մենք պետք է այսօր սա քննարկենք (կարծում եմ, քննարկումը լուրջ չէ), մենք պետք է սա դատապարտենք: Եվ եթե դա չի լինի, ես դրանով եմ զբաղվելու, խոսք եմ տալիս, որովհետև սա սրբապղծություն է, սա դատապարտելի է»:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
nyut.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Առողջապահություն, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն