Գլխավոր » NKR, Ազգային գաղափարախոսություն, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Ավիկ Մարության.«Ստրուկը երբեք տանտեր չի դառնա»

Սեպտեմբեր 6, 2010թ. 10:00

Avik Marutyan

ArmAr.am-ի հարցազրույցը բանասիրական գիտությունների թեկնածու,  դոցենտ, հրապարակախոս Ավիկ Մարությանի հետ

-Չնայած երկար ժամանակ է, որ հայ հասարակությունը տաք քննարկում է Արևմտյան Հայաստանի Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու միջոցառմանը մասնակցել-չմասնակցելու հարցը, բայց զավեշտն այն է, որ առ այսօր հայկական կողմը թուրքական իշխանություններից նույնիսկ մասնակցության պաշտոնական հրավեր չի ստացել:

-Այո, պաշտոնապես թուրքական կողմից որևէ հրավեր չի եղել, բայց ցավալին այն է, որ թուրքերի այս նախաձեռնությանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել հայաստանաբնակ հայեր և Սփյուռքի ներկայացուցիչներ: Ստացվում է, որ ինքնակամ ջուր ենք լցնում թուրքերի ջրաղացին:

– Թուրքական միջոցառմանը մասնակցելու կողմնակիցներն իրենց դիրքորոշումը ներկայացնում են իբրև քաղաքական խոհեմություն ու հեռատեսություն` ասելով, թե պետք է գնալ ու դրանով ապացուցել, որ հայերն ենք այդ եկեղեցու իրական տերը: Բայց մենք ի զորո՞ւ ենք թուրքական ծրագրված շոուն մեր քարոզչական նպատակներին ծառայեցնել, (որին, ի դեպ, ոչ պակաս աջակցում է Արևմուտքը` հայ-թուրքական սառեցված հարաբերությունները կրկին հրապարակ բերելու համար), չե՞նք դառնա հայածաղր միջոցառման խամաճիկ-մասնակիցը:

-Անշուշտ, կդառնանք: Հայ-թուրքական «սառեցված հարաբերություններ» ասվածն ավելի շատ դիվանագիտական արտահայտություն է: Իրականում` ժողովրդի մեջ, դրանք երբեք «սառեցված» չեն եղել, այլ անթեղված կրակ: Եվ ցավ է, որ այսօր կարծիք կա, թե մասնակցությունն այդ միջոցառմանը հնարավորություն կտա հավաստելու տանտիրոջ մեր իրավունքը: Սա ոչ թե քաղաքական կարճատեսություն է, այլ բացարձակ կուրություն: Վաչկատունը զավթել է մեր տունը, հարևաններին ի տես տան մի անկյան բացում է անում, ու մենք պիտի խեղճուկրակ կանգնենք դռների մոտ, որ հիշեցնենք, թե ով է իրական տանտերը: Իսկ իրական տանտերն իր տուն մտնում է երբ ուզի: Ասել կուզի, այդ խեղկատակությանը մասնակցելը ստրուկի քայլ է, որը երբեք տանտեր չի դառնա:

Ակնհայտ է Թուրքիայի կողմից իրականացվող «միջոցառման» նպատակը. միջազգային հանրությանը ցուցադրել Թուրքիայի «բարի կամքի» դրսևորումը, հարգանքը «ուրիշի» հոգևոր արժեքների նկատմամբ: Եվ այս քաղաքական շոուն կազմակերպում է մի երկիր, որ իրականացրել է Ցեղասպանություն, բռնազավթել տարածքներ, տասնամյակներ շարունակ պետական ծրագրված քաղաքականությամբ ոչնչացրել է այդ երկրի բնիկների հոգևոր ու մշակութային ժառանգությունը, հարյուրավոր եկեղեցիներ, հողին հավասարեցրել հազարավոր սրբավայրեր, խաչքարերը կամ ջարդուփշուր արել, կամ դարձրել շինանյութ ու ծեփել, որ չերևան: Եվ հիմա չքմեղանում է` Աթաթուրքի հայացքի տակ իբր պատարագի մատուցումը չարգելելով:

-Սա այն խնդիրն է, որը միայն քաղաքական հարթության մեջ չէ, որ պետք է քննարկել: Զարմանալիորեն անտեսել ենք հարցի բարոյական կողմը, որը ոչ պակաս կարևոր է. այդ ո՞ր երկրի, այն էլ կիսատ-պռատ արված հրավերին ենք փեշերս քշտած ընդառաջ գնում` մեր հայրնիքը բռնազավթած ցեղասպան Թուրքիայի՞: Իսկ ո՞ւր մնաց մեր ազգային արժանապատվությունը:

– Այժմ այն պահն է / երիցս արդիական/. որ անհրաժեշտ է միակամ վերաբերմունք հենց ազգային արժանապատվության տեսակետից, որովհետև Թուրքիան ոչ միայն մերժում է Հայոց Ցեղասպանությունը, այլև բացահայտ թշնամանք է դրսևորում այն երկրների հանդեպ, որոնք չեն մեղանչում պատմության հանդեպ: Եվ ուրեմն, հարց է առաջանում` մենք ու՞մ դուռն ենք գնում: Ի դեպ, գիտակցողը գիտակցում է, բայց և ցավ է, որ խամաճիկը գլուխ է բարձրացնում ու կարող է դառնալ փորձանք:

Սա հարցի ոչ միայն բարոյական կողմն է:

– Թուրքիայի իշխանությունները սկզբում հայտարարեցին, թե Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին անպայման խաչ կտեղադրվի: Բայց իրենց նենգ գործելաոճին հարիր (հավանաբար սպասում էին Մայր Աթոռի դրական արձագանքին) մերժեցին նախապես տրված խոստումը`այն էլ անհիմն պատճառաբանությամբ, թե եկեղեցու գմբեթի համար նախատեսված 200 կիլոգրամանոց խաչն այնքա~ն ծանր է, որ մինչև պատարագի օրը հնարավոր չի լինի տեղադրել: Փաստորեն, բազմաթիվ անգամներ գործ ենք ունենում թուրքական կեղծիքի հետ, մինչդեռ հետևության չենք հանգում: Դեռ ավելին, ամեն անգամ քրիստոնեական լավատեսությամբ , ընդառաջ ենք գնում թուրքական կեղծիքին:

– Թուրքական իշխանությունները Սբ. Խաչ եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելը պատճառաբանեցին 15-օրյա ժամկետում դրա իրականացման անհնարինության հետ: Իմիջիայլոց ասեմ, որ, թեև զավեշտ է, բայց այդ անհեթեթությունը մեզ փրկեց թերևս գլխավոր խայտառակությունից. այն է` արարողությանը Մայր Աթոռի ներկայացուցիչների մասնակցությունից: Թուրքերի պատճառաբանությունը վկայում է երկու բանի մասին` կամ տվյալ երկրի շինարարական, ինժեներատեխնիկական ողորմելի վիճակի, կամ որ գործ ունենք թուրքական հերթական քաղաքական աչքակապության հետ: Ճշմարիտը, իհարկե, երկրորդն է::

Պարոն Մարության, մի շատ վտանգավոր մոտեցում կա մեզանում. ոմանք Արևմտյան Հայաստանի պատմական հուշարձանների, եկեղեցիների, գերեզմանատների պահպանության մասին խոսելիս հղում են անում ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանող իրավական փաստաթղթերին: Այսինքն, լինելով այդ հայրենիքի բնիկ ժողովուրդը, տարօրինակորեն մեզ համարում ենք ազգային փոքրամասնություն ու մեր հայրենիքը բռնազավթած Թուրքիայի հետ խոսում ոչ թե տիրոջ, այլ «ազգային փոքրամասնության» դիրքերից:

– Երբ խոսում ենք Արևմտյան Հայաստանի մասին, Արևմտյան Հայաստանի բնիկների մասին, պիտի իսպառ մոռանանք «ազգային փոքրամասնություն» բառակապակցությունը. այդ երբվանի՞ց հայերն իրենց հազարամյա հայրենիքում դարձան ազգային փոքրամասնություն: Հայերն իրենց հայրենիքից տեղահանված բնիկներն են, ովքեր միջազգային իրավունքի ընդունված նորմերով հստակ իրավունքներ ունեն, որոնցից մեկն էլ պահանջատիրությունն է` իրենց բռնազավթված հայրենիքի վերադարձի պահանջը` բոլոր տեսակի վնասների հատուցմամբ: Մենք ևս այն կարծիքին ենք, որ Թուրքիայի հետ պետք է ստեղծվեն նորմալ հարաբերություններ, սակայն Թուրքիայի հետ հարաբերությունների հիմքը միջազգային իրավունքի դաշտն է. խոսքս, բնիկ ժողովուրդների մասին ՄԱԿ-ի համապատասխան կոնվեցիայի մասին է:

2007 թվականի սեպտեմբերի 13-ին ՄԱԿ-ն ընդունեց «Հռչակագիր բնիկ ժողովուրդների իրավունքների մասին», որը, դժբախտաբար, շարունակում է գրեթե անծանոթ մնալ հայ իրականությանը: Միակ հայկական կազմակերպությունը, որն արձագանքեց Հռչակագրին և գրանցվեց ՄԱԿ-ում,  «Արևմտյան Հայաստանի հայերի համագումարն» է: ՄԱԿ-ի հռչակագիրը վերաբերում է Արևմտյան Հայաստանի հայերին: Այսինքն, իրողությունն այն է, որ մեր իրավունքները ճանաչված են ՄԱԿ-ի կողմից: Արևմտյան Հայաստանի հայերի հայրենիքն Արևմտյան Հայաստանն է:

Մենք պարտավոր ենք մեր շահերը պաշտպանել հենց այս դիրքերից` իբրև բնիկ ժողովուրդ, օգտվելով այն հանգամանքից, որ հռչակագիրը ստորագրել է նաև Թուրքիան: Հետևապես, պարտավոր է կատարել նրանում ներառված դրույթները:

1923թ. Թուրքիայի` մեր տարածքները զավթելուց հետո, աշխարհագրական այն ամբողջ տարածքում շարունակում են ոտնահարված մնալ բնիկ ժողովրդի բոլոր իրավունքները: Մենք այսօր պարտավոր ենք Թուրքիայի հետ խոսել հենց այդ իրավունքների պաշտպանության դիրքերից:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , , , , ,

Դիտել NKR, Ազգային գաղափարախոսություն, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն