Գլխավոր » Society, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն

Սահմանադրության այս փոփոխություններին հիմնականում աղանդավորները, կաշառակերները, թալանչիներն են կողմ քվեարկելու

Նոյեմբեր 25, 2015թ. 22:51
Սոս Գիմիշյան

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը մեզ հետ հարցազրույցում ներկայացրեց իր դիտարկումները ՀՀ իշխանությունների կողմից առաջարկվող Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ:Սոս Գիմիշյանի համոզմամբ, Սահմանադրության այս փոփոխությունների միջոցով փորձ է արվում հայ ժողովրդի նկատմամբ կատարել հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածից ավելի մեծ ոճրագործություն, քանի որ այդ փոփոխությունների անցկացման դեպքում դրսից վերցված ու մարդկայինը վերացնող համակարգը կներդրվի Հայաստանում:

– Ի՞նչ հիմնական խնդիրներ, վտանգներ եք տեսնում Սահմանադրության այն փոփոխություններում, որոնք դեկտեմբերի 6-ին դրվելու են հանրաքվեի:

– Սահմանադրության փոփոխությունների հիմնական խնդիրները մեր արժեհամակարգի, մարդու մեջ մարդկայինի վտանգման, ոչնչացման հետ են կապված, մենք դրանք շատ ավելի ենք կարևորում, քան այն, թե երկրի կառավարումը նախագահակա՞ն կլինի, թե խորհրդարանական: Արժեհամակարգի հետ կապված և առավել կարևոր այդ փոփոխություններին ես առաջիկայում կանդրադառնամ առանձին:
Ինչ վերաբերում է նախագահակա՞ն, թե խորհրդարանական կառավարում հարցին, ապա իշխանության որակից է կախված, թե երկրում ինչպիսի կառավարում է իրականացվում: Եթե իշխանությունը որակ չունի, ուզում է խորհրդարանական, ուզում է նախագահական համակարգ ունենանք, որևէ տարբերություն չկա:

Աշխարհում բազմաթիվ երկրներ կան, որտեղ բռնապետ է եղել, բայց ինքը ծառայել է իր երկրին, իր աշխատանքը նվիրել է երկրի բարգավաճմանը, պետության ու ժողովրդի շահերին: Կամ` Չինաստանը միապետական, միակուսակցական երկիր է, բայց այսօր ամբողջ աշխարհի աչքերի առաջ զարգացում է ապրում, այն էլ` ինչպիսի զարգացում, 15-20 տարում Միացյալ Նահանգների տնտեսությանն անցավ: Միաժամանակ կան բազմաթիվ դեմոկրատական երկրներ, նաև` խորհրդարանական կառավարում ունեցող, որոնք խեղճուկրակ, խայտառակ վիճակում են:

Գիտեք, այս առումով մեր իշխանությունները շատ են նման այն կկվին, որն իրար հետևից փոխում է բունը, գիտե բնից է հոտը, մինչդեռ հոտն իրենից է, հիմնախնդիրն իր մեջ է: Կարմիր կովն իր կաշին չի փոխելու, ինչ համակարգ ուզում է բերեն, կիրառեն: Դեռևս Բիսմարկն է ասել` եթե դուք վատ օրենքների պարագայում ունեք լավ թիմ` քաղաքական և պետական գործիչների, ապա դուք կարող եք երկիրը նորմալ զարգացնել, տանել առաջ, եթե ունեք լավ օրենքներ, բայց վատ թիմ, ոչ մի ձևով, ոչ մի տարբերակով չեք կարող հաջողության հասնել երկրի կառավարման հարցերում:

– Սահմանադրության փոփոխություններով նախատեսված պետության կառավարման մոդելի փոփոխությունը` նախագահական կառավարումից խորհրդարանական կառավարման անցնելը, այս իրավիճակում ընդհանրապե՞ս որևէ նշանակություն չունի:

– Ոչ, դա էլ իր կարևորությունն ունի, Հայաստանի խորհրդարանական կառավարումը նույնպես մերժելի է, բայց ոչ թե երկիրն այս վիճակից հանել-չհանելու, զարգացում ապահովել-չապահովելու, այլ բոլորովին այլ առումով: Սահմանադրության այս փոփոխությունները, իմ կարծիքով, հեշտացնում են Լեռնային Ղարաբաղի հանձնման գործընթացը:

– Ինչպե՞ս…

– Որևիցե նախագահ անձնական պատասխանատվություն իր վրա չի վերցնի, որ Ղարաբաղի հանձնման որևէ փաստաթղթի տակ ստորագրի կամ այդ մասին հայտարարություն անի, որովհետև ինքը շատ լավ հասկանում է` երեխաներին, թոռներին, պապերի գերեզմանները, ամբողջը հայ ժողովուրդը շուռ կտա: Իսկ խորհրդարանական կառավաման դեպքում կլինի կոլեկտիվ անպատասխանատվություն, փակ գաղտնի քվեարկությամբ կարող են ներկայացնել, որ մեծամասնությունը սա որոշեց, ու վե՛րջ:
Ինչպես արդեն հասկանալի է, խորհրդարանական կառավարումը հանձնումը: Սա` առաջին դիտարկումս:

Երկրորդ դիտարկումս. այժմ այսպիսի իրավիճակ է. այսօրվա դրությամբ Հայաստանի գործող նախագահի նկատմամբ Ռուսաստնն շատ ավելի լուրջ լծակներ ունի ազդելու, քան Արևմուտքը, իսկ խորհրդարանական կառավարման պարագայում, երբ որ նախագահ չկա, խորհրդարանի վրա ազդելու Արևմուտքի հնարավորությունն է ավելի մեծ: Ազգային ժողովի անդամների մեծ մասի թալանած գումարները և գույքն Արևմուտքում են գտնվում, կոպիտ ասած, նրանց պոչն Արևմուտքի ոտքի տակ է, նախագահ չկա, որի վրա Ռուսաստանն ազդի, Ռուսաստանի ազդեցությունը խորհրդարանի վրա զրոյի է ձգտում, իսկ Արևմուտքը շատ հեշտ կարող է կառավարել: Սահմանադրության այս խայտառակ փոփոխությունների նախագծին պատգամավորներից 104-ի կողմ քվեարկելը, կարծում եմ, դրա օրինակներից մեկն է, մեկ այլ օրինակ էլ գենդերի մասին օրենքին կողմ քվեարկելն է, դրանք բոլորն էլ Արևմուտքի ճնշման ներքո են անցել: Հիշենք նաև օրենսդրական այն քայլերը, որոնք լավացրեցին աղանդների, աղանդավորների վիճակը: Օրինակներ եմ բերում առ այն, որ Արևմուտքի համար խորհրդարանում իր ուզածին հասնելը դժվար չէ:

Ինձ համար շատ ավելի, սարսափելի տպավորություն են թողնում Սահմանադրության փոփոխությունների այն դրույթները, որոնք փաստորեն մարդու մեջ մարդկայինը ոչնչացնելուն են ուղղված: Դա համաշխարհային գործընթաց է, համաշխարհային ծրագիր է, տարբեր երկրներում նույն ձևով իրականացվում է, եկավ հասավ նաև Հայաստան: Եվրոպան մարդկային էության, բարոյականի, հոգևորի հետ կապված շատ-շատ բան կորցրել է արդեն: Եթե քրիստոնեական եկեղեցիներ են քանդում և տարեկան 1000-1500 եկեղեցի օտարվում, դառնում է լավագույն դեպքում մշակույթի տուն, իսկ դրանից բացի, դարձվում է ինչ ասես, կարծում եմ, կարելի է արդեն պատկերացում կազմել, թե այնտեղ ինչ է կատարվում: Վերջերս Շվեդիայում, Ստոկհոլմի կենտրոնական մասում գտնվող եկեղեցին վաճառել են, ֆրանսիական PSZ թիմի հայտնի ֆուտբոլիստ, ազգությամբ շվեդ Իբրահիմովիչն էլ գնել է, եթե առաջ այդտեղ աղոթք էին կարդում, հոգևոր կյանքով ապրում, հիմա ինքն այնտեղ իր կնոջ հետ է ապրելու, զուգարան է գնալու, դարձրել է իր տունը: Այսպիսի բազմաթիվ օրինակներ կան:
Սահմանադրության փոփոխություններում չորս հիմնական խնդիր կա, որոնք ինձ համար առավել անընդունելի են:

– Եվ որո՞նք են դրանք:

– Նախ մեր եկեղեցին իր դիրքերից իջեցվում, հավասարեցվում է աղանդներին, աղանդները բարձրացվում, բերվում, հավասարեցվում են մեր եկեղեցուն, և աղանդներին տրվում է ազատ գործելու իրավունք` ազատ քարոզելու, հոգեորսությամբ զբաղվելու… Այսինքն` աղանդները, որոնք կոչված են կրոնական կազմակերպություններ, ազատ գործելու իրավունք են ստանալու, իրավահավասար են դառնալու մեր Մայր եկեղեցու հետ: Ավելին. եթե գործող Սահմանադրությունում ֆիքսված է, որ պետության և Հայ Առաքելական Եկեղեցու առանձնահատուկ փոխհարաբերություններն ամրագրվում են օրենքով, հիմա գրված է, որ կարող են ամրագրվել օրենքով, այսինքն` կարող են և չամրագրվել: Սահմանադրության փոփոխությունների նախնական տարբերակում նույնիսկ նախատեսված էր օրենքը փոխել համաձայնագրով, որն օրենքից ավելի ցածր իրավական կարգավիճակ ունի և մեր եկեղեցու համար փաստացի չէր կարողանալու ապահովել որևէ նպաստավոր դիրք: Ակնհայտ երևում է քաղաքականությունը` աղանդներին մեծ տեղ տալու, երկրում հինգերորդ շարասյուն ստեղծելու: Սահմանադրության այս փոփոխություններին հիմնականում, բացի հայտնի կուսակցությունների շահագրգիռներից, աղանդավորները, այլասերվածները, մեկ էլ կաշառակերները, թալանչիներն են կողմ քվեարկելու:

Ես նույնիսկ գողությունն ու մարդասպանությունը կներեի, բայց Սահմանադրության այս փոփոխությունները` երբեք, քանի որ դրանով հայ ժողովրդի մարդկային որակների վերացման ծրագիր է իրականացվելու:

Երկրորդ խնդիրն արտաքին կառավարման ամբողջացումն է: Սահմանադրության փոփոխությունների կամ, ըստ էության, նոր Սահմանադրության նախագծի 81-րդ հոդվածն արտաքին կառավարում է հաստատում, առաջին անգամ նախատեսվել է միջազգային, դրսի կառույցներին մեկնաբանել մեր Սահմանադրությունը: Այսինքն` այն բոլոր միջազգային կառույցները, որոնցում Հայաստանը մասնակցություն ունի, որոնց հետ միջազգային պայմանագրեր ունենք, նրանք բոլորն իրավունք են ունենալու մեկնաբանել մեր Սահմանադրությունը Սա նշանակում է դրսից ուղիղ թելադրել: Թե այդ միջազգային կառույցներն ինչպես կմեկնաբանեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, պարզ է` իրենց շահերից ելնելով: Գլխավոր թալանչիներն այնտեղ են նստած, մեր ընդերքը և ենթակառուցվածքները դրսի թալանչիների ձեռքերում է:

Խոսքը, սակայն, միայն մեր հարստություններն ազատորեն թալանելու հնարավորության մասին չէ: Նույն` 81-րդ հոդվածը նաև հնարավորություն է տալիս համասեռամոլներին հասնել իրենց նույնասեռ ընտանիքների պետական գրանցմանը: Ըստ 81-րդ հոդվածի 1-ին մասի, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան: Այսինքն` Միջազգային կառույցների պրակտիկան կարող է հիմք ընդունվել` մեր Սահմանադրությունը նրանց կողմից մեկնաբանելիս, իսկ դա նշանակում է, որ իրենք` միջազգային համապատասխան մարմինները, կբեկնաբանեն ըստ իրենց այն որոշման, որ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր սեռը: Համասեռամոլների ընտանիք հիմնելու, պաշտոնապես գրանցելու և երեխա որդեգրելու իրավունքը դատական վճռով հաստատված է Եվրոդատարանի կողմից, այսինքն` սա նրանց համար անխախտելի իրավունք է:

Թող ընտրողներին չխաբեն, թե Սահմանադրության փոփոխությունների 35-րդ հոդվածով ընտանիք կարող են կազմել միայն կինը և տղամարդը միմյանց հետ: Այո, դա այդպես է, բայց 81-րդ հոդվածն ի չիք է դարձնում դա, և միասեռականներից բաղկացած ընտանիքներին այստեղ պետական գրանցման մերժում ստանալու դեպքում հնարավորություն է տալիս դատը շահել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որը Հայաստանին կպարտադրի գրանցել նրանց ամուսնությունը, ընտանիք լինելը կամ նրանց մեկը մյուսի հետևից հսկայական տուգանքներ վճարել պետբյուջեից, այսինքն` հարկատուներիս հաշվից: Դրա համար Վենետիկի հանձնաժողովի անդամներից մեկը լկտիաբար հայտարարում էր` 35-րդ հոդվածում ինչ ուզում եք` գրեք, մեկ է, համասեռամոլների ընտանիքների գրանցումը ձեր երկրում գործելու է: Այսինքն` խորամանկություններ են արել, ճիզվիտական ձևերով, 81-րդ հոդվածում այնպիսի բան գրելով, որ 35-րդ հոդվածը ոչ մի նշանակություն չունենա, փորձում են հասնել իրենց նպատակին ու կհասնեն, եթե իշխանությունները կարողանան անցկացնել այս փոփոխությունները:

Ընդգծեմ, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի 81-րդ հոդվածն իրավահավասար, իր իրավազորությամբ 35-րդ հոդվածից չտարբերվող հոդված է: Եվրոդատարանը երբ որ լսի համասեռամոլ զույգի բողոքը կամ գործը, ասելու է, որ թեև 35-րդ հոդվածով սահմանել եք, որ միայն կինն ու տղամարդը կարող են ընտանիք կազմել, բայց 81-րդ հոդվածի 2-րդ մասով էլ սահմանել եք, որ մարդու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները: Իսկ միջազգային նորմերով նախատեսված է, որ ով ում հետ ուզի, կարող է ամուսնանալ, մարդը կարող է ամուսնանալ նույնիսկ էշի, այծի կամ, ասենք, շան հետ, էլ ուր մնաց թե` տղամարդը տղամարդու կամ կինը կնոջ հետ:

Սահմանադրության փոփոխություններում մենք ունենք նաև հոդված, ըստ որի, Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքացուն կարող է հանձնել այլ պետությանը` միջազգային պայմանագրերից կամ միջազգային նորմերից ելնելով: Սա ևս արտաքին կառավարման դրսևորումներից մեկն է: Փոխանակ Սահմանադրությունում ամրագրեին այնպիսի դրույթ, ըստ որի, եթե մեր քաղաքացին խնդիր ունենա դրսում, մենք նրան բերելու ենք երկիր (հիշենք ինչպես վարվեց Ադրբեջանը Սաֆարովի պարագայում.- Ա. Հ.), որպեսզի այստեղ պատժվի կամ կրի իր պատիժը, վարվել են հակառակ կերպ:

Ինձ և ոչ միայն ինձ համար առավելապես անընդունելի է նաև Սահմանադրության փոփոխությունների այն դրույթը, որը վերաբերում է երեխաների իրավունքներին: Յուվենալ օրենսդրությունը գործում է Արևմուտքի շատ երկրներում, նրա նպատակն է իրենց ծնողներից դժգոհ կամ նրանց նկատմամբ զայրացած երեխաներին ընտանիքներից օտարել և փոխանցել հատուկ նրանց համար ստեղծված ապաստարաններին, որտեղից այդ երեխաներին այսօր Արևմուտքում որդեգրելու իրավունք ունեն նաև միասեռականներից բաղկացած ընտանիքները, վաղն այդ իրավունքն այդպիսի ընտանիքները կունենան նաև Հայաստանում, եթե իշխանությունները կարողանան անցկացնել Սահմանադրության այս փոփոխությունները: Յուվենալ օրենսդրությունը նպաստավոր է նաև երեխաների օրգանների հանցավոր վաճառքով զբաղվողների համար: Սա լուրջ բիզնես է, և այստեղ էլ կան մարդիկ, որոնք այդ առումով շահագրգիռ են Սահմանադրության փոփոխությունների միջոցով երեխաներին նոր իրավունքներ տալով, ծնողների համար նոր պարտականություններ սահմանելով և յուվենալ օրենսդրության համար հիմք նախապատրաստելով:

Ես հույս ունեմ, որ, ուշ թե շուտ, տարբեր ազգերի ժողովուրդներ կստեղծեն մի միջազգային դատարան (ինչպես Նյուրնբերգյան դատարանը ստեղծվեց մարդկության դեմ հանցագործություն կատարածներին դատապարտելու համար), որը պատասխանատվության կկանչի այս ամենի հեղինակներին: Նրանք պատասխան են տալու Հայաստանի Սահմանադրության այս փոփոխությունների համար: Ի հայտ են գալու բոլոր նրանք, ովքեր Սահմանադրության փոփոխությունների այս խայտառակ ձևակերպումների հետևում են կանգնած: Չեն մոռացվի նաև Ազգային ժողովի այն 104 պատգամավորները, որոնք այդ խայտառակ փաստաթղթին կողմ են քվեարկել, պատգամավոր լինելը նաև պատասխանատվություն է, և նրանք հատիկ-հատիկ կանչվելու են պատասխանատվության, որովհետև սա հանցագործություն է հայ ժողովրդի դեմ:

Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի
nyut.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն