Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

«25 տարի ամեն ինչ արվեց, որ հասարակությունը հասցվի պլինտուսի մակարդակի». Կարեն Քոչարյան

Մարտ 14, 2017թ. 17:52
Կարեն Քոչարյան

«Ցավոք, քսանհինգ տարի ամեն ինչ արվեց, որ հասարակությունը հասցվի պլինտուսի մակարդակի, բայց հասարակությունը պետք է իմունիտետ ունենա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ հավելելով, որ պետք է միայն պայքարել ոտքերով, այսինքն՝ հեռանալով երկրից, քանի որ գնացողների տասը տոկոսն է կայանում, իսկ  մնացածն անում է այն, ինչ այստեղ ամաչում էր անել:

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քարոզարշավին, մասնավորապես «Հանրապետական» կուսակցության քարոզարշավին, Կարեն Քոչարյանը նշեց.

«Նրանք հետաքրքիր տեխնոլոգիա են օգտագործում՝ ֆասադային մասում դնելով նոր մարդկանց։ ՀՀԿ-ն հիմնական բեռը դրել է բոլորովին նոր մարդու վրա: Կարեն Կարապետյանի հետ միասին այդ բեռը տանում է նաև Վիգեն Սարգսյանը»։

Կարեն Քոչարյանը հետաքրքիր համարեց նաև «Ելք» դաշինքի կողմից կիրառվող տեխնոլոգիան, որը, ըստ նրա, գրավում է շատ երիտասարդների:

« «Ազատ դեմոկրատների»՝ ոչ թե տեխնոլոգիան, այլ բռնած դիրքը ևս աշխատում է: Տեխնոլոգիաների առումով պետք է թարմություն մտցնել, քանի որ եթե, օրինակ, Արթուր Բաղդասարյանի պոպուլիզմն աշխատում էր 2003 թվականին, հիմա չի աշխատում, հոգնեցնում է: ՕՐՕ-ի մոտ եթե կար ռադիկալիզմ, հիմա ագրեսիա է նկատվում: Եթե այդ ագրեսիան կիրառեր Նիկոլ Փաշինյանը, կընդունվեր, կընկալվեր, սակայն երբ դա անում են մարդիկ, ովքեր երեկ իշխանության մեջ են եղել, իրար նվերներ են տվել, հիմա այսպես են իրենց պահում, չի ընկալվում»,- ասաց նա:

Կարեն Քոչարյանը նշեց, որ գաղափարախոսական պայքար այնքան էլ չկա, թեև նկատեց, որ ՀԱԿ-ը գնում է կոնկրետ գաղափարախոսությամբ: Ըստ նրա՝ եթե չկա գաղափարախոսություն, տեղը լցվում է կաշառքով. «Մեկը 15 քայլ, մյուսը՝  30 կամ  50 քայլ է առաջարկում և, կարծես, ինչ-որ քայլարշավ լինի»,- նշեց Կարեն Քոչարյանը՝ կարծիք հայտնելով, որ քաղաքական ուժերի ծրագրերում պոպուլիզմը խիստ գերակշռում է, ռեալ բաներ շատ քիչ կան:

Լիանա Առաքելյան  tert.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն