Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

2040-ին ՀՀ բնակչությունը հասցնել 4 միլիոնի. սա պետական, պատմական նշանակություն ունեցող նպատակ է

Նոյեմբեր 11, 2017թ. 09:39
Միհրան Հակոբյան

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ

   -Համազգային մտահոգության առաջնահերթ հարցերից է արտագաղթը, որը Հայաստանի համար շարունակում է մնալ ազգային անվտանգության սպառնալիք. այս խնդրի կարևրորությամբ պայմանավորված երկրի նախագահը վերհաստատեց 2017-ի մայիսի 18-ին ԱԺ առաջին նիստի ժամանակ հնչեցրած իր նպատակը՝ 2040-ին ՀՀ բնակչությունը հասցնել 4 մլն-ի: Բնականաբար, հարց է ծագում՝ ինչպե՞ս, ինչի՞ց սկսել:
– Նախօրեին ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ հանձնարականներ տվեց ու պետական ողջ ապարատը՝ կառավարությունը, գերատեսչությունները պետք է աշխատեն այս նպատակի իրականացման ուղղությամբ : ՙ ի՞նչն՚ ու ՙինչպե՞ս՚-ը ենթադրում են համալիր միջոցառումների ծրագրերի մշակում, որոնք առնչվում են բազմաթիվ ոլորտների և բնակչության տարբեր շերտերի: Նախագահը նաև ընդգծեց, որ այս համազգային նպատակի իրականացումը դժվար է լինելու, քանի որ այն բազմաթիվ ծրագրերի իրականացում է պահանջում, բայց դրանով հանդերձ այն իրականանալի խնդիր է: Այդ ընթացքը ենթադրում է նաև բազմաթիվ ուսումնասիրությունների, հետազոտությունների իրականցում, իսկ հարկ եղած դեպքում նաև վարվող քաղաքականության շտկում, որպեսզի կարողանանք հասնել նախագահը սահմանած թիրախային նպատակին: Կարծում եմ, որ այսօր մեր երկրի համար թերևս ամենից կարևորագույն խնդիրը այս ճանապարհով գնալն է: Նախագահի այս հանձնարականը դառնում է չափման միավոր, դառնում է պետական ապարատի աշխատանքի չափորոշիչ: Ի՞նչ ենք մենք անում, որպեսզի մեր երկիրը լինի մարդու համար ավելի հարմարավետ, որպեսզի մարդը մնա իր երկրում, այստեղ կազմի ընտանիք և ունենա երեխաներ. այս կարևորագույն խնդիրը նախագահը ձևակերպեց ու դրեց պետական ապարատի առաջ:
-Արտագաղթի պատճառները քիչ, թե շատ ուսումնասիրած մասնագետները նկատում են, թե դրա կասեցումը ոչ մեկ փաստաթղթով, ոչ էլ օրենքով լուծվող խնդիր չէ, անգամ ռազմավարություն մշակելով հնարավոր չէ իրավիճակ փոխել: Հարկավոր է տարբեր ոլորտներում իրականացնել նպատակային քաղաքականություն:
-Ասվածը փոքր ինչ վիճարկելի է, ինչպե՞ս դա անել՝առանց ռազմավարություն մշակելու, ինչպե՞ս անել կոնկրետ քայլեր առանց ծրագրերի: Գիտեք կան մարդիկ, որոնք ցանկացած լավ քայլի, առաջարկի անուն են դնում, պոզ ու պոչ կպցնում: Իհարկե, եթե փաստաթուղթ է ստեղծվելու ընդամենը այդպիսին լինելու համար, նրա համար, որ ասենք՝ փաստաթուղթ ունենք, սա ճիշտ չէ ու բոլորովին այլ հարց է:
Բայց նման ռազմավարական կարևորության խնդիրը լուծելու համար, բնականաբար, հարկավոր է ռազմավարություն մշակել, հարկավոր է ունենալ ռազամավարական մոտեցումներ, որտեղից էլ բխեցնել մարտավարական ծրագրերը: Սա մի ամբողջ հայեցակարգ է, ու նախագահի հրահանգից անմիջապես հետո ամբողջ պետական ապարատը լծված է տրված հանձնարարականի կատարմանը:
-Թեպետ արտագաղթը բազմաշերտ երևույթ է, պատճառներն էլ տարբեր են, այնուհանդերձ, խոսենք՝ քիչ, թե շատ տեսանելի պատճառներից. շատերից ենք լսում, որ արտագաղթը խթանող առանցքային հանգամանք է արդարության պակասը:
-Չի կարող նման բան լինել, ինչո՞ւ, որովհետև խոսելով արդարության պակասից, միաժամանակ, տեսնում ենք, որ կա Ռուսաստանի Դաշնություն գնացողների հսկայական հոսք: Իսկ Ռուսաստանում արդարության աստիճանն ավելի բարձր է՞, քան Հայաստանո՞ւմ, իհարկե՝ ոչ, անհամեմատելի է անգամ: Այսինքն՝ գնում են մի տեղ, որտեղ միջավայրը շատ ավելի անարդար է, քան Հայաստանում: Այդ դեպքում հարց է առաջանում,՝ ինչո՞ւ են գնում: Այսինքն՝ խնդիրը միայն անարդարությունը չէ, միայն սոցիալական վիճակը չէ: Արտագաղթը բազմաշերտ է, որը պետք է հստակ ուսումնասիրել, տալ կոնկրետ գնահատականներ: Չենք կարող սահմանափակվել մեկ, երկու հիմնական պատճառ նշելով, որովհետև գնացողները հասարակության տարբեր շերտեր են, գնալու պատճառներն էլ բազմաթիվ են, ուստի պետք է հասկանանք, որո՞նք են այն, ենթադրենք, 20 պատճառները, որի համար մարդը որոշում է չապրել Հայաստանում:
-Ամեն դեպքում, մարդիկ արտագաղթի պատճառների մեջ առաջին տեղում սոցիալականն են նշում, դա անգամ անզեն աչքով է տեսանելի: Մարդիկ նաև ասում են ՝ հայը թասիբով է, ունի լավ ապրելու ձգտում, ուզում է իր ընտանիքը լավ պահել, բայց քանի որ հաճախ անկարող է սեփական երկրում իր ընտանիքի համար բարեկեցություն ստեղծել՝ ստիպված բռնում է արտագաղթի ճամփան:
-Նախ պետք է ընդունենք, որ միգրացիան այսօր ամբողջ աշխարհում է դարձել խնդիր: Ամբողջ Արևելյան Եվրոպան արտագաղթում է. լեհերն արտագաղթում են դեպի Գերմանիա, գերմանացիներն իրենց երկրից են արտագաղթում Միացյալ Նահանգներ: Համարել, թե արտագաղթի հիմքում սոցիալական պատճառն է՝ այդպես չէ: Ես գիտեմ բազմաթիվ օրինակներ, երբ Հայաստանում բնակարան, ավտոմեքենա ունեցող մարդը գնում ու հանձնվում է, օրինակ, Ֆրանսիայիում, կամ Արևմտյան Եվրոպայի որևէ երկրում, անգամ երեք, չորս տարի ապրում է ճամբարային ծանր կյանքով, միայն թե այնտեղ լինի: Այսինքն,արտագաղթ երևույթը պետք չէ միայն սոցիալական կամ արդարության խնդրով պայմանավորել:
Բայց դրա հետ միաժամանակ ես չեմ ասում, որ թվարկված պատճառները չկան, չեմ ասում, որ Հայաստանում ամենից արդար պայմաններն են, չեմ ասում, որ Հայաստանի սոցիալական վիճակն ամենալավն է ու չնայած դրան մարդիկ գնում են: Ես, պարզապես, հակասությունն եմ արձանագրում, ինչպես ասացի, եթե մեզ մոտ արդարության պակաս կա ինչո՞ւ են մարդիկ անարդար երկիր մեկնում: Նաև կան մարդիկ, որոնք գնում են այնպիսի երկիր, ուր ապրելու են շատ ավելի բարդ սոցիալական պայմաններում: Ամեն դեպքում ես այդ ամենում ողբերգություն չեմ տեսնում. Եվրամիության անդամ Մերձբալթյան երեք հանրապետությունների բնակչության մոտ 40 տոկոսն արտագաղթել է, իսկ սրանք այն երկրներն են, որտեղ կենսամակարդակը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում, սրա՞ բացատրությունը որն է: Հետևաբար, ասել, թե մենք ողբերգական վիճակում ենք, ասել, թե աշխարհի բոլոր ժողովուրդները մնում են իրենց երկրներում, իսկ հայերը, այ, թողնում, գնում են իրենց երկրից՝ աբսուրդ է: Մենք պետք է հասկանանք մեզանում կատարվող միգրացիոն գործընթացների տրամաբանությունը, որպեսզի կարողնանք ստեղծել այն միջավայրը, որով հայ մարդու համար ամենալավ ապրելու վայրը կլինի Հայաստանը: Դրա համար կրկնում եմ, թե ուսումնասիրություններ են պետք, ռազմավարություն է պետք ու հստակ աշխատանք:
Արտագաղթի տխուր դեմքը առավել նկատելի է մայրաքաղաքից դուրս՝ գյուղական բնակավայրերում: Վիճակագիրներն արձանագրում են՝ մեր բոլոր գյուղական համայնքները ծերանում են, որովհետև գյուղերում տարեցները մեծ թիվ են կազմում: Իսկ սա մեզ համար ռազմավարական լուրջ սպառնալիք է, քանի որ մեր գյուղերի գերակշիռ մասը սահմանային է:
-Ուրբանիզացիոն գործընթացներ են՝ ամբողջ աշխարհին բնորոշ, իսկ սրա ամբողջական կամ հաջող լուծման բանալին, կարծես թե որևէ երկիր չի գտնել դեռ: ժամանակին Ստալինը գյուղացիներին անձնագիր չէր տալիս, որպեսզի քաղաք չգնան, մենք էլ այդպես անե՞նք: Եթե ուզում ենք, որ մարդն ապրի իր գյուղում, պետք է գյուղերում ստեղծենք այնպիսի միջավայր, որը քիչ զիջի քաղաքայինին, որպեսզի մարդու համար գյուղում ապրելը լինի ավելի հարմարավետ: Ամեն ինչ այնքան պարզ է: Բայց հաշվի առնելով մեզանում առկա առանձնահատուկ իրողությունը, մեր երկրին ուղղված մարտահրավերները, մենք պարտավոր ենք առաջանցիկ տեմպերով շարժվել, չենք կարող մեզ թույլ տալ Արևելյան Եվրոպայի երկրների տեմպերով առաջ գնալ, չենք կարող ասել՝ դե, ոչինչ, մի սերունդ հետո իրավիճակը կփոխվի, մենք այդ ժամանակը չունենք: Դրա համար նախագահ Սարգսյանի սահմանած նպատակը պետական, պատմական նշանակություն ունի, որին մենք պետք է հասնենք մեր օրինիբուն աշխատանքով: Այս հարցին հարկավոր է ծանրակշիռ մոտեցում ցուցաբերել: Այո, սահմանային գյուղերում մենք ունենք խնդիր, իսկ այդ գյուղերը մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեն, ուստի, այս խնդիրն պետք է մոտենալ հենց ռազմավարական տեսանկյունից: Ես չեմ ուզում տարբերակել Բերդում ապրողին Արմավիրում ապրողից , բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ են, բայց սահմանամերձ տարածքներում ապրողն, ըստ էության, սահմանապահ է, մենք պետք է կարողանանք այնպիսի ծրագրեր իրականացնել, որ այդ մարդիկ մնան գյուղերում, կազմեն ընտանիքներ ու իրեց երեխաներին մեծացնեն իրենց գյուղում: Սա շատ կարևոր է, ու եթե սա ենք մենք որպես թիրախ արձանագրում, մնացածն արդեն մարտավարության խնդիր է, կարելի է վերլուծել ու հասկանալ, թե ո՞րն է ամենաճիշտ, ամենաարդյունավետ լուծումը:

Դեռ ամիսներ առաջ անդրադառնալով արտագաղթի ցավոտ խնդրին դուք ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում էիք արել՝ մեր պետության առաջ կա երկու լուրջ խնդիր` անվտանգության և դեմոգրաֆիայի խնդիրը, մնացածը կենացներ, բաժակաճառի ոճի խոսակցություններ են, անցել են ՙլոլոների՚ ժամանակները, եկել է գործ անելու ժամանակը:
-Ես հիմա էլ եմ նույնն եմ ասում. տնտեսական աճի շուրջ խոսակցությունները՝ չո՞րս, թե՞ հինգ տոկոս, վայ, մենք էս տարի յոթ տոկոս էինք ուզում, բայց շեմը ցածր սահմանվեց , հետո էլ, թե, որ լավ աշխատենք վեց տոկոսից կանցնենք: Տարիներ շարունակ մենք խոսում ենք տնտեսական աճերից, ինֆլացիաներից, խոսում ենք գնաճից, թվերից ու հետո խճճվում այդ թվերի մեջ, իհարկե, այդ ամենը տնտեսագիտական առումով կարևոր են, բայց ամենակարևորն այն է, թե այդ հաշվարկները որքանո՞վ են նպաստում ներկայիս ժողովրդագրական վիճակի փոփոխմանը: Եթե մեր երկրի տնտեսական աճը, տնտեսական քաղաքականությունը, որի վրա սևեռել ենք մեր ամբողջ ուշադրությունը, իրավիճակ չի փոխում, ուրեմն, պետք է մտածել դրա արդյունավետության մասին: Ուրեմն, մենք ինչ -որ տեղ թերանում ենք, ինչ-որ տեղ բացթողում ունենք: Ուստի, նախագահը մեր բոլորի ու առաջին հերթին գործադիր իշխանության ուշադրությունը հրավիրեց այս ռազմավարական նշանակության խնդիր վրա, սահմանեց նշաձող, որով պետք է առաջնորդվի կառավարությունը, մենք էլ որպես օրենսդիրներ՝ կլինենք իրենց զինվորն ու աջակիցը՝ բոլոր նախաձեռնություններում:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն