Գլխավոր » Politics, Լրահոս, Քաղաքականություն

Նոր կառավարության կյանքը 2018 թվականով պայմանավորված չէ

Ապրիլ 28, 2017թ. 14:35
Վահրամ Մկրտչյան

Հարցազրույց ՀՀԿ պատգամավոր ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ

Ընտրողների 1,66 տոկոս քվեին արժանացած ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն, այնուհանդերձ, որոշեց դիմել ՍԴ՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Ու հիմա բարձր դատարանում հայտարարում են՝ օգտագործվել է վարչական ռեսուրս, ընտակաշառք է բաժանվել, իբրև ապացույց, բերվում է դպրոցների, մանկապատեզների տնօրենների, նաև  «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հայտնի ձայնագրությունները: Մինչդեռ ԿԸՀ-ն և Դատախազության ներկայացուցիչը պնդում են՝ ՀԱԿ-ՀԺԿ-ի ներկայացրած փաթեթը հիմնազուրկ է:
-Նախ, հիշենք, որ նոր Ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական համաձայնության եկած ուժերից մեկը եղել է ՀԱԿ-ը, որի առաջարկով ստեղծվեց 4+4+4 ձևաչափով աշխատող խումբը: Իշխանությունը նույնիսկ դեմ գնաց Վենետիկի հանձնաժողովի կարծիքին ու համաձայնեց ընդդիմության առաջարկին՝ հրապարակել ընտրողների ցուցակները: Խորհրդարանական բոլոր ուժերը հայտարարեցին, որ ստեղծվեց բավականին լուրջ ընտրական օրենսգիրք, որը կապահովի ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ: Այդ հայտարարությունը բազմիցս հնչեցրել է նաև ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Այսօր չկան հետընտրական զարգացումներ, ժողովուրդը դուրս չեկավ փողոց ու չարտահայտեց իր դժգոհությունը, սա էլ նշանակում է, որ ժողովուրդը համաձայնեց ընտրության արդյունքների հետ: Բացառությամբ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի, խորհրդարան չանցած 4 ուժերը ևս համաձայն են այս արդյունքների հետ: Միջազգային դիտորդները ևս փաստում են, որ ընտրատեղամասերում իդեալական ընտրություններ են անցկացվել: Նրանք, ի դեպ, ավելին են ասում, որ նոր ընտրական օրենսգրքում տեղադրված մեխանիզմները՝ մատնահետք վերցնելը, ընտրատեղամասերում տեսագրող սարքերի տեղադրումը, ընտրողների ցուցակների հրապարակումը շատ արդյունավետ միջոցներ են ու Հայաստանն այդ առումով՝ եզակի երկրներից է, որի փորձը կարելի է տեղայնացնել նաև հետխորհրդային մյուս երկրներում:

Հիմա դառնամ ընտրակաշառք ասվածի շուրջ բարձրացված մեծ աղմուկին. իրականում լուրջ ու կոնկրետ դեպքեր չկան: Ինձ որքան հայտնի է լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների հետքերով գնալիս՝ իրավապահ մարմիններն ընդամենը 8 դեպք են արձանագրել, որի մասով դատախազությունը համապատասխան գործեր է հարուցել:

Նաև ասում են՝ ՀՀԿ-ն օգտագործել է վարչական ռեսուրսները և փորձում են դա հաստատել վկայակոչելով ձեր նշած ձայնագրությունները: Դա ընդամենը ՙՙխամ՚՚ ականջին մոլորության մեջ գցելու միջոց է:

Եկեք տեսնենք, թե ի՞նչ է ասում օրենքը. ԸՕ-ի 10-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմին՝ իրենց լիազորությունն իրականցնելիս, արգելվում է քարոզչություն իրականացնել: Այսինքն՝ ուսուցիչը կամ մանկապարտեզի դաստիարակը բուն ուսումնական գործընթացի ժամանակ իրավունք չունի իր սաներին քարզելու, նաև չի կարող քարոզչական նյութեր բաժանել: Բայց յուրաքանչյուր պետական պաշտոնյա, այդ թվում և մանկավարժը, տնօրենը իր աշխատանքից դուրս ազատ է ու կարող է և՛ քարոզչությամբ զբաղվել, և՛ իր կուսակցության համար ձայներ հավաքել: Այդ առումով, արդարացի են այն 30 մանկավարժները, որոնք հակընդեմ հայց են ներկայացրել  «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի քայլին:
«ՍԱՍ» գրուպի աշխակիցների հավաքի ձայնագրության հետ կապված ասեմ հետևյալը. տեղյակ եմ, որ դատախազությունը գործ է հարուցել, ընթանում է նախաքննություն, ինչն էլ ցույց կտա՝ ձայնը որքանո՞վ է ճիշտ, որքանո՞վ է մոնտաժված: Ու եթե կգտնեն, որ իրոք կա օրենքի խախտում, ուրեմն թող խախտում իրականացրած անձը պատժվի օրենքի ամբողջ խստությամբ:
Սական, այս ամենով հանդերձ, եթե անգամ վարչական լծակների օգտագործման, կաշառքի բաժանման մասին բոլոր խոսակցությունները 100 տոկոսով ճիշտ լինեն, միևնույն է՝ դրանք հսկայածավալ մասնակիցների թվի մեջ շատ չնչին են ու, բնականաբար, ոչ միայն չեն կարող ազդել Հանրապետական կուսակցության ստացած քվեների վրա, այլ  չեն կարող ազդել ամենաքիչ ձայն հավաքած Կոմկուսի՝ 11 000 քվեի վրա: Չկա որևէ փաստ, որը կհաստատի, որ պետական գերատեսչության որևէ ղեկավար իր դիրքը չարաշահելով ահաբեկել կամ վախեցրել է ընտրողին:

Ի դեպ, նոր ընտրական օրենսգրքի ՙՙհմայքը՚՚ կայանում է նաև հետևյալու. ենթադրենք, որևէ գերատեսչության ղեկավար իր աշխատակցին ասում է՝ կքվեարկես իմ նախընտրած կուսակցության օգտին, թե չէ՝ աշխատանքից կհեռացնեմ, բայց այդ ղեկավարը ո՞նց իմանա, թե իր աշխատակիցն ինչպիսի՞ ընտրություն կատարեց քվեախցում: Ընտրողն այնտեղ միայնակ է, զերծ ճնշումներից ու կարող է կատարել իր ցանկացած ընտրությունը: ԸՕ-ում կա կետ, որը հնարավորություն է տալիս, որ ընտրակաշառք վերցնողը երեք օրում հայտարարություն տա, եթե ինչ-որ մեկն իրեն ընտրակաշառք է առաջարկել: Բայց չգտնվեց գեթ մեկը, որ նման հայտարարություն աներ: Հետևաբար, նման խոսակցությունները մանիպուլյացիաներ են, ժողովրդի մեջ դժգոհություն առաջացնելու համար շրջանառվող հրապարակումներ, էմոցիոնալ հայտարություններ:
Ես անձամբ ընտրությունների օրը աշխատանք եմ տարել Նոր Նորքում, եղել եմ Արագածոտնում, ու իմ գտնված ընտրատարածքներում ոչ մի թեկնածուի կողմից՝ լինի ՀՀԿ-ական, թե այլ կուսակցական, ընտրակաշառքի բաժանման որևէ դեպք չեմ նկատել: Ուրեմն, ինչպե՞ս վստահեմ նման լուրեր տարածողներին: ԵԽ ԽՎ դիտորդի խոսքը հիշեցնեմ, ասաց՝ վարչական ռեսուրսի չարաշահման մասին շատ են խոսում, բայց մենք նման դեպքի ականատես չեղանք: Նույնը կարող եմ ասել ես՝ ընտրակաշառքի մասին շատ է խոսվում, բայց ես դրա ականատես չեղա:
Այդ դեպքում, ինչպե՞ս հասկանալ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի քայլը՝ ինչո՞ւ դիմեցին ՍԴ, երբ ձեռքի տակ չունեն անհրաժեշտ ապացույցներ. գուցե նման քայլի նպատակ քաղաքական արենայում մնա՞լն է:
-ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը 26 000 ձայն կարողացավ հավաքել, որը բավականին քիչ է: Եթե գոնե 7 տոկոսին մոտ լիներ՝ մեկ, երկու տոկոսով ներքև ու  այդ դեպքում վիճարկեին՝ կլիներ հասկանալի, քանի որ կարող էին հուսալ, որ արդյունք կփոխվի: Բայց նման փոքր քվեյով վիճարկելն անտրամաբանական է: Սակայն այդ հարցին շատ լավ պատասխանել է ՀԱԿ-ական Արամ Մանուկյանը, ասելով՝ իրենք անցած բոլոր ընտրություններին մասնակցել են ու բոլոր ընտրություններն էլ վիճարկել են, այսօր չեն ուզում այդ ՙՙտրադիցիայից՚՚ հետ կանգնել: Մանուկյանն անկեղծ է,  ասվածից կարելի է ենթադրել, որ չունենալով իրավական լուրջ հիմքեր՝ դիմեցին ՍԴ ընդամենն իրենց ընդդիմադիր կեցվածքը ցույց տալու համար, և ուրիշ ոչինչ:
Իսկ իրականությունն այն է, որ այդ դաշինքին ժողովուրդը չաջակցեց: ՀԱԿ-ը թող գոնե մեկ հանրահավաք կազմակերպեր ու հայտարարեր՝ ովքեր կարծում են, որ իրենց քվեն կեղծվել է թող գան հրապարակ: Բայց դա էլ չարեցին, քանի որ իրենք էլ գիտեն, որ ոչ մի բան էլ չի կեղծվել:
  -Մամուլում խոսվում է այն մասին, թե ՀՀԿ-ում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ՝ անորոշություն կա համամասնական ցուցակի հետ կապված, այսինքն՝ առ այսօր դեռ պարզ չէ խորհրդարան մտնողների անվանական կազմը, պարզ չէ, թե ովքե՞ր են, ի վերջո, լինելու մանդատ ստացողները: Ի՞նչ կասեք այդ «ստվերային» գործընթացների մասին:
-Ոչ ստվերային գործընթաց կա, ոչ էլ աննախադեպ կամ անորոշ իրավիճակ: Հայտնի է, որ անցողիկ են ՀՀԿ համամասնական ցուցակի 1-ից մինչև 28-րդ համարները: Ի՞նչ աննախադեպության մասին է խոսքը, պարզ է, որ ցուցակի առաջին համարներից մի քանիսը տեղ կգավեն կառավարության կազմում, իսկ նրանց հաջորդները կմտնեն խորհրդարան: Թե քանի՞ հոգի կգնա գործադիր մարմին, չշտապենք, սպասենք, նախ վարչապետը կնշանակվի, հետո սահմանված ժամկետում կձևավորվի կառավարության կազմը: Վարչապետը նախագահի հետ միասին կքննարկի կառավարության կազմը, ո՞ւմ նպատակահամար կգտնեն, կհամարեն, որ նա կարող է արդյունավետորեն աշխատել գործադիրում՝ կառաջարկեն այս կամ այն պորտֆելը, եթե ոչ՝ կթողնեն խորհրդարանում:

Այնպես, որ նման խոսակցությունները մեր մամուլի հետաքրքրությունների դաշտից են:
Իսկ ի՞նչ կասեք այն խոսակցությունների առնչությամբ, թե 2018 թվականով՝ նախագահի փոփոխությամբ պայմանավորված, կունենանք ժամանակավոր կառավարություն՝ ժամանակավոր վարչապետով: Ասել է, թե նոր խորհրդարանը ընդամենը մեկ տարվա՝ անցումային շրջանի, կառավարությո՞ւն է ձևավորելու:
-Ես այդ կարծիքին չեմ: Հիշենք նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը՝ ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում Կարեն Կարապետյանը կնշանակվի վարչապետ: Սպասենք, կկայանա ԱԺ համապատասխան նիստը, կառավարության ղեկավար կնշանակվի Կարեն Կարապետյանը, կձևավորվի կառավարությունը, և օրենքի համաձայն այն կաշխատի այնքան ժամանակ, քանի դեռ կլինի արդյունավետ աշխատող գործադիր մարմին:
Այսինքն՝ կառավարության կյանքն ամենևին 2018 թվականով՝ նախագահի փոփոխությամբ, պայմանավորված չէ:
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն