Գլխավոր » TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հոգլանդի հրապարակած «6 քայլը» փակագծերը մի քիչ բացել է. Ստեփան Գրիգորյան

Օգոստոս 24, 2017թ. 12:39
Ստեփան Գրիգորյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի այլևս նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ 6 քայլերի վերաբերյալ  հրապարակումը, որը «փակագծերը մի քիչ բացել է»,  նպատակ ունի Նյու Յորքում կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից առաջ որոշ հստակություն մտցնել, ներկայացնել երկու կողմերի հանրություններին, թե ինչի շուրջ կարող են ընթանալ բանակցությունները, որոնք ամբողջովին Մադրիդյան սկզբունքների շրջանակում են, դրանց տարբերակների:

Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչու հիմա ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդն իր պաշտոնաթողությունից անմիջապես առաջ (և այն ժամանակ, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիում անցկացնում էր հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ) հրապարակեց ԼՂ հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերը, քաղաքագետն ասաց հետևյալը. «Հենց նրա  համար, որ սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք Մամեդյարով-Նալբանդյան հանդիպումից առաջ բարձրացվի բանակցությունների վերսկսման շանսը: Հիմա մի քիչ բացում են փակագծերը, և այնտեղ կան կետեր, որոնք հետաքրքրում են Ադրբեջանին և կետեր, որ հետաքրքրում են Հայաստանին: Ու դրանով իրենք մեսիջ են ուղարկում, որ այ, եթե դուք համաձայնեք վերսկսել բանակցությունները, մոտավորապես սրա շուրջ կլինեն բանակցությունները»,-մանրամասնեց Ստեփան Գրիգորյանը:

Նա այս համատեքստում քաղաքագետը հիշեցրեց, որ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ, բայց կրկին սեպտեմբեր ամսին կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից առաջ ներկայացրել էր ԵԱՀԿ Մինսկի համանախագահության գլխավոր դիրքորոշումը: Հետևաբար, ամերիկյան համանախագահի հայտարարությունն ամբողջությամբ համաձայնեցված է ՄԽ համանախագահ երկրներ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ, որոնք էլ, հետևաբար, գտնում են, որ բանակցությունների վերսկսման համար կար լրացուցիչ հայտարարության կարիք:

«Նաև, կրկնում եմ, ընդգծում են՝ ինչ տարբերակների շուրջ կարող է քննարկումն ընթանալ»,-ավելացրեց Ստեփան Գրիգորյանը:

Հիշեցնենք, Հոգլանդի հրապարակման 2-րդ կետով՝ ՄԽ ամերիկացի այլևս նախկին համանախագահն անդրադարձ է կատարում «Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում»: Ըստ այդմ՝ դրան  պետք է տրվի ժամանակավոր կարգավիճակ, որն առնվազն ապահովում է անվտանգության և ինքնավարության երաշխիքներ:

Հրապարակման 3-րդ կետով՝ նշվում է, թե «Լեռնային Ղարաբաղի շուրջ «գրավված տարածքները» պետք է հանձնվեն Ադրբեջանի վերահսկողությանը, և այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի»:

4-րդ կետն այն մասին է, որ պետք է լինի միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղին: Այն պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումների ապահովման համար։ Միաժամանակ, ընդգծվում է, որ այս միջանցքը չի կարող ներառել Լաչինի ողջ շրջանը:
Պատասխանելով հարցին՝ այստեղ արդյոք չկա՞ ավելի կոշտացված մոտեցում («գրավյալ տարածք» և այլն ), քաղաքագետը նշեց՝ հնարավոր է՝ նման ինչ-ինչ նրբերանգներ կան, բայց դրանք շատ նման են Մադրիդյան սկզբունքներին՝ որոշ կոնկրետացնող տարրերով:

«Այ, այդ՝ Մադրիդյան քայլերի տարբերակներից մեկն է, մի քիչ ավելի կոնկրետ: Օրինակ՝ Լաչինի շրջանը չի կարող շատ նեղ լինել, բայցև՝ չի կարող լայն լինել, կամ առաջին երկու կետերը նվիրված են Ղարաբաղի կարգավիճակին՝ և՛ միջանկյալ, և՛ երկարաժամկետ»,-մեկնաբանեց Ստեփան Գրիգորյանը:

Նա, այնուամենայնիվ, համամիտ է դիտարկմանը, որ օրինակ՝ «գրավված տարածքներ» բառակապակցությունը մի քիչ կոշտություն պարունակում է: Բայցև հավելեց. «Այնուամենայնիվ, դա Մադրիդյան սկզբունքների վարիացիաներից մեկն է՝ մի քիչ ավելի կոնկրետ»:

Իսկ այդ «մի փոքր ավելի» կոնկրետության նպատակն այն է, որ կողմերը ժամանակ չձգեն:

«Բայց, այնուամենայնիվ, այդ փակագծերը մի քիչ բացելու նպատակն այն է, որ կողմերը համաձայնեն վերսկսել բանակցությունները»,- կրկնեց քաղաքագետը՝ հավելելով.

«Այսինքն՝ այստեղ կա կողմերին ուղղված մի փոքր պարտադրանքի տարր՝ Նյու Յորքում բանակցությունները վերսկսելու հարցում կողմերի համաձայնությանը հասնելու համար»:

tert.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն