Գլխավոր » Առողջապահություն, Լրահոս, Հասարակություն

Եռյակի ծնունդը խորհրդանշական էր՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Հոկտեմբեր 15, 2015թ. 19:10
eryak

Ընտանիքի համար կա՞ ավելի մեծ երջանկություն, քան երեխայի ծնունդը: Իսկ եթե ծնունդը նշանավորվում է ոչ թե մեկ, այլ միանգամից երեք երեխաներո՞վ: Ահա այսպիսի հրաշք է տեղի ունեցել պետական համալսարանի երիտասարդ աշխատակիցների կյանքում: Օգոստոսի չորսին Ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Արման Ոսկանյանի և Կրթական բա­րեփոխումների և զարգացման ծրագրերի վարչության տեսուչ Սոնա Գրիգորյանի ընտանիքում ծնվեցին Տիգրանը, Անին և Լևոնը: Ի դեպ, բժիշկների հավաստմամբ՝ եռյակների ծնունդը բացառիկ երևույթ է: Այս տեսակետից զարմանալի էր տեղական ԶԼՄ-ների լռությունը՝ ոչ ոք չարձագանքեց այս հրաշալի իրադարձությանը: Գուցե արձակուրդային տրամադրությո՞ւնն էր պատճառը, կամ երիտասարդ ծնողների ավելորդ համեստությո՞ւնը. նրանց մասին գրեց միայն med-praktik.com կայքը: Ինչևէ, մենք անհամբեր էինք հանդիպել երջանիկ հայրիկին: Նոր ծնունդները ոչ միայն բերկրանք են պարգևում ծնողներին, այլև ամենօրյա հոգս, աշխատանք և պատասխանատվություն: Ահա այս խնդիրների և իր զգացողությունների մասին էլ զրուցեցինք պարոն Ոսկանյանի հետ:
– Յուրաքանչյուր երեխայի ծնունդ մեծ երջանկություն է ծնողների համար, լի՝ անչափ մեծ ուրախությամբ, հպարտությամբ և բազում երազանքներով: Ես և կինս միշտ երազել ենք ունենալ երեխաներ, մեծացնել և դաստիարակել նրանց՝ որպես մեր հայրենիքի և ազգի արժանավոր զավակներ:
Մեծ աղջիկս շուտով կլինի չորս տարեկան, իսկ մեր ընտանիքի համալրման մասին իմացանք, երբ կինս բժշկական հետա­զո­տություն էր անցնում, մեզ համար մեծ ա­նակնկալ էր։ Պարզվեց, որ մեր ընտանիքը համալրվելու է ոչ թե մեկ, այլ միանգամից երեք անդամով: Անսպասելիությունից առաջացած ուրախությանը և զարմանքին հաջորդեց անհանգստությունը, քանի որ եռյակով հղիությունն ինքնին ռիսկային է և վտանգներ է պարունակում: Սակայն ծնվեցին առողջ փոքրիկներ և բոլոր տագնապները մնացին հետևում: Մոր և մանկան առողջության գիտահետազոտական կենտրոնի բուժանձնակազմի անշահախնդիր, մարդկային և մասնագիտական ճիշտ մոտեցման շնորհիվ էր նաև, որ խուսափեցինք մի շարք բարդություններից, ինչի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում այդ հրաշալի բժիշկներին:
– Հոգուս խորքում ես վստահ եմ, որ խորհրդանշական էր Աստծո կամոք մեր եռյակի ծնունդը հենց այս տարի՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Սա ապացույց է, որ մեր ժողովուրդը հավերժ է և իր հողում ապրելու և արարելու կամք ունի: Հենց դրանով է պայմանավորված մեր պետության հզորացումը:
– Պարոն Ոսկանյան, անխուսափելի հարց է առաջանում՝ պետությունն ինչ-որ կերպ խրախուսե՞լ է Ձեր ընտանիքին:
– Գոյություն ունի պետական օժանդակության ծրագիր՝ նոր ծնված երեխաների աջակցության համար: Սոցիալական ծառայության միջոցով մենք արդեն ստացել ենք այդ աջակցությունը: Բայց եթե նկատի ունենանք, որ բազմանդամ ընտանիքների առ­օրեական ծախսերը շատ մեծ են, ուստի պետական աջակցության միանվագ օգնությունը կարող է բավարարել միայն կարճ ժամանակ: Դա հաշվի առնելով՝ ցանկալի կլիներ, որ մեր պետությունը ուշադրության կենտրոնում պահեր երիտասարդ և բազմանդամ ընտանիքների աջակցությունը:
– Մինչ մեր պետությունը կընդլայնի և կմեծացնի երիտասարդ և բազմանդամ ընտանիքների աջակցության ծրագրերը, հարազատ բուհն արդեն իսկ աջակցել է իր երիտասարդ աշխատակիցներին:
– Մեզ համար շատ անսպասելի, հաճելի և միևնույն ժամանակ անչափ կարևոր էր մեր հարազատ բուհի աջակցությունը: Նախաձեռնությունը Կրթական բարեփոխումների և զարգացման ծրագրերի վարչության պետ Իրինա Հովհաննիսյանինն էր։ Նրա աջակցություն ցուցաբերելու առաջարկը արժանացել էր ռեկտոր պարոն Մարուխյանի հավանությանը: Շնորհակալ ենք հարազատ բուհին՝ մեզ համար շատ անհրաժեշտ նյութական աջակցության համար:

ՄԱՐԻՆԵ ՂԱՐԱԽԱՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Առողջապահություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն