Գլխավոր » Politics, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ

Սահմանադրական նոր նախագիծը դեմագոգիայի ու պոպուլիզմի համար տեղ չի թողնում

Հուլիս 22, 2015թ. 09:00
Գևորգ Դանիելյան

<Հայոց Աշխարհ> -ի հարցերին պատասխանում է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

– Ճի՞շտ է Սահմանադրության մեջ ամրագրել, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում պարտադիր պետք է ձևավորվի կայուն խորհրդարանական մեծամասնություն: Սա չի՞ նշանակում սահմանադրորեն մեկ կուսակցությանը տալ առաջնորդի դեր: Փաստորեն, նախագահն ու վարչապետը լինելու են այդ ուժեղ կուսակցության ենթակաները, և նա ով կղեկավարի այդ ուժը, կդառնա երկրի փաստացի ղեկավար, անկախ նրանից՝ թույլ նախագա՞հ է, թե՞ ուժեղ վարչապետ:

-Քաղաքական մեծամասնության ապահովումն ինքնին ոչ միայն անհրաժեշտ, այլև գործնականում այս կամ այն կերպ դրսևորվող գործընթաց է: Միջազգային, ինչպես նաև, մեր երկրի փորձը ցույց է տալիս, որ քաղաքական ուժերն այլ քաղաքական ուժերի հետ համագործակցելու, հատկապես, երկրի համար քաղաքական կամ սոցիալ-տնտեսական ծանր վիճակում սեփական ներուժը համախմբելու նպատակով ստեղծում են կոալիցաներ, ինչը ևս քաղաքական մեծամասնություն երաշխավորելու յուրահատուկ միջոց է: Սակայն, ի տարբերություն կոալիցիաների, որոնց դեպքում ժողովուրդը զրկված է լինում ընտրությամբ իր հստակ դիրքորոշումը հայտնելուց,
ընտրությունների երկրորդ փուլում ստեղծված դաշինքները դարձյալ ակնկալում են ժողովրդի քվեն, նման պարագայում չի բացառվում, որ քաղաքական մեծամասնություն դառնա նաև երկրորդ քաղաքական ուժը:
Միաժամանակ, ցանկացած այլ կուսակցություն կարող է չմասնակցել երկրորդ փուլին, սակայն դրա արդյունքում չի կորցնում առաջին փուլում ունեցած իր տեղերի քանակը:
Այսպիսով, քաղաքական մեծամասնության անհրաժեշտությունը վիճահարույց չէ, այն սոսկ նպաստում է քաղաքական ուժերի նվազագույն համախմբմանը՝ չխաթարելով Հանրապետության նախագահի կամ վարչապետի բնականոն աշխատանքը:
Վերջին հաշվով, խնդիրն այդչափ պարզունակ չէ և չի սահմանափակվում սոսկ քաղաքական մեծամասնության և պետության ու կառավարության ղեկավարների, այսպես կոչված, մեծամասնության կամքով թելադրված փոխհարաբերություններով: Իշխող քաղաքական կուսակցությունը ևս կրում է սահմանադրական պատասխանատվություն և իր գործունեությունը ձախողելը՝ ընդունենք, վարչապետին հանիրավի ուղղորդելու միջոցով, հանգեցնելու է հենց քաղաքական ուժի պատասխանատվությանը՝ առնվազն իր քաղաքական վարկի նվազմանը:

-Նախագիծն առաջարկում է կառավարման համակարգ, որտեղ կա իշխանության երեք թև, որոնցից սակայն որևէ մեկը իրականում չունի ամբողջական իշխանություն: Վտանգ չե՞ք տեսնում, որ սա կարող է նպաստել ներիշխանական ինտրիգների սրմանը, երկրում անկայունության ստեղծմանը. ի վերջո, թևերից մեկը անպայմանորեն կձգտի ավելին ունենալ:

– Ի՞նչ է նշանակում <ամբողջական իշխանություն>, յուրաքանչյուր իշխանության ճյուղին սույն նախագծով վերապահված է համարժեք սահմանադրական կարգավիճակ: Եթե կլինեն հակասությունների կամ լիազորությունների հետ կապված վեճեր, ապա ի տարբերություն գործող Սահմանադրության, մենք նախատեսել ենք, որ այդպիսի վեճերը կարող են քննության առարկա դառնալ Սահմանադրական դատարանում: Քաոսային վիճակ հնարավոր է հենց գործող Սահմանադրության պարագայում, քանզի համակարգված չեն սահմանադրական կարգավիճակի առնչությամբ ծագող վեճերի քննության հստակ կառուցակարգերը և ընթացակարգերը:

Երկրի նախագահի ընտրությունը թողնված է <ընտրիչների ժողովին>, որը կազմված է ԱԺ պատգամավորներից եւ նույն թվով՝ 101 ՏԻՄ ներկայացուցիչներից: Բայց քանի որ մեր համայնքային իշխանությունների քանակը 915-ն է, ուրեմն ի՞նչ մեխանիզմով պետք է 915 համայնքից ընտրվեն 101 <ընտրիչները>: Այստեղ մտահոգությունն այն է, որ նրանք կարող են լինել իշխանության համախոհները:

– Նախ, պատգամավորների նվազագույն թիվն է 101, իսկ գործնականում՝ երկրորդ փուլի արդյունքներով, այն կարող է ավելի մեծ լինել: Թե ի՞նչ կարգով կընտրվեն <ընտրիչները>, դա Ընտրական օրենսգրքի կարգավորման առարկան է, որը սահմանադրական նախագծով համարվում է օրգանական օրենք և կարող է ընդունվել ձայների որակյալ մեծամասնությամբ: Այսինքն՝ քաղաքական փոքրաթիվ ուժերը ևս այդ իրավիճակում ձեռք են բերում քաղաքական գործընթացի վրա անմիջականորեն ազդելու լծակներ: Որպեսզի ձեր և ցանկացած այլ անձի մտահոգությունը փարատվի, հարկ է ելակետ ընդունել այն, որ ընտրական օրենսդրությունն այսուհետ չի կարող ընդունվել սոսկ քաղաքական մեծամասնության քվեարկության արդյունքում, քանի որ հարկ կլինի ձայների ավելի մեծ տոկոս, ինչը հնարավոր է միայն ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ փոխզիջման պարագայում:

Ի՞նչ կասեք հետևյալ առաջարկության առնչությամբ. կառավարությունը պետք է ձևավորվի Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության կազմից, հակառակ դեպքում, ստացվում է, որ վարչապետին ընտրելուց հետո ասում ես` գնա ու որտեղից ուզում ես քեզ համար նախարարներ ընտրիր: Այսինքն՝ սահմանադրորեն պետք է ամրագրվի, որ կառավարությունը ձևավորում է վարչապետը՝ Ազգային ժողովի իր կուսակցության կազմից:

-Այն, ինչ առաջարկում եք, միանշանակ բխում է Սահմանադրության առաջադրված հիմնադրույթներից: Սահմանադրությունում ողջամիտ չէ ակնհայտ գաղափարները հանգամանորեն ամրագրել, դա կվերածվի ընթացիկ օրենսդրական ակտի: Վերջին հաշվով, ի՞նչ է նշանակում, թե վտանգավոր է վարչապետի հայեցողությամբ կառավարություն կազմելը. չի կարելի անտեսել, որ նույն կառավարությունն այսուհետ գործելու է խորհրդարանի անմիջական վերահսկողության ներքո, հաշվետու է լինելու վերջինիս:

Վարչապետին անվստահություն հայտնելը կարող է դառնալ որոշ պատգամավորների ամենօրյա զբաղմունքը, արդյոք դա չի՞ ենթադրում հետևյալ հոդվածը. <Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ընդունվել 6 ամիս հետո>: Եվ եթե վեց ամիսը մեկ պատգամավորները կարող են անվստահություն հայտնել վարչապետին, սա չի՞ խաթարի կառավարության կայունությունը:

– Կառավարության կայունությունն ինքնին չի խաթարվում անվստահության հայտ ներկայացնելով, այն անհրաժեշտ է, ինչպես արդեն նշվեց, Ազգային ժողովի առջև կառավարության հաշվետվությունն իրական դարձնելու նկատառումով: Իսկ 6 ամիսը ողջամիտ ժամկետ է, քանի որ այն բավարար է կառավարության գործունեությանն առնչվող նոր, էական հարցադրումներ բացահայտելու և քննարկման նյութ դարձնելու նկատառումով: Նկատենք, որ դա <ամենօրյա զբաղմունք> չէ, քանի որ ակնհայտ ու անհարկի չարաշահումները կիջեցնեն համապատասխան քաղաքական ուժերի վարկանիշը, ինչը կկանխորոշի նրանց հետագա քաղաքական ճակատագիրը: Այս նախագծի արժեքը նաև այն է, որ տեղ չի թողնում ուժեր փոշիացնող դեմագոգիային ու պոպուլիստական գործելաոճին: Եթե քաղաքական ուժը գտնում է, որ խորհրդարանում փոքրաթիվ լինելու պատճառով չի կարողանում արդյունավետ աշխատել, ապա կարող է ոչ թե բավարարվել սոսկ քննադատություններով, այլ քաղաքացիական նախաձեռնության խողովակով հասնել հանրաքվեի անցկացման՝ արգելափակելով քաղաքական մեծամասնության հնարավոր կամայականությունները:

Հոդված 47-ում նշվում է, որ ԱԺ պատգամավոր կարող է ընտրվել պետական լեզվին տիրապետող անձը: Սա շատ կարևոր է, բայց ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմով պետք է որոշվի, թե պատգամավորության տվյալ թեկնածուն որքանո՞վ է տիրապետում մայրենիին: Եվ ինչո՞ւ նման պահանջ չկա նաև նախագահի, վարչապետի դեպքում:

-Դուք անդրադառնում եք հարցի, որը պարզապես առնչվում է օրենսդրական կարգավորմանը: Նախագահի ու վարչապետի դեպքում այդ պահանջն արդեն իսկ բխում է Սահմանադրությունից. հիշյալ պաշտոնյաներն իրենց լիազորություններն իրականացնելիս առնչվում են վարչարարության հետ, ինչը կարող է իրականացվել բացառապես պետական լեզվով:

-Մասնագետների պնդմամբ Բարձրագույն դատական խորհրդին պետք է տալ լայն լիազորություններ, որպեսզի այն դառնա դատական իշխանության քաղաքականություն ձևավորող մարմին ու դրանով իսկ լինի պատասխանատու դատական որակի համար: Որպեսզի ժողովուրդն իմանա՝ ումի՞ց պահանջել դատական որակ:

– Բարձրագույն դատական խորհրդին, կարծում եմ, վերապահված են համարժեք ու ողջամիտ լիազորություններ, ավելի լայն լիազորություններն ինքնին կհանգեցնեն մի նոր իշխանության օղակի ձևավորմանը, որը խաթարելու է դատական իշխանության անկախությունը և, մասնավորապես, դատավորների անկախությունը:

Օգտվելով առիթից ասեմ, որ դիտողություններ և նկատառումներ ներկայացնելիս պետք է լինել հնարավորինս ողջախոհ ու խնդիրին վերաբերվել այն զգացումով, որ ներկայացվող առաջարկությունը միակ բացարձակ ճշմարտությունը չէ: Մասնավորապես, հարիր չէ, երբ մասնագետները դատողություններ անելիս իրենց թույլ են տալիս գիտագործնական վերլուծությանը ոչ բնորոշ արտահայտություններ ու գնահատականներ տալ, այսպես՝ տեղին չէ խոսել, իբր, կենցաղային մակարդակի նորմերի մասին, սակայն դրանք գնահատել հե՜նց կենցաղային տերմիններով:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն