Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Ընկերություն, որը տևում է 40 տարի

Փետրվար 28, 2017թ. 23:22
Էդուրադ Սախոյան

Էդվարդ Սարոյանն իմ ընկերն է: Վաղեմի ընկերը՝ արդեն շուրջ 40 տարի: Մի ամբողջ կյանք: Մեր ընկերությունն այնքան հին է, որ ես նույնիսկ չեմ պատկերացնում այն ժամանակները, երբ մենք ընկեր չէինք: Էդվարդի` իմ սիրելի ընկեր Էդոի 60-ամյակը լավ առիթ է վերհիշելու մեր այդ հին-հին ընկերության հիմնական ուղենիշները:
Մենք ծանոթացանք Էստոնիայում անցյալ դարի 70-ական թվականների կեսերին, երբ Երևանի պետական համալսարանի ուսանողական խմբի կազմում մեկնել էինք Տարտու` այնտեղի հայտնի համալսարանի ուսանողության հրավերով: Այդ օրերին Էդվարդը միանգամից տպավորեց ինձ: Սկզբից դրա պատճառը նրա ինքնատիպ արտաքինն` ուներ սև ու խիտ մորուք, ինչն այդ տարիներին կարելի է ասել արգելված էր համալսարանի ուսանողների համար: Սակայն նա ինչ որ մի միայն իրեն հայտնի միջոցներով կարողացել էր շրջանցել այդ արգելքը: Խոստովանեմ, որ նրա մորուքը կատարեց որոշիչ դեր, որ մենք սկսեցինք ավելի հաճախակի շփվել: Ես դեռ դպրոցից սիրել եմ մորուքավոր մարդու կերպարը, երազել եմ ձեռք բերել այն: Այնպես որ, սևամորուս Էդվարդն ինձ համար հարգանքի և համակրանքի առարկա էր: Նույնիսկ մեր օրերում, երբ նա մեծագույն խնամքով սափրվում է, ես Էդվարդին հաճախակի պատկերացնում եմ քսան տարեկան` մորուքով…
Հետագայում, մի քանի օր նրա հետ շփվելուց հետո, իմ համակրանքը նրա հանդեպ էլ ավելի մեծացավ: Պարզվեց որ Էդվարդը խորապես հոգևոր մարդ է: Նա իր հետ Էստոնիա էր բերել Նոր կտակարանը և մշտապես ընթերցում ու վերընթերցում էր այն: Խորհրդային իշխանության շրջանում բացառություն էին կազմում այն երիտասարդները, որոնք իրական հավատացյալ էին, չափազանց դժվար էր այդ տարիներին նույնիսկ ձեռք բերել Նոր կտակարանի արևելահայերեն հրատարակությունները:
Էդվարդի սրտում ապրում էր Աստծո խոսքը: Նա փորձում էր մեր առօրյա կյանքը հասկանալ ու բացատրել նրա միջոցով: Այդպիսի <կենդանի հավատքը> ինձ հիացրեց, և ես սկսեցի ընկալել նրան որպես ընկեր, ում հետ հանդիպումը պատահականություն չէ, այլ կանխորոշված է ի վերուստ: Մենք երիտասարդ էինք, կյանքի առաջին քայլերն էինք անում, այդ թվում նաև հոգևոր կյանքի ճանապարհին, և ուրախանում էինք, երբ հայտնաբերում էինք, որ այդ ճանապարհին միայնակ չենք…
Իհարկե, և մինչև Էդվարդը և նրան հանդիպելուց հետո եղան շատ այլ հանդիպումներ, մտերմություններ, սակայն Էդվարդի հետ մեր ընկերության նման ընկալումը մնացել է մինչև այսօր:
Ընդհանրապես, մեր ընկերության 40 տարիների բարձունքից կարող եմ ասել, որ Էդվարդն ունի բացառիկ մի հատկություն` նա ձգտում է դեպի նորը, հասնում և տիրապետում է նրան և անմիջապես կիսվում է իր կողմից ձեռք բերվածի արդյունքներով իր մերձավորների հետ: Այդպես եղավ նաև գերմանացի չափազանց ինքնատիպ ու խորը մտածող, անտրոպոսոֆիայի հիմնադիր Ռուդոլֆ Շտայների հետ:
Էստոնիայի մեր հանդիպումից հետո անցել էր մի քանի տարի, մենք արդեն ավարտել էինք համալսարանը, մտնում էինք ինքնուրույն կյանք: Էդվարդն աշխատանքի էր անցել Հայաստանի Հանրային գրադարանում (այժմ` Ազգային գրադարան) և որպես աշխատակից հնարավորություն ուներ օգտվելու գրադարանի <հատուկ> կամ <փակ> ֆոնդի նյութերից: Ասեմ, որ դա բացառիկ հնարավորություն էր մեր ընկերական շրջապատում: Այժմ դժվար է դա պատկերացնել, սակայն իրականությունն այն ժամանակ այլ էր. ազգային և համաշխարհային գրականության, արվեստի, գիտության բնագավառի լավագույն շատ ներկայացուցիչների աշխատություններ խորհրդային իշխանությունների կողմից ճանաչվել էին <հակասող> մարքս-լենինյան ուսմունքին և <վտանգավոր> խորհրդային շարքային քաղաքացիների համար: Միայն արտոնյալներին էր հնարավորություն տրվել ծանոթանալ նրանց, քանի որ այդ աշխատությունները դուրս էին հանվել գրադարանների հիմնական գրականության ցանկից և դրվել էին կողպեքի տակ, պահվելով գրադարանների <փակ> ֆոնդերում, որոնք հասանելի էին հատուկ անվանական թույլտվություններով:
Ստեղծվել էր զարմանալի մի իրադրություն. մենք, երիտասարդներս, լսել կամ կարդացել էինք 20-րդ դարի մի շարք խոշորագույն հեղինակների մասին, սակայն անհնարին էր կարդալ նրանց գործերը: Էդվարդը, օգտագործելով իր <արտոնյալ դիրքը>, ծանոթացել էր Ռ. Շտայների անցած ուղուն ու գործերին, ինչը խորապես տպավորել էր նրան: Իր հայտնագործությամբ նա կիսվեց ինձ հետ: Հետաքրքրվեցի, ապա իր օգնությամբ ստացա իրավունք մուտք գործելու <հատուկ> ֆոնդ և կարդալու Շտայների գրքերը: Այդպիսով, Էդվարդը բացեց ինձ համար նրա հսկայական ժառանգության դուռը: Ես մինչև հիմա ժամանակ առ ժամանակ ընթերցում եմ Շտայների երկերը և ամեն անգամ շնորհակալությամբ հիշում իմ վաղեմի ընկեր Էդոին…
Էդվարդն ինձ համար անբաժանելի է իմ երիտասարդական տարիների երևանյան <բոհեմային> հիշողություններից: 70-ակնների վերջն ու 80-ականների սկիզբն էր, մի խումբ երիտասարդներ էինք, հետաքրքրվում էինք աշխարհի անցուդարձով, կարդում, հիանում էինք Մարկեսի, Ֆոլկների, Պրուստի, Ջոյսի, այլոց ստեղծագործություններով: Երեկոներն անցկացնում էինք երևանյան սրճարաններում, հանդիպում ու վիճում էինք գրողների, ստեղծագործությունների, կյանքի իմաստի մասին: Այդ տարիները երևանյան սրճարանների ու նրանց ստեղծած միկրոմշակույթի ծաղկման շրջանն էր: Մենք էլ երիտասարդ էինք, աշխարհն իր ողջ բազմազանությամբ ու շռայլ հարստությամբ դեռ նոր էր բացվում մեր առջև: Մենք էլ անզուսպ հափշտակում էինք այն: Խորհրդային իշխանության ստեղծած շրջանակները նեղ էին մեզ համար: Մեզ հետաքրքրում էր ամեն ինչ` ազգային գիտակցության դեգերումներից սկսած` մինչև Ժամանակի Ոգու զանազան դրսևորումները: Թվում էր, թե այսպես շարունակվելու է հավերժ: Ցավոք, <<հասուն տարիքի պարտականությունները>> սկզբում խարխլեցին և աստիճանաբար վերջ տվեցին մեր այդ սրճարանային երեկոներին: Սակայն մեր ընկերությունն Էդվարդի հետ պահպանվեց և տեղափոխվեց մեկ այլ` <<հասուն>> տարիքի հարթություն: Իսկ դա արդեն այլ պատմություն է…
Անցան տարիներ, տասնյակ տարիներ: Մենք արդեն 60 տարեկան ենք: Եվ մենք ծերանում ենք: Մեր ընկերությունը սակայն մեզ հետ չի ծերանում… Ինչպես և իմ հիշողության մեջ իմ քսանամյա ընկեր Էդվարդը, ինչպես և ես` քսանամյա…

ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն