- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Հայոց բանակը ծնվեց ռազմական գործողությունների ժամանակ և առնականացավ հենց պատերազմի մեջ

«Մի  ժողովրդի հայրենի հողը չի կարող ուրիշի մնայուն հայրենիքը դառնալ: Բռնագրավված երկրամասերը միշտ էլ, վաղ թե ուշ, անցնում են իրենց պատմական տերերի ձեռքը` պայմանով, որ այդ վերջինի մեջ ժամանակը տկարացրած չլինի սերը, կարոտն ու պաշտամունքը դեպ հայրենի երկիրը»: ԳԱՐԵԳԻՆ  ՆԺԴԵՀ

Եթե հայրենիքը վտանգի մեջ է, միակ ու ամենակարևոր բանը նրա անվտանգությունն ապահովելն է: Եվ յուրաքանչյուր անհատի պարտքն է իր կարողությունների չափով, իր բոլոր կարելիություններով օժանդակել իշխանություններին երկրի սահմաններն անձեռնմխելի պահելու գործում:

Պետությունը կանգուն է հուսալի բանակով, մանավանդ մեր պետությունը, որ գտնվում է աշխարհաքաղաքական յուրահատուկ պայմաններում և պատմական բախտի չբերումով ունի արնակալած աչքերով հարևաններ: Խաղացկուն չափանիշներով առաջնորդվող այս աշխարհում մարտունակ բանակն է ապահովության միակ երաշխիքը, որ  անպայման է դարձնում հաղթանակը:

Այսօր Հայոց բանակի ստեղծման 24-ամյակն է: Եթե իրատեսական հայացքով նայենք այս երևույթին, ըմբռնենք խորհուրդը, պիտի փաստենք, որ բանակի ծնունդը տոների տոնն է: Ոչ հեռավոր անցյալում նույնիսկ պատկերացնել չէինք կարող հայոց բանակի գոյության հնարավորությունը, քանի որ մեր գործը հայորդիներին կապուտաչյա հրամանատարների հետ անհայտ հեռուներն ուղարկելն էր:

Այսօր հայկական բանակը ոչ միայն կայացած է, այլև ԱՊՀ տարածքում այն եզակի միավորներից է, որը ծնվեց ռազմական գործողությունների ժամանակ և առնականացավ հենց պատերազմի մեջ: Բանակը ոչ թե տեսական պատրաստությունից հետո մտավ ռազմական գործողությունների մեջ, այլ պատերազմի մեջ սովորեց ռազմական արվեստի տեսությունը: Դժվարին, սակայն պատվով անցած ճանապարհ:

Հայոց բանակն իր ծնունդը նշանավորեց հաղթական համազարկերով` որոնց արդյունքը ազատագրված տարածքներն են: Նաև կորուստներ ունեցավ բանակը, ողջ ժողովուրդը, բայց Եռաբլուրում ամփոփված նահատակները երբեք չեն դադարելու հիշատակով նաև զորացնել այն հողը, որի համար կռվեցին ու հաղթեցին:

ArmarLur.com