Գլխավոր » Լրահոս, Վերլուծական

ԱՄՆ-ն կակտիվացնի համագործակցությունը Հայաստանի հետ

Սեպտեմբեր 25, 2009թ. 12:18

hrant2009 թվականի սեպտեմբերի 22-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ: Չնայած այն հանգամանքին, որ հանդիպումը փակ բնույթ է կրել, այնուամենայնիվ, ԱՄՆ Պետքարտուղարությունից տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել, որից պարզվել է, որ Սահակաշվիլու հետ զրույցի կենտրոնական թեմաներից է եղել հայկական Սամցխե-Ջավախք տարածաշրջանի հիմնախնդիրը: Հիլարի Քլինթոնը դժգոհել է այն փաստի կապակցությամբ, որ այդ տարածաշրջանում օր օրի ավելանում են վրացական իշխանությունների ապօրինի գործողությունները, ինչի արդյունքում ավելորդ լարվածություն է ստեղծվում ամբողջ Հարավային Կովկասում: Մեզ հասած տեղեկատվության համաձայն, ԱՄՆ պետքարտուղարի դժգոհությանն ի պատասխան Սահակաշվիլին փորձել է ապացուցել, որ Սամցխե-Ջավախքի հայության առաջնորդները ղեկավարվում են ռուսական հատուկ ծառայությունների կողմից և թշնամաբար են տրամադրված վրացական պետականության հանդեպ:

Վրաստանի ազգային փոքրամասնություններին վերաբերվող հարցերի վերահսկման` ԱՄՆ-ի և ընդհանրապես Արևմուտքի ցանկությունը բավականին հիմնավորված է: Հարավային Կովկասում ներկայումս տեղի են ունենում այնպիսի քաղաքական գործընթացներ, որոնք կարող են ամբողջությամբ փոխել տարածաշրջանի պատկերը: Նախքան 2008 թվականի օգոստոսյան պատերազմը Հարավային Կովկասում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցն էր Վրաստանը: Սակայն Ռուսաստանի նման միջամտումը վրաց-օսական պատերազմին ամբողջությամբ փոխեց ԱՄՆ-ի ծրագիրները Վրաստանի հանդեպ: Վաշինգթոնում վստահ են, որ նման աղետալի իրավիճակի հիմնական մեղավորը Սահակաշվիլու ամբիցիոզ վարչակազմի անհավասարակշռված գործողություններն էին` չնայած ամերիկացիներն ընդունում են նաև մեղքի իրենց բաժինը: Սակայն դա ներկայումս արդեն կարևոր չէ: Էականն այն է, որ Հարավային Կովկասում ամերիկյան նախագիծը տապալվել է և հիմա այս տարածաշրջանում նոր քաղաքականություն մշակելու անհրաժեշտություն է առաջացել: Եվ այդ գործն արժանապատիվ կերպով իրականացնելու համար ամերիկացիներն արդեն հաշվի են առնում ամեն մի մանրուք:

Առաջին որոշումը, որ կայացվել է Վաշինգթոնում մեր տարածաշրջանի հետ կապված, այն է, որ այսուհետև ԱՄՆ խստագույնս պետք է հետևի հարավկովկասյան երկրների ժողովրդավարության զարգացման մակարդակին: Վրաստանի փորձը ցույց տվեց, որ Արևմտյան քաղաքականության այդ կարևորագույն բաղադրիչը երբեք չի կարելի փոխարինել քաղաքական այլ գերակայությամբ: Հարավային Կովկասում ԱՄն քաղաքականության ձախողումը մեծապես ձախողեց նաև այն պատճառով, որ Վաշինգթոնն այս տարածաշրջանում համագործակցում էր ոչ ժողովրդավար կառավարության հետ, ինչն առաջացրեց եվրոպական երկրների հիասթափությունը: Սահակաշվիլու կամայականությունների պատճառով հօդս ցնդեցին Վրաստանը ՆԱՏՕ-ի կազմում տեսնելու ամերիկացիների բոլոր ցանկությունները: Եվ հիմա ԱՄՆ-ն որոշել է ամենից առաջ շտկել իր այդ սխալը: Սահակաշվիլու հետ հանդիպման ընթացքում Հիլարի Քլինթոնն ասել է, որ այսուհետև Վրաստանի ազգային փոքրամասնությունների հարցերով ԱՄՆ-ն զբաղվելու է ոչ թե հասարակական կազմակերպությունների, այլ անմիջապես Պետդեպարտամենտի մակարդակով:

ԱՄՆ քաղաքականության նման փոփոխությունը կարող է դրական անդրադառնալ Սամցխե-Ջավախքի հայության քաղաքական կշռի մեծացման վրա: Վրաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներն արդեն մի քանի անգամ այցելել են հայկական տարածաշրջան և հանդիպել տեղի ակտիվիստներին: Սա հիանալի հնարավորություն է հայերի համար Սացմխե-Ջավախքի հիմնախնդիրները միջազգային ասպարեզ հանելու համար:

Հետաքրքրական է նաև այն փաստը, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի ուշադրությունը գրավել է հատկապես Սամցխե-Ջավախքի հայությունը: Չնայած այն հանգամանքին, որ որոշ հայ քաղաքական գործիչներ ժամանակի ընթացքում փորձել են Ջավախքի հիմնախնդիրը բարձրացնել Արևմուտքում, այնուամենայնիվ այն ժամանակ այդ թեման արդիական չէր արևմտյան քաղաքականության համար: Սակայն այսօր Հարավային Կովկասում բարձրանում է երկու թշնամակցող ժողովուրդների` հայերի և թուրքերի քաղաքական դերակատարությունը, և ԱՄՆ-ն փորձում է ժամանակին վերահսկել այդ գործընթացը: Ընդ որում, ԱՄՆ-ին ներկա փուլում հետաքրքրում է միայն հայկական գործոնի աճը: Իսկ Թուրքիայի պարագայում Արևմուտքն ավելի շահագրգռված է այդ պետության ազդեցության ոլորտի ներկա վիճակի պահպանմամբ: ԱՄՆ-ում գիտակցում են, որ Հարավային Կովկասում Թուրքիայի դերակատարության բարձրացումը դուրս կբերի պաշտոնական Անկարան Արևմուտքի ազդեցութան ոլորտից: Գերտերություն դառնալու համար Թուրքիային այսօր պակասում է մեկ բան` թուրք էթնոսից բաղկացած կամուրջ Ադրբեջանի հետ: Այդ ճանապարհին Թուրքիային խանգարում են Հայաստանի Հանրապետությունը և Սամցխե-Ջավախքի հայությունը: Ուստի թուրքական գործոնի հզորությունը կասեցնելու համար անհրաժեշտ է նախ և առաջ գործուն օժանդակություն ցուցաբերել ջավախահայությանը:

Բայց դա միակ պատճառը չէ, որի համար ԱՄՆ Պետքարտուղարությունը պատրաստ է համագործակցություն սկսել հայերի հետ: Հայաստանը մեր տարածաշրջանի վերջին երկիրն է, որտեղ շարունակում են մնալ ռուսական ռազմաբազաներ: Հարավային Կովկասում Ռուսաստանի դերակատարումը հնարավորինս նվազեցնելու համար ԱՄՆ-ն փորձում է շահեկան դիրքեր ստեղծել Հայաստանի համար, որպեսզի վերջինիս կախվածությունը թուլանա պաշտոնական Մոսկվայից: Այդ նպատակին է ծառայում նաև ամերկացիների` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված  ջանքերը: Պետդեպարտամենտի համար զեկույցներ պատրաստող քաղաքագետները չեն բացառում, որ հետագայում տարածաշրջանում ԱՄՆ-ի կարևորագույն գործընկերոջ դերում Հայաստանը կարող է փոխարինել Վրաստանին: Նրանց գնահատականների համաձայն, Հայաստանը Հարավային Կովկասի ամենակայուն պետությունն է, որը չունի Ադրբեջանի և Վրաստանի պես լուրջ ներքաղաքական խնդիրներ: Ճիշտ է, նման որոշում դեռևս չի ընդունվել, բայց հեռանկարում դա հնարավոր է, և ամերիկացիներն այսօր արդեն որոշակի քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , , , ,

Դիտել Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`