Գլխավոր » TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն

Եվ դարձյալ ադրբեջանական խավիարը հաղթեց եվրոպական ողջամտությանը

Նոյեմբեր 25, 2015թ. 10:00
Naira KARAPETYAN, ArmeniaNaira KARAPETYAN, Arménie

ԵԽ ԽՎ-ում կրկին հաղթեց նավթն ու խավիարը, ու սոցիալական հարցերի հանձնաժողովի պատգամավորները 16 ձայնով կողմ քվեարկեցին բոսնիացի պատգամավոր Մարկովիչի հակահայ զեկույցին: Մեր զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, ԵԽ ԽՎ հայկական պատվիրակության անդամ ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:

ԵԽ ԽՎ բոսնիացի պատգամավորը ներկայացրեց զեկույց մի վայրի մասին, ուր երբեք չի եղել, դա Լեռնային Ղարաբաղի Հարապետությունն է, գրեց ԼՂՀ-ում գտնվող Սարսանգի ջրամբարի մասին, ինչը երբեք չի տեսել սեփական աչքերով: Բայց դա չխանգարեց, որ ԵԽ ԽՎ սոցիալական հանձնաժողովը կողմ քվեարկի այդ անհեթեթ փաստաթղթին:

-Այո, հարցի քննարկումը սկսվեց տեխնիկական փորձագետների եզրակացության ներկայացմամբ, ովքեր փաստեցին, որ սա հեղինակի կողմից միայն Ադրբեջան կատարած այցի արդյունքների վրա կազմված փաստաթուղթ է: Փորձագետները հայտարարեցին, որ այն ծանրակշիռ կդառնա, եթե ուսումնասիրությունները կատարվեն տեղում: Այս հարցում նրանք միանշանկորեն համաձայն էին հայկական պատվիրակության պնդումներին, թե ավելի ճիշտ կլինի այցելել Սարսանգի ջրամբար, ամեն ինչ տեսնել և ոչ թե հիմնվել google.net-ի ինֆորմացիայի հիման վրա, ինչպես արել է զեկուցող Ս. Մարկովիչը: Սակայն ԵԽԽՎ-ի միջոցներով հրավիրված փորձագիտական խմբի այս պնդումներն անգամ չունեցան իրենց ազդեցությունը և որոշ պատվիրակներ, ովքեր հատուկ եկել էին պաշտպանելու Մարկովիչի զեկույցը, այսինքն` Ադրբեջանի շահերը, կողմ քվեարկեցին:

-Եվ սա այն դեպքում, երբ ԼՂՀ իշխանություններն ընդառաջ գնալով ԵԽ ԽՎ քարտուղարության գլխավոր տնօրեն Մարիո Մարտինսի նամակին, համաձայնվել էին տիկնոջն ընդունել ԼՂՀ-ում ու ներկայացնել համարժեք փաստեր:

-Հենց այս հանգամանքը հաշվի առնելով հարցի քննարկման սկզբում մենք առաջարկեցինք` հետաձգել քննակումը ու շարունակել միայն զեկուցողի ԼՂՀ այցելությունից հետո: Տարբեր երկրների պատվիրակներ ևս հնչեցրին այս առաջարկը: Բոլորն էին ասում, իհարկե, Մարկովիչը պետք է գնա ԼՂՀ, տեղում իրականցնի իր փաստահավաք գործունեությունը: Սակայն, երբ հարցը դրվեց քվեարկության, մենք մեկ այլ պատկերի ականատես եղանք. հարցի քննարկման հետաձգմանը կողմ էին քվեարկեցին ընդամենը 9 պատգամավորներ, իսկ16-ը դեմ, կար 1 ձեռնպահ: Փաստորեն, ԵԽ ԽՎ ձևաչափով պատրաստվում են զեկույցներ, խոսքս Ուոլթերի և Մարկովիչի զեկույցների մասին է, երբ չի կարևորվում զեկույցի թեմա համարվող վայր այցելելը, փաստերին ծանոթանալը, ԵԽ ԽՎ կողմից հրավիրված տեխնիկական մասնագետի պնդումներն ընդունելը: Ես մտավախություն ունեմ, որ այս երկու դեպքերն էլ կարող են վատ նախադեպ դառնալ և ԵԽԽՎ-ն կարող է շեղվել իր հիմնական առաքելությունից:

-Միայն նավթն ու խավիարն ե՞ն ԵԽ ԽՎ-ում իրենց դերն ունենում, թե՞ կա այլ գործոններ ևս: Գուցե նաև իր ազդեցությունն ունեցավ ԵԽ ԽՎ-ում Ալիևի մատ թափահարելն ու սպառնա՞լը, թե դուրս կգան ԵԽ ԽՎ-ից, եթե եվրոպացիները չդադարեցնեն խոսել Ադրբեջանի քաղբանտարկյալներից, խոսքի ազատության բացակայությունից: Ու հիմա եվրոպացի պատգամավորները որոշել են Հայաստանի, ԼՂՀ-ի հաշվին սիրաշահել Ադրբեջանին:

-Գիտեք, Ալիևը խիստ անհասկանլի ֆիգուր է: Մի դեպքում նա ԵԽ ԽՎ այն բանաձևը, որով քննադատվում է Ադրբեջանը` իր քաղբանտարկյալներով, ժողովրդավարության կոլապսով, համարեց թղթի մի կտոր, մեկ այլ դեպքում իր ամբողջ ռեսուրսը, ներուժը, դոլարները, նավթն ու խավիրարը օգտագործեց, որպեսզի նույն կառույցն ընդունի այս երկու հակահայ բանաձևերը: Սա ապացույցն է այն բանի, որ Ալիևը հակասական անձնավորություն է: Բայց ես մի բանում վստահ եմ, Եվրոպայում կան բանական մարդիկ, ովքեր թույլ չեն տա, որ իրենց վրա մատ թափ տան: Խոսքիս ապացույցն է նաև այն, որ նույն եվրոպացիներն այսօր համախմբվում են ահաբեկչության դեմ պայքարում, նրանք վերջապես հասկացան, որ տոլեռանդությամբ շատ հեռու չեն գնա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից գործադրվող այլ միջոցներին, ապա դրանք, իհարկե կան: Տեսեք, հարցերի քննարկման ընթացքում մենք հիմնականում դրական զարգացում ենք նկատում, քանի որ հնչում են հայկական կողմի դիրքորոշումները պաշտպանող, հայանպաստ ելույթներ: Սակայն այդ դրական տրամադրվածությունը հանկարծ կոտրվում է քվեարկության ժամանակ ու պատկերը միանգամից փոխվում է: Այս հանգամանքը ինձ հուշում է հետևյալի մասին, որ ադրբեջանական կողմը նախապես ապահովում է քվեարկության արդյունքները` իր համար նախընտրելի պատգամավորների մասնակցությամբ: Իսկ դա արվում է տարբեր միջոցների գործադրմամբ:

ԵԽ ԽՎ պատգամավորները տեղյա՞կ են ԼՂՀ իշխանության պատրաստակամության մասին` ջրային ռեսուրսների համատեղ կառավարման շուրջ Ադրբեջանի հետ երկխոսություն սկսելու վերաբերյալ:

-Այո, կոնկրետ ես այդ առաջարկը հնչեցրել եմ ու մեջբերել ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի դեռ 2013 թ. արած հայտարարությունը: Ի դեպ ասեմ, որ այդ առաջարկը մենք հնչեցրել ենք դեռ զեկույցի կազմման առաջին իսկ օրվանից, երբ սկսեցինք բանակցել Մարկովիչի հետ: Վերջին նիստի ժամանակ ևս ընդգծված ասացինք, որ ԼՂՀ- իշխանությունները շահագրգռված են ջրային ռեսուրսների համատեղ օգտագործմամբ:

Արցախյան կողմը տարիներ շարունակ բարձրաձայնել է այդ մասին ու հստակ շեշտել, որ այդ համագործակցությունը կհամարվի երկու ժողովուրդների խաղաղությանը նապատող քայլ: Մինչդեռ նման զեկույցի ընդունմամբ ԵԽ ԽՎ-ն, փաստորեն, խաղաղությանը չնպաստող քայլ է կատարում:

-ԵԽԽՎ-ն լուրջ մոլորության մեջ է, շփոթվել է ու ինքն էլ չի հասկանում, թե ո՞րն է իր առաքելությունը: ԵԽԽՎ-ն իր բանաձևի տեքստում առաջարկում է ջրի օգտագործման հարցում երկու կողմերի հավասար մասնակցություն, առաջարկում է միջազգային ինչ-որ կազմակերպության միջոցով վերանորոգել ջրամբարն, որպեսզի հնարավոր լինի այն համատեղ օգտագործել ու թվում է, թե այս կառույցը շահագրգռված է այդ հարցում: Սակայն դրա կողքին հավանության արժանացրին մի զեկույց, որը չէր տեղավորվում սոցիալական հանձնաժողովի տրամաբանության մեջ:

-Փաստորեն, ԵԽ ԽՎ սոցիալական հանձնաժողովը լուծեց զուտ քաղաքական խնդիր:

-Այո, զեկուցողը խնդիրը քողակել է գեղեցիկ բառերով, բայց իրականում սոցիալական, հումանիտար հիմնախնիրների տակ լուծում է քաղաքական խնդիր: Իզուր չէ, որ իմ կողմից հնչեց առաջարկ, քանի որ այս փաստաթուղթը մեծամասամբ կրկնում է նախորդի` Ուոլտերի զեկույցը, եկեք ոչ թե քվեարկենք, այլ ընդունենք որպես ի գիտություն և ուղարկենք ԵԽ ԽՎ քաղաքական հանձնաժողով, որպեսզի Ուոլտերը բոսնիացի տիկնոջ կատարած ՙփաստահավաք՚ աշխատանքը ևս իր զեկույցի համար օգտագործի: Բնականաբար, մերժվեց նաև իմ այս առաջարկը:

– Ադրբեջանի նպատակն է բոլոր բանաձևերում սղացնել հետևյալ միտքը, թե <Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի տարածքները>. բոսնիացի Մարկովիչի <հումանիտար> զեկույցում կա՞ն նման ձևակերպումներ:

-Իհարկե, որտեղ կարողացել է այդ միտքը որոշ փոփոխություններով մտցրել է զեկույցում. գրում է` <օկուպացված տարածքներ են զրկված ջրից>, <օկուպացիայի մոտ գտնվող տարածքներ են, որ ջուր չունեն>,<այն մարդիկ են զրկված ջրից, ովքեր ապրում են շփման գծին` օկուպացված տարածքներին մոտ>, և այսպես շարունակ: Զեկույցում կարմի թելի պես անցնում է <օկուպացիա> բառը: Նաև ակնարկ կա Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի մասին: Կոչ է անում Հայաստանին` հետ քաշել զինված ուժերը, որպեսզի թույլ միջազգային փորձագետները գան և ուսումնասիրություններ կատարեն: Սա Ուոլթերի զեկույցի բառացի կրկնությունն է:

-Ուոլթերի զեկույցի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արձագանքել էին` շեշտելով, որ նման փորձերը կարող են խաթարել բանակցային գործընթացը: Սակայն 20 օր անց ԵԽ ԽՎ հանձնաժողովը ընդունում է նույնաբովանդակ մեկ այլ հակահայ զեկույցը: Սրանք քայլեր են ուղղված Մինսկի խմբի ջանքերի դե՞մ:

-Այս պահին ձեռնպահ կմնամ ասել, թե դա ուղղված է Մինսկի խմբի ջանքերի դեմ, ինչո՞ւ որովհետև այս հակահայ զեկույցն ընդունվել է ոչ թե ԵԽ ԽՎ-ի, այլ նրա մի հանձնաժողովի կողմից, ուր ներկա են ընդամենը 28 պատգամավոր: Իսկ ԵԽ ԽՎ-ն մեծ կառույց է, ուր մենք ունենք տարբեր երկրներ ներկայացնող բազմաթիվ գործընկեր պատգամավորներ: Եվ ես կարծում եմ, երբ հարցը դրվի մեծ նստաշրջանի քննարկման ԵԽ ԽՎ պատգամավորները միանշանակորեն հաշվի կառնեն Մինսկի խմբի հայտարարությունը: Ասեմ, որ հայկական պատվիրակությունը տարբեր պատգամավորների հետ զրույցներում բազմիցս մեջբերել է համանախագահների խոսքը, անգամ նամակներ ենք ուղարկել, որ կարդան ու ծանոթանան: Ես չեմ ուզում կոշտ գնահատականներ տալ, սակայն սոցիալական հանձնաժողովի կողմից զեկույցի ընդունումը համարում եմ ոչ տրամաբանական քայլ, այստեղ բանականությունը տեղի տվեց: Բայց ես համոզված եմ, որ այնուհանդերձ, կգործի ողջամտությունը:

Հունվարին սպասվում է ԵԽ ԽՎ լիագումար նիստը, ուր երկու զեկույցները դրվելու են քվերկության: Ի՞նչ ակնկալիք ունեք, ի՞նչ է պատրաստվում անել հայկական պատվիրակությունը:

-Ներկայումս մեր քայլերը դեռ քննարկվում են: Տարբերակները մի քանիսն են, սակայն դեռ չկա վերջնական որոշում, հետևաբար, այս պահին դեռ չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ քայլեր կարվեն մեր կողմից: Իսկ այժմ` 48 ժամվա ընթացքում, մենք պատրաստվում ենք ներկայացնել մեր պատվիրակության հատուկ կարծիքը: Դա ԵԽ ԽՎ կանոնակարգով նախատեսված ընթացակարգ է, երբ կողմերից մեկը համաձայն չէ ընդունվող փաստաթղթի հետ, կարճ շարադրում է իր հատուկ կարծիքը, որը կազմում է տվյալ փաստաթղթի մաս:

Մինչև վերջին պահը մենք պետք է պայքարենք, չհուսահատվենք: Իսկ ակնկալիքներ, իհարկե կան, պետք չէ մտածել, թե ամեն ինչ գնված է, ամեն ինչ վերջացած: Կան տարբեր երկրներ ներկայացնող պատվիրակներ, որոնք պահպանել են իրենց բանականությունը և նրանք ԵԽԽՎ-ում մեր լավ գործընկերներն են:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն