Գլխավոր » Տնտեսություն

ՀՀՇ-ի կեղծիքը, որի հետևից ականջներ են երևում

Նոյեմբեր 17, 2015թ. 11:46

ՀՀՇ-ի իշխանության տարիները մարդկանց հետ հաշվեհարդար տեսնելու մի յուրահատուկ ժամանակաշրջան էին, նույնիսկ հայտնի խոսք կար ՀՀՇ-ի <թրի տակով> անցնելու մասին, չանցնողներին դատաստան էր սպասվում: Սակայն իշխանության ղեկից հեռանալուն պես նախկինների մարտավարությունը փոխվեց, այսօր ՀԱԿ-ՀՀՇ-ն առաջնորդվում է գեբելսյան հայտնի սկզբունքով` <Ճշմարտանման սուտը սպիտակ պատին խփած մեխ է, որը պատից կընկնի, բայց տեղը կմնա>: ՀԱԿ-ն այսօրը մի կողմից փորձում է սրբագրել իր անփառունակ անցյալը, պատմաբան է անգամ վարձել ՀՀՇ-ական <հերոսապատում> մոգոնելու համար, մյուս կողմից, փորձում է ստով ու կեղծիքով ցեխ շպրտել նրանց հասցեին, ովքեր հարկն եղած պահին ՀԱԿ-ին հիշեցնում են իր իշխանության ամոթալի տարիները:

90-ականներից առ այսօր ՀՀՇ-ն ու իր մանկլավիկները կպել ու պոկ չեն գալիս ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից (այդ դերը խորհրդարանում այսօր ստանձնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, որ օրերս հրապարակավ դավաճանեց իր կուսակցապետին ու <յան> տվեց սեփական կուսակցությունից, ԱԺ ամբիոնից հայտարարելով, թե այդ ընտրակեղծարարության տարիներին ինքը ՀՀՇ անդամ չի եղել): Ինչո?ւ, ո?րն է ՀՀՇ-ի փորացավը: Երկար պրպտելու հարկ չկա, պատճառը շատ պարզ է. բանն այն է, որ անկախացման առաջին տարիներից ի վեր Վահրամ Բաղդասարյանը բոլոր ընտրություններում` համապետական, թե տեղական, պարտության է մատնել ՀՀՇ-ի <պելի փետերի>-ն, մերժել ՀՀՇ-ին անդամակցելու և դրանով իսկ հայրենի քաղաքում վաստակած իր հեղինակությունը նրան ծառայեցնելու բոլոր առաջարկները: Իսկ այսօր` ժամանակ առ ժամանակ ՀԱԿ-ին հիշեցնում է, որ երկիրը թալանած, ընտրակեղծիքների կնքահայր ՀՀՇ-ի ժառանգորդն է:

Փաստորեն, իրերն իրենց անունով կոչելու համար Վահրամ Բաղդասարյանը նորից դարձել է ՀՀՇ-ի աչքի փուշը, ավելին` արժանացել ՀՀՇ-ական լրատվամիջոցների էջերում հաճախակի հայտնվելու <պատվին>: Սկսել են փորփրել պատգամավորի կենսագրության էջերը, կեղտ են փնտրում, իզուր, չի ստացվում, ավելի ճիշտ` հակառակն է ստացվում, որովհետև հուշարարնները շա~տ ապաշնորհ են. ինչ-որ <մեկը> կամ <մեկ>-երը մամուլին տրամադրում են խեղաթյուրված, իրականության հետ ոչ մի աղերս չունեցող <փաստեր>, ու դրանով անհարմար վիճակի մեջ գցելով լրատվամիջոցին: Ջանում են Բաղդասարյանին վարկաբեկել, հակառակն է դուրս գալիս` բացահայտվում է ՀՀՇ-ական բեզպրեդելի իրական դեմքը:

Եվ այսպես, անդրադառնանք այդ մամուլում տեղ գտած մի քանի հորինովի պատմություններին, որ ՀԱԿ-ին հանկարծ չթվա, թե <սպիտակ պատին> հաջողեցին հետք թողնել:

Կեղծիք առաջին

Բաղդասարյանների ընտանիքը այն քչերից էր, որը 80-ականների սկզբին հաստատվելով Ռուսաստանի Կրասնոդարի մարզում մեծ հաջողությունների էր հասել, սակայն 88-ին` ազգային զարթոնքի սկսվելուն պես որոշում է թողնել ամեն ինչ ու վերադառնալ հայրենիք: ԵՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետն ավարտած, մանկավարժական ինստիտուտի երիտասարդ դասախոս Վահրամ Բաղդասարյանը, ով հայրենի քաղաքի` Վանաձորի երիտասարդության շրջանում մեծ հեղինակություն էր վայելում, ստանձնում է Հայաստանի երիտասարդական միության ղեկավարումը: Եվ իր շուրջը համախմբում անկախության համար պայքարի ելած ուսանողությանը: Իրականությունը սա է, մնացածը` պատգամավորի անունը կոմսոմոլի հետ կապելը, առավել ևս նրան ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար ներկայացնելը` էժանագին կեծիք է: Խորհրդային տարիներին ծանոթ ցանկացած ոք լավ գիտե, որ ոչ կոմունիստին նման պատվի չէին արժանացնում, իսկ Վահրամ Բաղդասարյանն անկուսակցական էր: Բայց քանի որ հրապարակման նպատակը էժանագին վարկաբեկումն է, ասվածն էլ անշուշտ տեղավորվում է էժանագին տրամաբանության մեջ: Անցնենք առաջ.

ՀՀՇ-ական մամուլին տեղեկատվություն տրամադրած անձը մի քանի <մանր-մունր> վրիպակներ էլ է թույլ տվել. օրինակ, Բաղդասարյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց ոչ թե 1995-ի, այլ 1991թ. Գերագույն խորհրդի ընտրության ժամանակ ՀՀՇ-ի կողմից տրված հատուկ հանձնարարականի մասին, իսկ վերևից իջած հրահանգով ասվել էր`<ով ուզում է անցնի, միայն թե Բաղդասարյանը չանցնի>: Ի դեպ, չնայած ՀՀՇ-ական ջանքերին, այդ ընտրությունների առաջին փուլում Բաղդասարյանը հաղթում է ՀՀՇ-ի 5 հոգանոց թիմին, հավաքելով ձայների 57տոկոսը: Ինչը ՀՀՇ-ն չէր կարող ներել, սկսվում են հետապնդումները, կալանավորվում են Բաղդասարյանի հարազատները, ընկերները, որոնց ազատ արձակման գինը մեկն էր` համոզել Բաղդասարյանին հանել թեկնածությունն ու չփակել ՀՀՇ-ական <պոլի փետերի> մուտքը դեպի խորհրդարան:

Հաջորդ <վրիպակը>. գրում են, թե <1995-ի ՀՀՇ Վանաձորի թիվ 60 ընտրատարածքում պաշտպանել է Շահումյանի գյուղի նախկին գյուղապետ Սամվել Սարգսյանի թեկանածությունը>: Իրականում ՀՀՇ-ի հովանավորյալ թեկնածուն եղել է ՀՀՇ վարչության անդամ, ոստիկանության վարչության պետի տեղակալ Գագիկ Ղազախեթյանը, ում ՀՀՇ-ն ամբողջ թիմով պաշտպանել է` օգտագործելով իշխանական բոլոր ռեսուրսները:

Դժվար է կարծել, թե ՀԱԿ-ը մոռացել է իր թեկնածուի անունը: Սա ևս ՀՀՇ-ի էժանագին տրյուկն է, ուղղակի անցյալի ամեն մի դրվագը սրբագրող ուժը նախընտրել է մամուլով հնչեցնել ոչ թե իր կողմից հովանավորյալ ոստիկանության վարչության պետի տեղակալի անունը, այլ գյուղապետի, որն, ի դեպ, ՀՀՇ թեկնածուն չէր, նա ինքանառաջադրվել էր: Ղազախեթյանի անունը շրջանցելու պատճառը է թերևս այն էր, որ վերջինիս խայտառակ պարտություն կրեց Վահրամ Բաղասարյանից. ՀՀՇ-ի հովանավորյալի օգտին քվեարկել էր ընդամենը 470 ընտրող, իսկ Բաղդասարյանի օգտին` 4790 ընտրող: Ի դեպ, մի զավեշտ ևս. այս հաղթանակները ՀԱԿ-ՀՀՇ-ն այսօր փորձում է ներկայացնել որպես իր` <պուպուշ> իշխանություն լինելու փաստարկ, մոռանալով որ դա ոչ թե իր շնորհքն է, այլ Վահրամ Բաղդասարյանի ու վանաձորցիների, որ անտեսելով ՀՀՇ-ի ատամ կրճտացնելը մինչև վերջ կանգնել են իրենց կողմից հարգված անձի կողքին:

Կեղծիք երկրորդ– <...վաճառել է Վանաձորի կահույքի գործարանի սարք սարքավորումները, գործարանից միայն անունն է մնացել>: 1992-ին մի խումբ վանաձորցիներ, հաշվի առնելով Վահրամ Բաղդասարյանի կազմակերպչական ունակությունները, նրան առաջարկում են ստանձնել Կահույքի գործարանի փոխտնօրենի պաշտոնը: Առաջարկն ընդունվում է մեկ պայմանով` դրան չի հետևելու որևէ քաղաքական առաջարկ: Որոշ ժամանակ անց տնօրենի թոշակի մեկնելու պաճառով թափուր է մնում գործարանի տնօրենի պաշտոնը, և Բաղդասարյանը նշանակվում տնօրեն: Այստեղ ՀՀՇ-ական մամուլը հաստ շրիֆտով ընդգծում է այս միտքը, որ գործարանի փոխտնօրենի և տնօրենի պաշտոնների հարցում Բաղդասարյանի համար միջնորդել են ԳԽ առաջին փոխնախագահ Արա Սահակյանը, ԳԽ նախագահի տեղակալ Արտաշես Թումանյանը, պետնախարար Վիգեն Չիթեչյանը: Սա մատնացույց է արվում որպես ՀՀՇ-ական կարկառուն դեմքերի կողմից անկուսակցական Բաղդասարյանին արված մե~ծ լավություն, բարի կամքի դրսևումը: Համաձայնեք, միայն ՀՀՇ-ն կարող է դրա համար գլուխ գովել, պարծենալ: Անկեղծ ասած, ՀՀՇ-ական պրիմիտիվիզմն այստեղ անցել է բոլոր սահմանները: Սրանից էլ լավ հաստատո?ւմ այն բանի, որ ՀՀՇ-ի օրոք առանց կարկառուննների հովանավորության <ղուշն իր թևով, օձն իր պորտով> չէր կարող անցնել <ռուբիկոնը>:

Այստեղ կա երկու կարևոր հանգամանք. նախ, ի պատիվ ՀՀՇ-ի հիշյալ կարկառուն դեմքերի, նրանք բարեխոսել են մի մարդու համար, ով ի տարբերություն ՀՀՇ-ական <պոլի փետեր>-ի դրան արժանի թեկնածում էր ու ժամանակը դա ապացուցեց. Վահրամ Բաղդասարյանը ճանաչվում է որպես հանրապետության լավագույն տնօրեն, արժանանում պարգևների: Ասում են իր ղեկավարած գործարանը դարձրել էր ՀՀՇ-ի երեսը պարզ անող հիմնարկություն, արտերկրից ժամանող հյուրերին ուղեկցում էին հենց Վանաձորի կահույքի ֆաբրիկա: Սա բացառիկ դեպք էր, երբ քանդված, թալանված, չաշխատող արդյունաբերական ձեռնարկությունների ֆոնին ոչ ՀՀՇ-ականը կռիվ տալով իր հայրենի քաղաքում արտադրություն է պահել:

95-ին` ՀՀՇ-ի իրականացրած վայրի սեփականաշնորհման շրջանում, Բաղդասարյանին ստիպում են հրաժարվել գործարանից: Երկրում ամեն ինչ իրենցով արած Տեր-Պետրոսյանների ընտանիքի աչքն այս անգամ Վահրամ Բաղդասարյանի ջանքերով ՀՀՇ-ական թալանից ազատված կահույքի գործարանի վրա էր: Սակայն Բաղդասարյանը որոշում է ամեն գնով պայքարել ու պահել արտադրությունը, ու երկրի արդյունաբերությունը փոշիացրած, գործարանների սարքավորումները որպես մետաղի ջարդոն հարևան Իրանին վաճառած քաղաքական ուժի ձեռքերը ֆաբրիկային չեն հասնում: Քաղաքական ճնշմանը չընկրկելով, Բաղդասարյանին հաջողվում է ֆաբրիկան սեփականաշնորհել, բայց ՀՀՇ-ն հիմա էլ սկսում է կիրառել հարկային ճնշումներ. ստուգումների արդյունքում մեկը մյուսի հետևից անօրինական ակտեր են գրվում, ամեն ինչ արվում է գործարանը սնանկացման հասցնելու նպատակով: Բարեբախտաբար, ՀՀՇ-ին դա չի հաջողվում:

Այսօր իտալական նորագույն տեխնիկայով հանգեցած Վանաձորի կահույքի գործարանն արտադրում է հանրապետության ամենաորակյալ կահույքը: Իսկ ՀՀՇ-ական մամուլը ցինիկաբար կեղծում է, թե <սարքավորումները վաճառել է ու գործարանից միայն անունն է մնացել>:

Հիմա դառնանք նրան, թե ինչո?ւ ՀՀՇ-ի <կարկառուն դեմքերը> այնուամենայնիվ այդչափ մեծահոգաբար միջնորդեցին Բաղդասարյանին` ստանձնելու գործարանի տնօրենի պաշտոնը: Դա ունեցել է հստակ քաղաքական դրդապատճառ. ՀՀՇ-ն հույս ուներ այդ կերպ քաղաքականությունից հեռացնել իրեն մշտապես խանգարող անկուսակցական Բաղդասարյանին: Սա էր նախկինների <բարի կամքի> դրսևորման իրական պատճառը: Սակայն իշխող ուժի հաշվարկները հօդս ցնդեցին, երբ 95թ. խորհրդարանական ընտրություններում Բաղդասարյանը դրեց իր թեկնածությունը: Այդ պահից ՀՀՇ-ն Բաղդասարյանին համարեց իր քաղաքական հակառակորդ ու անցավ հարձակման` նրա դեմ կիրառելով քաղաքական, տնտեսական ճնշումների նոր մեթոդներ: Կահույքի գործարանում սկսվում են լայնամասշտաբ ստուգումներ, ՀՀՇ-ն փակում է դրսից ստացվող հումքի ճանապարհը, թույլ չտալով, որ պատվերները հասնեն Հայաստան: Գործարանը ՀՀՇ-ի կողմից բառի բուն իմաստով ենթարկվում է տնտեսական տեռորի:

Մյուս կողմից էլ ստիպում են Բաղդասարյանին չմասնակցել ընտրություններին. է’լ գիշերային հանդիպումներ, է’լ բանակցություններ ներքին գործերի վարչությունում ու կառավարությունում, է’լ պաշտոնի բարձրացման նոր առաջարկներ: Տարբեր մարդիկ են <խառնվել> նրան համոզելու գործին, նրանցից մեկն էլ ժամանակին Արդյունաբերության նախարար Աշոտ Սաֆարյանն էր, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հրահանգով ստանձնել է համոզողի դերը:

Բաղդասարյանի հանդեպ ՀՀՇ-ի քաղաքական թշնամանքը վերաճում է քաղաքական հալածանքի. ընտրությունների օրը կալանավորվում են Բաղդասարյանի վստահված անձինք, հարազատները: Իսկ երբ բացվում են քվեատուփերը ՀՀՇ-ն հայտնվում է շոկի մեջ. իր 5 թեկնածուները միասին հավաքել էին 2400 ձայն, Բաղդասարյանի` 4790 ձայնի դիմաց: ՀՀՇ-ն պարտադրված էր հարմարվել ծանր պարտության հետ` Վանաձորում պատգամավորական մանդատ է ստանում ոչ թե ՀՀՇ-ական ինչ-որ մի <պոլի փետ>, այլ անկուսակցական Վահրամ Բաղդասարյանը:

Բայց դա իշխող ուժի կողմից հեշտությամբ չմարսվեց: Լարվածությունը շարունակվում է 96-ին` Վանաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ Բաղդասարյանը ընտրությանը մասնակցելու հայտ է ներկայացնում: Դարձյալ քաղաքական ճնշումներ, մտերիմների կալանավորում: Բայց ՀՀՇ-ին կրկին նույն ֆիասկոն էր սպասվում, վերջինիս <հեղինակությունները> խայտառակ պարտվում են ընտրողների ձայների 54 տոկոսը շահած Բաղդասարյանին:

Կեղծիք երրորդ. <Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկան վերածել է պահեստի>: Վահրամ Բաղդասարյանը 1995-ին այն ժամանակվա կառավարությանը ներկայացնում Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկայի առողջացման ծրագիր: Ստանում է այսպիսի պատասխան` այնտեց մենք ենք մեր ծրագիրն իրականցնելու: Երեք տարի անց պարզվում է, որ չինական վարկի անվան տակ ֆաբրիկան, այլ ձեռնարկությունների հետ մեկտեղ, գրավի տակ է դրվել: Սկսվում է գործարանի սնանկացման գործընթացը: Սակայն Բաղդասարյանը նորից դուրս է գալիս ՀՀՇ-ականների դեմ թույլ չտալով, որ հաստոցներն ամբողջությամբ թալանվեն: Ֆաբրիկան հանվում է աճուրդի, Բաղդասարյանն իր ձեռքն է վերցնում այն ու հայտարարում` թույլ չի տա, որ վանաձորցիներից պոկեք նաև այս գործարանն ու ավերեն, ուր մի քանի տասնյակ ընտանիքներ իրենց օրվա ապրուստն էին վաստակում: Ընդամենը 6 ամիս անց նրան հաջողվում է շունչ տալ ՀՀՇ-ի թալանից ազատված գործարանի մի հատվածին: Այդ արտադրամասն այսօր, բարեբախտաբար, աշխատում է, ուր ձմեռային տաք հագուստներ են կարվում հայ զինվորի համար` դրսից ներկրելու փոխարեն: Բայց որպես ՀՀՇ-ական թալանի լուռ վկաներ, իբրև թանգարանային նմուշ Բաղդասարյանը որոշում է պահպանել ֆաբրիկայի երկու ավերված շենքերը, ու այսօր առաջարկում է նախկիններին` գնալ և տեղում տեսնել սեփական ժառանգությունը:

Կեղծիք չորրորդ. <Արտեկ> ճամբարը վերածվել է անասնագոմի>:
Երկրաշարժից հետո ամբողջությամբ խարխլվում է <Արտեկ>-ը, սեյսմի պաշտպանության ծառայությունն այն հայտարարում է քանդման ենթակա կառույց, չթուլատրելով դրա շահագործումը: Սակայն Բաղդասարյանը հաշվի առնելով այն, որ կառույցը գտնվում է հրաշալի տարածքում, որոշում է ավերակը վերածել ժողովրդի համար օգտակար վայրի`Վանաձորում ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխանող հանգստյան գոտի: 10 մլն 500 հազարի արժողության ներդրումներ պահանջող այս նախագիծը կարող է կյանքի կոչվել միայն օտարերկրյա ներդրողների միջոցով: Եվ շնորհիվ Բաղդասարյանի ջանքերի, գաղափարն արժանանում է ֆիլանդացի ու գերմանացի մասնագետների ուշադրությանը:
Վճարելով նրանց ուսումնասիրությունների վարձը, ստանում է մի նախագիծ, որն այսօր դրված է քննարկման: Բաղդասարյանն հույս ունի, որ ստեղծվելիք հանգստյան գոտին իր հարզատ Վանաձորը կդարձնի զբոսաշրջության կենտրոն, հնարավորինս լուծելով նաև զբաղվածության խնդիրը: Իսկ ցեխ շպրտող ՀԱԿ-ՀՀՇ-ն կեղծում է, թե <Արտեկ>-ը <անասնագոմ է դարձել>:

Կեղծիք հինգերորդ. <ձեռք է բերել պահածոների գործարանը, որը չի գործում>:
Հիշյալ գործարանը ևս Հայաստանի բազմաթիվ գործարանների պես ՀՀՇ-ի ձեռքով ավերված, թալանված ու սնանկացածների շարքում է: Ժամանակին կանխելով ՀՀՇ-ի կողմից գործարանի հաստողների վաճառքը, Բաղդասարյանին հաջողվում է ոչ միայն աշխատացնել այն, այլև գործարանի արտադրանքը արտահանել տարբեր երկրներ: Գործարանում անհրաժեշտ ներդրումներ կատարելու նպատակով, սակայն Բաղդասարյանն այն հանձնում է «Սարգիս-Կարոլինա» ընկերությանը: Ներկայումս գործարանն արտադրում է հանրապետության բարձրորակ արտադրանքը, միաժամանակ լուծում աշխատատեղերի խնդիր: Ասում են, որ կից գյուղի ամեն մի ընտանիք իր աշխատողն ունի գործարանում:

ՀՀՇ-ականն մամուլը չի շրջանցել նաև <Բարեփոխումների> պատգամավորական խմբին: Այս շրջանից շատերն են հիշում հայտնի <առնետավազքը>, երբ մեկ գիշերում <Հանրապետական> խմբակցությունը քանդվեց ու սկսվեց վազքը դեպի նորաստեղծ «Երկրապահ» պատգամավորական խումբ: Մատների վրա հաշվվեցին այն պատգամավորները, որ չտրվեցի <առնետավազքին>, նրանց մեջ էր Վահրամ Բաղդասարյանը:

Հիմա, հարց է առաջանում` ո?վ է Բաղդասարյանի դեմ պատվիված նյութի <ինֆորմատորը>: Պատվիրողը պարզ է `ՀՀՇ-ն է, բայց ո?վ է նման կեղծիքը մամուլին տրամադրողը, ո?ւմ ձեռքին է <դիրիժորական փայտիկը>, և ո?ւմ ականջներն են երևում այս զզվելի կեղծիքի հետևում: Վահրամ Բաղդասարյանի մտերիմները համոզված են, սա այն մեկն է, ով ժամանակին եղել է Բաղդասարյան ընտանիքի կողքին, ում ուղղակի պահել, մեծացրել է Բաղդասարյանների ընտանիքը:

Փաստորեն, իմաստուն է ժողովրդական խոսքը` <օձը տաքացնողին է կծում>:

Արմինե Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն