Գլխավոր » Politics, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ

<Միջազգային կառույցների պրակտիկան ևս ստորադասված է Սահմանադրությանը>

Սեպտեմբեր 24, 2015թ. 10:13
Գևորգ Դանիելյան

«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

-Պարոն Դանիելյան, խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումները ցույց տվեցին, որ ներկայացված փաստաթղթում կան խիստ մտահոգիչ հոդվածներ: Կխնդրեի անդրադառնալ դրանցից մի քանիսին: Այսպես. հոդված 81-ը համարվում է անմենավտանգավորը, որի 1-ին ու 2-րդ կետերը փաստորեն, թույլ են տալիս, որպեսզի եվրոպական կառույցները մեկնաբանեն մեր երկրի Սահմանադրությունը: Արդարացված չե՞ն այն մտահոգությունները, թե այս հոդվածով մեր երկիրը հայտնվում է արտաքին կառավարման տակ, քանզի արտաքին նորմերն ու արտաքին կառույցների որոշումները մեզ համար դառնում են պարտադիր:

– Ակնհայտ սխալ մեկնաբանությամբ մտահոգություն ու վտանգ փնտրել այն դրույթներում, որոնք երաշխավորում են մարդու իրավունքների պաշտպանության սոսկ ողջամիտ գործընթաց, առնվազն տրամաբանական չէ: Ի դեպ, Ձեր կողմից նշված 2-րդ մասը տառացիորեն կրկնում է գործող Սահմանադրության 43-րդ հոդվածի 2-րդ մասը: Ինչի՞ մասին է խոսքը. Սահմանադրությունն արգելում է ամրագրել հիմնական իրավունքների ու ազատությունների այնպիսի սահմանափակումներ, որոնք կգերազանցեին միջազգային պայմանագրերով նախատեսված սահմանափակումները: Սա երաշխիք է, որպեսզի ընթացիկ օրենքներով անհարկի անհիմն սահմանափակումներ չնախատեսվեն: Եթե մտավախություն կա, որ դրանք կարող են առնչվել նաև ազգային-ավանդական ինքնատիպության ու արժեքնրի դեմ ոտնձգող դրույթներին, ապա բազմիցս նկատել ենք, որ այդ սահմանափակումներն արդեն իսկ ամրագրված են Սահմանադրությամբ, որը գերակայում է ցանկացած միջազգային պայմանագրի:
Ինչ վերաբերում է միջազգային կառույցների պրակտիկային, ապա հարկ է նկատի ունենալ, որ այն ևս միջազգային իրավունքի աղբյուր է, հետևաբար ևս ստորադասված է Սահմանադրությանը: Բացի այդ, ոչ թե միջազգային կառույցներն են մեկնաբանում մեր Սահմանադրության դրույթները, այլ պարզապես մեկնաբանություններ անելիս «հաշվի է առնվում» համապատասխան մարմինների պրակտիկան: Այսօր էլ է այդպես. Եվրախորհրդի անդամ ցանկացած պետություն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայով նախատեսված և իր Սահմանադրությունում արտացոլված իրավունքի բովանդակությունը մեկնաբանելիս, հղում է անում նախադեպային դատական ակտերի վրա, ինչից շահում է մարդու իրավունքը: Ձեր հարցադրումից այն տպավորությունը կարելի է ստանալ, որ իբր միջազգային կառույցներին անտեսելը, իսպառ մեկուսանալն ու կամայական մեկնաբանություններ անելն ինքնիշխանության երաշխիք է:

-Ընտրական իրավունքին վերաբերող՝ հոդված 47-ի 3-րդ կետում նշված է, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու, տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք: Մտավախություն չկա՞, որ օտարները, օրինակ իրանաբնակ ադրբեջանցիները, հեշտությամբ հաղթահարելով մշտական բնակության ցենզը, կարող են հաստատվել մեր սահմանային գյուղերում, ապա ընտրվել որպես համայնքների ղեկավարներ: Իսկ թե այս ամենը ինչպիսի ծանր հետևանքներ կարող է ունենալ մեր երկրի համար՝ բոլորիս համար ակնհայտ է:

-Սկզբունքորեն այս հարցը կարելի է բանավեճի նյութ համարել, ինքս տեղյակ եմ, որ խորհրդարանում այն ևս վիճահարույց է համարվել, ինչը հիմք է դրան համակողմանի անդրադառնալու համար: Ինչևէ, տվյալ դեպքում, նախապատվությունը ոչ միայն պարզապես տրվել է միջազգային չափանիշներին, այլև այն իրողությանը, որ հարկ է թիրախ ընտրել ոչ թե հետևանքները, այլ դրանք հնարավոր դարձնող բուն պատճառները: Մասնավորապես, պետք է կիրառել տարածքային համաչափ զարգացման այնպիսի քաղաքականություն, որը կբացառի անհարկի ուրբանիզացիան, գրավիչ կդարձնի սահմանային գոտիների բնակավայրերում բնակվելը և այլն: Մյուս կողմից, հարկ է, այնուամենայնիվ, պատասխանել այն հարցին, թե ինչպե՞ս կարող ենք վարվել այն դեպքում, երբ որևէ համայնքում անբարենպաստ հանգամանքների բերումով մշտական բնակություն են հաստատում բացառապես օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, օրինակ՝ փախստականները: Ի դեպ, այս նորմը հետապնդում է բացառապես փախստականների իրավունքների համալիր պաշտպանության խնդիր:
Բացի այդ, չպետք է անտեսել, որ ՏԻՄ-երում ներգրավվելու համար սահմանված են նաև այլ ցենզեր, որոնք ընդհանուր ոչինչ չունեն սոսկ մշտական բնակության հետ:

«Ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմերը գերակայություն ունեն օրենքների նկատմամբ». (հոդված 5-ի 2-րդ կետ): Շատերի համար սա անհասկանալի է հետևյալ առումով. «օրենքներ» ասվածի մեջ նաև մեր երկրի Սահմանդրությո՞ւնն է մտնում, թե՞ ոչ:

-Ոչ, միջազգային պայմանագրերը, ինչպես արդեն նկատեցինք, չեն կարող գերակայություն ունենալ Սահմանադրության նկատմամբ, ինչը բխում է նույն 5-րդ հոդվածի 1-ին մասից, որի համաձայն, Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Սա, ի դեպ, ևս կրկնում է գործող Սահմանադրությունը (6-րդ հոդվածի 1-ին մաս): Իհարկե, «օրենք» եզրույթը, լայն իմաստով, ներառում է նաև Սահմանադրությունը, սակայն իրավական յուրաքանչյուր նորմ հարկ է մեկնաբանել ոչ թե մեկուսի, այլ ողջ իրավական ակտի նորմերի համակարգում:

-Հաճախ է ասվում, որ այս նախագիծը հակասում է ԵԱՏՄ գաղափարախոսությանը: Այս առումով բերվում է հետևյալ փաստարկը.ԵԱՏՄ անդամ երկրների սեղանի շուրջ նստելու են նախագահներ, մինչդեռ Հայաստանից ներկայանալու է երկրորդական մանդատով, ժողովրդի կողմից չընտրված վարչապետը, ում ներկայությունն ուղղակի կարող է չընկալվել:

-Միաժամանակ, անտեսվում է մի անչափ կարևոր հարցադրում, ըստ որի, ԵԱՏՄ-ն ինքնին խոչընդոտ չհանդիսացավ դրա անդամ կոնկրետ մի երկրում կառավարման ձևն արմատական վերանայելու գործընթացին: Թե բանակցությունների սեղանին կամ իրավասու մարմնի աշխատանքներին կոնկրետ որ պաշտոնյան կմասնակցի, կարևոր չէ, կարևոր է, թե ինչպիսի կարգավիճակով հանդես կգա: Իսկ ԵԱՏՄ-ի շրջանակներում յուրաքանչյուր պետության այդչափ հայեցողությունը ևս վկայում է ինքնիշխանության անհրաժեշտ կայունության մասին: Ինձ համար անհասկանալի է, թե այդ ինչպե՞ս է, որ քննադատվում է ինքնիշխանության սահմանափակման խնդիրը, միաժամանակ, մտահոգություն է հայտնվում, թե ինչպես պետք է հարաբերվեն՝ սահմանադրական բարեփոխումների արդյունքում:

-Ի դեպ, մի դիտարկում ևս, երբ Հայաստանը անդամակցում էր ԵԱՏՄ-ին, բոլոր կողմերից կարծիքներ էին հնչում, թե այդ կերպ մեր երկիրը կորցրեց իր անկախությունը, քանի որ այսուհետ երկրում կատարվող բոլոր կարևոր քայլերը ուղղորդվելու, թելադրվելու են հիշյալ տնտեսական միության բարձրագույն խորհրդի կողմից: Մինչդեռ սահմանադրական բարեփոխումների այս ընթացքը կարծես թե ճիշտ հակառակն է հուշում: Ի՞նչ կասեք այս մասին:

Միջազգային ցանկացած կառույցի անդամակցելը հանգեցնում է ներքին քաղաքականության, այդ թվում իրավական կարգավորումների միասնականացման գործընթացների, ինչն ինքնին խոցելի չէ, եթե իրականացվում է ողջամտության ու խելամտության սահմաններում: Վերջին հաշվով, տնտեսական փոխհարաբերությունները անհարկի դանդաղում են ոչ միասնական ստանդարտների, միմյանից էապես տարբերվող վարչարարության պարագայում և այլն: Սակայն դա բնավ չի խոսում այն մասին, որ անվերապահորեն հարկ է նախապատվությունը տալ իրավական համակարգի կատարյալ ունիֆիկացմանը: Ցանկացած երկրի իրավական համակարգ ունի պատմաքաղաքական ու սոցիալական առանձնահատկություններով թելադրված նրբերանգներ, որոնք հանդիսանում են տվյալ պետության իրավական համակարգի հարստությունը, ինքնատիպությունը հավաստող գործոն, ուստի դրանք հնարավորինս անձեռնմխելի են:
Եթե միջազգային կառույցները փորձում են իրավական կարգավորման թիրախ դարձնել նաև այլ հատվածները, ապա դա խոցելի է դարձնում ոչ միայն մասնակից պետությունների, այլև հենց միջազգային կառույցի անխափան գոյությունը: Հիշենք, թե ինչպես էին Եվրամիության կառույցները փորձում կիրառման մեջ դնել Եվրամիության Սահմանադրության գաղափարը: Անգամ ամենաժողովրդավար և Եվրոպական արժեքների նկատմամբ անվերապահ վստահություն ունեցող երկրների համբավ ունեցող պետությունների քաղաքացիները հանրաքվեների արդյունքում միանշանակ մերժեցին այդ գաղափարը, ինչից միջազգային կառույցի պատասխանատուները, հավանաբար, լուրջ հետևություններ արեցին:
Համամիտ եմ Ձեզ հետ, որ այս փուլում այդպիսի «թելադրող» ու «կաշկանդող» մթնոլորտ ԵԱՏՄ-ի շրջանակներում չի գործում, և պետք է ջանք չխնայել, որ հետայսու ևս պահպանվի ձևավորված մթնոլորտը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն