Գլխավոր » WestArmenia, Ազգային գաղափարախոսություն, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Արևմտյան Հայաստան պետության Վտարանդի կառավարության հայեցակարգը

Մայիս 22, 2015թ. 20:59
Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն

2015թ. հունվարի 29-ին «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համահայկական հռչակագիրը», հայոց ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարվա հիմնական արարողակարգային միջոցառումները, առաջադեմ հանրության կողմից Հայոց ցեղասպանությունը իրականացնորղներին դատապարտելը և ցեղասպանությունների կանխարգելման միջազգայնացման գործընթացները նոր հնարավորություններ ստեղծեցին հայոց պահանջատիրությունը և հայրենատիրությունը կյանքի կոչելու համար:

Առաջադեմ հանրությունը համոզվեց և արձանագրեց՝ Թուրքիայի Հանրապետությունում շարունակվում է հայերի և հայկական մշակույթի ցեղասպանությունը, խոչընդոտվում է դավանափոխ հայության սերունդներին հիշել և վերադառնալ իրենց արմատներին:

Երեք տասնամյակ Թուրքիայի Հանրապետության կողմից փակ սահմանների և շրջափակման մեջ գտնվող Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, ինչպես նաև Ջավախքին պարտադրված է հայաթափում, իսկ սփյուռքին՝ ձուլում, ինչը ոչ թե հետևանք է, այլ Հայոց ցեղասպանության շարունակություն: Այս մասին քաղաքակիրթ աշխարհը լռում է, կամ խոսում է մեծ դժվարությամբ:

Սույն իրողության շրջանակներում էր, որ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը հայտարարեց՝ «Հայաստանի Հանրապետությունը, իր անկախացումից ի վեր, երբեք Թուրքիայից կամ որևէ այլ երկրից տարածքային պահանջներ չի ունեցել: Մեր կառավարության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել և չկա այսօր: Սա հստակ է»: Ըստ էության, քաղաքական հանրությունը թե’ դրսում, թե’ ներսում դեռևս պատրաստ չէ ընդունելու հայ ժողովրդի՝ Հայաստանի Միացյալ Պետություն ունենալու անժամանցելի իրավունքը:

ԱՀՊ Վտարանդի Կառավարությունը, որպես հայրենատիրության իրավունքի կրող և ներկայացնող
ա) փաստում է`
– հայոց ինքնության պահպանության, պահանջատիրության և հայրենատիրության գրավականը Հայաստանի Հանրապետությունն է,

-ՀՀ անկախության տարիները ցույց տվեցին, որ կուսակցականների և քաղաքական գործիչների մեծ մասն իրենց շահը վեր են դասում պետական շահերից: Կոռուպցիան, բյուրոկրատիզմը, սոցիալական անարդարությունը, աշխատանքի բացակայությունը, սոցիալ-տնտեսական կացությունը հանրության համար ստեղծել են անկանխատեսելի իրավիճակ: Արգելափակված են երկրի իրավա-քաղաքական ու տնտեսական ոլորտների արդյունավետ և ազգանպաստ զարգացումները, ինչն էլ հանդիսանում է արտագաղթի մեծ խթան,

-ՀՀ-ում մտավորականությունն արհամարհված է և մի կողմ քշված, քաղաքացին զրկված է պետականակերտ մշակույթից, գաղափարախոսությունից: Քաղաքական վերնախավի առողջ հատվածը պարտավոր է կասեցնել հիվանդ վերնախավի օրինախախտ և ապազգային գործունեությունը: Ժամանակն է արարողին ցույց տալ իր տեղը, ավերողին՝ իր տեղը,

-ՀՀ-ում հանրային և քաղաքական կամքը չի բավարարում հայրենատիրության և սեփական պետություն ունենալու գաղափարը նույնացնելու և այն ընկալելի դարձնելու քաղաքական բարձր դասին՝ գործարար հանրությանը և հայ մարդուն ընդհանրապես: Երկրում ստեղծված իրավիճակը և բարոյա-հոգեբանական աննախադեպ անկումը հղի են անկանխատեսելի և անցանկալի հետևանքներով:

բ) մերժում է՝
-ներհայկական դաշտի յուրաքանչյուր քաղաքական անհանդուրժողականություն և պետականակերտ խնդիրներին ծայրահեղ միջոցներով լուծումներ տալու մոտեցումները,

-ՀՀ-ում գործող իրավական, սոցիալական եւ դասակարգային առանձնաշնորհների համակարգը,

-ՀՀ-ում օրենքից դուրս գործող քաղաքացիական և հանրային իրավահարաբերությունների պարտադրված համակարգը,

գ) պնդում է՝
-ՀՀ-ում որպես սահմանադրական բարեփոխումների հիմք ընդունել «ԱՄՆ 28-րդ Նախագահ Վ.Վիլսոնի անբեկանելի, անժամանցելի Իրավարար Վճիռը» և Իրավարար Վճռով ամրագրված աշխարհասփյուռ հայրենազուրկ հայ մարդու հայրենիք ունենալու իրավունքը,

-համակարգային բարեփոխումների և տնտեսական համաներման միջոցով ՀՀ-ում ստեղծված իրավիճակի հաղթահարումը կենսական անհրաժեշտություն է: Հապաղելու իրավունք չունենք, հապաղելու գինը արտագաղթն է, տնտեսության քայքայումը և պետականության կորուստը,

-ՀՀ-ում կենսական անհրաժեշտություն է ֆինանսատնտեսկան գործունեության դուրս բերումը իրական ստվերից և կոռումպացված վերահսկողությունից: Պետք է գործի «Յուրաքանչյուրիս շահը համընդհանուր շահի մեջ է» կարգախոսը,

-ՀՀ-ում իրականացնել տնտեսական համաներում՝ իրավական ակտով հաստատված չափորոշիչներով և այն կիրարկելի դարձնել 1992թ. հունվարի 1-ից մինչև 2015թ. մայիսի 1-ը ընկած ժամանակաhատվածի համար:

դ) գտնում է՝
-ՀՀ-ում ստեղծված իրավիճակը հնարավոր է հաղթահարել բացառապես սահմանադրական և համակարգային բարեփոխումներով` թափանցիկ և օրենքով վերահսկելի փոխարկելի (ռոտացիոն) կառավարման համակարգի միջոցով: Աշխարհասփյուռ հայը պետք է համոզված լինի, որ իր հայրենիքում հայը բարձր արժեք ունի: «Բարձրացրու, որ բարձրանաս» կարգախոսը մեր իրականության մեջ պետք է վերածվի մտածելակերպի,

-ՀՀ-ում որպես սահմանադրական նորմ ճանաչել և հաստատագրել հայրենազուրկ հայ մարդու պահանջատրիության և հայրենատիրության իրավունքը՝ անկախ նրա բնակության վայրից, կացությունից, քաղաքացիությունից և կրոնական պատկանելիությունից,

-ՀՀ-ում և սփյուռքում կուտակված հիմնախնդիրները հետևանք են Միացյալ Հայաստան Պետության բացակայության: ԱՀՊ Վտարանդի Կառավարությունը, ՀՀ իշխանությունները և աշխարհասփյուռ հայ ժողովրդի ազգակերտ հատվածը պարտավոր են համագործակցել հանուն Միացյալ Հայաստան Պետության,

-ՀՀ-ում սահմանադրական և համակարգային բարեփոխումների միջոցով ապահովել իրավական պայմաններ՝ Հայաստանի Միացյալ Պետություն կազմավորելու համար: Համոզված ենք՝ պահանջատիրությունը և հայրենատիրությունը հայի կենսակերպն է, և հզոր հայրենիք ունենալը յուրաքանչյուր հայի նպատակը: Վերը նշված խնդիրներին լուծումներ տալու համար անհրաժեշտ է նկատի ունենալ, որ`

-աշխարհասփյուռ հայության համար առաջացել է քաղաքական և իրավական նոր կացություն, ինչը սկզբունքորեն տարբերվում է 1945-1953 թթ.(Территориальные претензии СССР к Турции) կացությունից ,

-քաղաքական և իրավական նոր իրավիճակ ձևավորողներից մեկն էլ 2011թ.-ին հռչակված Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունն է, որը 2014թ. սեպտեմբերի 1-ին դե ֆակտո և դե յուրե ընդունեց «ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի իրավահաջորդության մասի զիջման և ընդունման մասին» որոշումը,

-2014թ. սեպտեմբերի 1-ի որոշումը իրավունք է տալիս ԱՀՊ Վտարանդի Կառավարությանը՝ որպես աշխարհասփյուռ հայության զգալի մասի և Արևմտյան Հայաստանի քաղաքացիների բարձրագույն պետական մարմնի՝` միջազգային հանրությանը ներկայանալ հայրենատիրության իրավունքի պահանջատեր այն մասով, որ մասով Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը հանդես չեն գալիս,

-ԱՀՊ Վտարանդի Կառավարությունը իր կատարած և շարունակական իրավական քայլերով զրկում է Թուրքիայի Հանրապետությանը՝ Estoppel իրավական սկզբունքը «A legal principle that bars a party from denying or alleging a certain fact owing to that party’s previous conduct, allegation, or denial»՝ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վ.Վիլսոնի անբեկանելի, անժամանցելի Իրավարար Վճռի նկատմամբ կիրառելու հնարավորությունից,

-2015 թ. ապրիլի 25-ից հետո աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մտել է պահանջատիրության և հայրենատիրության ուղենիշ հանդիսացող նոր քաղաքական և իրավական գործընթացների մեջ, ուստի Հայաստանի Հանրապետության և ԱՀՊ Վտարանդի Կառավարության համագործակցությունը դառնում է ժամանակի հրամայականը:

ԱՀՊ Վտարանդի Կառավարությունը հայտարարում է ՝

ա) ՀՀ-ում ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով ԱՀՊ Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյանը հանդես կգա սահմանադրական բարեփոխումների ու տնտեսական համաներման վերաբերյալ նախագծերով և այն կփոխանցի ՀՀ պատկան մարմիններին՝ միասնաբար լուծումներ գտնելու ակնկալիքով,

բ) ԱՄՆ-ում պետական գրանցում ստացած Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյանը և Արևմտյան Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիան պատրաստ են համագործակցել Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների հետ՝ իրականացնելու տնտեսական, քաղաքական և համակարգային բարեփոխումներ՝ ի շահ աշխարհասփյուռ հայ ժողովրդի և ապագա Հայաստանի Միացյալ Պետության,

գ) պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնց համար գերակա է պահանջատիրությունը, հայրենատիրությունը, ՀՀ անկախությունը, մարդու իրավունքը (Human Rights),

դ) ընդունում ենք Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Օկամպոյի առաջարկը.
«ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի գործընթացում ստանձնել առաջնորդի դերակատարումը»:

Ժամանակն է կյանքի կոչել հայ մարդու իրավունքը և համակարգային բարեփոխումների կիրարկումով կառուցել Հայաստանի Միացյալ Պետությունը:

Վարչապետ` Արամ Մկրտչյան
19.05.2015 թ. Գերմանիա, քաղաք Մայնց

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել WestArmenia, Ազգային գաղափարախոսություն, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն