Գլխավոր » Analitika, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Թուրքիան վերախմբավորում է իր մարտավարությունը

Փետրվար 24, 2015թ. 00:09
Գալիպոլի

Ապրիլի 24-ին նշանակված Գալիպոլիի ճակատամարտի հետ կապված միջոցառումները չեղյալ հայտարարելու մասին օրերս թուրքական մամուլին տրամադրված ու արագորեն հերքված լուրերի «խաչաձեւ արտանետումները» արտացոլում են Անկարայի որդեգրած պաշտոնական ժխտողականության լուրջ ճգնաժամի փաստը։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Today’s Zaman» պարբերականը կիրակի օրը տեղեկատվություն էր տպագրել մարտի 18-ից ապրիլի 24 տեղափոխված Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումները չեղյալ հայտարարելու մասին՝ վկայակոչելով կառավարության անանուն պաշտոնյայից ստացած տեղեկատվությունը։

Իբրեւ պատճառ վկայաբերվել էր նման նախաձեռնության հանդեպ միջազգային հանրության ցուցաբերած ակնհայտ դժկամությունը։ Դրանից «պարզվում է», թե իբր ընդամենը 5 երկիր է տվել միջոցառմանը մասնակցելու իր համաձայնությունը՝ այն էլ երկրորդական պաշտոնյաների մակարդակով, ուստիեւ որոշում է կայացվել դադարեցնել նախապատրաստական աշխատանքները։

Այնուհետ թուրքական մեկ այլ թերթ՝ «Daily Sabah»-ը, վկայակոչելով նախագահի ապարատում ու վարչապետի աշխատակազմում իր ունեցած աղբյուրները, կայծակնային արագությամբ հերքեց հիշյալ լուրը։

Սակայն, դրանով հանդերձ, այդ հերքման մեջ այդպես էլ պարզ չդարձավ, թե համապատասխանո՞ւմ են իրականությանը Թուրքիայի ուղարկած հրավերների հանդեպ միջազգային հանրության դժկամ վերաբերմունքի մասին լուրերը։ Ավելին՝ չբերվեցին կոնկրետ փաստեր առ այն, թե ո՞ր երկրներն են ցանկություն հայտնել մասնակցելու այդ միջոցառմանը։

Հասկանալի է, որ եթե Գալիպոլիի ճակատամարտի հետ կապված միջոցառումներին մասնակցելու պատրաստակամության մասին դրական պատասխաններն անգամ Անկարայում «յոթ կողպեքի» տակ են պահվում, ապա թուրքական կողմը վստահ չէ, որ նախնական համաձայնություն տված երկրները վերջին պահին չեն փոխի իրենց մտադրությունը։
Այս ամենը, գումարվելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ համաշխարհային մամուլում օրեցօր ավելացող հրապարակումների թվին, ինչպես նաեւ տարբեր քաղաքական, մշակութային ու կրոնական գործիչների հայտարարություններին ու կոչերին, գալիս են ամբողջացնելու թուրքական կողմի նախաձեռնած Գալիպոլիի «դավադրության» համար ներկայումս ստեղծված անմխիթար պատկերը։

Եթե անգամ ապրիլի 24-ին թուրքական կողմին հաջողվի ոչ թե 5, այլ 15 կամ 25 երկրի մասնակից դարձնելԳալիպոլիի ճակատամարտի հետ կապված հիշատակի միջոցառումներին, դրանք երբեք էլ չեն կարող «մթագնել» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված սգո արարողությունները։ Ավելին՝ ապրիլի 24-ին համաշխարհային բոլոր առաջատար լրատվական գործակալություններն ու հեռուստատեսային ընկերությունները, զուգահեռ տեղեկատվություն մատուցելով կամ հաղորդումներ վարելով այդ երկու միջոցառումների վերաբերյալ, ուղղակի կխայտառակեն Թուրքիային ու նրա հասարակայնությանը։ Քանզի մարտի 18-ից ապրիլի 24 տեղափոխելով Գալիպոլիի ճակատամարտում զոհված թուրք եւ օտարերկրացի զինվորականների հիշատակը հարգելու արարողությունները՝ Թուրքիան իր անցյալի հետ առերեսվելու փոխարեն ողջ աշխարհի աչքերի առջեւ «ափաշկարա» զբաղվելու է այն կոծկելու տգեղ գործով։
Ժամանակակից պայմաններում, երբ տեղեկատվությունը վերածվել է հզորագույն զենքի, դա ավելի մեծ ապտակ կլինի թուրքական իշխանությունների համար, քան ապրիլի 24-ի հետ կապված լռության ու անտարբերության պահպանումը։

Դեռեւս դժվար է վերջնականապես եզրակացնել, թե Գալիպոլիի ճակատամարտի հետ կապված միջոցառումները ապրիլի 24 տեղափոխելու փա՞ստն է ավելի շատ վարկաբեկելու Թուրքիային, թե՞ դրանից հրաժարվելը։ Որովհետեւ փորձելով կոծկել սեփական հանցանքը՝ Թուրքիան ողջ աշխարհում առաջ է բերել այնպիսի հակազդեցություն, որ Գալիպոլիի անհաջող «դավադրությունը» բոլոր հիմքերն ունի վերածվելու թուրքական ժխտողականության բացահայտման ու լուսարձակման լրացուցիչ առիթի։

Կարծում ենք, վերջին օրերին թուրքական մամուլում կատարված «բացահայտումները» այն փորձնական քայլերն են, որոնց միջոցով թուրքական կողմը ցանկանում է ստուգել համաշխարհային հանրության արձագանքը՝ իր արդեն իսկ ձախողված քայլից հրաժարվելու հավանական տարբերակի հանդեպ։ Այդ նպատակով էլ «բացահայտումներ» կատարողի դերը վերապահվել է «գյուլենականի» համարում ունեցող «Today’s Zaman»-ին՝ նրան համապատասխան «տեղեկատվություն» տրամադրելու միջոցով, իսկ հերքումը՝ պաշտոնական աղբյուրներին ու «Daily Sabah»-ին։
Այսօրինակ խաղերը չեն կարող քողարկել այն իրողությունը, որ միջազգային հանրության բացասական արձագանքից անհանգստացած Թուրքիան սկսել է դիմել «կառուցողականության» պատրանք ստեղծող քայլերի, որոնք ուղեկցվում են նախագահի ու վարչապետի մակարդակով հայկական կողմին ուղղվող գրեթե նույնաբովանդակ «խնդրագրերի» տարափով։ Դրանց պարունակությունը փաստորեն չի փոխվել, բայց ահա տոնը՝ նկատելիորեն մեղմացել է։

Ավելին՝ ինչպեսեւ սպասվում էր, ապրիլի 24-ի նախօրեին թուրքական դատարանները արդեն սկսել են «հոգատար վերաբերմունք» ցուցաբերել ցեղասպանության հետեւանքով իրենց գույքից զրկված առանձին հայերի ժառանգների հայցադիմումների հանդեպ։
Հատկանշական է, որ փորձ է արվում այդ գործընթացը տարածել Վիլսոնյան Հայաստանի սահմաններից դուրս գտնվող տարածքներում կորսված գույքի վրա։ Մասնավորապես արդեն սկսվում է թուրքական Քուրդիստանի ապագա մայրաքաղաք համարվող Դիարբեքիրի օդանավակայանի տարածքի հանդեպ հավակնություն դրսեւորող Սուջյանների դիմումի քննարկումը։ Դե ինչ՝ Անկարայի նենգ նպատակները կյանքի կոչելու համար վատ չէր լինի ինչ-որ բան խլել քրդերից ու տալ հայերին՝ նրանց միջեւ ժամանակին թուրքերի հրահրած հին թշնամանքը վերականգնելու համար։

Նույն նպատակով Թուրքիա են հրավիրվում ցեղասպանությունից մազապուրծ հայերի ժառանգներ, կազմակերպվում են միջոցառումներ, որոնց թվաքանակը ապրիլ 24-ի նախօրեին ավելի ու ավելի է մեծանալու։ Հասկանալի է, որ դրանց ընթացքում հնչելու են այնպիսի ելույթներ, որոնք դժվար չի լինելու «մեկնաբանել» թուրքական քարոզչության հայտնի կաղապարների միջոցով։
Համաշխարհային հանրային կարծիքի բացասական արձագանքներից անհանգստացած պաշտոնական Անկարան ակնհայտորեն սկսում է փոխել իր քաղաքական կոշտ կեցվածքը եւ դրանք հիմնավորող քարոզչական մարտավարությունը, ինչն ավելի վտանգավոր է, քան Գալիպոլիի ճակատամարտի հետ կապված ապրիլի 24-ի միջոցառումների կազմակերպման միջոցով մարդկության խղճի ու մարդկայնության գաղափարի կրողների կողմից անարգանքի սյունին գամվելու հեռանկարը։

Վարդան Գրիգորյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն