Գլխավոր » Society, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն

5 միլիոն և ավելի ստացող ՀԿ-ները կանցնեն ֆինանսական աուդիտ

Փետրվար 17, 2016թ. 14:27
ՀԿ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հրավիրել է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթը:

Չնայած պնդումներին, որ նոր նախագծում ներառված են ՀԿ ներկայացուցիչների բոլոր մտահոգությունները, սակայն լսումների ժամանակ մի շարք ՀԿ ներկայացուցիչներ բարձրացրեցին նախագծի հետ կապված մի շարք մտահոգություններ:

Մասնավորապես այն, որ նախագծով ՀԿ-ին թույլատրված չէ զբաղվել իր անդամների շահերի պաշտպանությամբ. «Առաջարկում եմ հետաձգել սույն օրենքի նախագծի ընդունումն ամբողջությամբ, եթե ՀԿ-ի այս կարևորագույն դրույթը չի բավարարվում»,- ասաց մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Մերի Խաչատրյանը:

Նա նաև հետաքրքրվեց, որ եթե ՀԿ-ները ունենան ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն, ունենալու են հարկային արտոնություններ:

Պատասխանելով հարցերին` Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանն ասաց, թե բոլոր հարցերը չէ, որ այս օրենքը պետք է կարգավորի: Նա հիշեցրեց, որ ՀԿ-ների հետ սեմինար քննարկման ժամանակ իրենք նշել են, որ ՀԿ անդամի իրավունքների պաշտպանությամբ զբաղվելն այս օրենքի շրջանակում լուծվող հարց չէ, այլ պետք է լուծվի դատավարական օրենքներով:

Իսկ ինչ վերաբերվում է ՀԿ-ներին հարկային արտոնություններ տալուն, Մկրտչյանն ասաց, թե հարկային արտոնությունների հարց չի քննարկվել, կլինեն բոլոր այն արտոնություններ, որոնք կան հարկային օերնսդրությամբ:

Էլինար Վարդանյանն ասաց, թե նոր նախագիծն էապես տարբերվում է նախորդից:

Ըստ նրա` դյուրացվել է ՀԿ գրանցելու գործընթացը: Այն նախկինում ավելի երկարատև գործընթաց էր ենթադրում, որն այժմ դյուրացվել է:

Ըստ նոր նախագծի` փոփոխման է ենթարկվել նաև ՀԿ գրանցելու անդամների թվի դրույթը, այսուհետ ՀԿ գրանցումը չի պահանջում կոնկրետ անձանց թիվ, մեկ քաղաքացին էլ կարող է ՀԿ գրանցել:

«Գուցե շատերը չկիսեն իմ տեսակետը, բայց կարևոր է նաև այն, որ ՀԿ-ները զբաղվեն ձեռնարկատիրական գործունեությամբ, քանի որ իրականում ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն և կազմակերպությունը պահելու խնդիրների առաջ են կանգնած»,- ասաց Էլինար Վարդանյանը:

Նախագծի փաթեթի վերաբերյալ խոսեց նաև Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և ընդգծեց, որ իր պաշտոնավարումից սկսած առաջնային է համարել այս նախագիծը կյանքի կոչելը և առաջ տանելը:

Նա նշեց, որ այս լսումների ընթացքում հնչած ցանկացած մտահոգություն ինքը պատրաստ է քննարկել: 

Նա կարևորեց, որ նախագծում ընդգրկված է ՀԿ-ների ֆինանսական հաշվետվողականության գաղափարը, որը մտահոգության առարկա է հանդիսացել:

Նախարարը կարևոր համարեց այդ խնդրի կարգավորումը և ասաց, թե նախագծում հաշվի է առնվել, թե Հասարակական կազմակերպությունները որտեղից են ստանում իրենց ֆինանսական միջոցները: Տարբերություն է դրված, թե ֆինանսավորումը որտեղից է գալիս: Այսինքն` պետական ֆինանսավորում ստացող ՀԿ-ի և ոչ պետական աղբույրներից սնվող ՀԿ-ների ֆինանսական հաշվետվողականության մեխանիզմները տարբեր են:

«Հիմա հնարավորինս սուր եզրերը հարթած նախագիծ է ներկայացված ձեր քննարկմանը»,- նկատեց Արփինե Հովհաննիսյանը:

Իսկ Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ 5 միլիոն և ավելի ստացող ՀԿ-ները պետք է անցնեն ֆինանսական աուդիտ:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն