Գլխավոր » NKR, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ադրբեջանը ոչ թե պետք է մտածի քարոզչական հաղթանակներ տանելու մասին, այլ համագործակցի ԼՂՀ-ի հետ

Նոյեմբեր 20, 2015թ. 12:40
Մասիս Մայիլյան

Հարցազրույց ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հասարակական խորհրդի նախագահ ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆԻ հետ

-Երկու օրից ԵԽԽՎ-ում քննարկելու է Մ. Մարկովիչի զեկույցը, որի վերնագիրը` <Ադրբեջանի սահմանային շրջանները միտումնավոր զրկվում են ջրից> արդեն իսկ հուշում է, որ գործ ունենք հերթական ադրբեջանահաճ զեկուցի հետ: Բայց ԼՂՀ իշխանոթյունը ցանկություն է հայտնել ընդունել զեկույցի հեղինակին և սրա շուրջ համագործակցել ԵԽԽՎ-ի հետ: Սա որոշակի հույսեր նեշնչո՞ւմ է, որ բավանդակության մեջ դրական շտկումներ կլինեն, թե՞ խավիարասեր Մարկովիչը իր այցը կօգտագործի ադրբեջանահաճ զեկույցը լեգիտիմացնելու համար:

-Օրերս ԼՂՀ իշխանությունը ստացել է ԵԽԽՎ Քարտուղարության գլխավոր տնօրեն Մարիո Մարտինսի նամակը, վերջինս խնդրում է աջակցել Սարսանգի ջրամբարի հարցով ԵԽԽՎ զեկուցող Մ. Մարկովիչի ԼՂՀ կատարելիք այցին։ ԼՂՀ իշխանությունները թե’ զեկույցի անվանման, թե’ պատրաստման գործընթացի հետ կապված ունեն լուրջ վերապահումներ, այնուհանդերձ համագործակցության պատրաստակամություն են հայտնել, քանի որ մենք աշխարհի համար բաց երկիր ենք ու միջազգային կաույցների հետ միշտ պատրաստ ենք համագործակցության: Այն, որ Մարկովիչը գալիս է Արցախ, դա ինձ թույլ է տալիս ենթադրելու, որ զեկույցի պատրաստումը ընթացքի մեջ է, հետևաբար քննարկելու բան կա: ԼՂՀ-ն հստակ ասել է իր դիրքորոշումը, որ այս հարցը չպետք է քաղաքականացվի, որ զեկույցում չպետք է շոշափվեն ԼՂ կարգավիճակը, հակառակ դեպքում դա կարող է խաթարել բանակցային գործընթացը: Ի դեպ, այս մասին նոյեմբերի 12-ին իրենց հայտարարության մեջ նշել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հույս ունեմ, որ տեսականորեն այդ հնարավարությունը կա, որ Արցախ այցից հետո կփոփոխվեն զեկույցում տեղ գտած հակահայկական շեշտադրումները: Ադրբեջանը ինքն էլ գիտի, որ նման քայլերով չէ, որ կարող է հասնել ԼՂ հիմնախնդրի կարգավորման, պաշտոնական Բաքուն ընդամենը քարոզչական նպատակներ է հետապնդում ու Ադրբեջանը հենց այդ նպատակի համար է օգտագործում ԵԽԽՎ հարթակը:

Եթե զեկուցողը չի լինում տվյալ վայրում, բայց այդ վայրի մասին զեկույց է պատրաստում, բնականաբար, դա շատ թուլացնում է փաստաթղթի արժեքը, ու այդ դեպքում կարելի է ասել` չեք եկել, չեք ծանոթացել ու ձեր զեկույցը լեգիտիմ չէ: Բայց գալու դեպքում կա վտանգ, այն է` եթե այդ զեկուցողը իրապես կաշառված է, ապա որքան էլ մենք նյութեր տրամադրենք նրան, միևնույն է նա իր գործն անելու է, և Արցախ գալով ընդամենը լեգիտիմացնելու է իր ադրբեջանամետ զեկույցը: Սակայն այդ մտահոգությամբ հանդերձ Արցախի Իշխանությունները որոշել են անել այն ամենը ինչ կախված է մեզանից` ընդունել և օբյեկտիվ ներկայացնել իրավիճակը: Կարծում եմ, բաց քաղաքականություն վարելը շատ ավելի ճիշտ է, քան մեկուսանալը:

Ասեմ նաև, որ ԼՂՀ խնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ մնացած կառույցները միայն կարող են աջակցել` խորհրդակցելով խմբի ու կողմերի հետ: Բայց Ադրբեջանը օգտվելով ԵԽ ԽՎ-ի ՙսողանցքներից՚ կարողանում է ընդունել տալ քարոզչական բնույթի բանաձևեր: Մենք պետք է կարողանանք հնարավոր միջոցներով դիմակայել դրան: Ոչ թե պետք է բողոքենք, թե ինչո՞ւ է Ադրբեջանը ակտիվ աշխատում, այլ մենք ևս ակտիվացնենք մեր քայլերը:

-ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակները մշտապես ասել են, որ թուրք-ադրբեջանական տանդեմի գործունեության շնորհիվ ԵԽ ԽՎ-ում աշխատելը դարձել է դժվար, սակայն այսօր մեղադրանքներ են ուղղվում հենց պատվիրակության հասցեին, թե նաև վերջինիս մողքով է, որ այդ հարթակում մենք պարտվում ենք` այն էլ մի երկրի, ուր խայտառակ վիճակում են գտնվում մարդու իրավունքները: Ի՞նչ կասեք այս մասին:

-Մենք հաղթել ենք պատերազմի դաշտում, սակայն այսօր զիջում ենք քարոզչական պատերազմի հարթակի վերածված ԵԽ ԽՎ-ում, ուր մեզ համար ոչ հաճելի երևույթներ են տեղի ունենում: Ես այն կարծիքին եմ, որ մենք պետք է կարողանանք տարբեր ուղղություններով աշխատել և նոր հաղթանակներ գրանցել: Պետք է մտածել նոր քայլերի մասին: Ադրբեջանամետ զեկույցների կողքին պետք է ծնվեն նաև հայամետ փաստաղթղթեր, բանաձևեր, որոնք կհակակշռեն ադրբեջանամետ բանաձևերը ու կչեզոքացնեն ադրբեջանական ակտիվությունը:

Ինչ վերաբերում է Հայաստանի պատվիրակության գործունեությանը, չեմ կարող ոչինչ ասել, քանի որ ներքին խոհանոցին ծանոթ չեմ, առավել ևս չեմ կարող մեղադրել հայ պատգամավորներին: Ամեն դեպքում պետք է հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկվեն չեզոքացնելու ադրբեջանական քարոզչական գրոհները:

-ԼՂՀ-ն մշտապես պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի հետ երկխոսություն սկսել ջրային ռեսուրսների համատեղ կառավարման շուրջ: Այդ մասին մեկ տարի առաջ դարձյալ հայտարարեց փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, նկատելով, թե դա կլինի երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստող քայլ: Ամենևին զարմացնող չէր, որ Ադրբեջանն առաջարկը մերժեց, սակայն մտահոգիչ է, որ ԵԽԽՎ-ն իր հերթին, նման զեկույցով, չի նպաստում այդ քայլին:

-Ադրբեջանի կողմից ԼՂՀ առաջարկը մերժելը ցույց է տալիս, որ չնայած աղմկում են, թե իրենց սահմանամերձ գյուղերը չեն ոռոգվում, որ երկար տարիներ զրկված են ջրից, բայց իրականում իրենք ամնևին ցանկություն չունեն օգտվել Սարսանգի ջրամաբարից: Ադրբեջանի իշխանությանը սեփական բնակչության խնդիրները չեն մտահոգում, այլ նրանց նպատակն է` այդ պատրվակը օգտագործել հակահայկական քարոզչություն իրականացնելու համար:
2000թ. սկզբին ԼՂՀ ԱԳՆ-ն մշակեց ու ԵԱՀԿ-ի միջոցով ադրբեջանական կողմին հանձնեց ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև հումանիտար ոլորտներում հնարավոր համագործակցության մասին փաթեթը: Իբրև փոխվստահություն ներշնչող քայլ նրանում առաջարկվում էր Թարթառ գետի ջրային պաշարների համատեղ օգտագործման մասին: Սակայն դա մերժեց Ադրբեջանը: Պատերազմի տարիներին ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, որ ջրերի բաշխիչ համակարգը անցել էր ադրբեջանական կողմի հսկողության տակ, իսկ ջրային ակունքները` մնացին Արցախում: Այդ ժամանակ կար համագործակցության մեծ հնարավորություն: Այս հարցով զբաղվեց նաև ԵԱՀԿ-ն` կազմակերպելով ԼՂՀ ջրային տնտեսության ինժեներների ու ադրբեջանական մասնագետների հանդիպումը Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի մոտ:

Համանախագահները համոզված էին, որ սա համագործակցության լավ առիթ է: Սակայն Ադրբեջանի քաղաքական վերնախավը խոչընդոտեց ու համագործակցությունը չկայացավ: Սա այն դեպքերից է, երբ հումանիտար կամ տնտեսական փոխհամգործակցությունը ձախողվում է` հանդիպելով քաղաքական պատին: Ինչպես ասացիք, 2013-ին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը կրկին հնչեցրեց այդ առաջարկը, իսկ 2014-ին ԼՂՀ ԱԳՆ-ն դարձյալ նույն առաջարկով հանդես եկավ: բայց տեղաշարժ չկա:

-Ի դեպ, պարոն Աղաբեկյանը նաև հետևյալ միտքն էր ասել, որ եթե Ադրբեջանը չարձագանքի համագործակցության կոչին, ԼՂՀ կառավարությունը ստիպված կլինի խոշոր ներդրումներ անել` հզոր պոմպակայանների միջոցով Ղարաբաղի սահմանամերձ գոտիներում գտնվող ջրային ռեսուրսները միայն սեփական տարածքներ մղելու համար: Այս ուղղությամբ գործընթաց կա՞:

-Սա շատ կարևոր հայտարարություն է: Այսինքն, եթե Ադրբեջանն իրոք ուզում է, որ իր սահմանամերձ տարածքները օգտվեն Թարթառի ջրերից, ոչ թե պետք է միջազգային հարթակներում քարոզչությամբ զբաղվի ու մտածի ընդամենը քարոզչական հաղթանակ տանելու մասին, այլ համագործակցի ԼՂՀ-ի հետ: Այսօր շատ քիչ ֆինանսական ռեսուրսներ են հարկավոր, որպեսզի եղած ցանցը գործարկվի և ծառայեցվի երկու ժողովուրդների կարիքներին: Բայց եթե Ադրբեջանը շարունակի մերժել մեր առաջարկը, չհամագործակցի ԼՂՀ-ի հետ, ապա մենք ստիպված կլինենք կառուցել մեր ջրատարն ու այդ ջրերը ինքնահոս հասցնել Մարտակերտի չոռոգվող տարածքներ: Նշեմ, որ ԼՂՀ իշխանություններն արդեն իսկ աշխատում են այդ ուղղությամբ, այսօր գործընթացը նախագծային աշխատանքների փուլում է:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն