Գլխավոր » Analitika, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

ԹՈՒՐՔԻԱ-ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Մարտ 29, 2015թ. 22:48

2015թ. փետրվարի 8-13-ին տեղի ունեցավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի լատինաամերիկյան շրջագայությունը, որի շրջանակներում այցելեց Կոլումբիա, Կուբա և Մեքսիկա: Էրդողանի այս շրջագայությունն ուշագրավ է մի քանի տեսանկյունից` քաղաքական, տնտեսական ու կրոնական:

Քաղաքական

Բուն խնդրին անդրադառնալուց առաջ պատմական կարճ էքսկուրս կատարենք: Օսմանյան կայսրության ու Լատինական Ամերիկայի երկրների շփումները սկսվել են 19-րդ դարում` 1860-ական թվականներից: Ինչ վերաբերում է Թուրքիայի Հանրապետությանը (ԹՀ), ապա հարաբերությունների մեկնարկ է համարվում 1926թ., երբ Չիլին ճանաչեց ԹՀ-ը՝ դառնալով դա արած լատինաամերիկյան առաջին երկիրը:

Ընդհանուր առմամբ՝ Լատինական Ամերիկան Թուրքիայի տեսադաշտում հայտնվեց միայն «Սառը պատերազմի» ավարտից հետո՝ 1990-ական թթ.: «Սառը պատերազմի» ժամանակ ՆԱՏՕ անդամ Թուրքիան չէր վարում բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, և այս առումով Լատինական Ամերիկայի հետ հարաբերությունները գտնվել են ամենացածր մակարդակի վրա: Բացի այդ, դրա համար պատճառներ են հանդիսացել աշխարհագրական հեռավորությունն ու քննարկման համար թեմաների սակավությունը:

1992թ. Թուրքիայի վարչապետ Մեսութ Յըլմազն այցելեց Մեքսիկա՝ դառնալով Թուրքիայի՝ այդ երկիր այցելած առաջին վարչապետը, իսկ 1995թ. ապրիլին Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելն այցելեց Արգենտինա, Բրազիլիա ու Չիլի, ինչը հանդիսացավ Թուրքիայի նախագահի առաջին այցը Լատինական Ամերիկա և շրջադարձային կետ է համարվում երկկողմ հարաբերություններում: Եվ այնուամենայնիվ, Թուրքիայի արտաքին քաղաքականությունում «լատինաամերիկյան նախաձեռնության» հեղինակ է համարվում Թուրքիայի նախկին (1997-2002թթ.) արտգործնախարար Իսմայիլ Ջեմը, որը Թուրքիայի բազմավեկտոր քաղաքականություն վարելու հարցում հատուկ տեղ է հատկացրել Լատինական Ամերիկային ու Կարիբյան ավազանին (LAK): Նա 1998-1999թթ. այցելել է LAK մի շարք երկրներ: 1998թ. սեպտեմբերին Թուրքիայի ԱԳՆ-ը պատրաստեց «LAK-ի հանդեպ գործողությունների պլանը»՝ տարածաշրջանում քաղաքական ու տնտեսական նախաձեռնությունների «ճանապարհային քարտեզը»:

LAK ու Թուրքիայի հարաբերությունները նոր զարգացում ապրեցին հատկապես 2002թ. Թուրքիայում Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) իշխանության գալուց հետո: 2006թ. Թուրքիայում հայտարարվեց LAK տարի: Նույն թվականի հունիսի 5-11-ին Թուրքիայում կազմակերպվեց «լատինաամերիկյան շաբաթ», որի շրջանակներում LAK երկրներից Թուրքիա հրավիրվեցին արտաքին գործերի, արդյունաբերության, առևտրի և էկոնոմիկայի նախարարներ, գործարարներ, համալսարանների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Վերջին 10 տարում Թուրքիայի կողմից LAK տարածաշրջանում ակտիվ քաղաքականություն վարելու մասին են վկայում նաև դեսպանատների բացումը, բարձրաստիճան անձանց փոխադարձ այցերը: 2010թ. փետրվարին ու մարտին Թուրքիայի դեսպանատներ բացվեցին Բոգոտայում (Կոլումբիա) ու Լիմայում (Պերու), իսկ 2012թ. հունվարին՝ Կիտոյում (Էկվադոր): Դրանով իսկ տարածաշրջանում Թուրքիայի դեսպանատների թիվը հասցվեց 9-ի: Թուրքիան այսօր իր դեսպանատներն ունի Արգենտինայում, Բրազիլիայում, Չիլիում, Կուբայում, Կոլումբիայում, Մեքսիկայում, Պերուում, Վենեսուելայում և Էկվադորում:

2009-2012թթ. Թուրքիա են այցելել Արգենտինայի, Բրազիլիայի, Կոլումբիայի, Կոստա Ռիկայի, Սենտ Վինսենտի և Գրենադների նախագահները, Բահամների, Բարբադոսի վարչապետերը, Արգենտինայի, Բրազիլիայի, Կոլումբիայի, Մեքսիկայի, Պարագվայի և Վենեսուելայի արտգործնախարարները: Միևնույն ժամանակ, Թուրքիայի վարչապետն այցելել է Մեքսիկա ու Բրազիլիա1:

Անդրադառնալով 2015թ. փետրվարին Էրդողանի լատինաամերիկյան շրջագայությանը՝ պետք է նշել, որ դա Թուրքիայի նախագահի առաջին այցն էր Լատինական Ամերիկա վերջին 20 տարում (ինչպես արդեն նշվել է, Սուլեյման Դեմիրելը Լատինական Ամերիկա է մեկնել 1995թ.): Բացի այդ, այն դարձավ Թուրքիայի նախագահի մակարդակով Կոլումբիա, Կուբա և Մեքսիկա կատարած առաջին այցը: Էրդողանն այդ երկրներ այցելեց նաև G20-ում նախագահող (2014թ. դեկտեմբերի 1-ից) երկրի նախագահի կարգավիճակով: Էրդողանի այս շրջագայությունն առանձնանում է նաև այն առումով, որ, ի տարբերություն LAK երկրներ Էրդողանի նախկին այցերի, սրա հիմքում ընկած չէր միջազգային որևէ միջոցառման մասնակցելը:

Մասնավորապես, 2010թ. մայիսի վերջին-հունիսի սկզբին Էրդողանն այցելեց Բրազիլիա և Չիլի, ինչը Թուրքիայի վարչապետի առաջին այցն էր այդ երկրներ: Էրդողանը պլանավորել էր այցելել նաև Արգենտինա` կապված 1910թ. երկու երկրների (Օսմանյան կայսրության ու Արգենտինայի) միջև հյուպատոսական ոլորտում համագործակցության մասին արձանագրության ստորագրման 100-ամյակի հետ: Սակայն այն բանից հետո, ինչ Բուենոս Այրեսում (Հայկական սփյուռքի ջանքերով) տապալվեց ԹՀ հիմնադիր Քեմալ Աթաթուրքի հուշարձանի բացման նախաձեռնությունը, Էրդողանը չեղյալ հայտարարեց իր այդ այցը և Բրազիլիայից միանգամից մեկնեց Չիլի: Եվ ահա այս դեպքում Էրդողանի այցի դրդապատճառ է հանդիսացել 2010թ. մայիսի 28-29-ին Ռիո դե Ժանեյրոյում կազմակերպված Քաղաքակրթությունների դաշինքի երրորդ ֆորումին մասնակցելը, ինչից հետո Էրդողանի համար դժվարություն չի ներկայացրել տարածաշրջանի մյուս երկրներ այցելելը:

2012թ. հունիսին Էրդողանն այցելեց Մեքսիկա և Բրազիլիա (Մեքսիկա այցելել է նաև 2009թ.` երկկողմ հարաբերությունների զարգացման համար): Այս դեպքում դրդապատճառ է հանդիսացել միջազգային խոշոր միջոցառումներին մասնակցելը. Էրդողանը Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում մասնակցել է G20-ի գագաթաժողովին, ապա այստեղից մեկնել է Բրազիլիա՝ մասնակցելու ՄԱԿ կազմակերպած Rio+20 գագաթաժողովին:

Այդպիսով, Էրդողանի լատինաամերիկյան ներկայիս շրջագայությունն այցելած երկրների թվի ու դրդապատճառների առումով աննախադեպ էր ԱԶԿ կառավարման տարիների համար: Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը 2011թ., իսկ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենա Նիետոն 2013թ. այցելել էին Թուրքիա, և սա Էրդողանի պատասխան այցն էր` միտված երկկողմ հարաբերությունների խորացմանը: Էրդողանը լատինաամերիկյան այդ երկրներում առանձին հայտարարություններով քննադատեց ՄԱԿ ԱԽ-ին ու ԱՄՆ-ին, ինչը միտված էր նաև այդ երկրների համակրանքը շահելուն և այդ երկրներում Թուրքիայի (իր) հեղինակությունը բարձրացնելուն: Մասնավորապես, Էրդողանը Կոլումբիայում առաջարկեց ՄԱԿ ԱԽ մշտական անդամների թիվը հասցնել մինչև 20-ի. «Եթե ցանկանում եք լավ հասկանալ այսօրվա համաշխարհային քաղաքականությունը, ապա պետք է լավ վերլուծության ենթարկեք Առաջին համաշխարհային պատերազմը: Միգուցե Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության պատմության մեջ ամենաարյունալի պատերազմներից մեկն է, սակայն ազդեցության տեսանկյունից այն զիջում է Առաջին համաշխարհային պատերազմին: Այսօրվա բազմաթիվ երկրների սահմանները ձևավորվել են Առաջին համաշխարհային պատերազմից հետո, նրանց ունեցած խնդիրները հենց այդ պատերազմի հետևանք են: Դա մասնավորապես վերաբերում է Մերձավոր Արևելքին, Բալկաններին ու Կովկասին, ուր 100 տարի անց էլ պահպանվում են խնդիրները: Անհրաժեշտ է բարեփոխել Առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծված կառավարման կարգը: Աշխարհն ավելի մեծ է, քան 5 երկիրը` ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա: Մի՞թե մենք դատապարտված ենք այս 5 երկրի ձեռքում: Այդ երկրների թվում չկա մուսուլմանական երկիր: Եկեք այդ 5-ը դարձնենք 15, 20 երկիր»2: Մեքսիկայում Էրդողանը հայտարարեց, թե «աշխարհի 190 երկիր դատապարտյալ է դարձել այդ 5 երկրի ձեռքում, և որ ոչ ոք չի խոսում այդ մասին, ինչի պատճառը կա՛մ վախն է, կա՛մ էլ անելանելիությունը»3:

Հիշեցնենք, որ Սիրիական հակամարտության սկսվելուց հետո Էրդողանը շարունակ քննադատում է ՄԱԿ ԱԽ-ին՝ մեղադրելով այդ և նմանատիպ հակամարտությունները կարգավորելու անընդունակության մեջ: Էրդողանը շարունակ խոսում է ՄԱԿ ԱԽ-ը բարեփոխելու անհրաժեշտության և մասնավորապես նրա մշտական անդամների թվաքանակի մեծացման մասին: Էրդողանի այդօրինակ հայտարարությունները հաճախակիացան այն բանից հետո, երբ Թուրքիան 2014թ. աշնանը չկարողացավ ընտրվել ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ, ինչը «մեծ ապտակ» էր նրա համար: Էրդողանի նպատակը ՄԱԿ ԱԽ մշտական անդամների թվում Թուրքիան ընդգրկելն է, ինչը կմեծացնի նրա քաղաքական կշիռն աշխարհում և կնպաստի գլոբալ հարցերում Թուրքիայի ուրույն դերակատարությանը:

Մյուս կողմից՝ Էրդողանը ցանկանում է առաջացնել ու առաջնորդել ՄԱԿ ԱԽ կառուցվածքի բարեփոխման «շարժումը»՝ աշխարհի տարբեր երկրների ոտքի հանելով ընդդեմ գործող աշխարհակարգի: Նա փորձում է հանդես գալ այդ 5 երկրի «գերությունից» մնացյալ երկրների «ազատարարի» դերում, ինչը հատկապես վերաբերում է մուսուլմանական երկրներին: Բնականաբար, եթե ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրների թիվը հասցվի 20-ի, դա կլինի յուրատեսակ «քաղաքական G20», որում, Թուրքիայից բացի, կարող են գտնվել նաև LAK երկրներ Բրազիլիան ու Մեքսիկան: Ի դեպ, 2011թ. Էրդողանն առաջարկել էր թուրքերենը դարձնել ՄԱԿ պաշտոնական 7-րդ լեզու (ներկայումս ՄԱԿ պաշտոնական լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը, իսպաներենը, չինարենը, արաբերենը, ռուսերենը):

Կուբայում Էրդողանը հայտարարեց, թե այդ երկրի դեմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցներն անմարդկային ու անարդար են4: Իսկ Մեքսիկայում նա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային մեղադրեց Հյուսիսային Կարոլինայում երեք մուսուլման դեռահասի սպանության կապակցությամբ լռություն պահպանելու մեջ՝ ընդգծելով, որ քաղաքական գործիչները պատասխանատվություն են կրում իրենց երկրում տեղի ունեցածի համար և պետք է հստակ հայտնեն դրա նկատմամբ իրենց վերաբերմունքը5:

Այժմ հայտնի է, որ Էրդողանը լատինաամերիկյան ուղղությամբ չի պատրաստվում կանգ առնել ձեռք բերածով և ծրագրում է մարտին (որոշակի տվյալներով՝ աշնանը) իրականացնել ևս մեկ լատինաամերիկյան շրջագայություն` դրա շրջանակներում այցելելով LAK ևս երեք երկիր՝ Բրազիլիա, Վենեսուելա և Բոլիվիա: 2015թ. փետրվարի սկզբին, երբ Էրդողանը դեռ չէր մեկնել Լատինական Ամերիկա, թուրքական մամուլը հայտնեց, որ Էրդողանը 2014թ. օգոստոսից (Թուրքիայի նախագահ ընտրվելուց հետո) արդեն այցելել է 16 երկիր և ծրագրում է մոտ ժամանակներս այցելել ևս 40 երկիր` մտադրվելով մեկ տարում այցելել մոտ 50 երկիր6: Սա վկայում է արտաքին քաղաքական դաշտում Էրդողանի ընթացիկ ու առաջիկա մեծ ակտիվության մասին, որն առնչվում է նաև LAK-ին:

Տնտեսական

Թուրքիան ձգտում է զարգացնել լատինաամերիկյան երկրների հետ համագործակցությունը տնտեսական, առևտրի, տեխնիկական ոլորտներում: Թուրքիան ցայժմ առևտրային և տնտեսական համագործակցության մասին պայմանագրեր է ստորագրել LAK 13 երկրի հետ՝ Արգենտինա, Բրազիլիա, Էկվադոր, Գվատեմալա, Գայանա, Ճամայկա, Կոլումբիա, Կուբա, Մեքսիկա, Պարագվայ, Պերու, Չիլի և Ուրուգվայ: Եթե 2000թ. Թուրքիայի և LAK երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է $919 մլն, ապա 2008թ. այն հասել է մինչև $5.5 մլրդ-ի, իսկ 2011թ.՝ $8 մլրդ-ի: Այժմ պլանավորված է հասցնել մինչև $10 մլրդ-ի: Տարածաշրջանում Թուրքիայի խոշորագույն առևտրային գործընկերներն են Բրազիլիան, Մեքսիկան, Կոլումբիան, Արգենտինան և Չիլին: Թուրքիան LAK երկրների հետ ազատ առևտրի առաջին համաձայնագիրը ստորագրել է Չիլիի հետ՝ 14.07.2009, որն ուժի մեջ է մտել 01.03.2011թ: Այդ մասին բանակցություններ են տարվում նաև մյուս երկրների և մասնավորապես Կոլումբիայի ու Մեքսիկայի հետ:

Լատինաամերիկյան շրջագայության ժամանակ Էրդողանին, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուից բացի, ուղեկցել են նաև էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, գյուղատնտեսության, սննդի և անասնապահության նախարար Մեհդի Էքերը, մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքն ու մի շարք գործարարներ, ինչն ընդգծում է նրա այցի տնտեսական ուղղությունները: Կոլումբիա կատարած այցի ժամանակ ստորագրվեց 7 պայմանագիր, այդ թվում նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Էրդողանը Կոլումբիային շնորհակալություն հայտնեց «Թուրքական ավիաուղիներ» (Türk Hava Yolları, THY) ընկերությանը 5-րդ ավիաչվերթի իրավունքի ընձեռման համար, ինչը կնպաստի զբոսաշրջիկների թվի աճին: Նրա խոսքերով` Կոլումբիայից Թուրքիա տարեկան ժամանում է ընդամենը 25.000 զբոսաշրջիկ, սակայն իրենք ցանկանում են մեծացնել այդ ցուցանիշը: Էրդողանը հիշեցրել է, որ իրենց իշխանության գալու ժամանակ՝ 2002թ., Թուրքիա այցելել է 13 միլիոն զբոսաշրջիկ, որոնք երկրին բերել են մոտ $8 մլրդ-ի եկամուտ, մինչդեռ ներկայումս այդ ցուցանիշները կազմում են համապատասխանաբար 42 միլիոն զբոսաշրջիկ և $40 մլրդ (10 տարում՝ 2004-2013թթ., Թուրքիան զբոսաշրջությունից վաստակել է $241.7 մլրդ):

Էրդողանը նաև հայտարարեց, որ Կոլումբիայում իրենք բացում են Թուրքական համագործակցության ու զարգացման գործակալության (TIKA) գրասենյակ, ինչը կդառնա TIKA-ի 2-րդ գրասենյակը LAK-ում և 49-րդն աշխարհում (TIKA-ն այդ երկրներում իրականացնում է կրթական ու առողջապահական համակարգերի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, զբոսաշրջության զարգացման և այլ նախագծեր): Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը ներկայումս կազմում է $1.4 մլրդ, պլանավորված է մինչև 2023թ. դա հասցնել $5 մլրդ-ի: Էրդողանի խոսքերով` Թուրքիան շինարարական ոլորտում գտնվում է աշխարհի առաջատար եռյակում և կարող է լայն գործունեություն ծավալել Կոլումբիայի ենթակառուցվածքների զարգացման հարցերում7: Հարկ է նշել, որ 1972-2013թթ.. թուրքական շինարարական սեկտորն աշխարհի ավելի քան 100 երկրում իրականացրել է 7371 նախագիծ, որոնց ընդանուր արժեքը կազմում է ավելի քան $274.1 մլրդ:

Էրդողանը Կոլումբիայից մեկնեց Կուբա: Նա այստեղ հայտարարեց, որ Կուբայի դեմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցների պատճառով Թուրքիայի և Կուբայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է ընդամենը $28 մլն և անհրաժեշտ է շտկել իրավիճակը: Էրդողանը հայտարարեց, որ THY-ը պատրաստ է ավիաչվերթներ իրականացնել Ստամբուլի և Հավանայի միջև, ինչը կնպաստի երկու երկրների տնտեսական, մշակութային և զբոսաշրջային կապերի զարգացմանը8:

Պետք է նշել, որ ԱԶԿ կառավարման տարիներին THY-ը դարձել է արտերկրում Թուրքիայի տնտեսական ակտիվության ցուցիչ: Դրա ամենացայտուն օրինակն Աֆրիկան է, ուր Թուրքիան ԱԶԿ իշխանության տարիներին ցուցաբերում է աննախադեպ մեծ ակտիվություն (եթե 2002թ. Թուրքիան դեսպանատուն ուներ 12 աֆրիկյան երկրում, ապա 2014թ. դրանց թիվը հասել է 39-ի): THY-ը վերջին 10 տարում շեշտակիորեն մեծացրել է իր ավիաչվերթների աշխարհագրությունն Աֆրիկայում` բացելով մոտ 30 նոր ավիաչվերթ (THY-ն այստեղ ունի մոտ 40 ավիաչվերթ, որով զիջում է միայն Air France-ին):

Մեքսիկա կատարած այցի ժամանակ քննարկվեցին երկու երկրների միջև վիզային ռեժիմի ազատականացման և ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու հարցերը: Ներկայումս Թուրքիայի և Մեքսիկայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է $1.2 մլրդ, ինչը պլանավորված է հասցնել մինչև $5 մլրդ-ի: Մեքսիկան Թուրքիայի արտահանման շուկաներում զբաղեցնում է 88-րդ տեղը, իսկ ներկրման հարցում՝ 42-րդ տեղը: Էրդողանի խոսքերով` կատարված բարեփոխումների և ներդրումների շնորհիվ Թուրքիան ու Մեքսիկան կարող են հայտնվել տնտեսական առումով աշխարհի առաջատար 10 երկրների թվում: Ներկայումս Մեքսիկան ունի 15-րդ խոշոր տնտեսությունն աշխարհում և 2-րդ խոշոր տնտեսությունը Լատինական Ամերիկայում` զիջելով Բրազիլիային: Մեքսիկան համարվում է Հյուսիսային Ամերիկա մուտք գործելու դուռ, և այդ երկրի հետ ազատ առևտրի մասին պայմանագիրը Թուրքիային հնարավորություն կտա Մեքսիկայի շուկայից մուտք գործել ԱՄՆ և Կանադա, ինչպես նաև Մեքսիկայի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրած 44 այլ երկրների շուկա (NAFTA, The North American Free Trade Agreement)9:

Ի դեպ, Թուրքիան և Մեքսիկան MIKTA անդամներ են, որի մեջ մտնում են, այսպես կոչված, «միջին երկրներ» Մեքսիկան, Ինդոնեզիան, Կորեայի Հանրապետությունը, Թուրքիան ու Ավստրալիան, որոնց անվան սկզբնատառերից էլ գոյացել է MIKTA-ն (այդ 5 երկրների միջև MIKTA ստեղծման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2013թ. սեպտեմբերին):

Դեռևս 2013թ. Էրդողանը հայտարարեց, որ 2023թ. (ԹՀ հիմնադրման 100-ամյակ) Թուրքիան պետք է հայտնվի տնտեսական առումով առաջատար 10 երկրների թվում` հիշեցնելով, որ Թուրքիային հաջողվել է 26-րդ տեղից առաջադիմել մինչև 17-րդ տեղ10: Սակայն Financial Times թերթի լրագրող Դանիել Դոմբին դա համարում է անհնար` ընդգծելով, որ Թուրքիան դրան կարող է հասնել այն դեպքում, եթե նաև մինչև 2023թ. տարեկան գրանցի 15%-անոց աճ11: Մինչդեռ նախորդ տարի Թուրքիայի տնտեսական աճը կազմել է 3%-ից քիչ ավելի, իսկ այս տարվա համար կանխատեսվում է 4%-անոց տնտեսական աճ:

Ի դեպ, Թուրքիան ունի տնտեսության զարգացման նախագծեր՝ կապված նաև 2053 (Կ.Պոլսի գրավման 600-ամյակ) և 2071թթ. (Մանազկերտի ճակատամարտի 1000-ամյակ) հետ: 2014թ. մարտին Թուրքիայի ջրային հարցերով և անտառտնտեսության նախարար Վեյսել Էրօղլուն չբացառեց, որ 2053թ. երկիրը «կարող է հայտնվել» տնտեսական առումով առաջատար երկրների հնգյակում, իսկ 2071թ.` առաջատար եռյակում12:

Այժմ LAK երկրների հետ տնտեսական կապերի զարգացումը կարող է իր ներդրումն ունենալ Թուրքիայի տնտեսական ծրագրերի իրագործման մեջ: LAK բնակչությունը կազմում է մոտ 600 միլիոն մարդ, ՀՆԱ-ն կազմում է $6 տրլն, իսկ ապրանքաշրջանառության ծավալը՝ $1.72 տրլն: 2000-ական թվականներին LAK-ն առևտրի ու ներդրումների ոլորտում սկսել է մրցակցել ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու Չինաստանի հետ: Ակնկալվում է, որ Էրդողանի լատինաամերիկյան շրջագայությունը կծառայի այդ 3 երկրի հետ Թուրքիայի տնտեսական կապերի զարգացմանը: Դրա օգտին է խոսում անցյալի փորձը. Էրդողանը վարչապետ եղած ժամանակ 2003-2014թթ. այցելել է բոլոր բնակելի մայրցամաքների 93 երկրներ` իրականացնելով 305 այց և անցնելով 2.150.000 կիլոմետր ճանապարհ: Եվ ահա այդ այցերի արդյունքում հաշվետու ժամանակահատվածում 354%-ով աճել է այդ 93 երկրների հետ Թուրքիայի ապրանքաշրջանառության ծավալը. եթե 2003թ. այն կազմել է $79 մլրդ, ապա 2014թ. դա հասել է $358 մլրդ-ի13:

Կրոնական

– Էրդողանի լատինաամերիկյան շրջագայությունը տեղավորվում է նաև այն «իսլամական նախաձեռնությունների» շրջանակներում, որոնցով վերջին շրջանում աչքի են ընկնում ինքն ու իր թիմը: 2014թ. նոյեմբերին Ստամբուլում կազմակերպվեց Լատինական Ամերիկայի մուսուլմանական համայնքների առաջնորդների առաջին գագաթաժողովը, որին մասնակցեց ավելի քան 40 երկրի 76 հոգևոր առաջնորդ, այդ թվում նաև Հյուսիսային Ամերիկայի ներկայացուցիչները:

Ճանաչողական բնույթ կրող այս գագաթաժողովում քննարկվեցին Լատինական Ամերիկայի մուսուլմանների կարիքները` կապված մզկիթների, իսլամական մշակույթի կենտրոնների, կրոնական ուսուցման հիմնարկների, կրոնական պարբերականների և կադրերի հետ: Ընդգծվեց, որ Լատինական Ամերիկայում բացակայում են իսլամատյացությունը և մուսուլմանների հանդեպ խտրական վերաբերմունքը, ինչպես նաև հայտարարվեց, որ միջազգային ասպարեզում Թուրքիայի աճող հեղինակությունն անդրադարձել է նաև LAK երկրների վրա: Գագաթաժողովի արդյունքներով որոշվեց հաջորդ տարի գումարել «Աշխարհի մուսուլման փոքրամասնությունները» խորագրով միջազգային համաժողով14:

Այստեղ Էրդողանը հանդես եկավ սկանդալային հայտարարությամբ, ըստ որի` «մուսուլմաններն Ամերիկան հայտնագործել են Քրիստափոր Կոլումբոսից ավելի քան 3 դար առաջ» («Նոր աշխարհի» բացման պաշտոնական ժամկետ է համարվում 1492թ. հոկտեմբերի 12-ը): Էրդողանի համոզմամբ` մուսուլման ծովագնացներն Ամերիկա «եկել» են Կոլումբոսից 314 տարի առաջ` 1178թ., և Կոլումբոսի գալու ժամանակ իսլամն «արդեն տարածվել» էր Լատինական Ամերիկայում: Էրդողանն այս հարցում վկայակոչել է Կոլումբոսի օրագիրը, որում հիշատակում կա Կուբա կղզու բլուրներից մեկի վրա մզկիթ հիշեցնող կառույցի մասին: Էրդողանը հայտարարեց, որ պատրաստ է Կուբայի իշխանությունների հետ քննարկել այդ վայրում մզկիթ կառուցելու հարցը15:

Էրդողանի այս «բացահայտումը» ոչ միանշանակ ընդունվեց LAK-ում, ինչպես նաև Թուրքիայում (թուրք պրոֆեսոր Իլբեր Օրթայլըն հայտարարեց, որ դա Էրդողանի երևակայությունն է), իսկ իսպանական մամուլն անմիջապես Էրդողանից պահանջեց ապացուցել իր խոսքերի ճշմարտացիությունը, ինչը նա, բնականաբար, չկարողացավ անել: Դեռևս 1968թ. իսլամական աշխարհում ճանաչված պրոֆեսոր Մուհամեդ Համիդուլահն ԱՄՆ-ում հրապարակեց «Կոլումբոսից առաջ մուսուլմաններն են հայտնաբերել Ամերիկա աշխարհամասը» խորագրով հոդվածը, որն ավելի ուշ տեղ գտավ նրա «Իսլամական առաջին պետությունը» խորագրով գրքում (1992թ.): Այդ թեմայով կան մի շարք այլ հրապարակումներ ևս, սակայն պատմաբանները նման վարկած առաջ քաշողներին հակադարձում են նրանով, որ Կոլումբոսն ափից լեռան ուրվագիծը նմանեցրել է մզկիթի (մինարեի), և որ ներկա դրությամբ չկա որևէ նյութական վկայություն, որ մուսուլմաններն Ամերիկայում եղել են Կոլումբոսից առաջ:

Ըստ ամենայնի, ոգեշնչվելով Էրդողանի այդ «բացահայտումից»՝ Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Ֆիքրի Ըշըքը դրանից օրեր անց հայտարարեց, թե մուսուլման գիտնականներն են «առաջինը պարզել», որ Երկիրը կլոր է. «Գալիլեյից 700 կամ 800 տարի առաջ մուսուլման 71 գիտնականներ՝ գիտնական ալ-Խորեզմիի (9-րդ դարի խոշոր գիտնական) գլխավորությամբ ու խալիֆ ալ-Մամնունի ղեկավարությամբ, բացահայտել են այն փաստը, որ Երկիրը կլոր է: Այն ժամանակ, երբ Եվրոպան խորապես թաղված էր միջնադարյան խավարի մեջ, իսլամական գիտնականները ստեղծել են այնպիսի գյուտեր, որոնք ընկած են ապագա ողջ աշխարհի հիմքում»16:

Էրդողանը Կուբա այցի ժամանակ կատարեց խոստումն ու բարձրացրեց մզկիթ կառուցելու հարցը. «Թուրքիան ծրագրում է մզկիթ կառուցել Հավանայում՝ հիմք ընդունելով Ստամբուլի Օրթաքյոյ շրջանի հայտնի օսմանյան մզկիթը: Սակայն Կուբայի իշխանությունները Հավանայում մզկիթի կառուցման շուրջ արդեն իսկ պայմանավորվել են Սաուդյան Արաբիայի հետ: Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ճարտարապետական ոճերը տարբեր են, և մենք հայտնել ենք, որ չենք ցանկանում նրա հետ իրականացնել համատեղ նախագիծ, և որ ցանկանում ենք սեփական ուժերով մզկիթ կառուցել Հավանայում: Սակայն եթե նրանք արդեն պայմանավորվել են (Սաուդյան Արաբիայի հետ), ապա Թուրքիան կարող է մզկիթ կառուցել Կուբայի այլ քաղաքում»17:

Էրդողանի խոսքերը վկայում են, որ նրան ավելի շատ հուզում է ոչ թե Կուբայի մուսուլմանների (3000-4000 մարդ) համար ուղղակի մզկիթ ունենալու խնդիրը, այլ հենց թուրքական մզկիթի կառուցումը, և ավելի լայն առումով` Թուրքիայի կրոնական էքսպանսիան տարածաշրջանում: Ի դեպ, 1800-ական թթ. վերջերից սկսած` Օսմանյան կայսրությունից և հատկապես Սիրիայից, Լիբիայից, Հորդանանից, Եգիպտոսից ու Պաղեստինից մեծ թվով մարդիկ աշխատանք գտնելու նպատակով, Օսմանյան կայսրությունում ճգնաժամի և անձնական պատճառներով արտագաղթեցին Հարավային Ամերիկա` Արգենտինա, Բրազիլիա, Մեքսիկա և Չիլի: Օսմանյան անձնագրերով այդ մարդիկ Լատինական Ամերիկայում հայտնի դարձան որպես «El Turco»: Նրանց թիվն այսօր հասնում է մոտ 20 միլիոն մարդու (թուրքական մամուլի պնդմամբ` այսօր պաղեստինյան արմատներով բնակչության խումբը երկրորդ խոշոր խումբն է Չիլիում, որն, ինչպես արդեն նշվել է, առաջինն է ճանաչել ԹՀ-ը)18:

Այժմ այդ անձինք հայտնվել են Էրդողանի տեսադաշտում, որը ձգտում է Թուրքիայի (քաղաքական, տնտեսական, կրոնական) ազդեցությունը մեծացնել LAK տարածաշրջանում: Ինչպես 2012թ. արտահայտվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Էրդողանն իրեն համարում է նոր օսմանների սուլթան, և բացի այդ, հոգու խորքում իրեն զգում է որպես խալիֆ:

Ամփոփելով նշենք, որ վերջին տարիներին Թուրքիան իր ազդեցությունը մեծացնելու («աֆրիկյան նախաձեռնությունների իրագործման») հարցում մեծ հաջողությունների է հասել իրեն ավելի մոտ գտնվող Աֆրիկայում և այժմ էլ հայացքը հառել է լատինաամերիկյան տարածաշրջանի վրա` փորձելով այդ հաջողությունները կրկնել նաև այստեղ: Ընթացիկ տարում ևս մեկ լատինաամերիկյան շրջագայություն իրականացնելու Էրդողանի մտադրությունը վկայում է, որ վերջին շրջանում մեկնարկած այս գործընթացը նոր թափ կհավաքի առաջիկայում, ինչը տեղավորվում է մինչև 2023թ. Թուրքիան «տարածաշրջանային ուժից գլոբալ դերակատարի» վերածելու ԱԶԿ քաղաքականության համատեքստում:

1 Türkiye´nin Latin Amerika ve Karayiplere Yönelik Politikası ve Bölge Ülkeleri ile İlişkileri, http://www.mfa.gov.tr/

2 Erdoğan Kolombiya’da flaş açıklamalar, Sabah, 11.02.2015.

3 Daimi ülke değil 20 üyeli rotasyon, Yeni Şafak, 14.02.2015.

4 Küba’ya yaptırımı doğru bulmuyoruz, Anadolu Ajansı, 12.02.2015.

5 Erdoğan’dan ABD ve Obama’ya ‘cinayet’ eleştirisi, Dünya Bülteni, 12.02.2015.

6 Erdoğan bir senede 50 ülkeyi gezecek, Türkiye, 02.02.2015.

7 Kolombiya ile 7 dev anlaşma, Sabah, 11.02.2015.

8 Küba’ya yaptırımı doğru bulmuyoruz, Anadolu Ajansı, 12.02.2015.

9 Meksika Türkiye için önemli fırsatlar barındırıyor, Anadolu Ajansı, 11.02.2015.

10 Erdoğan: Hedefimiz 2023’te ilk 10 ekonomi arasına girmek, http://www.bloomberght.com/, 17.05.2013.

11 FT: Türkiye’nin ilk 10 ekonomi arasına girmesi için her yıl yüzde 15 büyümesi gerekiyor, Zaman, 29.11.2014.

12Bakan uçtu: Hedef 2071, Sözcü, 08.03.2014.

13 11 yılda 93 ülkeye 305 ziyaret, http://kdk.gov.tr/

14 1. Latin Amerika Ülkeleri Müslüman Dini Liderler Zirvesi sonuç bildirgesi, http://www.diyanet.gov.tr/

15 Amerika’ya Kolomb’dan önce Müslümanlar gitti, Hürriyet‎, 16.11.2014.

16 Bakan Fikri Işık: Dünyanın küre olduğunu Müslümanlar buldu, Hürriyet, 29.11.2014.

17 Erdoğan: Küba’ya Ortaköy Camii yapalım, Posta, 12.02.2015.

18 Yeni dünyanın eski Osmanlıları ‘El Turco’lar, Yeni Şafak, 16.11.2014.

Հայկ Գաբրիելյան,թուրքագետ
<Նարավանք> հիմնադրամ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն